Քաղաքական

ԱԺ ընտրություններ 2017. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս

Ապրիլի 2-ի Ազգային ժողովի ընտրություններով Հայաստանն անցում կկատարի խորհրդարանական կառավարման համակարգի։ Այլ կերպ ասած, երկրի նախագահը կշարունակի լինել պետության գլուխը, սակայն նրա լիազորությունները կնվազեն հօգուտ վարչապետի եւ Ազգային ժողովի: 2018թ․ գործող նախագահի լիազորություններն ավարտվելուց հետո նոր նախագահին կընտրի արդեն 2017թ․ ձեւավորված ԱԺ-ը: Նորընտիր նախագահն իր հերթին անհապաղ կնշանակի խորհրդարանական կայուն մեծամասնության ներկայացրած վարչապետին:

Իրավիճակ

Մարտի 5-ին պաշտոնապես կմեկնարկի Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունների քարոզարշավը: 2017թ․ վեցերորդ գումարման Ազգային ժողովը ձեւավորվելու է միայն համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից: Այսինքն անկախ նրանից՝ թեկնածուն կուսակցության անդամ է, թե ոչ՝ մուտքը խորհրդարան հնարավոր կլինի միայն որեւէ կուսակցության ցուցակով՝ համապետական կամ տարածքային: ԱԺ ընտրությունների համար Հայաստանում ձեւավորվել է 13 ընտրական տարածք՝ ընդհանուր 2,564,334 ընտրողներով (տվյալը` դեկտեմբեր,2016թ.-ի): Ամեն ընտրատարածքում յուրաքանչյուր կուսակցությունից կարող է առաջադրվել 1 թեկնածու յուրաքանչյուր 15 հազար ընտրողի չափաբաժնով, սակայն նվազագույնը պետք է ունենալ 5 թեկնածու: Պատգամավորի թեկնածուն պետք է լինի նվազագույնը 25 տարեկան, վերջին 4 տարում ունենա միայն ՀՀ քաղաքացիություն եւ մշտապես ապրած լինի Հայաստանում, ունենա ընտրական իրավունք եւ տիրապետի հայերենին:

Ապրիլի 2-ին ընտրողին տրամադրվելու է մեկ ծրար եւ 9 քվեաթերթիկ, որոնք համապատասխանում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում 2017թ-ի ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով գրանցված կուսակցությունների եւ/կամ դաշինքների թվին։ Ամեն քվեաթերթիկ կպարունակի մեկ կուսակցության եւ նրա կողմից առաջադրված թեկնածուների մասին տեղեկություն։ Արդեն քվեախցիկում ընտրողը կընտրի այն քվեաթերթիկը, որի վրա նշված է իր նախընտրած կուսակցության անվանումը։ Եթե ընտրողը իր ընտրած քվեաթերթիկը առանց նշումներ անելու տեղադրի ծրարում, ապա կհամարվի, որ նա իր ձայնը տվել է միայն քվեաթերթիկում նշված կուսակցությանը եւ նրա համապետական ցուցակին: Եթե ընտրողը ցանկանում է նաեւ քվեարկել տվյալ կուսակցության տարածքային ցուցակում առաջադրված  իր նախընտրելի թեկնածուի օգտին, ապա քվեաթերթիկի երկրորդ էջում կատարում է համապատասխան նշումը: Արգելված է որեւէ նշում անել քվեաթերթիկի առաջին էջում, հակառակ դեպքում քվեաթերթիկը անվավեր կհամարվի:

Ըստ Սահմանադրության, Ազգային ժողովն ընտրվում է 5 տարի ժամկետով եւ պետք է ունենա առնվազն 101 պատգամավոր: Խորհրդարանի կեսը կազմվելու է համապետական ցուցակով, իսկ մյուս կեսը՝ տարածքային ցուցակով: Սահմանադրությունը չի նշում պատգամավորների թվի վերին շեմը: Վերջինս կախված է նրանից, թե ինչպես խորհրդարանում կձեւավորվի կայուն մեծամասնություն՝ պատգամավորների 54%-ը, որը պետք է նշանակի վարչապետին: Այն կարող է ձեւավորվել թե՛ մեկ կուսակցության, թե՛ մի քանի կուսակցությունների կոալիցիայի միջոցով ընտրությունների արդյունքները հայտարարելուց հետո 6 օրվա ընթացքում: Եթե կուսակցություններից մեկը հավաքել է ոչ թե կայուն, այլ պարզ մեծամասնություն՝ 50%+1, նրան բաշխվում են լրացուցիչ պատգամավորական տեղեր կայուն մեծամասնության հասնելու համար: Եթե ընտրությունների ու հետագա քաղաքական բանակցությունների արդյունքում չի հաջողվում ձեւավորել կայուն մեծամասնություն, ապա ընտրություններից հետո՝ 28 օր անց, տեղի է ունենում ընտրությունների երկրորդ փուլը՝ այն երկու կուսակցությունների կամ դաշինքների միջեւ, որոնք ստացել էին առավելագույն թվով վավեր ձայներ:

