2023թ․ ապրիլի 1-ից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ դառնալը բավականին ծախսատար հաճույք է դարձել։
Մասնավորապես, առանձնատունը կամ առևտրային օբյեկտը մայրաքաղաքում ցանցին միացնելը կկազմի 282 հազար դրամ, իսկ հանրապետության այլ տարածքներում՝ 234 հազար դրամ նախկին 65 հազար և 53 հազար դրամի փոխարեն։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ Սերգեյ Աղինյանը միացման վճարների նման կտրուկ բարձրացումը պայմանավորում է միացման համար ՀԷՑ-ի կողմից կատարվող ներդրումների ու դրա դիմաց ստացվող վճարի խիստ անհամաչափությամբ։
«2008 թվականից սկսած՝ միացման վճարները չէին փոփոխվել, բայց զգալի գնաճ է եղել․ թանկացել են ապրանքները, ծառայությունները։ ՀԷՑ-ը Երևանից դուրս, չբնակեցված մի տեղ, օրինակ, ինչ-որ տնակ, այգի ցանցին միացնելու համար մի քանի միլիոնի ծախս էր անում, բայց դրա դիմաց ընդամենը 53 հազար միացման վճար ստանում»,- ասում է Աղինյանը։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի այս որոշումը լուրջ անհանգստություն է առաջացրել կառուցապատողների մոտ։ Կոնկրետ բազմաբնակարան շենքները էլեկտրաֆիկացնելու համար այսուհետ կառուցապատողը ստիպված է երեք անգամ ավել գումար վճարել։
2023թ․ ապրիլի 1-ից մեկ բնակարանի բաժանորդագրության նվազագույն վճարը կազմում է 693 հազար դրամ՝ նախկին 177 հազար դրամի փոխարեն։
Ըստ ոլորտի պատասխանատուների, թե՛ նախկին, թե՛ նոր սակագների դեպքում ՀԷՑ-ի՝ նոր բաժանորդների միացման փաստացի ծախսը միևնույնն է ավելի շատ է, քան հաստատված արժեքը։ Տարբերությունը ներառված է ՀԷՑ-ի գործող բաժանորդների ամսական ծախսվող հոսանքի արժեքի մեջ։
«ՀԷՑ-ի կատարած ծախսը, առհասարակ՝ ներդրումները, այսպես թե այնպես, բաժանորդներն են փոխհատուցում։ Արդեն գործող բաժանորդները ցանցին նոր միացող բաժանորդի բեռը, այսպես ասած, թեթևացնում էին ու այսուհետ էլ շարունակելու են թեթևացնել, ուղղակի արդեն համեմատաբար շատ բեռը նոր բաժանորդներն են կրելու՝ կատարվող ծախսի մոտ 60% [նախկին 40%-ի փոխարեն]»,- ասում է Աղինյանը։
ՀԾԿՀ ներկայացուցչի խոսքով՝ ցանցին միանալուց և էլեկտրաէներգիայի սպառող դառնալուց հետո նոր բաժանորդը տարիների ընթացքում «վերադարձնում է իր պարտքը»՝ ծախսած հոսանքի համար վճարելով, որի արժեքի մեջ ներառված է նաև նոր բաժանորդների միացման, անհրաժեշտ ենթակառուցվածքների հիմնման, նյութատեխնիկական հագեցվածության և այլնի արժեքը։
«Հենց նոր բաժանորդը դառնում է էլեկտրաէներգիայի սպառող, թեթևացնում է մյուսների բեռը, որը վճարում են ՀԷՑ-ին՝ ներդրումների, կորուստների և արդիականացման այլ աշխատանքների համար»,- ասում է Աղինյանը։
ՀԾԿՀ-ի անդամ Սերգեյ Աղինյանն ասում է՝ միացման վճարները հաշվարկվել են բանաձևերով՝ ինչպես և նախկինում, բայց հաստատուն բաղադրիչները նույնպես փոփոխվել են՝ բարձրացվել։
Էներգետիկայի ոլորտի փորձագետ Էդվարդ Արզումանյանը ՀԿԾՀ-ի՝ նոր բաժանորդների միացման վճարների եռակի-քառակի բարձրացումը հիմնավոր չի համարում։ Ըստ նրա՝ վճարները կարելի է բարձրացնել 30, 40 կամ առավելագույնը՝ 50%-ով, բայց ոչ երբեք՝ 300 կամ 400%-ով։
«Եթե պատճառաբանում են, թե գնաճ է եղել, ըստ այդմ՝ միացման վճարները եռակի-քառակի անգամ ավելացրել են, ապա սակագինը գոնե պետք է որոշ չափով նվազեցնեն»,- ասում է փորձագետը։
Էլցանցի միացման վճարի շեշտակի բարձրացումը, կառուցապատողների խորին համոզմամբ, զգալի ազդելու է անշարժ գույքի շուկայի վրա՝ առանց այդ էլ բարձր գներն է՛լ ավելի բարձրացնելով։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա» ՀԿ-ն կազմակերպության անդամ ընկերությունների մտահոգություններն արդեն ներկայացրել է Հանձնաժողովին։
