Կրթություն Սոցիալական

Պատերազմի պատճառները գրախանութներում փնտրելով․ 50% աճ Նժդեհի գրքերի վաճառքում

Պատերազմն իր հետքն է թողել նաև գրավաճառության դաշտում: Հասարակության տրամադրությունները նկատելի է դառնում գրքերի շուկայում առկա պահանջարկի ուսումնասիրությամբ։ «Ամփոփ Մեդիան» զրուցել է Բուկինիստ, Զանգակ և Էպիգրաֆ գրախանութների աշխատակիցների հետ՝ տեսանելի դարձնելով պատերազմի և գրքերի փոխառնչությունները։

Իհարկե, գրախանութները, ըստ իրենց ուղղվածությունների, ունեն նաև տարբերվող հետաքրքրություններով ընթերցողների հիմնական սեգմենտ, սակայն կան օրինաչափություններ, որոնք ընդհանուր են բոլորի համար։

44-օրյա պատերազմից հետո մարդիկ սկսեցին գրախանութներում փնտրել մոտիվացնող գրքեր, ռազմահայրենասիրական գրականություն, քաղաքական գրքեր կամ զվարճալի ու թեթև ընթերցվող սիրային պատմություններ, – նշում են գրախանութների աշխատակիցները։

Ըստ գրախանութներից մեկի աշխատակցի՝ հետպատերազմական անկայուն իրավիճակում մարդիկ չեն մտածում նոր գործ ձեռնարկելու, նոր բիզնես սկսելու մասին։ Արդյունքում բիզնես հմտություններին ուղղված գրքերը իրենց դիրքերով սկսեցին զիջել մոտիվացնող-հոգեբանական գրքերին։ Մինչդեռ բիզնեսին վերաբերող գրականությունը շատ պահանջված էր 2018թ-ի, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունից հետո։

Ամենաշատ վաճառվող մոտիվացիոն գրքերից են՝ Ջոն Պ․ Ստրելեքի «Սրճարան աշխարհի եզրին» (4400 դր․) և Ռոբին Շարմայի «Վանականը, որ վաճառեց իր ֆերրարին» (2990 դր․):

Հայրենասիրական գրքերի հանդեպ հետաքրքրությունն աննախադեպ է բոլոր գրախանութներում։ Հաճախ, գրախանութների այցելուները, չունենալով հստակ նախընտրություն, պարզապես հարցնում են գրքի խորհրդատուներից, թե ինչ ռազմահայրենասիրական գիրք կա վաճառքում և դրանցից որն արժե հիմա կարդալ։

Նժդեհի գրքերի վաճառքն աճել է շուրջ 50 տոկոսով։ Շատ են վաճառվում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» (4900դր․), Նժդեհի գաղափարակից ընկեր Հայկ Ասատրյանի «Խռովք» (2500դր․), Կարո Վարդանյանի «Պայթյուններ Թուրքիայում» (5000դր․), «Զորավար Անդրանիկը ռուս և բրիտանացի զորականների հուշերում» (3900դր․), Թաթուլ Հակոբյանի «Մահվան հովիտ։ 44-օրյա աղետ՝ 27 սեպտեմբերի-10 նոյեմբեր 2020» (4000դր․)։

Վանո Սիրադեղյանի «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» (3500դր․) գիրքը թեպետ լույս է տեսել 2000 թվին, սակայն ամենաշատ վաճառվող գրքերի տասնյակում հայտնվել է առաջին անգամ 2020թ․-ի նոյեմբերին։

Գեղարվեստական գրքերից ուշադրության կենտրոնում են պատմավեպերը, հատկապես՝ Րաֆֆու։

Ոլորտի մասնագետները նկատում են, որ իրադարձությունների տատանումներով պայմանավորված՝ զանազան միտումներ ալիքի պես գալիս ու գնում են, ինչպես օրինակ՝ պատերազմի ընթացքում շատ մեծ ծավալների էր հասնում Արցախի քարտեզների վաճառքը, անմիջապես պատերազմից հետո որոշակի հետաքրքրություն առաջացավ թուրքերենի և ադրբեջաներենի դասագրքերի հանդեպ։ Սակայն այս միտումները իրենց թափն աստիճանաբար կորցնում են և գնալով մարում։ Մինչդեռ ռազմահայրենասիրական և քաղաքական գրքերի վաճառքները չեն դադարում նվազել։

Բուկինիստ գրախանութների ցանցի աշխատակիցներից մեկի գնահատմամբ պատերազմից հետո թեպետ գեղարվեստական գրականության վաճառքը շուրջ 20 տոկոսով ընկել է, սակայն ռազմահայրենասիրական գրքերի մեծացած ծավալների վաճառքի հաշվին ընդհանուր վաճառքը ոչ միայն չի ընկել, այլև ինչ-որ չափով աճել է։

