Էկոլոգիա

Վտանգված գեղեցկություն․ Դեղին ծաղկի մեկ հատի տուգանքը՝ 25 000 դրամ

Լուսանկարները՝ հեղինակի

70-ամյա Թամար տատն օրվա մեծ մասն անցկացնում է Երևանի մարդաշատ փողոցներից մեկում․ ծաղիկներ է վաճառում՝ իր, ամուսնու, հարսի և 4 թոռների ապրուստի միջոցը վաստակելու նպատակով։ Իրեն եկամուտով ապահովող ծաղիկներին «ճանաչում է», նշում է՝ այս շրջանում ամենավաճառվողը «դեղին ձնծաղիկն» է ու լրացնում՝ ասում են, թե սա Կարմիր գրքում է գրանցված։

Լուսանկարը՝ հեղինակի

Ձմռանը մայրաքաղաքի գրեթե բոլոր կենտրոնական փողոցներում 150-250 դրամով վաճառվող «դեղին ձնծաղիկը» Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում գրանցված Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ ծաղիկն է։

Ի տարբերություն Թամար տատի, Երևանի այլ ծաղկավաճառներ, որոնք ծաղիկների տեսականու մեջ նաև «դեղին ծաղիկ» են առաջարկում գնորդներին, տեղյակ չեն ոչ այս ծաղկի անունից, ոչ էլ, որ այն վերացման եզրին է։

Շտերնբերգիա Ֆիշերի․ ի՞նչ ծաղիկ է այն

Շտերնբերգիա Ֆիշերին բազմամյա սոխուկավոր բույս է՝ 10-15սմ բարձրությամբ։ Փետրվար-մարտ ամիսներին «հայտնվող» այս բույսը նախկինում ունեցել է բազմաթիվ արեալներ, ծաղկել է այնտեղ, ուր արևկող, լեռնային-քարքարոտ լանջ է եղել։ Սակայն, այժմ բնապահպաններն ասում են, որ ծաղկին կարելի է հանդիպել Հայաստանի հարավում, այն էլ միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում՝ Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում։

Վառ դեղին գունավորում ունեցող ծաղիկը պատկանում է շքանարգիզազգիների ընտանիքին։ Այն դիտվում է որպես վայրի բնության մեջ անհետացման չափազանց բարձր ռիսկի առջև կանգնած տեսակ։

 շքանարգիզ-ազգիներ

Այս բուսատեսակից բացի Կարմիր գրքում գրանցված են ևս 4 տեսակի ձնծաղիկներ․

«Ամփոփ մեդիան» ձնծաղիկների նկարները հատուկ է մեծ չափերի հրապարակում, որպեսզի ընթերցողը վայելի դրանք էկրանից։ Փորձենք բավարավել դրանց գեղեցկությամբ պատկերի միջոցով՝ դրանով իսկ թույլ տալով բնության յուրաքանչյուր մասնիկի շարունակել ապրել այս մոլորակի վրա։

Ձնծաղիկ ալպիական

Ձնծաղիկ լագոդեխիի

Շտերնբերգիա շնդեղածաղկային

Ձնծաղիկ Արտյուշենկոյի

Առաջին 3-ը վտանգված տեսակներ են, վերջինը գտնվում է խոցելի խմբում։

Բայց այս հանգամանքը չի կանգնեցնում ծաղկավաճառներին։ Մասնագետների հիմնավորումները լուրջ չհամարելով՝ ծաղկավաճառները ծաղկի բազմացման իրենց տարբերակն ունեն․ ասում են՝ սոխուկավոր բույսերը քաղելով են շատանամ։

«Ցողունը կտրում են՝ սոխուկը հլը 2 հատ ա դուրս գալիս, ոնց որ սխտորը։ Ես գյուղի կին եմ՝ գիտեմ․ սխտորը որ կտրում-հանում ես, դրանից երկու հատ ա դուրս գալիս»,- ասում է Թամարա տատիկը։

Էկոլոգ-բուսաբան Հրաչիկ Միրզոյանը ժխտում է այս տեսակետը․ «Հնարավոր չէ ծաղիկը քաղել՝ առանց բույսին վնաս հասցնելու․ բազմացման օրգանը հենց ծաղիկն է։ Պատկերացրեք, որ կենդանուն ստերջացնում են․ նա կարո՞ղ է բազմանալ։ Որպես կենդանի շարունակում է ապրել, բայց չի կարող սերունդ տալ։ Հիմա ծաղիկը պոկեցինք՝ սոխուկը մնաց։ Եկող տարի այդ սոխուկը կարող է էլի ցողուն տալ, ընդ որում՝ դա կարող է շարունակվել 1-2 տարի, բայց դա չի նշանակում, թե նա բազմանում է։ Նա գոյությունը քարշ է տալիս։ Կենդանի օրգանիզմի բազմացման օրգանը եթե հատում եք, նա չի կարող բազմանալ, նա կարող է գոյությունը պահպանել»։

Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես՝ կրիտիկական վիճակում գտնվող Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 000 դրամ, իսկ 200 000 դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ Մյուս չորս տեսակ ձնծաղիների համար գործում են համապատասխանաբար 15,000 և 10,000 դրամական տուգանքներ՝ կրկին մեկ հատ ծաղկի համար։

