Իրավունք

Ավելի իրազեկ․ Համաճարակը նպաստեց տեր կանգնել աշխատանքային իրավունքներին

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

COVID-19 համավարակը յուրատեսակ լակմուսի թուղթ դարձավ Հայաստանի աշխատանքի շուկայում։ Այն ոչ միայն վեր հանեց չգրանցված աշխատողների, «թաքցված» աշխատավարձերի խնդիրը, այլև ցուցադրեց աշխատողի իրական արժեքը գործատուի համար։

Կորոնավիրուսի համավարակի ժամանակ գրանցված կրճատումներն աշխատանքային իրավունքների ոտնահարման մի մասն են միայն։ Եվ չնայած պաշտոնական թվերը դեռ «լուռ» են, ինչը, ըստ մասնագետների, բխում է նաև աշխատողների լռությունից և անիրազեկվածությունից, համավարակի պատճառած սոցիալ-տնտեսական դժվարությունները «կոտրեցին» լռությունն ու նրանցից շատերին ստիպեցին խոսել։

Իրավիճակ

Արտակարգ դրության առաջին ամիսներին տասնյակ քաղաքացիներ, համաճարակով պայմանավորված աշխատանքային խնդիրներ ունենալով, անակնկալի էին գալիս տեղեկանալով, որ իրենց անունները ներառված չեն կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից և ոչ մեկի ցանկում։ Սակայն խնդիրը ոչ թե ցուցակներն էին, այլ գործատու-աշխատող հարաբերությունները կամ դրանց դե յուրե բացակայությունը։

«Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները նորություն էին, մարդիկ ունեին իրազեկվելու ակնկալիք, ուզում էին իմանալ՝ ինչո՞ւ իրենք շահառու չեն, ինչո՞ւ չեն կարողանում օգտվել»,- ասում է «Տեմպուս» սոցիալական իրավունքների պաշտպանության կենտրոնի նախագահ, աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրուհի Նազարեթյանը։

Նրա խոսքով՝ թեև աշխատանքային իրավունքներին վերջին տարիներին ավելի շատ տեղ է տրվում, այնուամենայնիվ, ընդհանուր իրազեկվածությունն աշխատանքային հարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ շատ ցածր մակարդակի վրա է։

Հայաստանում աշխատողն իր իրավունքների մասին տեղեկացված լինելը չի դիտարկում որպես բարեկեցության չափանիշ, բայց համաճարակով պայմանավորված խնդիրներին առերեսվելը քաղաքացիներին հուշեց՝ իրավունքների նկատմամբ հետևողականությունն անհրաժեշտություն է։

«Մարդիկ հասկացան, որ իրենք մնացին անպաշտպան։ Շատերն իմացան, որ գրանցված աշխատող չէին կամ հասկացան՝ որքան է դա իրենց վնասում։ Շատերը հասկացան, որ աշխատանքային պայմանանագրի փոխարեն կնքված է եղել ծառայության մատուցման պայմանագիր»,- ասաց Տիրուհի Նազարեթյանը՝ մատնանշելով սոցիալական ցանցերում նկատած գրառումներն ու մամուլում տեղ գտած հրապարակումները։

Եթե 2019 թ․-ի ողջ ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակն աշխատանքային իրավունքների խախտման վերաբերյալ 519 դիմում-բողոք էր ստացել, ապա 2020թ․-ի առաջին չորս ամիսների դիմումների թիվն արդեն գերազանցել է 220-ը։ Ընդ որում, սա դեռևս չի ներկայացնում ամբողջական պատկերը։

Երբ աշխատանքից ազատված քաղաքացին դիմում է պետական կառույցին՝ տեղեկանալու՝ ինչո՞ւ չի ստանում օգնություն, բողոքը մուտքագրվում է հակաճգնաժամային միջոցառումներին առնչվող դիմումների վիճակագրական աղյուսակ։ Մինչդեռ, ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի, այս դիմումներն ակնհայտորեն պարունակում են աշխատանքային իրավունքի խախտման վերաբերյալ հաղորդագրություններ։

