Միջազգային

Հզորությո՞ւն, գրավչությո՞ւն, թե՞ այլասերվածություն․ կարմիր շրթներկի էվոլյուցիան

Image: Vicky Leta, Mashable Art Team

1912թ․-ին հարյուրավոր սուֆրաժիստուհիներ (կանանց ընտրական իրավունքի համար պայքարողները) երթով անցան Նյու Յորքում գտնվող Էլիզաբեթ Արդենի սրահի կողքով: Կոսմետիկայի ապրանքանիշի հիմնադիր Էլիզաբեթ Արդենն իր բիզնեսը հիմնել էր երկու տարի առաջ: Նա կանանց իրավունքների պաշտպան էր և այդ ընթացքում երթին մասնակցող կանանց կարմիր շրթներկ էր բաժանում:

Սուֆրաժիստուհիների առաջնորդներ Էլիզաբեթ Քադի Ստենտոնը և Շառլոտ Պերկինս Գիլմանը սիրում էին կարմիր շրթներկը, քանի որ այն խելքահան էր անում տղամարդկանց: Երթի մասնակիցները սկսեցին մասսայաբար օգտագործել այդ համարձակ գույնը՝ որպես ապստամբության և ազատության նշան:

Նյու Յորք, 1915թ․

Ռեյչել Ֆելդերը՝ «Կարմիր շրթներկ. Գեղեցկության սրբապատկեր» գրքի հեղինակը, հարցազրույցում ասել է, որ կարմիր շրթներկը սուֆրաժիստուհիների կատարյալ խորհդանիշն էր, քանի որ այն ոչ միայն հզորություն, այլ նաև կանացիություն է խորհրդանշում: Նա նաև հավելել է, որ սուֆրաժիստուհիները խոսում էին ոչ թե պարզապես ուժի, այլ հենց կանացի ուժի մասին։

Դարերի ընթացքում կարմիր շրթներկը շատ բաներ է ազդարարել: Հին Եգիպտոսում շրթներկ օգտագործում էր միայն վերնախավը, Հին Հունաստանում՝ մարմնավաճառները, իսկ Հոլիվուդում՝ այն հմայքի խորհրդանիշ էր: Բազմաթիվ երանգներով շրթունքների այս գույնը եղել է հզոր մշակութային զենք, որը հազարավոր դարերի պատմություն ունի:

Էլիզաբեթ Արդեն, 1947թ․

«Կարմիր շրթներկն իսկապես մշակութային պատմությանը և ժամանակագրությանը ծանոթանալու լավ միջոց է»,- ասել է Ֆելդերը:

20-րդ դարում, երբ շրթներկը դեռ այնքան էլ հանրահայտ չէր, այն կապում էին անկիրթ, անբարո և նույնիսկ այլախոհ կանանց հետ: Միջնադարում կարմիր շրթներկը սատանայապաշտության նշան էր:

«Այդ տեսակ դիմահարդարումը կապվում էր խորհրդավոր, վախեցնող կանացիության հետ»,- ասել է Ֆելդերը:

Ֆելդերի գրքում ասվում է, որ երբ ամերիկյան սուֆրաժիստների շարժումը օգտագործեց կարմիր շրթներկը, նրանց միջազգային գործնկերները ևս սկսեցին օգտագործել: Քանի որ կանանց իրավունքների պաշտպանության շարժումը տարածվում էր Եվրոպայում, Նոր Զելանդիայում և Ավստրալիայում, բրիտանացի և ամերիկացի ակտիվիստները միմյանց միջև մարտավարություններ էին կիսում՝ երթ կազմակերպում, հացադուլ անում և նույնիսկ ագրեսիվ ռազմավարություն մշակում:

Այս համերաշխությունը տարածվեց նաև դիմահարդարման վրա: Իր ամերիկացի գործընկերներից ոգեշնչված՝ բրիտանական ընտրազանգվածի առաջնորդ Էմելին Պանկհուրստը օգտագործեց կարմիր շրթներկ, ինչը տարածում գտավ նաև իր համակիր ակտիվիստների շրջանում:

Դիմահարդարման մասնագետ Հելենա Ռուբինշտեյն, 1935թ․

Չնայած սուֆրաժիստուհիները տարածում էին տվել կարմիր շրթներկին, Ֆելդերը նշում էր, որ կանանց շրջանում շրթներկն արդեն իսկ հայտնի էր դառնում, քանի որ նրանք հրաժարվում էին կորսետներից և ավելի արդիական ուրվագծեր ընտրում, որոնց հեղինակը Կոկո Շանելն էր:

Սուֆրաժիստուհիների օրինակին հետևեցին նաև Roaring Twenties շարժման աղջիկները և սկսեցին կարմիր շրթներկ օգտագործել։ Եվ, չնայած սուֆրաժիստուհիները պատասխանատվություն չէին կրում կարմիր շրթներկի տարածման համար, Ֆելդերի խոսքով՝ Եվրոպայում և Ամերիկայում նրանք մարմնավորում էին «ժամանակակից կնոջ» գաղափարը:

Երկրորդ աշխարհամարտի տարիներին անհնազանդության երկրորդ հզոր զենքը կարմիր շրթունքներն էին:

Ըստ Ֆելդերի՝ Ադոլֆ Հիտլերը բացահայտ ատում էր կարմիր շրթներկը: Դաշնակից երկրներում այդ գույնի շրթներկը դարձավ հայրենասիրության և ֆաշիզմի դեմ ուղղված կոչ: Երբ Մեծ Բրիտանիայում շրթներկի գինը բարձրացավ, կանայք սկսեցին շրթունքները ճակնդեղի հյութով ներկել:

Երբ տղամարդիկ պատերազմի էին գնում, իսկ կանայք տնային պարտականություններ էին կատարում, նրանք կարմիր շրթներկ էին օգտագործում աշխատանքի մտնելու համար: Ֆելդերը նշում էր, որ սա հակամարտության ֆոնին ցույց էր տալիս նրանց կայունությունը, իսկ դժվար պահերին՝ նորմալ կյանքի զգացումներ առաջացնում: Բացի այդ, պատերազմից առաջ կանանց թույլ էր տալիս պահպանել սեփական ինքնության զգացումը:

Հովարդ Միլլերի Rosie the Riveter նկարը, որտեղ կանայք բալագույն շրթներկով էին, խորհրդանշում էր ամերիկացի գործարար կանանց հզոր աշխատուժը:

1941թ․-ին պատերազմի շրջանում, կարմիր շրթներկը պարտադիր դարձավ այն կանանց համար, որոնք ցանկանում էին միանալ ԱՄՆ բանակին: Կոսմետիկ ապրանքանիշերը պատերազմի ժամանակաշրջանի այս տրենդը օգտագործեցին սեփական շահը բավարարելու նպատակով:

ԱՄՆ բանակի բուժքույր, 1940-ականներ

Էլիզաբեթ Արդենը թողարկեց Victory Red-ը, իսկ Հելենա Ռուբենշտեյնը՝ Regimental Red շրթներկը: Սակայն ամերիկյան կառավարությունը հենց Արդենին խնդրեց ստեղծել կանանց ծառայության համար նախատեսված կանոնակարգ, այն է՝ շրթունքների և եղունգների գույն: Նրա Montezuma Red-ը համընկավ համազգեստի կարմիր եզրավորումների հետ՝ ավելի ընգծելով նրանց կերպարը:

«Այդ ժամանակաշրջանում կնոջ համար կարմիր շրթներկը կապված էր կանացի ինքնագնահատականի հետ, մասնավորապես՝ դիմացկուն և ուժեղ կնոջ հետ»,- ասել է Ֆելդերը, որը ավագ դպրոցից ի վեր ամեն օր կարմիր շթներկ էր օգտագործում։

Պատերազմից հետո Էլիզաբեթ Թեյլորի նման դասական հոլիվուդյան դերասանուհիները շրթներկի միջոցով իրենց վստահ տեսքին գրավչություն էին հավելում: Այսօր տարածված են դարձել կանանց հզորացման համար բողոքի այլ խորհրդանիշներ, ինչպիսիք են՝ վարդագույն կատվիկ գլխարկը, որը գերակշռում էր 2017թ.-ի Women’s March քայլերթի ժամանակ և «Աղախինի պատմվածք»-ից մնացած սովորությունները, որը կանանց խնդիրները արտացոլող միջազգային հեռուստասերիալ էր, որտեղ խոսվել է նույնիսկ նախընտրական ցույցերի մասին:

Դերասանուհի Էլիզաբեթ Թեյլոր, 1948թ․

Այնուամենայնիվ, կարմիր շրթունքները դեռ մեծ ուժ ունեն: 2015թ․-ին մեծ տարածում ունեցավ մի պատկեր, որում մակեդոնացի կինը հակակառավարական բողոքի ցույցի ընթացքում համբուրել է սպայի վահանը՝ ապստամբության ցնցող պահին թողնելով կարմիր համբույրի նշան:

2018թ.-ին Նիկարագուայում կանայք և տղամարդիկ կարմիր շրթներկով էին և իրենց լուսանկարները տեղադրում էին սոցիալական կայքերում՝ հակակառավարական ցուցարարների ազատ արձակմանը աջակցելու համար: Այսկերպ նրանք արձագանքում էին ակտիվիստ Մառլեն Չոուին, որը դեմ էր արտահայտվել իր հարցաքննողներին՝ օգտագործելով կարմիր շրթներկ:

Անցյալ տարվա դեկտեմբերին Չիլիում մոտ 10 000 կին դուրս եկավ փողոց: Նրանք կրում էին սև շապիկներ, կարմիր շարֆեր և կարմիր շրթներկ՝ երկրում սեռական բռնությունը դատապարտելու համար:

Ամբողջ աշխարհի ցուցարարները կրելով կարմիր շրթներկ նույն ուժը ձեռք բերեցին, որ տարիներ առաջ ուներ սուֆրաժիստական շարժումը: Նրանք պահպանում են իրենց հասած ժառանգությունը այս համարձակ ու հանդուգն գեղեցկության կոչով:

Սկզբնաղբյուր՝  CNN; Empowering, alluring, degenerate? The evolution of red lipstick

Լուսանկարները՝ Getty

Թարգմանությունը՝ Մարիամ Վարդանյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի, թարգմանությունների և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 09/03/2020