Անկատար օրենքներ

Բույսերի Կարմիր գիրքը միջազգային պահանջները բավարարող համահավաք փաստաթուղթ է, որում գրանցվում են տեղեկություններ հազվագյուտ, անհետացման եզրին գտնվող բույսերի մասին։ Գրանցման համար հիմք են դառնում բույսերի տեսակների քանակի և տարածման սահմանների կրճատման, գոյության պայմանների վատթարացման և անհետացման վտանգի վերաբերյալ տվյալները:

Ըստ Բուսական աշխարհի մասին ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի՝ հողօգտագործողները, որոնց տարածքներում աճում են ՀՀ բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակներ, պարտավոր են միջոցներ ձեռնարկել դրանց պահպանության համար` օրենսդրությամբ սահմանված կարգով:

Արգելվում է ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը:

Ըստ նույն օրենքի 24-րդ հոդվածի՝ Կարմիր գրքում գրանցված բույսերը կարող են օգտագործվել, սակայն միայն բացառիկ դեպքերում, այն է՝ գիտահետազոտական, մշակության մեջ ներդրման և բնական պայմաններում դրանց վերարտադրության նպատակներով` բուսական աշխարհի պահպանության, պաշտպանության, օգտագործման և վերարտադրության բնագավառում լիազորված պետական մարմնի թույլտվությամբ` ՀՀ կառավարության սահմանած կարգով:

Էկոլոգ Միրզոյանի խոսքով՝ պետությունն ընդունել է համապատասխան օրենքներ, ունի վերահսկողության համապատասխան մարմիններ, բայց ո՛չ օրենքները, ո՛չ այդ մարմինները գործունյա չեն։

«Մեր հասարակությունն անտեղյակ է, անտարբեր է շրջապատի, բնության նկատմամբ։ Անգամ վաճառողները մեծամասամբ տեղյակ չեն, թե ինչ են վաճառում։ Առաջին հերթին պետք է բարձրացնել կրթական մակարդակը, այնուհետև հասկացնել կենսաբազմազանության կարևորությունը տնտեսության մեջ։ Դրանից հետո նոր միայն կարելի է պատժիչ միջոցներ կիրառել»։

Միրզոյանն ընդունում է՝ ծաղկի վաճառքը մարդկանց մի խմբի ապահովում է ֆինանսական միջոցներով, սակայն ամբողջ մարդկությանը՝ զրկում կենսաբազմազանության ամբողջականությունից։ Դիտարկելով հարցի գործնական կողմը, Միրզոյանը նշում է, որ բուսաբանները դեռ լավ չեն ճանաչում ծաղկի հատկությունները, գուցե այն պարունակում է ինչ-որ բան, ինչը մարդկությանը հսկայական օգուտ կտա։ Չպահպանելով բնության ստեղծածը՝ առաջին հերթին մեծագույն վնաս ենք հասցնում ինքներս մեզ։

Բնապահպանական խնդիրներն այսօր ոչ միայն պետության, այլև երկրագնդի մասշտաբով դարձել են անվտանգության հարց։

«Հայաստանում ինչքան բուսական բազմազանություն կա․ աշխարհի միավոր մակերեսի վրա Հայաստանը ամենաշատ տեսակներ ունեցող երկրներից մեկն է։ Եկեք կազմակերպենք, օրինակ՝ բուսատեսակների դիտարկման երթուղիներ, և մենք բավականին փող կվաստակենք ոչ թե այդ բույսերը ոչնչացնելով, այլ աշխարհին ներկայացնելով»,- ասում է բուսաբանը։

Վերջինիս կարծիքով՝ պատժի միջոցներն այնքան արդյունավետ չեն, որքան կրթական միջոցները։ Վստահ է՝ եթե մարդուն մանկության տարիներին սովորեցնենք, թե ինչ է նշանակում Կարմիր գիրք, ինչպես պետք է վերաբերվել բույսերին, կենդանիներին, բնությանն առհասարակ, ապա այլևս կարիք չենք ունենա ընդունելու խիստ օրենքներ բնության պահպանման համար։

Վերացման ռիսկի առաջ կանգնած ծաղիկներ չգնելը խնդրի լուծում չէ, սակայն կարող է ինչ-որ չափով օգնություն համարվել։ «Մենք գնում ենք դրա դիակը։ Քաղած ծաղիկը նույնն է, ինչ մորթված կենդանին։ Եթե մենք դա չենք գնում՝ տնտեսական վնաս ենք հասցնում այդ ծաղիկը սպանողին։ Սա ինչ-որ արդյունք կարող է ունենալ»,- նշում է բուսաբանը։

Ի հակադրություն այն ծաղկավաճառների, որոնք պնդում են, թե ծաղիկը բերում են Արցախից, Միրզոյանը վստահեցնում է՝ շատ չի անցնի, մի երկու տարի հետո մենք Շտերնբերգիա Ֆիշերին Արցախում էլ չենք ունենա, եթե շարունակենք նույն տեմպերով։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/02/2020