Միջազգային

Լենան Իսպանիայից․ Մադրիդն ու Բարսելոնան քաղաք-ուրվականների էին վերածվել

Լուսանկարը ՝ Դանիել Պերես Գարսիա-Սանտոսի

Մարտի 16-ին Իսպանիան անորոշ ժամանակով խզեց կապն արտաքին աշխարհի հետ։ Երկրում հայտարարվեց արտակարգ իրավիճակի 15-օրյա ռեժիմ և, բացի մթերային խանութներից, դեղատներից, հիվանդանոցներից ու բենզալցակայաններից, ամեն ինչ փակվեց։

Փակվեցին նաև հնագիտությամբ և մարդու էվոլյուցիայով զբաղվող կատալոնական ինստիտուտի դռները, որտեղ, որպես կրտսեր գիտաշխատող, հնագիտական նյութերի ծագումնաբանությունն է ուսումնասիրում Լենա Ասրյանը։

Գիտական այս կենտրոնը մինչև հիմա, կարելի է ասել, փակ է. բացվում է միայն խիստ անհրաժեշտության դեպքում։

«Հենց արտակարգ իրավիճակ հայտարարվեց, ստեղծվեց պարետատան նման մի մարմին, որը համաճարակային վիճակի մասին ինֆորմացիա տվող միակ սկզբնաղբյուրն էր։ Այդ ինֆորմացիան տալիս էր անձամբ համավարակի տեսչության պետ Ֆեռնանդո Սիմոնը, որին իսպանացիներն ավելի լավ գիտեն, քան երկրի ղեկավարին։Համաճարակային իրավիճակի մասին ամփոփ տեղեկատվությամբ շաբաթվա վերջում հանդես էր գալիս Կառավարության նախագահը՝ Պեդրո Սանչեզը, որը նաև օնլայն ռեժիմով պատասխանում էր լրագրողների բոլոր հարցերին»,- պատմում է Լենան։

Արտակարգ իրավիճակի առաջին ժամկետի ավարտին՝ մարտի 31-ին, Իսպանիան վարակվածների ու մահերի թվով եվրոպական տարածաշրջանում երկրորդն էր՝ Իտալիայից հետո [հեղ․՝ ավելի քան 85 000 վարակված, 7000 մահ]։ Եթե մարտի կեսերին օրական հայտնաբերվող վարակակիրների թիվը տատանվում էր 5000-6000-ի սահմանում, ապա մարտի վերջին արդեն մեկ օրում վարակման մինչև 10000 դեպք էր գրանցվում։ Մարտի վերջին աճեց նաև մահերի թիվը՝ հասնելով օրական 900-950-ի։

Այդ ժամանակահատվածը հենց վարակի տարածման պիկն էր։ Աճը հնարավոր դարձավ կանխել արտակարգ ռեժիմի սահմանաման, այնուհետև երկարաձգման շնորհիվ։

Մարտի 16-ից առ այսօր Իսպանիայում արդեն վեց անգամ երկարաձգվել է արտակարգ իրավիճակի ռեժիմը՝ ամեն անգամ 15 օրով։ Փաստացի՝ շուրջ երեք ամիս է՝ իսպանացիներն անսովոր կյանքի տեմպով են ապրում։

Պաշտոնական տվյալներով՝ հունիսի 20-ի դրությամբ 47 մլն բնակչություն ունեցող Իսպանիայում վարակվածների ընդհանուր թիվը շուրջ 293 հազար է , 28 հազար մարդ մահացել է, ավելի քան 197 հազարը՝ բուժվել։

Վարակը շարունակվում է տարածում ունենալ նաև հունիսին, թեպետ ոչ այն ակտիվությամբ ինչ նախկինում։ Հունիսի 10-17-ը երկրում արձանագրվել է վարակման ընդհանուր 1665, մահվան՝ 25 դեպք։

