34-ամյա Արման Թահմազյանի կինը հունվարի 31-ին մեկնել էր ԱՄՆ՝ տեսակցելու ծնողներին ու քրոջը։ Սովորական այցելությունը նախատեսվածից կրկնակի երկար տևեց․ մարտի կեսերից երկրներն իրար հաջորդելով արտակարգ դրություն սահմանեցին, սահմանները փակվեցին, չվերթները չեղարկվեցին։
Թռիչքներ չկան, տուն վերադառնալու հնարավորություն՝ ևս։
Տանը, բացի ամուսնուց, Արփինեին սպասում են նաև նրա երեք անչափահաս որդիները՝ 12, 5 և 2 տարեկան։
Արմանը խոստովանում է, որ այս շրջանում կնոջ բացակայության հետ հաշտվելուց ավելի դժվար երեխաների խնամքն է։ Այդ հարցում նրան մայրն է օգնում։
«Նախատեսել էինք, որ մայիսին պիտի վերադառնա, բայց տարբերակ չկար։ Արդեն 6-րդ ամիսն է լրանում, ինչ Լոս Անջելեսում է։ Պիտի հասցնի վեց ամիսը լրանալուց 2 օր շուտ Հայաստան գալ»,- պատմում է Արմանը։
Նրա խոսքով, Արփինեն օրերս կարողացել է մի քանի չվերթի տոմս գնել, որոնցով էլ առաջիկա օրերին կհասնի Հայաստան։ Առաջին չվերթով Արփինեն Կալիֆոռնիայից նախ կժամանի Ամստերդամ, այնտեղից՝ Սանկտ Պետերբուրգ, հետո մեկ այլ չարտերային չվերթով՝ Երևան։ Ըստ Արմանի, նախկին արժեքից կրկնակի են վճարել։ Սակայն այս պահին նրանց համար ամենակարևորն այն է, որ չվերթները ժամանակին իրականացվեն։
Հատուկ չվերթներ
Chilli Travel Club տուրիստական գործակալության արտագնա տուր-մենեջեր Մարիամ Հովհաննիսյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ Լոս Անջելեսից-Երևան առաջիկայում նախատեսվում են առնվազն երկու ուղիղ չարտերային չվերթներ, մեկը հուլիսի 11-ին, մյուսը՝ հուլիսի 15-ին։ Առաջին թռիչքի տոմսերն արդեն սպառվել են։
Ինքնաթիռը միայն մեկ ժամով կանգ է առնելու Ռեյկյավիկի օդանավակայանում (Իսլանդիա)՝ վառելիքի վերալիցքավորման նպատակով։ Իսկ Երևան- Լոս Անջելես չվերթը նախատեսված է հուլիսի 13-ին։
«Լոս Անջելեսից-Երևան չվերթից կարող են օգտվել ՀՀ քաղաքացիները, իսկ դեպի Լոս Անջելես չվերթը նախատեսված է ԱՄՆ քաղաքացիների և այն անձանց համար, որոնք ունեն վիզա։ Թռիչքից կարող են օգտվել նաև անձինք, որոնք ԱՄՆ-ում ունեն մոտ բարեկամներ՝ ամուսին, կին, երեխաներ, ծնողներ»։
Տուր-մենեջեր Մարիամն ասում է՝ եթե նախկինում Երևան-Վարշավա (կամ Քաթար)- Լոս Անջելես տոմսն արժեր մոտ 400 հազար դրամ (835 դոլար), ապա հիմա չարտերային թռիչքի տոմսի արժեքը 1350 դոլար է։ Նրա խոսքով մեկնողները բավականին շատ են․ կան մարդիկ, որոնք պետք է ԱՄՆ մեկնեն, քանի դեռ վիզայի ժամկետը չի լրացել։
Արտակարգ դրության պայմաններում Լոս Անջելես-Երևան չարտերային թռիչք կազմակերպելու հարցում իրենց մասնակցությունն են ունեցել ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, Հայաստանում Իսլանդիայի պատվո հյուպատոսությունը, հայ-իսլանդական խորհրդարանական-բարեկամական խմբի անդամ, պատգամավոր Նարեկ Մկրտչյանը, «Ֆեստ ավիա» ՍՊԸ-ն և Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը։
Դեպի Հայաստան ժամանող չվերթների շարքում է նաև Մինսկ-Երևան չվերթը։
«Գործում է նույն սկզբունքը, եթե ՀՀ քաղաքացին եվրոպական որևէ երկրից ուզում է վերադառնալ Հայաստան, պետք է Մինսկ մեկնելու ուղի գտնի, այնտեղից էլ՝ Երևան։ Երևանից թռիչքը Եվրոպայի քաղաքացիների համար է, նաև ՀՀ քաղաքացիների, բայց դա արդեն կոնկրետ դեպքով ու անհրաժեշտությամբ է պայմանավորված»,- ասում է Մարիամը։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից «Ամփոփ Մեդիային» տեղեկացնում են, որ արտակարգ դրության պայմաններում օտարերկրյա քաղաքացիների մուտքը դեպի Հայաստանի Հանրապետություն արգելված է։