Պատմական ակնարկ

2016թ. մայիսի 25-ին Ազգային ժողովը 102 կողմ ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունեց ընտրական նոր օրենսգիրքը: Այնուհետեւ՝ նույն տարվա հունիսի 30-ին եւ հոկտեմբերի 20-ին ընդունվեցին օրենսգրքի լրացումներն ու փոփոխությունները: Նման զարգացում տեղի ունեցավ այն պատճառով, որ նոր օրենսգրքի առաջին տարբերակը թեպետ ընդունվեց, սակայն չներառեց ընդդիմության եւ քաղհասարակության առաջարկները, որոնք ներկայացվել էին ընտրական օրենսգրքի մշակման փուլում ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի կողմից առաջարկված 4+4+4 ձեւաչափի շրջանակներում: Ձեւաչափը նախատեսում էր իշխանության, ընդդիմության եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հավասար ներգրավվածություն օրենսգրքի մշակման աշխատանքներում:

Ընդդիմության ներկայացուցիչները ի սկզբանե առաջարկում էին օրենքով ամրագրել քվեարկության մասնակիցների ցուցակների հրապարակումը, ընտրողների ցուցակների ճշգրտումը, ընտրությանը մասնակցող քաղաքացիների մատների թանաքոտումը, տարածքային ու վարկանիշային ցուցակների բացառումը, բոլոր տեղամասերում տեսախցիկների տեղադրումը: Իշխող կուսակցության ներկայացուցիչները դեմ էին առաջարկներից մեծ մասին՝ մասնավորապես ցուցակների հրապարակմանը՝ հիմնավորելով դա գաղտնիության ապահովմամբ:

Ի վերջո, 2016թ. սեպտեմբերի 13-ին 4+4+4 ձեւաչափի մասնակից իշխող եւ ընդդիմադիր քաղաքական ուժերը ստորագրեցին համաձայնագիր, որը հիմք դարձավ օրենսգրում վերջին փոփոխությունների իրականացման համար: Վերջնական տարբերակը ամրագրեց քվեարկած քաղաքացիների ցուցակների պարտադիր հրապարակումը, մատնահետքի հանձնումը, տեսախցիկների տեղադրման եւ օգտագործման հնարավորությունը, այլ անձանց փոխարեն քվեարկության մասին դիմում ներկայացնելու հնարավորությունը:

Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) համատեղ վերջին հայտարարությամբ նշվեց, որ նոր օրենսգրքում հաշվի են առնվել իրենց առաջարկություններից շատերը: ԵՄ-ը նաեւ հայտարարեց ընտրական գործընթացների կազմակերպման համար Հայաստանին 7մլն եվրո տրամադրելու մասին: Այս առթիվ Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին նշեց. «Գերմանիայի եւ Միացյալ Թագավորության կողմից նախատեսված գումարը այն արտաքին օժանդակության 90 տոկոսն է, որը տրամադրվելու է գալիք ընտրական գործընթացի համար: Սա աննախադեպ է Եվրամիության պատմության մեջ: Հետխորհրդային տարածքում երբեւէ այսպիսի ներդրում չի կատարվել»:

Փաստարկ

Նոր Ընտրական օրենսգրքի մշակման ընթացքում կարիքների գնահատում իրականացրած ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի գնահատականներով նոր օրենսգիրքը բարդ է, ուստի պետք է լրացուցիչ աշխատանք տանել թե՛ հանձնաժողովի անդամներին, թե՛ ընտրողներին կրթելու համար: Միաժամանակ նոր օրենսգիրքը մի շարք առավելություններ ունի նախորդի նկատմամբ:

Նոր օրենսգրքով առաջին անգամ 4 լրացուցիչ տեղ է հատկացվում Հայաստանի 4 խոշոր ազգային փոքրամասնություններին՝ եզդի, ռուս, ասորի, քուրդ:  Նախկին 20%-ի փոխարեն սահմանվում է կանանց 25% ընդգրկվածություն կուսակցության ցուցակում՝ պարտավորեցնելով նաեւ, որ եթե մի թեկնածուն հրաժարվի կամ կորցնի իր մանդատը, այն փոխանցվում է նույն սեռի հաջորդ թեկնածուին:

Առաջին անգամ ընտրության ժամանակ տեխնիկական սարքով ստուգվում է ընտրողի անձը հաստատող փաստաթուղթը, ընտրողը հանձնում է իր աջ ձեռքի ցուցամատի մատնահետքը, որպեսզի կանխվի կրկնակի քվեարկությունը: Իհարկե, այն դեպքում, երբ անհնար կլինի մատնահետք հանձնելը, այդ քայլը բաց կթողնվի: Ընտրողների գրանցումն առանց տեխնիկական սարքի հնարավոր է զորամասում, քրեակատարողական հիմնարկում, շրջիկ արկղով, քվեարկության օրը կազմվող՝ ընտրողների լրացուցիչ ցուցակով քվեարկությունների դեպքում, եւ այն ժամանակ, երբ չկա կամ խափանվել է տեխնիկական սարքը:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

  • «Հրապարակ»-ը ներկայացնում է ԱԺ ընտրությունների կարգը եւ դրա արձագանքները։
  • Որքանո՞վ են տեղեկացված քաղաքացիները նոր ընտրակարգով քվեարկության մասին։
  • Ինչպե՞ս է գործելու ընտրատեղամասերում առկա անձը հաստատող փաստաթղթերի նոր սարքը։

Ամփոփեց Աստղիկ Գեւորգյանը

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 20/01/2017