Խիստ սահմանափակումների առաջին 3 շաբաթները

– Սկզբական շրջանում տնից մեկ հոգի կարող էր խանութ գնալ, այն էլ՝ կոնկրետ ժամի ու տանն ամենամոտ գտնվող խանութը։ Գնումների գնալիս էլ առնվազն 10 օրվա պաշար պետք է առնեինք, քանի որ 10 օրը մեկ խանութ գնալու իրավունք ունեինք։ Բոլոր խանութներում՝ մեծ, թե փոքր, խստորեն պահվում էր հերթն ու սոցիալական հեռավորությունը։ Խոշոր խանութներում 30 հոգուց ավել չէր թույլատրվում, որ գտնվի։ Յուրաքանչյուրը խանութի մուտքի մոտ պարտադիր ախտահանում էր ձեռքերը և առաջանում բացառապես դիմակով ու ձեռնոցներով։

Լենայի խոսքով՝ իսպանացիների մոտ խուճապ նկատվել է միայն արտակարգ ռեժիմի անցնելու առաջին մի քանի օրը, երբ խանութների՝ պարենային ապրանքներով ծանրաբեռնված ցուցափեղկերը շատ արագ դատարկվեցին. «Իսպանացիներն առանձնապես սեր չունենալով հաց թխելու հետ՝ այս ընթացքում իսկական հացթուխ են դարձել» [հեղ.՝ ժպտում է]։

Որպեսզի հնարավորինս բացառվեր միմյանց հետ շփումը, կառավարությունը քաղաքացիներին կոչ էր անում տեղաշարժվել միայն մեքենայով։ Սակայն հասարակական տրանսպորտի աշխատանքը ոչ մի օր չի ընդհատվել։ Այն աշխատում էր արտակարգ ռեժիմով. 30 տեղանոց ավտոբուսում կարող էր լինել 8-10 հոգի, բոլորը՝ պարտադիր դիմակներով։

Բոլոր քաղաքները քաղաք-ուրվականների էին վերածվել՝ այդ թվում՝ Մադրիդն ու Բարսելոնան։

Captured at Tarragona on 20 Mar, 2020 by David Oliete

Ի ուրախություն ինձ, իսպանացիները գիտակցական բարձր մակարդակ ցուցաբերեցին։ Ու դեռ մարտին, երբ դիմակների սուր դեֆիցիտ կար (բժշկական դիմակներն անգամ բժիշկներին չէին հերիքում), ու դիմակ դնելը դեռ պարտադիր չէր, մարդկանց 98%-ը տնից դուրս էր գալիս միայն դիմակով՝ հիմնականում կտորից կարված։ Անգամ 3-6 տարեկան երեխաներն էին դիմակով։ Մարտ-ապրիլին երկրով մեկ դիմակ կարելու շարժում սկսվեց. մարդիկ կամավոր կարում ու բաժանում էին։

Դիմակ դնելը պարտադիր դարձավ ապրիլի կեսերից։ Այդ ժամանակ արդեն և´ Չինաստանն էր մատակարարում, և´ տեղի քիմիական գործարանները վերագործարկվեցին։ Հիվանդանոցներին անհրաժեշտ բժշկական պարագաներով ապահովելու համար ապրիլի երկրորդ շաբաթից ստիպված էին վերաբացել արդյունաբերական գործարանները։

Արտակարգ երեկոներ՝ հիմն դարձած երգով ու շնորհակալության ծափերով

Մասնագիտությամբ հնագետ Լենան, որն Իսպանիայում է արդեն 12 տարի, կարծում էր, թե հասցրել է ճանաչել տաքարյուն, մշտապես եռուզեռի մեջ գտնվող այս ժողովրդին, սակայն քովիդը պատճառ դարձավ հակառակ մտքին հանգելու։