Նույն արգելքը գործում է նաև Ռուսաստանի Դաշնությունում օտարերկրյա քաղաքացիների համար մինչև օգոստոսի մեկը՝ այդ թվում նաև ՀՀ քաղաքացիների դեպքում։ Բացառություն է արված միայն ՌԴ քաղաքացիների, ՌԴ քաղաքացիների ընտանիքի անդամների և ՌԴ-ում օրինական մշտական կացության կարգավիճակ ունեցող ՀՀ քաղաքացիների համար։
Տուր-մենեջեր Մարիամի խոսքով, նախնական տեղեկությունների համաձայն լեհական LOT ավիաընկերությունը նախատեսում է հուլիսի 17-ին և 18-ին դեպի Վարշավա թռիչքներ իրականացնել։ Դեռ հունիսին էլ Brussels Airlines-ը հայտարարել էր, որ նախատեսում է հուլիսի 14-ից շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին, Երևան-Բրյուսել-Երևան կանոնավոր չվերթներ իրականացնել։ Տեղեկությունը հաստատում են նաև Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Սակայն, թե այս, թե LOT ավիաընկերությունների չվացուցակը դեպի Հայաստան արտակարգ դրության երկարացման պարագայում կարող է չեղարկվեն կամ վերանայվեն։
Չվերթներ զբոսաշրջային նպատակով՝ Շարմ Էլ Շեյխ և Դուբայ
Ընդհանուր առմամբ, հայաստանյան տուրիստական գործակալություններում առաջիկա թռիչքների մասին հստակ պատասխաններ չեն հնչում։
Հուլիս ամսին նախատեսված գրեթե բոլոր թռիչքները 50/50 կանխատեսմամբ են նշանակված։ Չվերթները միայն չարտերային են, առաջարկվող ուղղություններն էլ նախկինի նման բազմազան չեն․ հիմնականում՝ Շարմ Էլ Շեյխ և Դուբայ՝ զբոսաշրջային նպատակով։
Դեպի Շարմ Էլ Շեյխ (Եգիպտոս) առաջիկա թռիչքը նշանակված է հուլիսի 18-ին։ Տուրիստական գործակալությունում ասում են՝ հետաքրքրվողներ շատ կան, բայց իրական գնորդներ դեռ ոչ։ Դեպի Եգիպտոս տուր փաթեթի միջին արժեքը 1 անձի համար 550-600 դոլար է, որն իր մեջ ներառում է տոմսի, մեկշաբաթյա հյուրանոցային կեցություն, սննդի և էքսկուրսիաների արժեքը։ Տուր-օպերատորներն ասում են, որ արտակարգ դրությունը չի ազդել փաթեթի արժեքի վրա։
«Ինքներս էլ դեռ հստակ ոչինչ չգիտենք։ Այնուամենայնիվ, եթե հաճախորդը, գիտակցելով բոլոր ռիսկերը, պատրաստ լինի մեկնել տվյալ երկրներ, փաթեթները կվաճառենք»,- ասում է Մարիամը։
Օne Way Tour գործակալության արտագնա տուր-մենեջեր Հերմինե Առաքելյանը վերոնշյալ ուղղություններին ավելացնում է նաև Հունաստանն ու Թունիսը, կրկին՝ ոչ վերջնական հաստատմամբ։
«Հաճախորդներն էլ են վախենում տոմս գնել․ իրավիճակը շատ անորոշ է։ Ըստ միջազգային իրադրության, ավիաընկերությունների և տուր գործակալությունների կողմից որոշվում է չվերթը հետաձգել կամ առհասարակ չեղարկել։ Ամեն դեպքում միշտ փորձում ենք գումարի վերադարձ ապահովել, թեև պետք է հասկանալ, որ դա վերոնշյալ գործոնների հետ է կապված»։
Թռիչքից առաջ COVID-19-ի թեստավորման անհրաժեշտությունը
«Ամփոփ Մեդիայի» գրավոր հարցմանն ի պատասխան Առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ Հայաստանի Հանրապետությունից այլ երկրներ մեկնողների համար թեստավորման առանձին ընթացակարգ սահմանված չէ։ Մեկնել ցանկացող քաղաքացիները կարող են լաբորատոր հետազոտության անցնել վճարովի հիմունքներով։
Համաձայն Առողջապահության նախարարի հունիս ամսվա ցուցումների՝ վճարովի հիմունքներով ՊՇՌ մեթոդով հետազոտություններ իրականացնում են «Պրոմ-Տեստ», «Գիսանե» («Դավիդյանց լաբորատորիաներ»), «Էկոսենս» ՍՊԸ-ները և «Նորմեդ» բժշկական կենտրոնը։
