Էկոլոգիա

Կատալիզատորի սև շուկայի ակտիվությունը Հայաստանում և պետության դանդաղկոտ վարքը

Ավտոմեքենաների շահագործման թեմայով ֆեյսբուքյան խմբերից մեկում փորձեք գրել «կատալիզատոր» բառը պարունակող ցանկացած նախադասություն, և

  • շատ արագ կհայտնվեն մարդիկ, որոնք կառաջարկեն գնել Ձեր մեքենայի կատալիզատորը շուկայի ամենաբարձր գնով,
  • Ֆեյսբուքն իր ալգորիթմներով կֆիքսի ձեր հետաքրքրության նոր առարկան և գովազդի միջոցով անդադար կառաջարկի կատալիզատոր գնողների ֆեյսբուքյան էջեր։

Կատալիզատորը ավտոմեքենայի վնասակար արտանետումների չեզոքացման համակարգն է, որի առքուվաճառքի շուկան Հայաստանում բավական զարգացած է, սակայն խոսքը ստվերային շուկայի մասին է, և հնարավոր է շուտով օրենքի ուժով կարգի բերվի այս հարցը։ Եվ քանի որ շուկան ստվերային է, չկա պաշտոնական վիճակագրություն, ուստի դժվար է հասկանալ շրջանառության չափը։ Սակայն որոշակի ենթադրություններ հնարավոր է անել վերը նշված հայտարարությունների միջոցով։

Օրինակ list.am-ում լատինատառ katalizator և հայատառ կատալիզատոր որոնումները տասնյակներով այդպիսի առաջարկներ են ներկայացնում փնտրողին։ Ընդ որում՝ որևէ հայտարարության մեջ չկա գների սանդղակ, թե որ մեքենայի կատալիզատորը որքան է գնահատվում։

Գնորդները գինը կապում են մեքենայի մակնիշի, տարիքի, շարժիչի տեսակի, թանկարժեք մետաղների այդ օրվա գների և այլ գործոնների հետ։ Արդյունքում, որևէ կանխատեսելիություն չկա՝ որքան կգնահատեն ձեր մեքենայի կատալիզատորը։ Գնորդների շրջանում «Ամփոփ Մեդիայի» իրականացրած հարցումը ցույց տվեց, որ Հայաստանում տարբեր մոդելների մեքենաների կատալիզատորների արժեքը կարող է տատանվել 80-270 հազար դրամի միջակայքում, իսկ որոշ դեպքերում ավելի բարձ լինել։

Ինչո՞վ է կարևոր կատալիզատորը` կատալիտիկ չեզոքացուցիչը

Եթե տրանսպորտային միջոցը շահագործվում է առանց չեզոքացման համակարգի (առանց կատալիզատորի) կամ անսարք չեզոքացման համակարգով, վնասակար նյութերն անարգել արտանետվում են մթնոլորտային օդ, ինչը չափազանց վտանգավոր է, մանավանդ եթե ստանում է զանգվածային բնույթ, ինչպես ներկայումս նկատվում է Հայաստանում։

Ինչո՞ւ են գնում կատալիզատոր

Միացյալ Նահանգներում այս շուկան ընդհանրապես հանցավոր է։ Հազարավոր են դեպքերը, երբ հանցագործներն ուղղակի գողանում են կայանված մեքենաների կատալիզատորներն ու վաստակում մի քանի հարյուր դոլար, իսկ մեքենայի տիրոջը «պարգևում» տասնյակ հազարավոր դոլարների ծախս՝ մեքենան վերականգնելու համար։

Հայաստանում վերջին շրջանում ևս հաճախակի են դարձել կատալիզատորների գողության դեպքերը։ Այդ թվում Երևանի կենտրոնում։ Դրանցից մեկը կատարվել էր Վ․ Սարգսյան փողոցում՝ Հանրապետության հրապարակի հարևանությամբ, իսկ ևս եկուսը Ալեք Մանուկյան և Սայաթ Նովա փողոցներում։

