Դեռևս 10-րդ դարի չինական և հնդկական աղբյուրներում վկայություներ կան «բնական ծաղկի» դեմ պատվաստման մասին, քանի որ այդ ժամանակներից ի վեր մարդիկ ըմբռնել էին կայուն իմունիտետի պաշտպանական հատկությունները։ Այն փաստը, որ բնական ծաղիկը հաղթահարած մարդիկ հետագայում կրկնակի չէին վարակվում, միջնադարյան բժիշկներին մղել էր մտածելու պատվաստման եղանակների մասին։
Մեծ տարածում ունեցող վարակիչ այս հիվանդությունը շուրջ 40% մահացության շեմ ուներ, իսկ փրկվածներին ողջ կյանքի ընթացքում հիվանդության մասին հիշեցնում էին ողջ մարմնով տարածվող սպիերը։
Հայտնի է, որ 10-17-րդ դարերում հիվանդ մարդու մաշկի վրա գոյացած բշտերի արտադրությունով ներծծված որևէ գործվածք տեղադրվում էր առողջ մարդու քթանցքի մեջ կամ մաշկի տակ։ Այս եղանակով առաջացնելով հիվանդության ավելի թեթև ձևը՝ ծաղկապատվաստ (վարիոլիացիա) ստացած մարդը հետագայում զերծ էր մնում կրկնակի հիվանդանալուց։
Պահպանվել է ժառանգներին ուղղված չինացի Կանսի կայսեր (1661-1722) նամակը, որում կայսրը խրախուսում է բնական ծաղկի կանխարգելման այս մեթոդը և հպարտությամբ նշում, որ իր երեխաներին ևս պատվաստել է։
Հայկական միջնադարյան ձեռագրերում (Շիրակացու, Հերացու աշխատություններում) ևս կան վկայություններ Հին Հայաստանում այս հիվանդության գոյության մասին։ Հայաստանում բնական ծաղկի լայն տարածման մասին տեղեկություններ է հաղորդում նաև 7-րդ դարի արաբ բժիշկ Ռազեսին։ Հայերը ևս վարիոլիացիայի սեփական եղանակն էին մշակել․ հիվանդի մաշկի վրայի բշտերի արտադրությունը լցնում էին չամիչի մեջ և կուլ տալիս։
Եվրոպայում բժշկական միջամտության այս եղանակը հայտնի դարձավ նախևառաջ Անգլիայում՝ անգլիացի գրող Լեդի Մերի Մոնտեգյուի միջոցով։
Վերջինս, լինելով Օսմանյան կայսրությունում Բրիտանական կայսրության դեսպանի կինը, 1715-ին Թուրքիայում ծանոթանում է ծաղկապատվաստման պրակտիկային, որը շատ տարածված էր տեղացիների շրջանում։
Լեդի Մերին պատվաստում է իր վեցամյա որդուն, իսկ Անգլիա վերադառնալուց հետո պրոցեդուրան կրկնում է նաև փոքր դստեր վրա՝ վարելով մեթոդի տարածմանն ուղղված ակտիվ քարոզչություն։
Ազդեցիկ ազնվական գրողի ջանքերն անհետևանք չեն մնում, և շուտով Անգլիայում նույնպես այս պրակտիկան ընդհանուր կիրառություն է ստանում։
Սակայն, մեթոդը, այնուամենայնիվ, ռիսկային էր, քանի որ 2% մահացության էր հանգեցնում։
Դարավերջին Անգլիացի բժիշկ Ջեններ Էդուարդը, լսելով, որ կթվորուհիները չեն վարակվում բնական ծաղկով, մի քանի տարի ուսումնասիրում է այդ երևույթը, իսկ 1796թ․-ի մայիսի 14-ին պատմական փորձարկում կատարում։ Ջենները կթվորուհի Սարա Նելմսի ձեռքի բշտերից մեկը ծակում է բժշկական դանակով և միջից դուրս եկած հեղուկը փոխանցում ութամյա Ջեյմս Ֆիպցին՝ երեխայի ձեռքին միևնույն դանակով փոքր կտրվածքներ անելու եղանակով։ Հետագայում Ջենների կողմից տղային բնական ծաղկով վարակելու բոլոր փորձերը ձախողվում են, ինչը վկայում է պատվաստման արդյունավետության մասին։
1801թ․-ին պատվաստումը, մեծ հաջողություններ գրանցելով Եվրոպայում, հասավ ԱՄՆ, որտեղ նախագահ Թոմաս Ջեֆերսոնը պատվաստման ազգային ծրագիր ներդրեց։ Իսկ 1805-ին Իսպանիայի արքա Կառլ IV-ը մարդասիրական արշավ ձեռնարկեց՝ նպատակ ունենալով պատվաստանյութը հասցնել հարավամերիկյան գաղութներ։ Պատվաստանյութը տեղ հասցնելու նպատակով նավագնացության վերցրին 22 որբ իսպանացի երեխայի (8-10 տարեկան), որոնց հերթով վարակելու եղանակով պատվաստանյութի փոխանցման բնական շղթա կազմվեց։