«Դրանք սերտորեն կապված են հենց աշխատանքի իրավունքի հետ», – պարզաբանում է ՄԻՊ գրասենյակի Սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության վարչության պետ Տաթևիկ Թոխյանը (խմբ․ հարցազրույցն արվել է նախքան Թոխյանի այլ պաշտոնի ստանձնումը

Ըստ նրա, արտակարգ դրության սահմանափակումների պատճառով առաջացած աշխատանքային խնդիրների վերաբերյալ դիմում-բողոքները հիմնականում ուղղված են եղել մասնավոր ոլորտի գործատուների դեմ։

Թոխյանը հատկապես արատավոր է համարում աշխատողներին չվճարվող արձակուրդի ուղարկելը, իսկ նման դեպքեր եղել են անգամ որոշ պետական հաստատություններում։

«Փաստացի, մարդը չի աշխատում, ազատված չէ ու դրանով պայմանավորված չի օգտվում մյուս աջակցություններից։ Օրինակ՝ «Զվարթնոց» օդանավակայանում պոլիկլինիկա կա, որը կոչված է ապահովելու ամբողջ անձնակազմի բժշկական սպասարկումը։ Այնտեղ էլ են մարդիկ հարկադիր պարապուրդի մատնվել», – ասում է Թոխյանը։

Ըստ ՄԻՊ գրասենյակի ներկայացուցչի՝ աշխատակիցները չեն վճարվել և փաստացի լինելով աշխատանքի մեջ՝՝ չեն ներառվել սոցիալական ծրագրերից ոչ մեկում՝ անգամ անչափահաս երեխաներ ունեցողները։ «Փաստորեն, որոշ դեպքերում նախընտրելի կլիներ, որ մարդը գործից ազատվեր, այդպես գոնե աջակցություն կստանար»,- ասում է նա։

Տեղեկանալ, բայց չկիրառել

Աշխատանքային իրավունքի մասնագետ Տիրուհի Նազարեթյանը վերջին ամիսներին խորհրդատվություն է տրամադրել բազմաթիվ քաղաքացիների, որոնք խնդիրներ են ունեցել աշխատավայրում։ Վստահ չէ, որ նրանցից շատերն իրենց իրավունքների մասին իմանալուց հետո պրակտիկայում կկիրառեն դրանք։

Հիմնական պատճառն աշխատատեղերի բացակայությունն է․ մի մասի համար էլ այս պահին ունեցած աշխատանքը սոսկ օրվա հաց վաստակելու միջոց է, ոչ ցատկահարթակ՝ կարիերայի աստիճաններով բարձրանալու։

«Հաճախ մարդիկ աշխատանք դժվարությամբ են գտնում կամ գտնում են այնպիսին, որը չի համապատասխանում իրենց մասնագիտությանը։ Նրանք աշխատում են՝ հասկանալով, որ պահանջված չեն։ Բնական է, որ այսպես աշխատողն անգամ քաջատեղյակ լինելու դեպքում չի բարձրաձայնելու իր իրավունքները»,- ասում է նա։

Այլ պատճառներ ևս կան․ դրանցից հիմնականը մարդկային գործոնն է․ «Բողոքողը և պայքարողը կարող է վատ ընդունվել կոլեկտիվի մյուս անդամների կողմից։ Նույնիսկ դատական կարգով հաջողության հասնելու դեպքում աշխատանքի վերադառնալը դժվար է լինում»։

Հայաստանի օրենսդրությունն աշխատանքի իրավունքի պաշտպանության երաշխիքներ տալիս է, բայց, ըստ Նազարեթյանի, ոչ բավարար։ Մեր երկրում առայժմ այդ իրավունքը վերականգնելու հիմնական ճանապարհը դատարանն է, ուր հասնելը ժամանակատար է, ծախսատար, հաճախ՝ անարդյունավետ։

«Քանի որ աշխատանքային օրենսգիրքը լավ չի պաշտպանում աշխատողի շահերը, շատերը չեն հավատում, որ իրենք ունեն իրավունքներ։ Խորհրդակցում են իրավաբանների, փաստաբանների հետ, հասկանում, որ մեծ պայքար է լինելու և հետ են կանգնում այդ մտքից»,- ասում է Տիրուհի Նազարեթյանը՝ որպես լուծում տեսնելով Աշխատանքային հաշտարարի ինստիտուտի ստեղծումը։