Կա նաև վարկած, որ Հայաստան ներկրվող մեքենաներից հենց միջնորդները մինչև վաճառելը հանում են կատալիզատորները։

Ո՞րն է պատճառը։ Զուտ այն, որ մեքենայի այդ հանգույցը պարունակում է թանկարժեք մետաղներ՝ պլատին, պալադիում և ռոդիում։ Խոսքը մի քանի գրամի մասին է, սակայն կատալիզատոր գնողները դրանց միջից կորզում են այս թանկարժեք մետաղներն ու վաճառում։

Ստացված եկամուտն այնքան է, որ կլորիկ գումարներ վճարեն նաև մեքենաների տերերին նոր կատալիզատորներ ձեռք բերելու համար։

Այնուամենայնիվ, ամեն կատալիզատոր գնող չէ, որ ընդունակ է դրանից կորզել թանկարժեք մետաղները, հետևաբար սա մի շղթա է, որը ձգվում է նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Բանն այն է, որ կատալիզատորի մի քանի կիլոգրամանոց զանգվածից մի քանի գրամ թանկարժեք մետաղ ստանալը բավական ժամանակատար ու նույնիսկ գիտատար աշխատանք է, անհրաժեշտ են քիմիայի իմացություն, հատուկ նյութեր, ինչպես նաև մետաղների տեսակները պարզող հատուկ սարքեր։

Loading...

Loading…

Նոր բիզնես մոդելը, կորոնավիրուսն ու Աֆրիկայի հանքերը

Նախորդ տարվա փետրվար-մայիս ամիսներին ռոդիում մետաղը, որ պարունակվում է կատալիզատորների մեջ, հասավ իր պատմական ամենաթանկ գնին՝ 1 գրամի համար գրեթե 1000 դոլար: Ռոդիումն այդ ժամանակահատվածում 20 անգամ ավելի թանկ էր, քան ոսկին։ Հիմա գները փոփոխվել են, բայց ռոդիումը մշտապես բազմապատիկ թանկ է ոսկուց։

Հենց նախորդ տարվա այդ ամիսներին էլ եղավ ԱՄՆ-ում կատալիզատորների գողությունների պիկային շրջանը։ Բանը հասավ նրան, որ թեմային անդրադարձան համաշխարհային ճանաչում ունեցող լրատվամիջոցները։ Դրա պատճառն էլ այն է, որ գողություն-կատալիզատոր-մետաղներ շղթան ձգվում էր շատ ավելի հեռուն։

Պատմությունը սկսվում է հեռավոր 2008 թվականի համաշխարհային ճգնաժամից։ Այդ ժամանակ արտադրությունները կանգնեցին, պահանջարկը զրոյացավ, ու ռոդիումի ամենամեծ արդյունահանող Հարավաֆրիկյան Հանրապետությունը դադարեցրեց այս ոլորտի հանքերի շահագործումը։

Այս ամենը սկսում էր հաղթահարվել, երբ նախորդ տարի սկսվեց կորոնավիրուսային պանդեմիան։ Տնտեսությունը կրկին կանգնեց, հանքերը դադարեցրին աշխատանքը։ Հետո, երբ պանդեմիայի առաջին շոկն անցավ, աշխարհում սկսվեց գերսպառումը, իսկ Չինաստանում դա շատ լուրջ զգացվեց մեքենաների պահանջարկի աճով։ Մեքենաներ պետք էին, իսկ դրանց կատալիզատորների համար ռոդիում չկար։

Ավելին, այս մետաղը առանձին չի արդյունահանվում։ Այն պլատինի ու պալադիումի հանքաքարերից են ստանում։ Հանքաքարերի մեջ էլ ռոդիումը չնչին տոկոս է կազմում։ Եվ եթե պլատինի գինը բավական բարձր չէ, ոլորտի հանքերը չեն աշխատում։ Նույնիսկ ռոդիումի հսկայական գները չեն կարողանում վերակենդանացնել այդ հանքերը նման դեպքերում։ Հենց այսպիսի վիճակ էր նախորդ տարվա գարնանը, երբ Միացյալ Նահանգներում մեծ թափ առան գողությունները․ չէ՞ որ մետաղի պահանջարկը կար։

