Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովը միայն դիվանագիտական ժպիտների ու ձեռքսեղմումների մասին չէ։
Ներսում բանակցություններ, համագործակցության խոստումներ ու անվտանգության մասին քննարկումներ էին, դրսում՝ Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում, բոլորովին այլ տոնով հնչող ուղերձներ։
Ակցիայի մասնակիցները փորձում էին եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրել մի շարք հարցերի վրա՝ ցույց տալու, թե որքան տարբեր են նույն գործընթացի շուրջ ընկալումները։
Ներսում այս մթնոլորտն ավելի ընդգծվեց, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հնչեցրեց մի քանի ուղիղ, բայց ոչ բոլորին հաճելի շեշտադրումներ։
Ալիև՝ «խաղաղությունն իրականություն է»
Թեպետ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գագաթնաժողովին մասնակցում էր հեռավար ձևաչափով, ելույթում նա պնդեց, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունն արդեն «իրականություն է»։
Նրա խոսքով՝ կողմերն «ավելի քան 9 ամիս ապրում են խաղաղության մեջ», արդեն առկա են «գործնական արդյունքներ»՝ տարանցում, բեռների մատակարարում, էներգետիկ համագործակցություն, և գործընթացը պետք է դիտարկել որպես կայացած փուլ։
Միաժամանակ Ալիևը սուր քննադատության ենթարկեց եվրոպական ինստիտուտներին՝ հատկապես Եվրախորհրդարանին և Եվրոպայի խորհրդին՝ նրանց մեղադրելով «կողմնակալ» և «հայամետ» բանաձևեր ընդունելու մեջ։
Նա նաև հիշեցրեց, որ Ադրբեջանի խորհրդարանը վերջերս որոշում է կայացրել դադարեցնել Եվրախորհրդարանի հետ համագործակցությունը։
Ռոբերտա Մեցոլայի արձագանքը՝ «չենք փոխելու մեր դիրքորոշումը»
Ալիևի ելույթից անմիջապես հետո խոսքի իրավունք խնդրեց Եվրախորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։
Նա ընդգծեց, որ Եվրախորհրդարանը ժողովրդավարական կառույց է, որի որոշումներն ընդունվում են ընտրված ներկայացուցիչների կողմից։
«Դրանք կարող են անհարմարություններ ստեղծել շատերի համար, բայց մենք երբեք չենք փոխելու մեր աշխատակարգը և մեր դիրքորոշումները»։
Այս արձագանքը փաստացի ուղիղ քաղաքական հակադարձում էր Ալիևի քննադատություններին՝ նույն հարթակում։
Դրսում բողոք և այլ օրակարգ
Մինչ ներսում քննարկվում էր «խաղաղությունը», Մարզահամերգային համալիրի հարակից տարածքում տեղի էր ունենում արցախցիների բողոքի ակցիան։
Ակցիայի մասնակիցները փորձում էին եվրոպացի առաջնորդների ուշադրությունը հրավիրել մի քանի հարցերի վրա՝
- Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակում,
- Արցախի մշակութային ժառանգության պաշտպանություն,
- Արցախի բնակչության վերադարձի իրավունք։
Նրանք նշում էին, որ այս հարցերը մնում են չլուծված, իսկ իրենց ձայնը հաճախ չի հասնում միջազգային քաղաքական հարթակներ։
Բողոքի ակցիային զուգահեռ հրապարակվեց նաև մի ընդարձակ կոչ, որին միացան շուրջ 40 հասարակական-քաղաքական կազմակերպություններ։
Կոչի հեղինակները նշում են, որ Հայաստանում առկա են մարդու իրավունքների խախտումներ և եվրոպացի առաջնորդներին հորդորում են ավելի ակտիվ արձագանքել թե՛ ներքին, թե՛ տարածաշրջանային խնդիրներին։ Այստեղ ևս բարձրացվում են Ադրբեջանում պահվող հայ գերիների, մշակութային ժառանգության և վերադարձի իրավունքի հարցերը։
Ներսում և դրսում հնչած, միմյանցից տարբեր այս շեշտադրումները ցույց են տալիս, որ տարածաշրջանային գործընթացների ընկալումը միանշանակ չէ։
ԵՔՀ գագաթնաժողովը ևս մեկ անգամ ընդգծեց, որ «խաղաղության» շուրջ ձևավորվող պատկերացումները տարբեր կողմերի համար տարբեր բովանդակություն ունեն, իսկ դրանց միջև առկա են ոչ միայն քաղաքական, այլ նաև արժեքային լուրջ տարաձայնություններ։
Սուրեն Դեհերյան
«Ամփոփ Մեդիայի» գլխավոր խմբագիր
Լուսանկարները՝ Ֆոտոլուրի, Հանրային Ռադիոյի
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 04/05/2026










