Առողջություն

Դելտա․ ինչո՞ւ և ինչպե՞ս COVID-19-ի նոր շտամը գրավեց աշխարհը

2020 թվականի դեկտեմբերին Հնդկաստանում հայտնաբերվեց կորոնավիրուսային հիվանդություն առաջացնող SARS‐CoV‐2 (COVID-19) վիրուսի մուտացված նոր տեսակը, որը ստացավ «Դելտա» անունը։ Վերջինիս տարածումը կաթվածահար արեց երկրի առողջապահական ոլորտը 2021թ․ ապրիլին։ Արդեն մայիսի կեսերին Դելտան դարձավ գերիշխող շտամ Հնդկաստանում, այնուհետև արագորեն տարածվեց ողջ աշխարհում։

Ինչպես մյուս բոլոր մտահոգիչ տարբերակները, Դելտա շտամն առաջացել է SARS‐CoV‐2 վիրուսի մուտացիայի հետևանքով․ փոփոխությունների է ենթարկել վիրուսի այն մասը, որը միանում է մարդու բջիջներին: Այս շտամում հայտնաբերվել են ավելի քան 20 մուտացիաներ, որոնցից երկուսը խթանում են վիրուսի գոյատևումը և վերարտադրվելու հատկությունը։

Դելտա շտամն ունի ավելի բարձր վարակելիություն

Yale Medicine-ի համաճարակաբան Ֆ. Փերի Ուիլսոնը նշում է, որ Դելտան 50%-ով արագ է տարածվում, քան Ալֆա շտամը, որն էլ իր հերթին SARS-CoV-2-ի (COVID-19) սկզբնական վիրուսից է 50%-ով վարակիչ։

«Ամբողջովին անպաշտպան միջավայրում, որտեղ ոչ ոք պատվաստված չէ կամ դիմակ չի կրում, կորոնավիրուսային առաջին շտամով վարակված մարդը միջինում կվարակի 2,5 մարդու, մինչդեռ Դելտա շտամի դեպքում վարակը մեկ մարդուց կարող է փոխանցվել միջինում 5-8 մարդու» – ասում է նա։

Բարձր վարակելիությունից զատ, Դելտային բնորոշ ախտանիշները ավելի հաճախ դրսևորվում են գրիպի նման՝ ի տարբերություն նախորդ շտամերի։ Դա կարող է շփոթեցնել մարդկանց և ետ պահել նրանց թեստավորվելու/հետազոտվելու մտքից։

Loading...

Loading…

Դելտա շտամի դեպքում հիվանդությունն ունի ավելի ծանր ընթացք, հոսպիտալացման հավանականությունն ավելի բարձր է։

Ըստ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի «Քովիդ» կլինիկայի ղեկավար Հայկ Անտոնյանի, նախկին շտամերի դեպքում որոշ մարդկանց օրգանիզմն ընդունակ էր խուսափել վարակից․ նրանք չէին վարակվել կամ հիվանդությունը թեթև էին տարել՝ ելնելով իրենց իմունիտետի առանձնահատկություններից։

«Այս տարատեսակը կառուցողական առանձնահատկությունների շնորհիվ կարողանում է կապվել այն ընկալիչների հետ, որոնք SARS‐CoV‐2-ի համար մուտք են հանդիսանում օրգանիզմ»- ասում է Անտոնյանը։

Ինչպես սկզբնական վիրուսը, Դելտա տարբերակը կարող է ախտահարել մարմնի շատ օրգաններ՝ ներառյալ թոքերը, սիրտը և երիկամները: Բարդություններից է նաև արյան մակարդուկների առաջացումը, որոնք ամենածանր դեպքում կարող են հանգեցնել ուղեղի կամ սրտի կաթվածի:

Երկարատև ախտանիշներից կարող են լինել հոգնածությունը, շնչահեղձությունը, կրծքավանդակի ցավը, սրտի արագ բաբախը, գլխացավերը, ցրվածությունը, մկանային ցավերը, քնի խանգարումը, դեպրեսիան, հոտի և համի կորուստը (վերջինը առավել բնորոշ է նախորդ շտամերին)։

Կարդացեք նաև․ Կերպարանափոխվող COVID-19․ տեսակները, տարածվածությունը և վտանգի աստիճանը 

Դելտա շտամի մուտացիաներն իրենց առանձնահատկություններով երիտասարդացրել են կորոնավիրուսային հիվանդությունը, և այս շտամին հատուկ ախտանիշները կարող են դրսևորվել նաև ավելի ցածր տարիքային խմբերում։ Ռիսկային խմբում են նաև չպատվաստվածները՝ անկախ տարիքից։

Մինչ օրս Դելտա շտամի ամենաշատ դեպքերը հայտնաբերվել են ԱՄՆ-ում և Միացյալ Թագավորությունում։

Loading...

Loading…

Համաճարակաբան և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) COVID-19-ի տեխնիկական ղեկավար Մարիա Վան Կերխովեի կարծիքով՝ կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են ամբողջ աշխարհում Դելտա շտամի դեպքերի ավելացմանը՝

  1. Դելտան վիրուսի մտահոգիչ տեսակներից է (սա նշանակում է, որ այն ավելի վտանգավոր է, քանի որ ավելի արագ է տարածվում),
  2. Սոցիալական շարժունակության՝ անհատների միջև հաճախակի շփումների ավելացումը,
  3. Հանրային առողջության և սոցիալական միջոցառումների թուլացումը կամ ոչ պատշաճ կիրառումը,
  4. Պատվաստանյութերի անհավասար ու ոչ բալանսավորված բաշխումն աշխարհում։

Դելտա շտամի դեմ արդյունավետ պայքարի համար Վան Կերխովեն հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները։

ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած ՔՈՎԻԴ-19-ի դեմ կիրառվող պատվաստանյութերը շարունակում են արդյունավետ լինել հիվանդության ծանր դեպքերն ու մահերը կանխարգելելու գործում, այդ թվում՝ Դելտա շտամի դեպքում:

Ամփոփեց Հռիփսիմե Հայրապետյանը

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Աղբյուրներ՝ WHO, European Commission, UNICEF

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/11/2021