Վարդան Քերոբյանը Հայաստանում ապրող այն փոքրաթիվ տղամարդկանցից մեկն է, ով դասավանդում է ՀՀ պետական հանրակրթական դպրոցում։ Վերջին շրջանում ՀՀ-ում խիստ նվազել է տղամարդ ուսուցիչների թիվը։
Այսօր հանրակրթական դպրոցներում դասավանդում են շուրջ 31 000 ուսուցիչներ, որոնց մոտ 90%-ը կանայք են, 10%-ը տղամարդիկ։ Վերջիններիս թիվն էլ տարեցտարի նվազում է։ Եթե 2015-16 ուստարվա ընթացքում դասավանդում էր 5400-ից ավելի արական սեռի ներկայացուցիչ, ապա այժմ՝ 5 տարի անց, նրանց թիվը նվազել է ավելի քան 40%-ով՝ կազմելով 3200։
Այս մասին են փաստում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տվյալները։
Նկատենք, որ պետական դպրոցներում նվազել է նաև կին ուսուցիչների թիվը։ Մինչդեռ մասնավորներում այս ուստարի թե կին, թե տղամարդ ուսուցիչներն ավելացել են։ Մասնավոր կրթական հաստատություններում դասավանդող 1300 մանկավարժներից ավելի քան 200-ը տղամարդիկ են։
Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը խնդրին անդրադառնալիս ասում է, որ երևույթը 90-ականներին ի հայտ եկավ։ «Այդ ժամանակ մեծ թվով ուսուցիչներ դուրս եկան աշխատանքից, քանի որ ավելի շատ գումար կվաստակեիր, եթե մի փոքր սեղանիկ դնեիր քաղաքի ինչ-որ հատվածում ու ծխախոտ, լուցկի կամ մոմ վաճառեիր։ Երկրորդ ալիքը սկսվեց վերջին 10 տարում, երբ ակնհայտ դարձավ, որ տնտեսությունը չի զարգանում»։
Վարդան Քերոբյանը, կամ ինչպես դիմում են աշակերտները, ընկեր Քերոբյանը, ասում է, որ ունենք լավ երիտասարդ տղամարդ մասնագետներ, որոնք դպրոցում չեն, քանի որ ուսուցչի աշխատավարձով ընտանիք չեն կարող պահել։
«Ուսուցիչներից մեկն ասում է՝ սա աշխատավարձ չէ, աղքատավարձ է»։
Ընկեր Քերոբյանը դասավանդում է հայոց և համաշխարհային պատմություն, հայոց եկեղեցու պատմություն և հասարակագիտություն՝ Երևանի Լեոնիդ Ազգալդյանի անվան դպրոցում։ Նա համարում է, որ իր մասնագիտությունը շատ կարևոր առաքելություն ունի։
«Ինչպիսի դպրոց, կրթական համակարգ, քաղաքացի ձևավորենք այսօր, այդպիսի պետություն, Հայաստան կունենանք վաղը», – «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է նա։
Իրեն բազմիցս ասել են, որ երիտասարդ տարիները չվատնի դպրոցում, աշխատի բարձր վարձատրվող վայրում, չի համաձայնվել։ 37-ամյա մանկավարժը դասավանդման 15 տարվա փորձ ունի։ Սովորեցնելու սերը միգուցե նախնիներից է ժառանգել, իրենց տոհմում էլի են եղել ուսուցիչներ։
Երեք երեխաների հայր ընկեր Քերոբյանը շաբաթական 33 ժամ դաս ունի, ինչը ուսուցչի համար նախատեսված ժամաքանակից տասը ժամով ավել է։ Ասում է, որ այսպիսի ծանրաբեռնվածություն է վերցրել, որպեսզի աշխատավարձը միջինից ավելի բարձր լինի։ Հասցնում է նաև կրկնուսույց աշխատել, որպեսզի հավելյալ գումար վաստակի՝ ընտանիքի մյուս կարիքները հոգալու համար։
