Քաղաքական

Մարտի 9-15. ԱԽ նիստ Արցախում, մեղադրանք «Ռեստարտի» անդամներին

ՀՌԸԽ-ի նախագահի պաշտոնը թափուր է, Քոչարյանի կալանքը երկարաձգվեց, մաքսատուրքից ազատման արտոնություն տրվեց, բողոքի ակցիաներ, սրճարանների ապամոնտաժում

Անվտանգության խորհրդի համատեղ նիստ Ստեփանակերտում

Մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստ, որի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արցախյան հիմնախնդրի շուրջ բանակցությունների վերաբերյալ մի քանի կարևոր շեշտադրումներ է կատարել: Նա ընդգծել է, որ Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ` նշելով, որ դա լեգիտիմության հարց է: Փաշինյանն իր այս հայտարարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ ՀՀ վարչապետին Արցախի ժողովուրդը չի ընտրել, հետևաբար, նա Արցախի հայությանը ներկայացնելու լիազորություն չունի:

Անդրադառնալով Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարությանը, որտեղ նշվել են 3 սկզբունքներ՝ ազգերի ինքնորոշում, տարածքային ամբողջականություն և ուժի սպառնալիքի չկիրառում, վարչապետ Փաշինյանն ասել է, որ արդյունավետ բանակցությունների համար պետք է լինեն իրագործելի պայմաններ։ Նա առաջարկել է նախ խոսել այդ սկզբունքների մեկնաբանության, պարզաբանման մասին: Փաշինյանը նաև խոսել է ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու մասին` ընդգծելով, որ դա հնարավոր է իրականացնել միայն բանակցություններում ներգրավված կառավարությունների համատեղ ջանքերով:

Թափուր է Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահի պաշտոնը

Մարտի 3-ին լրացավ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի (ՀՌԸԽ) նախագահ Ռուբեն Ջաղինյանի պաշտոնավարման ժամկետը, որը այս պաշտոնում էր 2013թ-ից։ Թափուր տեղը լրացնելու նպատակով մրցույթի մասին հայտարարությունը հրապարակվել է մարտի 11-ին: Դեռևս հայտնի չեն այս պաշտոնի համար դիմած թեկնածուների անունները։ Մինչ մրցույթի արդյունքների ամփոփումը Ջաղինյանին կփոխարինի խորհրդի ամենաավագ անդամը՝ 84-ամյա Նառա Շլեպչյանը:

Առայժմ թափուր է նաև Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի պաշտոնը: Թեպետ  նախատեսված էր, որ մրցույթի արդյունքները պարզ կլինեն մարտի 11-ին, բայց քանի որ պաշտոնի համար հայտ ներկայացրած թեկնածուները 30-ն են, լրացուցիչ ժամանակ է պահանջվել բոլոր հայտերը ուսումնասիրելու համար: Վերջնական արդյունքների հրապարակումը հետաձգվել է 20 օրով:

Ազատության հրապարակի հարակից սրճարանները ապամոնտաժվում են

Այս շաբաթ Ազատության հրապարակի շրջակայքում լարված իրավիճակ էր։ Մարտի 13-ից քաղաքապետարանը մեկնարկել էր Ազատության հրապարակի շրջակայքում գործող սրճարանների ապամոնտաժման աշխատանքները՝ կանաչ գոտին վերակագնելու նպատակով: Ապամոնտաժման աշխատանքների առաջին օրն ուղեկցվեց սրճարանների սեփականատերերի ու աշխատակիցների բողոքի ակցիաներով: Վերջիններիս և ոստիկանների միջև տեղի ունեցած հրմշտոցի և քաշքշուքի հետևանքով եղան մարմնական վնասվածքներ ստացողներ: Տարբեր լրատվամիջոցների տվյալների համաձայն` այդ օրը բերման է ենթարկվել 20-41 մարդ։ Սոցիալական ցանցերում տարածվել էր նաև տեսանյութ, որտեղ ոստիկանը քաշքշուքի ընթացքում ձեռքով և ոտքով հարվածում է ցուցարարներից մեկին: Ավելի ուշ ոստիկանությունը տեղեկացրեց, որ այդ ոստիկանի լիազորությունները դադարեցվել են, իսկ դեպքի վերաբերյալ նշանակվել է ծառայողական քննություն։