Ավելին, կանխատեսվում է, որ ռոդիումի բարձր գները կպահպանվեն առնվազն մինչև 2025 թվականը։ Այդ գները կարող են իջնել միայն երկու դեպքում․

  • երբ հայտնագործվի կատալիզատորներում ռոդիումին փոխարինող այլ նյութ,
  • աշխարհում լուրջ անցում լինի դեպի էլեկտրական մեքենաներ, որոնք չունեն ներքին այրման շարժիչ և հետևաբար չունեն կատալիզատորի կարիք։

Կարդացեք նաև․ Էլեկտրական մեքենաների շուկայում աշխուժություն կա

Ինչո՞ւ չպետք է հանել կատալիզատորը

Առհասարակ, ի՞նչ է անում կատալիզատորը։ Այն չեզոքացնում է շարժիչի աշխատանքից արձակված արտանետումները։ Եթե դրանք չանցնեն կատալիզատորի միջով, այլ ուղղակիորեն նետվեն օդ, ապա շատ ավելի մեծ թափով կաղտոտեն մթնոլորտը։

Իսկ կատալիզատորը «նախաձեռնում է» քիմիական պրոցեսներ, և դրա անցքերով անցնող գազերը վերածվում են ուղղակի ազոտի, թթվածնի, գոլորշու կամ գոնե ածխաթթու գազի։ Սրանցից առաջին երեքը բոլորովին անվնաս են մթնոլորտի համար, չորրորդը շատ ավելի քիչ է վնասակար, քան շարժիչի արտադրած «մայր» գազերը։

Հենց մթնոլորտի աղտոտվածության մակարդակը նվազեցնելու համար են մեքենաների վրա սկսել դնել այս հանգույցները 1970-ական թվականներից։ Մեքենայի աշխատանքի որոշակի ժամկետներում, մանավանդ անորակ վառելիքի օգտագործման դեպքում կատալիզատորները «լցվում են», դրանց անցքերը փակվում են, ու մեքենան ինքը կարող է «խեղդվել» դրա հետևանքով։

Այս հանգույցը փոխելը բնականաբար թանկ է, և վարորդների մի մասը, անտեսելով մթնոլորտի աղտոտման հարցը, ուղղակի հանում է այդ հանգույցը, դեռ մի բան էլ՝ գումար է աշխատում դրա շնորհիվ։ Որպեսզի այդ «չարությունը» չբռնվի, մեքենայի վրա դնում են «աբմանկա»։ Իսկ որպեսզի մեքենայի համակարգիչն էլ չնկատի այդ խաբեությունը, փոխում են ծրագիրը («բեզկատ պռաշիվկա»)։

Սրա դեմ պայքարելու համար շրջակա միջավայրի նախարարությունը նախորդ տարվա մարտին ներկայացրեց նախագիծ, որով տուգանք էր սահմանվում այն մեքենաների վրա, որոնք Հայաստան էին ներկրվել 2020 թվականի հունվարի 1-ից հետո, և որոնք կամ չունեին կատալիզատոր, կամ ունեին, բայց չէր աշխատում։ Տուգանքը կազմելու էր 300000 դրամ, որպեսզի ձեռնտու չլիներ կատալիզատորը հանելը։ E-draft.am կայքում դրված այդ նախագիծը, սակայն, հիմա բացակայում է։

ՇՄՆ ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանն «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում հայտնեց, որ նախագիծը հանել են շրջանառությունից, քանի որ նախատեսվում էր այն ներառել տեխզննումների վերաբերյալ ավելի ամբողջական մեկ այլ նախագծում։ Սակայն վերջինիս մեջ, ի վերջո, կատալիզատորների հարցը չի ներառվել։ Ոլորտի կարգավորումը մնացել է առկախված։