Որոշ բացառություններ չհաշված՝ պատերազմի ընթացքում գրքեր գրեթե չէին վաճառվում։ Այդ օրերին շատ սուր էին մարդիկ արձագանքում հանրային հնչեղություն ստացած ցանկացած հարցի։ Օրինակ, Անտարես հրատարակչության հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանի ֆեյսբուքյան մի գրառում, որը տարակարծությունների տեղիք էր տվել, պատճառ դարձավ, որ մարդիկ որոշ ժամանակ բոյկոտեն Անտարեսի գրքերը և անգամ ցուցադրական հրաժարվեն դրանցից։ Նույն կերպ որոշ գնորդների կողմից բացասական վերաբերմունք էին առաջ բերում թուրք հեղինակների (ինչպես օրինակ Էլիֆ Շաֆաք, Օրհան Փամուկ)՝ մեզանում պահանջարկ ունեցող գրքերը։

Այս կամ այն անձի գործունեության դրական ընկալումները նույնպես դրական ազդակներով անդրադառնում էին գրավաճառության դաշտի վրա։ Թեպետ թե՛ Սյունե Սևադայի և թե՛ Նարինե Աբգարյանի գրքերը ամենապահանջվածների շարքերում էին դեռևս մինչև պատերազմը, այնուամենայնիվ երկու հեղինակների գրառումները և պատերազմական հետևանքների վերացմանն ուղղված ջանքերը դրական իմաստով մեծ ուշադրություն էին հրավիրել իրենց վրա 44-օրյա պատերազմի ընթացքում։

Սյունե Սևադայի անունը ճանաչելի դարձավ գրեթե ողջ երկրին շնորհիվ այն բանի, որ բրիֆինգներից մեկի ժամանակ Արծրուն Հովհաննիսյանը խոսեց նրա մասին, իսկ Նարինե Աբգարյանի անունը իր գրքերից և ֆեյսբուքյան ակտիվ ներկայությունից բացի սկսեց շրջանառվել նաև «Սիմոն» գրքի ողջ հոնորարը «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցելու համատեքստում։ Այսպիսով, եթե Նարինե Աբգարյանի «Երկնքից երեք խնձոր ընկավ» (4800դր․) գիրքը թարգմանական գրքերի բեսթսելլերների սեպտեմբեր ամսվա ցանկում ներառված չէր, ապա հոկտեմբեր ամսվա համարժեք ցանկում երկրորդ տեղն էր զբաղեցնում։

Ողջ պատերազմի ընթացքում և հատկապես դեկտեմբերին բոլոր գրախանութներում մեծ պահանջարկ էր վայելում մանկական գրականությունը։ Աշխատակիցների կարծիքով մանկական գրքերի վաճառքը նահանջ չի ապրել, քանի որ զանազան նախաձեռնությունների շրջանակներում արցախցի երեխաների համար գնվում էին գրքեր։ Մեկ այլ հոգեբանական գործոն ևս առկա է․ մեծերը եթե անգամ իրենց համար գիրք չէին գնում, այնուամենայնիվ երեխաների համար փորձում էին ապահովել կյանքի բնականոն ընթացք և հնարավորինս ուրախացնել գրքային նվերներով։ Հետաքրքրական է, որ այստեղ նույնպես ազգայինի հանդեպ հստակ դիրքորոշում է երևում։ Նախատոնական դեկտեմբեր ամսվա ամենավաճառված մանական գրքերի ցանկը գլխավորում է «Հայկական հեքիաթներ» (4300 դր․) ժողովածուն՝ 239 օրինակ վաճառքով։

Այսպես, թե այնպես, պատերազմից հետո աստիճանաբար գրավաճառության դաշտն էլ վերադարձավ իր բնականոն հունին, քանի որ, ըստ ոլորտի աշխատակիցների դիտարկման, մարդիկ ցրվելու, իրենց զբաղեցնելու կարիք ունեն։ Էպիգրաֆ գրախանութից մեր զրուցակիցը ենթադրում է, որ ինչպես Իսպանական գրիպից անմիջապես հետո մի քանի տարի կապիտալիստական բում եղավ, այդպես էլ այսօր․ Քովիդի, պատերազմի ծանր և սթրեսային տարվանից հետո մարդիկ ասես գնումներ անելու անհագ ցանկություն ունենան։

Հեղինակ՝ Գոհար Աքելյան

Լուսանկարները՝ հեղինակի

Կարդացեք նաև

Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

 

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/04/2021