Ուսուցիչների աշխատավարձը ցածր է ՀՀ-ում՝ միջինում 70 000-80 000 դրամ։ Իսկ Հայաստանում ընդունված է, որ տղամարդը պետք է շատ գումար վաստակի։ Փորձագետ Խաչատրյանը նշում է, որ կա նաև այլ խնդիր։
«Մեր հասարակությունում նվազել է նաև ուսուցչի նկատմամբ հարգանքը։ Կան մասնագիտություններ, որոնք քիչ են վարձատրվում, սակայն հարգանք են վայելում, դա կարող է մարդկանց մղել այդ ոլորտ, բայց սա էլ չկա»,- ընդգծում է նա՝ հիշեցնելով, որ խորհրդային տարիներին ուսուցչի նկատմամբ հարգանք կար։
Քերոբյանն էլ ավելացնում է, որ գիտության ու գիտելիքի հանդեպ է հարգանքը նվազել։ Կարծում է՝ սա պայմանավորված է անցումային շրջանով, առկա ժամանակահատվածով, քանի որ այսօր կրթական ոլորտը պետական մակարդակով պատշաճ գնահատականի չի արժանանում։
«Չեք կարող ցույց տալ մի երկիր, որն ունի զարգացած տնտեսություն, արդյունաբերություն, մշակույթ, բայց չունի կայուն զարգացող կրթական համակարգ, բարձր զարգացած գիտություն»,- նշում է նա։
Փորձագետի կարծիքով՝ տղամարդիկ չեն ցանկանում ուսուցիչ դառնալ, քանի որ հեռանկար չունեն․ կարող են հետագայում տնօրեն դառնալ, բայց միևնույն է՝ վարձրատրությունը քիչ է։ Դասավանդող ուսուցիչներն էլ պետք է կողքից պարապեն, որ գումար վաստակեն։
Այսօր դպրոցներում դաս տվող ուսուցիչների շարքում ամենաքիչը միջին տարիքի տղամարդիկ են, համեմատաբար շատ են երիտասարդները, քանի դեռ ամուսնացած չեն, ֆինանսական բեռը մեծ չէ։ Միջին տարիքի անձանց թվով գերակշռում են նաև ավագ տարիքի ուսուցիչները, քանի որ, ըստ Խաչատրյանի, նրանք Խորհրդային Միության ժամանակ են ուսուցիչ դարձել։
Փորձագետի կողմից առանձնացված պատճառներից է դպրոցներում տղամարդ ուսուցիչներ ներգրավելու պետական քաղաքականության բացակայությունը։ Օրինակ, եվրոպական երկներում կին – տղամարդ ուսուցիչների հարաբերակցությունը 70/30 է, Ճապոնիայում՝ 50/50։
Տարեցտարի սա հանգեցնում է նրան, որ աշակերտների մոտ ձևավորվում է կարծրատիպ, թե ուսուցիչ լինելը կնոջ գործ է, քանի որ իրենց շրջապատի մանկավարժների 90 %-ը հենց այդ սեռի ներկայացուցիչներ են։ Եթե ռազմագիտություն, ֆիզկուլտուրա առարկաներն էլ հանենք, կստացվի՝ 95 %-ը կանայք են։
«Ինչքան պակասում են տղամարդ ուսուցիչները, այնքան կպակասեն ապագա տղամարդ ուսուցիչները։ Եթե այսօր գոնե 10 % կա, վաղը դա էլ չի լինի»,- ահազանգեց Խաչատրյանը։
Ամփոփեց Անի Ավագյանը
Ինֆոգրաֆիկան՝ հեղինակի
Կարդացեք նաև
- Հետպատերազմյան կրթության հեռանկարները․ տեսակետ
- Դիտարկում․ օրենսդրական նախագիծը կխոչընդոտի մասնավոր դպրոցների կայացմանը
- Ինչպե՞ս է փոխհատուցվում համայնքային հանրակրթական դպրոցներ երթևեկողների ճանապարհածախսը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 17/03/2021