«Ամփոփ Մեդիան» շարունակում է «Զգոնության դասեր» կրթական շարքը։ Այսօրվա թեման (#4) ամենաբարդն ու համակարգայինն է՝ FIMI-ն և մեր էմոցիաների թիրախավորումը:
Տեղեկատվական հոսքերի մեջ կողմնորոշվելը երբեմն հիշեցնում է ականապատ դաշտով անցնելը։ Մանիպուլյատորները գիտեն մեր ամենաթույլ կետը՝ մեր էմոցիաները, և օգտագործում են դրանք ոչ միայն առանձին կեղծ լուրեր տարածելու, այլև մասսայական ազդեցություն ունենալու համար։
Էմոցիան՝ որպես քննադատական մտածողության «անջատիչ»
Կեղծ լուրերի հեղինակների գլխավոր նպատակը ոչ թե ձեզ տեղեկացնելն է, այլ ձեր մեջ ուժեղ զգացմունք արթնացնելը։ Երբ մենք զայրանում ենք, վախենում կամ հուսահատվում, մեր ուղեղի «քննադատական ֆիլտրը» ինքնաբերաբար անջատվում է։ Մենք դադարում ենք հարցեր տալ և սկսում ենք գործել բնազդաբար՝ դառնալով տեղեկատվական թակարդի զոհ։
Պարզ ստից մինչև FIMI. երբ մանիպուլյացիան դառնում է համակարգային
Շատ կարևոր է սովորական կեղծ լուրը (fake news) տարբերակել FIMI-ից (Foreign Information Manipulation and Interference — օտարերկրյա տեղեկատվական մանիպուլյացիա և միջամտություն)։
Եթե կեղծ լուրը կարող է լինել միանվագ սխալ կամ սուտ, ապա FIMI-ն կազմակերպված, նպատակաուղղված և կրկնվող գործողությունների շղթա է։ Դրա նպատակն է ազդել հանրային կարծիքի, ընտրությունների և պետական ինստիտուտների հանդեպ վստահության վրա։
Օտարերկրյա ազդեցության արշավները հաճախ հենվում են տեղական դերակատարների վրա՝ ուղղակի կամ շահադիտական համագործակցության միջոցով։ Արդյունքում՝ օտար նարատիվը «դիմափոխվում» է ու սկսում է թվալ իբրև տեղական կարծիք, վերլուծություն կամ դժգոհություն։

Ինչպե՞ս է աշխատում մեխանիզմը. 4 քայլ
Այսպիսի արշավները սովորաբար կառուցվում են ոչ թե փաստի, այլ զգացմունքների վրա.
-
Ընտրվում է զգայուն թեմա. հասարակության համար ցավոտ հարցեր՝ անվտանգություն, սահմաններ, եկեղեցի, ինքնիշխանություն կամ եվրոպական ինտեգրում։
-
Ստեղծվում է վախ կամ կասկած. թիրախավորվում են մարդկանց հիմնարար վախերը՝ սպառնալիքի զգացումն ուժեղացնելու համար։
-
Տարածվում է «վստահելի» ձևով. տեղեկատվությունը փաթեթավորվում է այնպես, որ թվա հավաստի աղբյուր՝ իբրև հեղինակավոր լրատվամիջոց, փորձագետ կամ «ներսից արտահոսք»։
-
Բևեռացում և անվստահություն. վերջնական նպատակը հաճախ ոչ թե մեկ փաստի շուրջ ստելն է, այլ քաղաքացիների վստահությունը քայքայելը, որպեսզի մարդիկ մտածեն՝ «բոլորն են ստում, ոչ մեկին չի կարելի հավատալ»։
🚩 Ինչի՞ց զգուշանալ
Ապատեղեկատվությունը ճանաչելու համար ուշադրություն դարձրեք հետևյալ «կարմիր դրոշներին».
- Էմոցիոնալ ճնշում. եթե տեքստը կամ պատկերը ձեզ ստիպում է անմիջապես հուսահատվել, զայրանալ կամ տագնապ զգալ, հավանականությունը մեծ է, որ դա մանիպուլյացիա է։
- Արհեստական շտապողականություն. «Շտապ տարածեք», «Քանի դեռ չեն ջնջել» նմանատիպ կոչերը նպատակ ունեն ստիպել ձեզ գործել առանց մտածելու։
- Կանխակալության հաստատում. երբ լուրը հաստատում է ձեր վախերը, բայց չունի կոնկրետ աղբյուր, փաստացի ապացույց կամ հղում պաշտոնական կայքերին։
Ոսկե կանոնը
Կանոնը պարզ է. որքան ուժեղ է էմոցիան, այնքան թույլ է վստահությունը։ Մի՛ դարձիր մանիպուլյացիայի զոհ, պահպանի՛ր սթափությունը։ Ձեր սառնասրտությունը ձեր թվային անվտանգությունն է:
«Զգոնության դասեր» շարքը «Ամփոփ Մեդիայի» և «Լրագրողներ հանուն ապագայի» (JFF) ՀԿ-ի կրթական նախաձեռնությունն է։ Մեր նպատակն է զինել լսարանին մեդիագրագիտության գործնական հնարքներով և փաստերի ստուգման պարզ գործիքներով՝ թվային դարաշրջանում տեղեկատվական մանիպուլյացիաներին դիմակայելու համար։
Զգոնության դաս 1. Ինչպե՞ս չխաբվել սոցցանցերում
Զգոնության դաս 2. Ինչպե՞ս 5 վայրկյանում բացահայտել ֆիշինգը
Զգոնության դաս 3. Ինչպե՞ս չընկնել «հուզական թակարդը»
Շարունակելի․․․
Համագործակցության հրավեր
Մենք բաց ենք համագործակցության և հովանավորչական առաջարկների համար՝ այս շարքն ավելի ընդլայնելու և ինստիտուցիոնալ հարթակ դարձնելու նպատակով։ Եթե հետաքրքրված եք աջակցել մեդիագրագիտության տարածմանը, գրե՛ք մեզ քննարկման համար հատևյալ էլհասցեին՝ [email protected]։
Պատկերները՝ «Ամփոփ Մեդիայի»
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 12/04/2026