«Իսպանացիները կրակոտ ժողովուրդ են։ Թվում էր, թե դժվար կլինի նրանց տանը պահելը։ Չէի պատկերացնում, որ նրանք այսքան ժամանակ կդիմանան առանց փողոց դուրս գալու, ողջագուրվելու, զրուցելու, բայց հաճելիորեն զարմացած եմ։ Իսպանացիները շատ լուրջ ընդունեցին վարակը և խստորեն հետևում էին կառավարության հնչեցրած բոլոր հրահանգներին։ Ես չեմ հիշում որևէ դեպք, որ որևէ մեկին տուգանեն սահմանված կարգը խախտելու համար», – պատմում է Լենան։

Իսկ արտակարգ իրավիճակի ռեժիմը խախտելու համար Իսպանիայում մեծ տույժեր են սահմանվել ամենասկզբից. օրինակ՝ չհիմնավորված տեղաշարժի համար՝ 600, հավաքներ կազմակերպելու կամ դրանց մասնակցելու համար 10 500 եվրո տուգանք էր սահմանված։

Լենայի խոսքով՝ առաջին երկու-երեք շաբաթներին տանը փակված իսպանացիներն ամեն ինչ անում էին միմյանց ոգևորելու համար. «Ով ինչպես կարողանում, ուրախացնում էր հարևաններին. մեկն իր երաժշտական գործիքով, մեկ ուրիշը՝ ասմունքով։ Ավանդույթի ուժով` մինչև այսօր երեկոյան 20։00-ին բոլորը դուրս են գալիս պատշգամբ, երգում այս օրերին հիմն դարձած երգը՝ Resistiré-ն ու ծափահարում բուժաշխատողներին, փրկարար ծառայությանն ու բոլոր նրանց, ովքեր պայքարում են վարակի դեմ»։

Դեէսկալացիա փուլերով. Մադրիդն ու Բարսելոնան 2-րդ փուլում են

Իսպանական կառավարությունը արտակարգ իրավիճակի խիստ ռեժիմն սկսեց թուլացնել մայիսի կեսերից։

– Մայիսի 15-ին կառավարությունը հաշվետվություն պահանջեց բոլոր ինքնավար շրջաններից՝ հիվանդանոցներում ազատ մահճակալային ֆոնդը գնահատելու համար։ Ի սկզբանե հայտարարվել էր, որ դեէսկալացիան փուլ առ փուլ է լինելու։ Առաջին փուլում որոշ սահմանափակումներ թուլացրին այն շրջաններում, որտեղ վարակն ակնհայտորեն նահանջել էր։ Մարդկանց 20-30%-ը վերադարձավ աշխատանքի։ Տարեց, քրոնիկ հիվանդություն ունեցող աշխատակիցներին կոչ էր արվում աշխատանքը շարունակել տնից։

Բացվեցին հագուստի և այլ պարագաների խանութները, կարճատև զբոսանքի համար առանձին ժամեր սահմանվեցին երեխաների, երիտասարդների ու 65-ից բարձր տարիքային խմբի համար։ Օրինակ՝ երեխաները զբոսնել կարող էին միայն մեկ ծնողի ուղեկցությամբ՝ 1-2 ժամ։ Այդ ամենին զուգահեռ՝ պարբերաբար հիշեցվում էր, որ վարակը դեռ կա, ուղղակի հիվանդանոցներն արդեն գերծանրաբեռնված չեն ու կարող են նոր հիվանդներ ընդունել։

Լենան աշխատավայրում

Այստեղ գրեթե բոլորն են գիտակցում, որ վարակի դեմ պայքարը դեռ երկար է տևելու, ավելին՝ աշնանը նոր ալիք են կանխատեսում։

Հիմա արդեն Իսպանիայի մեծ մասը երրորդ փուլում է, բացառություն են Մադրիդն ու Բարսելոնան։ Որպես հիմնական օջախներ՝ դրանք դեռ 2-րդ փուլում են։