Համաձայն Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանի՝ երեք ամիս առաջ` 2018թ. դեկտեմբերի 13-ին, տվյալ տարածքում գործող հինգ սրճարաններ ծանուցում են ստացել վարձակալության պայմանագրերի գործողության ժամկետի դադարեցման մասին, որն ուժի մեջ է մտնում 30-օրյա ժամկետում: Իսկ փետրվարի 13-ին ծանուցումներ են ուղարկվել տարածքն ազատելու պահանջով: Ըստ Կարապետյանի՝ քանի որ տարածքն ինքնակամ ազատողներ չեն եղել, քաղաքապետարանը մարտի 13-ից մեկնարկել է ապամոնտաժման աշխատանքները: Սրճարանների սեփականատերերը պնդում են, որ այս գործողություններով խախտվում են տնտեսվարողների իրավուքնները:

Ընդունվել են երկու օրենսդրական նախագծեր

Նույն օրը` մարտի 14-ին, Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունել է նաև «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Կառավարության հեղինակած այս նախագծով առաջարկվում է երկարաձգել պաշտոնյաների գույքի և եկամուտների հայտարարագրերը ներկայացնելու ժամկետը, ինչպես նաև 2020թ-ից փոխել հայտարարագրման մեխանիզմը։

Բողոքի ակցիաներ Կառավարության շենքի դիմաց

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու Կառավարության նախաձեռնությունը պատճառ է դարձել, որ գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցները մեկ շաբաթվա ընթացքում երկու անգամ հավաքվեն Կառավարության շենքի դիմաց: Նախատեսվում է` գրավատների պետական տուրքը գործող 100 հազար դրամի փոխարեն հասցնել 6 մլն-ի, իսկ փոխանակման կետերինը՝ 3 մլն-ի՝ 50 հազարի փոխարեն: Բողոքի ակցիայի մասնակիցների պնդմամբ՝ իրենք ի վիճակի չեն լինի վճարել այդ գումարները և կփակվեն։

Կառավարության շենքի մոտ հավաքված գազավորված ըմպելիքներ արտադրողներն էլ «Հարկային օրենսգրքում» նախատեսվող փոփոխություններից էին դժգոհ։ Նախատեսվող փոփոխությամբ առաջարկվում է 2019թ. սեպտեմբերի 1-ից ակցիզային հարկ կիրառել այն գազավորված ըմպելիքների նկատմամբ, որոնց 100 գրամում կպարունակվի հինգ և ավել գրամ շաքար, հոտային և համային հավելումներ։ Այդ քայլին գնալու դեպքում, գազավորված ըմպելիք արտադրողների հավաստմամբ, և´ արտադրանքը կթանկանա, և´ պահանջարկը կնվազի, և´ իրենց աշխատակիցների թիվը կկրճատվի։

Քոչարյանի կալանքը երկարաձգվել է

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Հատուկ քննչական ծառայության միջնորդությունը և որոշել ևս 2 ամսով երկարացնել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Մարտի 1-ի» գործով մեղադրվում է սահմանադրական կարգը տապալելու մեջ: Այս մեղադրանքին հետագայում ավելացավ նաև առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալը:

«Ռեստարտի» երկու անդամի մեղադրանք է առաջադրվել

Դավիթ Պետրոսյանին և Դավիթ Սիմոնյանին սպառնում է ազատազրկում` երկուսից հինգ տարի ժամկետով: «Ռեստարտ» նախաձեռնության վերը նշված անդամներին առաջադրված  մեղադրանքը փոխվել է, և նախորդ շաբաթ ՀՀ դատախազության կողմից խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործը փոխվել է: Ներկայումս նշված քաղաքացիներին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին կետով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առևանգում:

Մաքսատուրքից ազատման արտոնություն՝ երեք ընկերությունների

Կառավարությունը մարտի 14-ի նիստում մաքսատուրքից ազատման արտոնություն է տվել երեք ընկերությունների, որոնք ներդրումներ կանեն և նոր աշխատատեղեր կբացեն ՀՀ տարբեր համայնքներում։ Մասնավորապես, Կոտայքում ձիթապտղի վերամշակմամբ զբաղվող «Նիկոլա  Ինթերնեյշնլ Արմենիա» ՍՊԸ-ն նախատեսում է բացել 30-40 նոր աշխատատեղ,  Չարենցավանում գործող թեթև արդյունաբերությամբ զբաղվող «Ռիբեկ» ՍՊԸ-ն՝ 50 աշխատատեղ։ Գեղարքունիքի Մեծ Մասրիկ համայնքում «Էֆարվի Մարսիկ» ՓԲԸ-ն կկառուցի արևային էկետրակայան և 4 հոգու 500 հազարական դրամ աշխատավարձով կապահովի աշխատանքով:

Ամփոփ մեդիա

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/03/2019