Հիմնական մտահոգություններից մեկն այն է, որ կառուցապատման ծրագրի նախահաշվարկային արժեքն էական փոփոխությունների է ենթարկվելու, ինչը կառուցապատողները չէին կանխատեսել բիզնես պլանավորման ժամանակ։
«Շինարարությունը բավականին երկարատև գործընթաց է։ Շատ դեպքերում ճարտարապետանախագծային առաջադրանք ստանալուց երկար ժամանակ հետո միայն կառուցապատողը ստանում է շինթույլտվություն։ Մինչ այդ բիզնես պլանավորումն արդեն իրականացված է լինում ու նման անկանխատեսելի որոշումները փաստի առաջ են կանգնեցնում կառուցապատողին»,- «Ամփոփ Մեդիա»-ին բացատրում է «Զեյթուն Պլազա» կառուցապատող ընկերության հիմնադիր Սարգիս Աղաբեկյանը։
Ըստ նրա, ենթակառուցվածքներին միանալու նման պայմաններն անխուսափելիորեն հանգեցնելու են բնակֆոնդի արժեքի մի քանի անգամ բարձրացմանն ու շուկայից բազմաթիվ կառուցապատողների դուրս գալուն։
«Եթե պետությունն, իրոք, կարևորում է քաղաքացիների համար հասանելի բնակֆոնդի առկայությունը, պետք է որոշումներ կայացնելուց առաջ քննարկում կազմակերպվի շահագրգիռ կողմերի հետ։ Այս պայմաններով շարքային քաղաքացին բնակարան ձեռք բերելու որևէ հնարավորություն չի ունենա»։
«Կառուցապատողների հայկական ասոցիացիա»-ի անդամ ընկերությունները ՀԾԿՀ-ին պաշտոնական նամակով առաջարկել են վերանայել միացման համար սահմանված վճարները կամ սահմանել անցումային դրույթ՝ բիզնես միջավայրի ադապտացման համար։
Հանձնաժողովն առաջարկները մերժել է՝ նշելով, թե 2022թ․ դեկտեմբերի 26-ից որոշման նախագիծը հանրային քննարկման էր դրված, և հետևաբար՝ կար բավականին ժամանակ՝ նախատեսվող փոփոխություններին տեղեկանալու և առաջարկներով հանդես գալու համար։
«Բիզնես միջավայրի համար նման անկանխատեսելի գործընթացները շատ ծանր հետևանքների կարող են հանգեցնել՝ ընդհուպ մինչև սնանկության վտանգի»,- ասում է ՀԿ նախագահ Գուրգեն Գրիգորյանը։
ՀԷՑ-ի կատարած ծախսի ու դրա դիմաց վճարված գումարը համապատասխանեցնելուց բացի, մյուս խնդիրը, որը ՀԾԿՀ-ն փորձում է միացման վճարների բարձրացմամբ լուծել, Աղինյանի համոզմամբ, նոր հուսալի բաժանորդների ներգրավումն է։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ վերջին հինգ տարվա ընթացքում ՀԷՑ-ին միացած բաժանորդների մոտ 40%-ն ընդհանրապես բաժանորդ դառնալուց հետո էլեկտարէներգիա չի սպառել [ցանցին միացել է, բայց սպառումը զրոյական է եղել]։
«Լիահույս ենք, որ այս քայլով նաև նման դեպքերը կկրճատվեն․ մարդիկ դիմում ներկայացնելուց առաջ կմտածեն՝ արժե՞ արդյոք այդքան գումար տալ ու միանալ ցանցին, եթե չեն օգտվելու, սպառում չեն ունենալու», – նշում է Հանձնաժողովի ներկայացուցիչը։
Որպեսզի ՀԷՑ-ն անտեղի ներդրում չանի ու ավելորդ բեռ չառաջացնի բաժանորդների վրա, մեխանիզմներ առայժմ չեն մշակել։
Նմանատիպ դեպքերից խուսափելու, ռիսկերը նվազեցնելու և անհարկի ծախսեր չառաջացնելու թեմայով քննարկումներ Հանձնաժողովում եղել են․ վերջնական որոշում դեռ չկա։
«Աշխարհի տարբեր երկրներում պրակտիկա կա՝ բաժանորդը ցանցին միանալուն պես սկսում է բաժանորդային վճար վճարել, ՀՀ-ում դա չկա․ վճարում է միայն այն ժամանակ, երբ սպառում է։ Եթե հզորության վճար սահմանենք, գանձելու խնդիր կառաջանա, քանի որ արագ վճարելու շահագրգռվածություն բաժանորդը, այսպես թե այնպես, չունի»,- ասում է Աղինյանն ու ավելացնում՝ այդուհանդերձ, հարցը քննարկվում է գործուն մեխանիզմ մշակելու համար։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Ինֆոգրաֆիկը՝ Անուշ Բաղդասարյանի
Ինտերակտիվ գրաֆիկը՝ Կարինե Դարբինյանի
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/07/2023