Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում օգտագործված թունավոր գազերը և դրանց հետևանքները ծանր հիշողություններ էին թողել մարդկանց մտքերում։ Ուստի նոր պատերազմի հավանականությունը ստիպեց Մեծ Բրիտանիային քայլեր ձեռնարկել՝ նախապատրաստելու և պաշտպանելու բնակչությանը։ 1938 թվին Բրիտանիայի կառավարությունը 38 միլիոն հակագազի պատվեր տվեց գործարաններից մեկին։
1939թ.-ի սեպտեմբերի 3-ին բնակչությունը զգուշացվեց, որ ռմբակոծության ժամանակ անհրաժեշտ է թաքնվել մոտակա պատսպարանում։ Թունավոր գազերի կիրառման դեպքում բրիտանացիները զգուշացվելու էին համապատասխան ձայնային ազդանշանների միջոցով։ Կառավարությունը հորդորում էր քաղաքացիներին դուրս չգալ պատսպարաններից քանի դեռ լսելի է զանգերի ձայնը։
Հիտլերը նախազգուշացում չի ուղարկելու. միշտ ձեզ հետ վերցրեք ձեր հակագազը
Ի թիվս այլ նախազգուշական միջոցառումների, փոստարկղերը և հեռախոսային խցիկները ներկվեցին կարմիր ներկով, որը թունավոր արտանետումների դեպքում կանաչելու էր, ինչպես նաև ամենուրեք իրազեկող պաստառներ փակցվեցին՝ կոչ անելով քաղաքացիներին միշտ իրենց մոտ պահել հակագազը։
Շուտով քաղաքացիների շրջանում խուճապ առաջացավ, քանի որ հակագազերը բոլորին չէին բավականացնում։ Կառավարությունը խորհուրդ էր տալիս մարդկանց կրել դրանք օրական առնվազն 15 րոպե, որպեսզի սովորեին հակագազով ավելի երկար ժամանակ մնալու հարկադրանքին։ Ուսուցիչները պարտավոր էին երեխաներին հետ ուղարկել տուն, եթե վերջիններս դպրոց մտնելիս իրենց մոտ չունենային հակագազով արկղիկը։ Քաղաքացիներն առանց հակագազային արկղիկի չէին կարող մտնել նաև ռեստորաններ և այլ հանրային վայրեր։
Մանկապարտեզներում և դպրոցներում ամեն օր երեխաները հակագազն անվտանգ կերպով հագնելու և հանելու նախապատրաստում էին անցնում։
Արտադրվում էին հատուկ հակագազեր թե՛ նորածինների, թե՛ տարբեր տարիքային խմբերի երեխաների համար։
1942թ.-ին Ուոլթ Դիսնեյը մանկական հակագազի դիզայն ներկայացրեց՝ Միկի Մաուսի կերպարով։ Դիսնեյի նախագծով շուրջ 1000 հակագազ արտադրվեց, սակայն արտադրությունը շարունակություն չստացավ, քանի որ ԱՄՆ-ում բնակչությանը հակագազերով զինելու հարցն օրակարգային չէր։ Փոխարենը Բրիտանիան օգտագործեց գաղափարը և երեխաների համար ստեղծեց Միկի-հակագազի բրիտանական տարբերակը։
Այնուամենայնիվ, նույնիսկ Մեծ Բրիատանիայի թագավորությունում մարդկանց խուճապը և զգոնությունն աստիճանաբար թուլանում էին։ Այդ են վկայում Լոնդոնի իշխանությունների վիճակագրական տվյալներն այն մասին, թե Վեստմինստերյան կամուրջով զբոսնողների քանի տոկոսն իր հետ ուներ հակագազային տուփ։ Օրինակ՝ 1939թ.֊ի սեպտեմբերի 6-ին կամուրջով անցնող տղամարդկանց 71%-ն, իսկ կանանց 76%-ն իրենց հետ ունեին հակագազի արկղիկ։ Մինչդեռ հոկտեմբերի 30-ի տվյալներով հակագազի արկղիկ ունեին տղամարդկանց 58%-ը, կանանց 59%-ը, իսկ նոյեմբերի 9-ին՝ համապատասխանաբար 24% և 39%-ը: 1940թ.-ի սկզբներին արդեն գրեթե ոչ ոք իր մոտ չէր պահում անվտանգության արկղը։
Սակայն իշխանական ուժերը շարունակում էին գործի դնել բոլոր հնարավոր լծակները՝ իրականացնելով ամենօրյա վարժանքներ ու պատահական ստուգումներ և քաղաքացիներին հարկադրելով հակագազային դիմակները կրել։
Բան այնն է, որ Բրիտանիան ինքը դեմ չէր քիմիական զենքերի կիրառմանը և Գերմանիայից հետ չէր մնում քիմիական ռումբերի արտադրման ու ամբարման գործում։ Հայտնի է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլը բավական ինքնատիպ տեսակետ ուներ պատերազմական գործողություններում գազային արտանետումների վերաբերյալ։ Մասնավորապես Չերչիլն ասել է.