«Էկոսենս» բժշկական լաբորատորիայից «Ամփոփ Մեդիային» տեղեկացրին, որ կան հաճախորդներ, որոնք թռիչքից մի քանի օր առաջ գնում ու թեստ են հանձնում, որովհետև նրանցից թեստի արդյունքների վկայական են պահանջել։ Հայերեն լեզվով լրացված վկայականում առկա է թեստը հանձնողի անունը, ազգանունը, սեռը, ծննդյան տվյալները, հեռախոսահամարը, թեստի անվանումը, պատասխանն ու լաբորատորիայի կնիքը։ Թեստի արժեքը 17 000 դրամ է։
Տուրիստական գործակալությունները տեղեկացնում են, որ թեստավորման պահանջ ոչ բոլոր երկրներն են դրել։ Օրինակ, Եգիպտոս մեկնելու համար նախապես թեստավորվելու կարիք չկա, քանի որ վայրէջքից հետո նման թուղթ ոչ ոք չի պահանջելու։ Օդանավակայանում ժամանած բոլոր ուղևորներին ջերմաչափում են։ Ախտանշաններով ուղևորներին մեկուսացնում են հյուրանոցում։ One Way Tour գործակալության աշխատակցի հավաստմամբ, մեկուսացման հետ կապված բոլոր ծախսերը հոգում է եգիպտական կողմը։
Իրավիճակն այլ է Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄԷ) դեպքում։ Դուբայ մեկնելու պարագայում, օրինակ, պարտադիր պետք է թեստավորվել․ դա Էմիրությունների կողմից դրված պահանջ է։ Տուր մենեջեր Մարիամը տեղեկացնում է, որ Դուբայը հուլիսի 7-ից պատրաստ է ընդունել ՀՀ քաղաքացիներին, սակայն մեկնելուց առնվազն 3 օր առաջ պետք է թեստավորվել՝ սեփական միջոցներով, իսկ թեստի վկայականը թարգմանության տալ։
«Բայց Դուբայ ժամանածներին միևնույն է ջերմաչափելու են, արագ թեստավորում անեն և դրական պատասխանի դեպքում, ժամանողը իր միջոցների հաշվին պետք է բուժհաստատություն դիմի։ Նման դեպքում փաթեթի համար վճարած գումարի փոխհատուցում չի լինելու»,- ասում է Մարիամը:
Բացի այդ, Դուբայը պահանջում է նաև ունենալ ապահովագրական քարտ, որը կներառի նաև COVID-19-ով պայմանավորված ծախսերը։
«Սակայն մեր ապահովագրական ընկերությունները նման ծառայություն դեռ չեն մատուցում, հետևաբար Դուբայ մեկնելը գրեթե անհնար է դառնում»,- ասում է Մարիամը։
Դեռ ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կայքում հրապարկված նյութերից մեկում խոսք էր գնում, այսպես կոչված, «Իմունիտետի անձնագրի» մասին։ Սա, ըստ հոդվածագրի, պետք է լինի այն փաստաթուղթը, որը կվկայակոչի անձի COVID-19-ից բուժման մասին։ Սակայն նման փաստաթղթի օգտավետությունն ու առկայության կարևորությունը դեռ որևէ երկիր չի ընդունել։ Սրա հիմնավորումն այն է, որ դեռ ապացուցված չէ, որ COVID-19 վարակից բուժվածները երկրորդ անգամ չեն վարակվի։
Կանոնավոր թռիչքների վերսկսման և թեստավորման պարտադիր պահանջի վերաբերյալ հստակ պատասխան դեռևս չի տրամադրվում նաև պարետատանը։ Ասում են՝ վերոնշյալ հարցերին պատասխանելու համար դեռ վաղ է։ Հստակ է մի բան՝ ցանկացած որոշում ընդունվելու է թռիչքը սպասարկող բոլոր կողմերի համաձայնությամբ։
Հեղինակ՝ Սոֆի Թովմասյան
Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան
COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր
- Գյուղատնտեսական ոլորտում կառավարության միջոցառումները` քիչ արդյունավետ
- Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին
- Քրոնիկ հիվանդություններն ու անհրաժեշտ ռեֆորմները
- Հակաճգնաժամային միջոցառումներ՝ ուղղված բիզնես ոլորտին
- Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում
#COVID19 #crisis
Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 06/07/2020