Տնտեսություն

Անկեղծ կանխատեսումներ զբոսաշրջության մասին․ գերակա ճյուղը՝ անջրդի

«Վերնիսաժի դատարկ շուկան»․ Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Երկրների միջև փակ սահմանները կաթվածահար արեցին զբոսաշրջության ոլորտը ողջ աշխարհում։ Հայաստանի նման երկրների համար, որտեղ զբոսաշրջությունը երկրի գերակա ճյուղերից մեկն է, զարգացման բոլոր հեռանկարները միանգամից մարեցին։

Զբոսաշրջության ոլորտի տնտեսվարողները եկամուտներից զրկված են, սակայն ունեն հարկային պարտավորություններ։

Վերջին շաբաթներին Հայաստանում նոր կորոնավիրուսի վարակի տարածման ակտիվացումը թույլ չի տալիս կանխատեսումներ անել անգամ ոլորտի վերականգնման ժամկետների մասին։

Առանց այցելու, Ծաղկաձոր, մարտ 2020

Զբոսաշրջության ոլորտի փորձագետ Արթուր Ոսկանյանի խոսքով՝ վարակն արագորեն հաղթահարելու դեպքում անգամ, առաջիկայում զբոսաշրջիկների մեծ հոսքեր ակնկալել հնարավոր չէ։

«Մենք առնչվում ենք գլոբալ խնդրի հետ, որում Հայսատանը, ցավոք սրտի, ոչ թե հիմնական դերակատար է, այլ հետևանքը քաղողների շարքերում է», – «Ամփոփ Մեդիային» ասում է Ոսկանյանը։

Ըստ նրա՝ ԵՄ երկրներից Հայաստան ժամանող տուրիստների զգալի մասը տարեց մարդիկ են, որոնք, ցավոք, համաճարակի հիմնական խոցելի խումբն են։ Նրանց հորդորում են տնից դուրս չգալ։ Հետևաբար, երկրից դուրս ճամփորդելու մտադրություն միանշանակ չեն ունենա։

Այնուամենայնիվ, Արթուր Ոսկանյանը զբոսաշրջության ոլորտի ներկայացուցիչներին կոչ է անում չհուսահատվել, այլ սա համարել յուրահատուկ ռեստարտի հնարավորություն։

Ոսկանյանն ասում է՝ առաջին հարվածից առաջացած շփոթությունն անցյալում է, այժմ հավաքվելու ժամանակն է․ «Մենք, բնականաբար, ուզում ենք, որ տուրիզմը ինչ-որ չափով վերականգնվի, բայց պետք է գիտակցենք, որ դա նույն տուրիզմը չի լինելու։ Պետք է օգտվել առիթից, վերանայել բացթողումները և գործել»։

Տուրիզմի փորձագետը ոլորտի վերականգնման իր ճանապարհային քարտեզն ունի։ Ասում է, որ նախ զբոսաշրջության ինդուստրիան՝ խոշոր ընկերությունները, որոնք փորձ, մասնագիտական կարողություններ և գիտելիք ունեն, պիտի միավորվեն ոլորտը վերաիմաստավորելու շուրջ։ Նրանք պետք է հասկանան առկա խնդիրը և թե ինչպես կարող են գործել այս իրավիճակում, պիտի քննարկեն ռիսկերը, հնարավորությունները և նոր գաղափարներ մշակեն։

«Մեզ կոլեկտիվ գաղափար, թիմային աշխատանք է պետք, որը դեռ չկա»,- նշում է փորձագետը և հավելում,- «Սա շատ նման է մարտադաշտի։ Ճիշտ հրամանատարը կամ սպայակազմը մարտից հետո ուզում է հասկանալ՝ ինչ կորուստ ունեցավ․ մարտիկները կա՞ն, թե՞ ոչ։ Եթե կան, ապա հասկանանք՝ վիրավո՞ր են, կարո՞ղ են առաջ շարժվել, ինչո՞վ պետք է օգնել։ Այ այսպիսի յուրատեսակ գույքագրում պետք է արվի»։

Ոլորտի «գույքագրում»

Վերջին տարիներին Հայաստանն աստիճանաբար բարելավում էր իր դիրքերը տուրիստական գրավչությամբ աչքի ընկնող երկրների շարքում։