«Գազն առավել բարեգութ զենք է, քան մեծ տրամաչափի արկը և ստիպում է թշնամուն որոշում կայացնել ավելի քիչ մարդկային կորուստներով, քան որևէ այլ ռազմական գործողության դեպքում։ Բարոյական ազդեցությունը նույնպես շատ մեծ է։ Ոչ մի պատճառ չկա այդ մեթոդին չդիմելու։ Գալիք պատերազմում մենք միանշանակ գազը որպես զենք կիրառելու դիրքորոշում ենք ցուցաբերելու»։
Հարկ է նշել սակայն, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի օրերին Չերչիլը քիմիական զենքով նախահարձակ լինել չէր ծրագրում, բայց նախապատրաստական բոլոր միջոցները կիրառում էր, որպեսզի Գերմանիայի կողմից փոքր-ինչ առիթի դեպքում անցնի գրոհի։ Այսպիսի գործելաոճը հարկարդրում էր հաշվի առնել նաև այն փաստը, որ որպես պատասխան Գերմանիան կարող էր գազային ռումբեր բաց թողնել խաղաղ բնակչության վրա։ Ուստի, բրիտանական իշխանությունները ջանք չէին խնայում իրենց քաղաքացիներին վարժեցնելու հակագազային դիմակների օգտագործմանն ու դեպքերի նման ընթացքին հոգեբանորեն պատրաստ լինելուն։
1943թ.֊ի փետրվարին քիչ էր մնում, որ կողմերն իսկապես անցնեին քիմիական պատերազմի։ Լոնդոնում լուր ստացվեց այն մասին, որ գերմանացիները գուցե գազ կիրառեն ռուսների դեմ։ Չերչիլի արձագանքը շատ չոր էր։
«Մենք պատասխան քայլեր կձեռնարկենք՝ գերմանական քաղաքները ողողելով հնարավորինս շատ գազով։ Մենք պետք է ակնկալենք պատասխան գործողություններ։ Արդյո՞ք երկու ուղղություններով էլ ամեն ինչ պատրաստ է նմանատիպ արտակարգ իրավիճակի համար։ Շատ հավանական է, որ իմ նախազգուշացումը վերջին րոպեին նրանց մտքափոխի, ինչպես դա եղավ անցած տարի, բայց մենք պետք է պատրաստ լինենք իրագործելու ցանկացած սպառնալիք, որ հնչեցրել ենք՝ ցուցաբերելով մեծագույն խստություն և օպերատիվություն»։
Գերմանիան իսկապես հրաժարվեց իր մտադրությունից։ Եվ թեպետ թունավոր գազերի արտանետումներ չարձակեց, այնուամենայնիվ, հակագազի թեման շարունակում էր մտահոգել բրիտանական պատկան մարմիններին։ Պատերազմից մի քանի տարի անց ակնհայտ դարձավ, որ հակագազի գործարանի աշխատակիցների շրջանում քաղցկեղից մահացության տոկոսը խիստ բարձր է։ Սկսեցին բարձրաձայնել այն մասին, որ հակագազերում օգտագործվող ֆիլտրերը պարունակում էին քրիզոթիլ (սպիտակ ասբեստ) կամ կրոկիդոլիտ (կապույտ ասբեստ)։
1965թ.֊ին միայն պաշտոնապես հաստատվեց ասբեստների քաղցկեղածին բնույթը, իսկ 1986-ին Աշխատանքի միջազգային կազմակերպությունը ասբեստի որոշ տեսակների գործածությունն արգելեց և դրանք փոխարինելու պահանջ ներկայացրեց։
Սակայն բրիտանական իշխանությունները Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին արտադրված հակագազերի և սաղավարտների հավանական վտանգի մասին խոսեցին միայն 2014-ին։
2014-ի մայիսին հայտարարվեց, որ դպրոցները պատերազմի տարիներից մնացած հակագազեր և սաղավարտներ ունենալու դեպքում պետք է անհապաղ ոչնչացնեն դրանք և թույլ չտան երեխաներին դիպչել այդ իրերին, քանի որ դրանցում թունավոր նյութերի առկայության հավանականությունը շատ բարձր է։
Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան
Նույն շարքից այլ նյութեր
- Համաճարակը կտավներում․ ի՞նչ են վավերագրում գեղանկարիչները
- Պատվաստումների պատմությունը․ մեթոդներ, որոնք կանխել են վարակի տարածումը
- Խոլերայի պարահանդեսները՝ վերջին խնջույք գերեզմանից առաջ
- Դիմակների կիրառության կարևորությունը համաճարակների ժամանակ
- Խոլերան ու տիֆը Ռուսական կայսրության բանտերում
- Համաճարակը հայ ժամանակակիցների աչքերով
- «Սև մահ» կամ միֆեր իրականության համատեքստում
- Անգլիացի վիպասանը՝ գիշերօթիկում տիֆի տարածման մասին
- Համաճարակն ու մեկուսացումը․ տարածական լուծումներ դարերի խորքից
#COVID19 #pandemic
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 14/09/2020