«Իմ քայլը» շարժման առաջնորդ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան էջում հունիսի սկզբին տեղադրվեց թավշյա հեղափոխության ֆինանսական հաշվետվությունը, որը, ըստ էության, այն մարդկանց և կազմակերպությունների ցանկն է, ովքեր դրամական աջակցություն են ցուցաբերել Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը:
Փոխանցում կատարողների մասին հաշվետվությունը ներկայացված է 48 սքանավորված աղյուսակների միջոցով: Դրանցում արտացոլված է մարտի 18-ից մայիսի 29-ն ընկած ժամանակահատվածում փոխանցված գումարի չափը, արժույթը, փոխանցողի անունը, երկիրն ու փոխանցման ամսաթիվը: Ամփոփ մեդիան, հիմնվելով սույն տվյալների վրա, նախորդ մեկ ամսվա ընթացքում ուսումնասիրել և վերլուծել է, թե որ երկրներից, որ օրերին և ինչ չափով փոխանցումներ են կատարվել սույն շարժմանը` այսպիսով հանրության լայն շրջանակների համար առավել պատկերավոր դարձնելով շարժմանն աջակցողների աշխարհաքաղաքական սփռվածությունը:
Իրավիճակ
Չնայած Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում միայն ապրիլի 10-ին տեղադրեց գումար փոխանցելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, սակայն հաշվետվություններից պարզ է դառնում, որ հիմնադրամին թեև ոչ զգալի չափով, սակայն փոխանցումներ կատարվել են շարժման առաջին իսկ օրվանից: Փոխանցումներն ակտիվացել են հատկապես ապրիլի 15-21-ը, ապրիլի 25-ին և մայիսի 1-5-ը:
Ինչո՞վ են այս ամսաթվերը նշանավորվել հեղափոխության ընթացքում:Մարտի 31-ից Փաշինյանն իր մի խումբ կողմնակիցների հետ սկսեց «Իմ քայլը» նախաձեռնությունը և քայլարշավով 14 օր շարունակ անցավ Հայաստանի 6 քաղաքներով` ապրիլի 13-ին հասնելով Երևան, որտեղ մեկնարկեցին ամենօրյա հանրահավաքներն ու երթերը, իսկ ապրիլի 16-ից՝ անհնազանդության ապակենտրոն գործողությունները: Գումարի փոխանցումներն ակտիվացել են հենց այս օրերին և կտրուկ նվազել ապրիլի 21-ից հետո` երեք օրերի ընթացքում: Միգուցե դա պայմանավորված էր ապրիլի 22-ի առավոտյան շարժման առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի, Սասուն Միքայելյանի և Արարատ Միրզոյանի ձերբակալմամբ:
Փոխանցումների քանակը շեշտակիորեն ավելացել է մայիսի 1-ին և 2-ին, երբ ԱԺ-ը չընտրեց Նիկոլ Փաշինյանին որպես ՀՀ վարչապետ, և հաջորդ օրը բողոքի զանգվածային ալիքը պարուրեց ամբողջ երկիրը:
Ամենաշատ՝ թվով 336 փոխանցումները կատարվել են հենց մայիսի 2-ին՝ ընդհանուր 22 մլն 400 հազար դրամի չափով:
Անհայտ ամսաթվով փոխանցումները 150-ն են, ընդհանուր փոխանցումների 11.7%-ը:
Փոխանցումների ընդհանուր գումարն ավելի քան 123 մլն դրամ է՝ փոխանցված տարբեր արժույթներով` դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլիով:
Ամենաշատ գումարը փոխանցած երկրների եռյակը գլխավորում է ԱՄՆ՝ մոտ 36 մլն դրամով, այնուհետև Հայաստանը՝ ավելի քան 32 միլիոն դրամով: Իսկ երրորդ տեղում Ռուսաստանի Դաշնությունն է՝ շուրջ 22 մլն դրամով: Ամենաքիչ փոխանցումը կատարվել է Բելառուսից՝ 2400 դրամ:
Ընդհանուր առմամբ կատարվել է 1275 փոխանցում 36 երկրից, չնայած թվով 127 փոխանցումների համար բնակավայրի նշում չկա: Սակայն փաստ է, որ փոխանցումներ կատարողները գերազանցապես հայկական ազգանուններով անհատներ կամ հայկական կազմակերպություններ են:
Ամենախոշոր փոխանցումը անհատի կողմից կազմել է մոտ 2 մլն ռուբլի (ապրիլ ամսվա միջին փոխարժեքով շուրջ 15.8 մլն դրամ): Այն փոխանցվել է Երևանից ապրիլի 26-ին: Ամենափոքր փոխանցումները տատանվում են 5-100 դրամի միջև: Սակայն նույն փոխանցողները այնուհետև ավելի մեծ գումարներ են փոխանցել՝ հավանաբար նախապես հաշվեհամարի իսկությունը ստուգելուց հետո:
Հեղափոխությանն իրենց նվիրատվություններն են կատարել նաև մի շարք կազմակերպություններ՝ «Դեկորա Գրուպ», «Էլի Էյ Էմ», «Վի Էլ Վի», «Mechitharisten-Congregation»` Գերմանիայից, «Արմ Ֆեյոն Ինկ»՝ ԱՄՆ-ից և այլն:
Հաշվետվության աղյուսակներում կան նաև անանուն փոխանցումներ: Սակայն այդպիսի փոխանցումների ընդհանուր գումարայինը կազմում է ամբողջ փոխանցված գումարի ընդամենը 1.4%-ը կամ 1.8 միլիոն դրամ: Առկա են նաև մի շարք անձանց և կազմակերպությունների անուններ, որոնք նույն կամ տարբեր օրերի կատարել են մի քանի փոխանցում:
Փոխանցումներ կազմակերպչական թիմի անդամներից
Հաշվետվությունից կարելի է առանձնացնել նաև շարժման կազմակերպչական թիմի մի շարք անդամների փոխանցումները: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը հաշվեհամարին փոխանցել է 1000 դրամ և 700 դոլար, Լենա Նազարյանը 500 հազար դրամ, Ալեն Սիմոնյանը, Արարատ Միրզոյանը, Զարուհի Բաթոյանը, Էդուարդ Աղաջանյանը 50 հազարական, Արփի Դավոյանը 30 հազար, Հովիկ Աղազարյանը, Գարիկ Սարգսյանը, Մեսրոպ Պապիկյանը ՝ 20 հազարական, Դավիթ Խուդաթյանը՝ 13 հազար դրամ:
Ծախսերի մասով
Հեղափոխության ընթացքում Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հրապարակվեցին նաև ապրիլի 10-ից ապրիլի 23-ն ընկած ժամանակահատվածի համար կատարված ծախսերի հաշվետվությունները, որոնք սակայն էջում հասանելի չեն: Այնուամենայնիվ, համացանցում հասանելի տեղեկատվությունից պարզ է դառնում, որ այս ընթացքում կատարվել է 7.4 մլն դրամի ծախս՝ ջրեղենի, սննդի, տեխնիկայի, դեղերի, գրենական պիտույքների, վառելիքի և տրանսպորտի համար:
Ամփոփ Մեդիան պատրաստ է լրացնել սույն նյութը ծախսերի հաշվետվության հասանելիության դեպքում:
Փորձագետի կարծիք
Նախագծի անդամներ` Աստղիկ Գևորգյան, Գայանե Մելիքյան, Կարինե Դարբինյան
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 06/08/2018