2019 թ-ին Համաշխարհային տնտեսական ֆորումի Զբոսաշրջության մրցունակության ինդեքսում Հայաստանը 140 երկրների շարքում գրավել էր 79-րդ տեղը նախորդ տարվա 89-րդի փոխարեն։

Հյուրանոցների, հյուրատների ամրագրման ոլորտում հայտնի Booking.com կայքը Երևանը ներառել էր 2020թ․-ի ամենաթրենդային ուղղությունների տասնյակում։

Զարգացումը կարող էր շարունակական լինել, քանի որ Հայաստանում դրական միտումն արդեն նկատելի էր թե՛ զբոսաշրջիկների թվաքանակի ավելացման, թե՛ նրանց աշխարհագրական բաշխվածության ընդլայնման առումով։

Եթե 2009 թ․ առաջին եռամսյանկում՝ հունվար-մարտ ամիսներին, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմում էր շուրջ 86 600, ապա տասը տարի անց՝ 2019թ․-ի նույն ժամանակահատվածում, այդ թիվը քառապատկվել էր՝ հասնելով 364 500-ի։

Չնայած համաճարակով պայմանավորված խոչընդոտներին՝ Զբոսաշրջության կոմիտեն 2020 թ-ի համար բավական լավատեսական կանխատեսումներ ուներ․ ակնկալվում էր, որ այս տարի առաջին եռամսյակում Հայաստան ժամանողների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կաճեր ևս 14%-ով կամ 34 000 այցելուով։

Սակայն այժմ արդեն կարելի է փաստել, որ այս կանխատեսումը չիրականացավ․ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սուսաննա Սաֆարյանը մարտի 30-ին ունեցած ասուլիսում նշեց, որ նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ  այս տարի Հայաստան չի այցելել շուրջ 175 000 զբոսաշրջիկ։

Tour Crisis

Ոսկանյանը վստահ է՝ Հայաստանում յուրաքանչյուր տուրիստ կարող է գտնել իր ճաշակին համապատասխան առաջարկ․ տարիքով մարդկանց Հայաստանում գրավում է մշակույթը, երիտասարդներին՝ էքստրիմը, սար բարձրանալը: Սփյուռքը գալիս է էթնո և նոստալգիկ տուրերի համար, իսկ գուրմաններին հետաքրքրում են համեղ ուտեստներն ու փառատոնները։

Նրա խոսքով՝ տուրիստի չգալը ոչ թե ցանկության բացակայության, այլ չիմացության նշան է․

«Չգիտի, չի հասկանում, չի պատկերացնում, չի սիրում, ուրեմն՝ չի գալիս»։

Խոչընդոտներ

Ըստ Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության զարգացման 2020-2030 թթ. ռազմավարության՝ Հայաստանում զբոսաշրջության աճը սահմանափակող մի քանի հանգամանքներ կան․

Ճանաչելիություն

Մեր օրերում գովազդի համար ամենահասանելի և արդյունավետ տարածքը համացանցն է, սակայն Հայաստանը գովազդող էլեկտրոնային ռեսուրսները սահմանափակ են։ Հիմնական այցեքարտը Armenia.travel կայքն է։

Զբոսաշրջիկների գերակշռող մասը Հայաստան են գալիս սեփական կամ ծանոթների փոխանցած տպավորությունների հիման վրա, իսկ կոնկրետ նպատակաուղղված մարքեթինգային ալիքները Հայաստան բերում են փոքրաթիվ մարդկանց։

 

Ճանաչելիության բարձրացման համար նախորդ տարի Հայաստանը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի՝ Գերմանիայում, Փարիզում, Սինգապուրում, Լոնդոնում։ Հնարավորության սահմաններում ձեռնարկվում են քայլեր, սակայն ռազմավարության մեջ նշված է, որ Հայաստանի մարքեթինգային ոլորտների արդյունավետության վրա ազդող գործոններից մեկը ոլորտին հատկացված անմրցունակ ֆինանսական աջակցությունն է՝ հարևան երկրներում տուրիզմի ոլորտում կատարված ներդրումների համեմատ։

Հասանելիություն

«Հայաստանը շարունակում է դժվարհասանելի ուղղություն լինել և վատ հաղորդակցության պատճառով կորցնում է իր պոտենցիալ զբոսաշրջիկներին»։