Լռում են նաև, երբ ոտնահարվում են տասնյակ աշխատողների իրավունքները

Աշխատանքային իրավունքի ոտնահարման մասին Հայաստանում լռում են նույնիսկ այն դեպքում, երբ ոտնահարվում է ոչ թե մեկ, այլ տասնյակ աշխատողների իրավունքներ։

«Բայց, եթե իրենց խնդիրները միավորված բարձրաձայնեն տնօրինության առաջ, սա կդառնա ամբողջ հիմնարկի խնդիրը և չի ավարտվի, օրինակ, զանգվածային ազատումներով։ Արհմիությունը հանդես կգա որպես բանակցային կողմ, ավելի մեծ իրավունքներ ունեցող կառույց (օրենսդրությունն ավելի մեծ իրավունքներ է տալիս կոլեկտիվին, քան անհատին)»,- ասում է Տիրուհի Նազարեթյանը։

Եթե կազմակերպությունն արհմիություն չունի, այդ դեպքում աշխատակիցները կարող են դիմել արհմիությունների կոնֆեդերացիա՝ բարձրաձայնել իրենց անհանգստացնող հարցը և ստանալ աջակցություն՝ թե՛ բանակցային գործընթացներում, թե՛ խնդրին իրավաբանական ձևակերպում տալու հարցում։

Նազարեթյանը վստահ է՝ արհմիությունները, օրենքով մի փոքր ավելի լիազորություններ ունենալու դեպքում, հրաշալիորեն կստանձնեին հաշտարարի դերը՝ ոլորտում գրանցելով խնդիրների լուծման առաջընթաց։

Աշխատանքի իրավունքի մասնագետը հիշեցնում է՝ խնդիրը լուծվում է, երբ ճիշտ հասցեատիրոջն է ուղղվում։

«Աշխատավայրում խնդիրներ ունենալու դեպքում պետք չի դիմել Կառավարություն, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, Մարդու իրավունքների պաշտպանին կամ այլ մարդու։ Կարելի է դիմել Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմին կամ փաստաբանի, ինչպես նաև հենց այդ գործառույթն ունեցող որևէ հասարակական իրավապաշտպան կազմակերպության՝ խորհրդատվություն ստանալու համար։ Եվ ամենակարևորը՝ բողոքը պետք է առաջին հերթին ուղղել հենց պատասխանատուին, օրինակ՝ գործարանի տնօրենին»։

Օրենք․ հստակեցումներ՝ հօգուտ աշխատողի

2021 թ․-ի հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում աշխատանքային օրենսդրության նկատմամբ պետական վերահսկողության մասին դրույթը, ըստ որի՝ ոլորտի լիազորված տեսչական մարմինն օրենքով նախատեսված դեպքերում կիրառում է պատասխանատվության միջոցներ:

Սակայն, քանի որ համաճարակով պայմանավորված՝ ավելացել են բողոքները, ապրիլի 29-ին օրենսդիրը Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին արտակարգ դրության պայմաններում իրավունք վերապահեց աշխատանքային իրավունքների նկատմամբ վերահսկողություն իրականացնել գրավոր դիմումների հիման վրա։ Աշխատանքային օրենսգրքում արվեցին նաև այլ փոփոխություններ՝ համաճարակի պայմաններում գործատու-աշխատող իրավահարաբերությունները հեշտացնելու համար։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն այս օրերին իրականացնում է ուժեղացված հսկողություն։ Սակայն մամլո հաղորդագրություններից պարզ է դառնում, որ տեսչական մարմնի արձանագրած խախտումները հիմնականում վերաբերում են դիմակ ու ձեռնոց չկրելուն, ջերմաչափումներ չիրականացնելուն և ախտահանման սահմանված կարգը խախտելուն:

Այնուամենայնիվ, տեսչական մարմնի վերահսկողությունն աշխատանքային իրավունքների նկատմամբ ուժեղացնելու նպատակով հունիսին նախատեսվում է համապատասխան որոշման ընդունում ՀՀ վարչապետի կողմից։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Ինֆոգրաֆիկները՝ Գայանե Մելիքյանի

COVID-19-ը Հայաստանում․ Այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #crisis

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/06/2020