Իսպանիայի՝ 3-րդ փուլ անցած շրջաններում տնտեսական գործունեությունը վերսկսվել է 40-50 տոկոսով։ Այն աշխատանքները, որոնք անհնար է առանց աշխատավայրում աշխատակիցների ֆիզիկական ներկայության, խիստ սահմանափակումներով են կազմակերպվում։ Օրինակ՝ եթե նախկինում տվյալ տարածքում 100 հոգի էր աշխատում, ապա այս փուլում թույլատրվում է առավելագույնը 50 հոգի։

Մադրիդից մոտ 600 կմ հեռավորության վրա գտնվող Տառագոնան, որտեղ ապրում է Լենան, նույնպես 3-րդ փուլում է։ Այս փուլում մեկ ինքնավար շրջանից մյուսն անցնել դեռևս չի թույլատրվում։ Աշխատավայրից տեղեկանքի ներկայացման միջոցով կամ բացառիկ դեպքերում է միայն հնարավոր հատել շրջանների միջև սահմանը։

Հունիսի 8-ից որոշ սահմանափակումներով վերաբացվել են նաև ռեստորանները, իսկ մանկական զվարճանքի կենտրոնները, խաղահրապարակները, այգիներն ու բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր են մարդկային կուտակումներ, փակ են։

Տուրիզմի ու կրթության անորոշ ապագան

Համավարակն ու փակ սահմանները մեծ վնաս են հասցրել Իսպանիայի տնտեսությանը։ Պայմանավորված հարմար աշխարհագրական դիրքով ու հարուստ պատմությամբ՝ Իսպանիան վաղուց եվրոպական տարածքի ամենագրավիչ տուրիստական երկրներից մեկն է համարվում։ Տուրիզմը թմբիրից հանելու ուղղությամբ փոքր քայլեր են նախատեսվում. հայտարարվել է, որ հուլիսի 1-ից անվտանգության գոտիներ կստեղծվեն, որտեղ զբոսաշրջիկներ կընդունեն միայն այն երկրներից, որտեղ վարակը հաղթահարված է կամ հատուկենտ դեպքեր են լինում։

Լենային ամենաշատը զարմացրել է իսպանական կրթական համակարգի անպատրաստ վիճակը։ Ասում է՝ կրթությունը հեռավար կազմակերպելու հարցում բուհական համակարգը եթե որոշ չափով հաջողել է, ապա հանրակրթական օղակը մինչև մայիս գրեթե պարապ էր։ Իսպանացի ուսուցիչներն ու դպրոցակաները դասապրոցեսն օնլայն կազմակերպելու հարմար տարբերակներ են փնտրում, քանի որ գրեթե համոզված են, որ աշնանը համաճարակի նոր բռնկում կլինի, և դեռ երկար ժամանակ դպրոցները փակ կմնան։

Սեպտեմբերից դասերի վերսկսման ձևաչափը դեռ քննարկման փուլում է։ Իսպանիայի Կրթության նախարարության նախնական հայտարարությամբ՝ բուհերում դասերի 80%-ն օնլայն կկազմակերպվի, իսկ դպրոցների մասով դեռ պարզ չէ։

Այդուհանդերձ, հունիսի 21-ին երկրում կավարտվի արտակարգ իրավիճակի ռեժիմը։ Իսպանիան կմտնի, այսպես կոչված, nueva normalidad, այսինքն՝ նոր իրավիճակի փուլ, ինչը, սակայն, չի նշանակում, որ երկիրը կյանքի բնականոն հունին կվերադառնա։ Որոշ սահմանափակումներ՝ կապված, օրինակ, հավաքների, ազատ տեղաշարժի, աշխատանքային ժամերի հետ, կպահպանվեն։

Զրուցեց Լիլիթ Պողոսյանը

Լուսանկարները հերոսուհու անձնական արխիվից

 COVID-19-ը Հայաստանում․ այս թեմայով այլ նյութեր

#COVID19 #հայացքներսից

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 20/06/2020