Ու թեև հայաստանցի վարորդների շրջանում կա այն համոզմունքը, որ 2020 թվականից հետո ներկրված ու կատալիզատորը հանած մեքենաների համար գործում է տուգանք, այն իրականում չի գործում դեռ։

Կարգավորման նոր նախագծեր

Արդեն այս տարվա սեպտեմբերին ոլորտի անուղղակի կարգավորման փորձ ձեռնարկեց Էկոնոմիկայի նախարարությունը։ Գերատեսչությունն այս անգամ հանրային քննարկման ներկայացրեց մեկ այլ նախագիծ, որի ընդունման դեպքում արգելվելու է կատալիզատորների թափոնների արտահանումը Հայաստանից։ Նախագծի հիմնավորման մեջ նշվում է․

«Համաձայն վիճակագրական տվյալների՝ վերջին տարիների ընթացքում ՀՀ տարածքից նկատվում է ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ծավալների զգալի աճ, ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների սեփականատերերը զանգվածաբար հանում և վաճառում են վերոհիշյալ կատալիզատորները, քանի որ վերջիններիս արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ, մասնավորապես՝ ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում»։

ՊԵԿ տվյալների համաձայն՝ թանկարժեք մետաղների թափոնները, որոնց թվում են նաև կատալիզատորային թափոնները, առնվազն 2019-ի սկզբից այս կողմ արտահանվել են հիմնականում եվրոպական ուղղություններ, ԱՄՆ և Ռուսաստան։

Ընդհանուր արտահանումը, 2019-ից սկսած, կազմել է 312 տոննա, միայն 2021-ի առաջին կիսամյակի ընթացքում՝ 26,3 տոննա։ Այստեղ, սակայն, նորից ընդգծենք, որ խոսքը բոլոր թանկարժեք մետաղների թափոնների մասին է, որի միայն մի մասն են կատալիզատորային թափոնները։

Կատալիզատորը մեքենայից հանելը, սակայն, այս նախագծով չի կարգավորվում։ Նախագիծը անցել է e-draft.am կայքում հանրային քննարկման փուլն ու, ըստ կայքի, լրամշակման փուլում է։

Ըստ Ղավալյանի, այժմ դիտարկվում են խնդիրը օրակարգ բերելու և լուծելու տարբերակներ․

  • Առաջին տարբերակն այն է, որ տեխզննման ժամանակ  ստուգվի նաև՝ մեքենան կատալիզատոր ունի՞, թե՞ ոչ։ Եթե պիտի ունենա, բայց չունի, ապա դա կարող է համարվել անսարքություն, որը թույլ չի տա շարունակել մեքենայի շահագործումը։ Այս տարբերակը չի ազդի մինչև 2020 թվականի սկիզբը ներմուծված մեքենաների վրա, ինչպես նաև այն մեքենաների, որոնք նախագծված են այնպես, որ չունեն և չպիտի ունենան այդպիսի հանգույց։
  • Երկրորդ տարբերակն ուղղված է լինելու կատալիզատորների ապամոնտաժման, առք ու վաճառքի կանոնակարգման միջոցով կատալիզատորները հանելու երևույթը սահմանափակելուն։ Դա կնշանակի, որ սպասարկման կենտրոնները կատալիզատոր հանելու իրավունք կունենան միայն այն դեպքում, երբ ունենան տեղեկանք, որ կոնկրետ մեքենայի վրայից պետք է հանվի կատալիզատորը, փոխարինվի և այլն։ Վարորդի ցանկությունն այստեղ բավարար չի լինելու։

Ղավալյանը նշեց, որ այս տարբերակները դեռ քննարկման փուլում են, նախագծերը կկազմվեն քննարկումների ավարտից հետո։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան

Գրաֆիկները՝ հեղինակի

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/10/2021