Երևանում տպագրվող «Առողջապահական թերթ»-ի 1884թ.-ի 4 և 5-րդ միացյալ համարում բժիշկ Ա. Միրիմանյանը «Ծաղիկ պատուաստելու օգուտը» հոդվածում նշում է, որ հիվանդությունը շարունակում է ամեն տարի գլուխ բարձրացնել, և թեպետ պատվաստանյութի հայտնաբերումից հետո արդեն բավական ժամանակ է անցել, անգամ կրթված մարդկանց շրջանում դեռևս շատ են նախապաշարումները և այդ պատճառով պատվաստումներից հրաժարվողները։
Հոդվածի հեղինակը մեջբերում է վերջին տարիներին Անգլիայում ծաղկի պատճառով մահացությունների կրճատման ցուցանիշները և նշում, որ որոշ դեպքերում կիրառվում է անգամ կրկնակի պատվաստման պրակտիկան։
Այնուամենայնիվ, պատվաստանյութի հայտնաբերումից գրեթե մեկ դար անց դեռևս անվստահություն և նախապաշարումներ ունենալու հարցում հայերը միակը չէին։
Նույն թերթի 1881թ.-ի 4-րդ համարից տեղեկանում ենք, որ ֆրանսիական հասարակությունում ևս քիչ չէին անհիմն վարկածները։
Մասնավորապես, «Առողջապահական թերթ»-ը թարգմանաբար հրապարակել է Փարիզում տպագրվող «La medecine populaire» թերթի 1880թ.-ի 8-րդ համարում լույս տեսած «Բժշկի նամակն իր աղջկան» նյութը՝ «դօքտօր Բեսսիէր»-ի ստորագրությամբ։
Բժիշկը պատմում է, որ Ֆրանսիայում շատերը կարծում են, թե ծաղկի դեմ պատվաստումն առաջացնում է մի շարք այլ հիվանդություններ, այդ թվում՝ «էրոցք (տիֆօիդ), բարակացաւ, սուրաւանդ (սքրօֆուլօզիս, զալատուխա) և նուազացնում է մտաւոր ոյժերը»։
Պատվաստանյութերի պատմության մեջ հաջորդ մեծ հայտնագործությունը պատկանում է ֆրանսիացի գիտնական Լուի Պաստյորին, ով 1885թ․-ի հունիսի 6-ին փորձարկել է կատաղության դեմ առաջին վակցինը՝ ներարկում անելով ինը տարեկան Ժոզեֆ Միստերին։ Տղային կատաղած շուն էր կծել, և ներարկման շնորհիվ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը։ Պաստյորի և Ռոբերտ Կոխի (բացահայտել է տուբերկուլյոզի հարուցիչը) նվաճումների շնորհիվ մանրէաբանությունը շուտով մեծ վերելք է ապրում, և 1930-ականներին ստեղծվում են դիֆթերիայի, փայտացման, սիբիրախտի, խոլերայի, ժանտախտի, տուբերկուլյոզի և այլ հիվանդությունների պատվաստանյութերը։
Պատվաստանյութերի պատմության մեջ հարկ է առանձնացնել նաև ամերիկացի մանրէաբան Մաուրիս Հիլլեմանի անունը, ում մասնագիտական գործունեությունն ամենաարգասաբերն է համարվում։ Հիլլեմանի հայտնագործություններից են կարմրուկի, խոզուկի, հեպատիտ А-ի, հեպատիտ B-ի, ջրծաղիկի, մենինգիտի, թոքերի բորբոքման և հեմոֆիլուսային գրիպի դեմ պատվաստանյութերը։
Պատվաստանյութերի ստեղծման պատմության մեկ այլ հետաքրքիր դրվագ էլ ամերիկացի գիտնական Ջոնաս Սոլկի անվանն է առնչվում։ Սոլկը ստեղծել է պոլիոմելիտի առաջին արդյունավետ պատվաստանյութը, որն անվտանգ հայտարարվեց 1955թ.-ի ապրիլի 12-ին և լայն կիրառության մեջ մտավ։ Թեպետ այն ժամանակների չափանիշներով հսկայական գումարներ էին ծախսվել պատվաստանյութի ստեղծման և փորձարկման համար, Ջոնաս Սոլկը չցանկացավ պատենտավորել իր հայտնագործությունը։ Հարցազրույցներից մեկի ժամանակ լրագրողը հարցնում է Սոլկին, թե ում է պատկանում պատենտավորման իրավունքը, ինչին ի պատասխան գիտնականը պատասխանում է.
«Մարդկանց։ … Իսկ դուք կպատենտավորեի՞ք արևը»։
Շարքի հեղինակ՝ Գոհար Աքելյան
Նույն շարքից այլ նյութեր
- Խոլերայի պարահանդեսները՝ վերջին խնջույք գերեզմանից առաջ
- Դիմակների կիրառության կարևորությունը համաճարակների ժամանակ
- Խոլերան ու տիֆը Ռուսական կայսրության բանտերում
- Համաճարակը հայ ժամանակակիցների աչքերով
- «Սև մահ» կամ միֆեր իրականության համատեքստում
- Անգլիացի վիպասանը՝ գիշերօթիկում տիֆի տարածման մասին
- Համաճարակն ու մեկուսացումը․ տարածական լուծումներ դարերի խորքից
#COVID19 #pandemic
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 18/08/2020