Որպես խոչընդոտ՝ նշվում է մի քանի կետ, օրինակ՝ այն հանգամանքը, որ օդային ճանապարհով Հայաստան հասնելը ճանապարհորդների մեծ մասի համար շարունակում է մնալ բարդ և թանկ՝ սահմանափակ թռիչքների և արտաքին կապերի պատճառով։ Խնդրահարույց են փակ կամ բաց և սահմանափակումներ ունեցող սահմանները։

Զեկույցը նախորդ տարվա մասին է։ Այս խնդրին արդեն լուծում էր տրվել՝ «լոուքոստ» չվերթներ իրականացնող Wizz Air և Ryanair ավիընկերությունների մուտքը դեպի Հայաստան ապահովելով։ Բայց վերջիններս կրկին համաճարակի պատճառով դադարեցրին չվերթները ողջ աշխարհում։

Փորձ

Տուրիզմի աճին խանգարող հանգամանքներից են նաև անորակ կամ ապակողմնորոշող առաջարկները, զբոսաշրջավայրերի վատ ղեկավարումը, ընդհանուր և մասնագիտական սահմանափակ ոլորտային կարողությունները, որոնք չեն համապատասխանում զբոսաշրջիկների կարիքներին։

Միջավայրի բացակայություն

Ոլորտի սահամանափակ համակարգում և զարգացման ռազմավարության բացակայություն, զբոսաշրջության համակարգի համար անհրաժեշտ սահմանափակ ռեսուրսներ և ներդրումներ, ինչպես նաև ոչ հստակ քաղաքականություն

«Տուրիզմը հայտարարված է տնտեսության գերակա ճյուղերից մեկը․ տուրիզմի ոլորտը վաղուց պահանջում է մի մարմին, որը գոնե վարչապետին ենթարկվող կոմիտեի կարգավիճակ ունենա, որպեսզի ուղղակիորեն հարցեր կարողանա լուծել տարբեր նախարարությունների հետ, հավասարը հավասարի հետ քննարկում անի, ոչ թե սպասի թույլտվության։ Սա լուրջ ոլորտ է, որին համապատասխան լրջություն է պետք», – ասում է Ոսկանյանը։

Արթուր Ոսկանյանը կարևոր է համարում, որ համաճարակը հաղթահարելուց հետո նախորդ սխալները չկրկնվեն։ Ըստ նրա՝ պետք է նախ զբոսաշրջության զարգացման շղթան պատկերացնել, որպեսզի երկիրն ունենա տուրիստների ներհոսք, լրացուցիչ կայուն եկամուտ և համապատասխան աշխատատեղեր․

«Պատկերացրեք՝ զբոսաշրջիկներով լի ավտոբուսն այցելում է Հայաստանի համայնքներից մեկը, որտեղ չկան սնվելու կետեր և գիշերակացի հնարավորություն։ Համայնքն այդ տուրիստի այցից ոչ մի շահ չի ունենա, փոխարենը՝ համայք տանող ճանապարհը կմաշվի, արտանետումներից օդը կաղտոտվի, բնությունը որոշ չափով կտուժի։ Ահա այս անհամաչափության մասին պիտի մտածենք»։

Մարզային տուրիզմի զարգացումն այս շրջանում առաջնային կարևորություն ունի։ Այն առաջիկա ամիսներին կարող է նպաստել ներքին տուրիզմի, իսկ հեռանկարում նաև ներգնա տուրիզմի զարգացմանը։

Ոսկանյանը զբոսաշրջությունը համեմատում է մեղվապահության հետ։ Ըստ նրա՝ զբոսավարներն ու զբոսաշրջային գործակալությունները նեկտար հավաքողներն են, փեթակը, որտեղ կուտակվում է մեղրը՝ հյուրանոցները, ռեստորանները և տրանսպորտային գործակալությունները։

«Այս 3 խոշոր ոլորտները, որոնց վրա խարսխվում է ողջ ինդուստրիան, պետք է համախմբվեն ու հասկանան իրենց ապագան։ Քանի որ նրանց մոտ է գեներացվում հասույթը, եկամուտը, իրենք պիտի պետությանը ասեն՝ մենք էսպիսի սցենարներ ենք տեսնում»։

Հեղինակ՝ Արուսյակ Կապուկչյան

Ինֆոգրաֆիկան՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Հավելյալ աղբյուրներ

#COVID19 #crisis

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 10/06/2020