Խմբագրի կողմից․ Ի՞նչ տիպի ատոմակայան է հարկավոր Հայաստանին։ Այն, որ Հայաստանին անհրաժեշտ է կառուցել նոր ատոմակայան, կարծես որոշում կայացնողներից ոչ ոք կասկածի տակ չի դնում, քանի որ նոր ատոմակայանի կառուցումը հիմնավորվում է Հայաստանում էներգետիկ անկախության պահանջով։ Գործող ատոմակայանը Հայաստանում էլեկտրաէներգիայի ստացման գործում առանցքային դեր ունի։ Սակայն այն, կարելի է ասել, սպառել է իրեն դեռևս 2016 թ-ին, բայց շահագործվում է ի հաշիվ մի շարք տեխնիկական արդիականացումների։ Հավանաբար առաջիկա տարիներին ևս կշարունակի շահագործվել՝ կրկին մի շարք անվտանգային միջոցառումներ իրականացնելուց հետո։ Այնպես չէ, որ նորի կառուցման մասին քննարկումները սկսվել են այս կառավարության օրոք։ Դա եղել է նաև նախորդ՝ գրեթե բոլոր կառավարությունների քննարկման առարկաներից մեկը։ «Ամփոփ Մեդիայի» թղթակից Գարիկ Հարությունյանը փորձել է պարզել, թե ինչու այս հարցը քննարկման փուլից գործնական փուլ այդպես էլ չի հասնում։
Կառավարությունը գործընկերների հետ բանակցում է Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու հարցը։ Այդ գործընկերներից են մի կողմից՝ ԱՄՆ-ն, մյուս կողմից՝ Ռուսաստանը։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց Ազգային ժողովում՝ պատասխանելով պատգամավորներից մեկի հարցին։
Ըստ էության, վարչապետի հնչեցրած տեղեկությունն արձագանք էր ամերիկյան կողմի այն հայտարարությանը, որ դիտարկում են Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցել՝ ձգտելով ամրապնդել երկրի էներգետիկ անկախությունը։
«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք ամերիկյան տեխնոլոգիայով կառուցվող փոքր մոդուլային միջուկային ռեակտորների իրագործելիության գնահատում ենք անում, ինչը կարող է նպաստել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից էներգետիկ անկախությանը», – մայիսի վերջին ԱՄՆ Կոնգրեսում հայտարարել էր պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարիա Լոնգին։
Սակայն նրա խոսքերին անդրադառնալիս՝ Փաշինյանը որոշ պարզաբանումներ էր արել՝ նշելով, որ դիտարկում են մի քանի տարբերակներ, այդ թվում նաև ռուսական [խմբ․ Ռուսաստանի գործընկերների մասնակցությամբ], և ըստ վարչապետի, բոլոր գործընկերները տեղյակ են ընթացող բանակցությունների մասին։
Ինչ է փոքր մոդուլային միջուկային ռեակտորը
Մի կողմ դնելով այս հարցում առկա քաղաքական ենթատեքստերը, «Ամփոփ Մեդիան» փորձեց պարզել, թե ինչ է իրենից ներկայացնում փոքր մոդուլային միջուկային ռեակտորը, ինչի մասին հիշատակել էր ամերիկացի պաշտոնյան։ Մեր կարծիքով, Յութուբում ամենալավ բացատրական տեսանյութը այս թեմայով պատրաստել է Մեթ Ֆերելը, ով երկար ժամանակ ուսումնասիրում է, թե ինչպես են խելացի և կայուն տեխնոլոգիաններն ազդում մարդու կյանքի վրա: Ստորև տեղադրված տեսանյութում նա համեմատականներ է տանում մեզ հայտնի ատոմակայանի մոդելի և փոքր մոդուլային ատոմակայանների միջև, խոսում դրանց անվտանգային, էկոլոգիական, ֆինանսական արդյունավետության միջև առկա տարբերությունների ու մի շարք այլ կարևոր հարցերի շուրջ։ Տարբերությունն ակնհայտ է բոլոր առումներով (առաջիկայում ևս մեկ նյութով կանդրադառնանք)։
Ամեն դեպքում, հայկական կողմը դեռևս որոշում չունի, սակայն վարչապետի խոսքից կարելի է հասկանալ, որ ամերիկյան գործընկերների առաջարկը ևս արժանի է դիտարկման։ Ըստ Փաշինյանի՝ ներկայումս քննարկվում են ներդրումների չափն ու տեխնիկական, այդ թվում՝ հզորությանն առնչվող հարցեր։ Այս քննարկումների համատեքստում Հայաստանից պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ՝ տեղում առաջարկներին ծանոթանալու համար։
Նոր ատոմակայանը, ըստ Փաշինյանի, պետք է փոխարինի Մեծամորի գործող կայանին, որը, ինչպես իր խոսքում նշեց նաև վարչապետը, ունի վերջնաժամկետ, որից հետո այն այլևս հնարավոր չի լինի շահագործել։
Ո՞րն է վերջնաժամկետը․ իրավիճակ
Մեծամորի ատոմակայանի կառուցումը սկսվել է 1969 թվականին։ Հաշվի է առնվել, որ այն կառուցվում է սեյսմիկ գոտում, և շինարարությունն իրականացվել է այնպես, որ ատոմակայանը դիմանա մինչև 9 բալ ուժգնությամբ երկրաշարժերի (Մեծամորի հատվածում երկրաշարժերի առավելագույն հզորությունը հաշվարկվել է 8 բալ)։
1976 թվականի վերջին շահագործման հանձնվեց առաջին էներգաբլոկը, 1980-ի կեսերին՝ երկրորդը։ Դրանք երկուսն էլ ունեին հավասար հզորություններ։ 1989թ․-ին ատոմակայանի երկու էներգաբլոկները փակվեցին։ Նման որոշում կայացվեց 1988թ. ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո՝ Հայաստանին նոր աղետից ապահովագրելու նպատակով։ Հետագայում առաջին էներգաբլոկն այդպես էլ չվերաբացվեց։ Այն, որպես «դոնոր», ծառայեց երկրորդ էներգաբլոկի համար՝ վերջինիս նորոգումների ընթացքում առաջինի համակարգերից և սարքավորումներից օգտագործելու նպատակով։
Հայաստանում էներգետիկ ճգնաժամի և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակման պայմաններում Մեծամորի ատոմակայանի աշխատանքը վերսկսելու որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունեց 1993 թվականին։ Գործող երկրորդ էներգաբլոկի շահագործումը նախատեսված էր 30 տարի ժամկետով, ինչն էլ լրանում էր 2016թ․-ին։ Սակայն արդիականացման որոշ գործողություններից հետո, կառավարությունը որոշում կայացրեց թույլատրել էներգաբլոկի շահագործումը ևս տասը տարով՝ մինչև 2026 թվականը։
Արդիականացման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 189 մլն դոլար, որը տրամադրել է Ռուսաստանը՝ 170 մլն-ը վարկի տեսքով, 19 մլն-ը՝ դրամաշնորհի։ Կառավարությունն իր հերթին բյուջեից հատկացրել է 63.2 մլրդ դրամ։
Այս տարի՝ 2023 թվականին, Հայաստանի կառավարությունը պաշտոնապես սկսում է Մեծամորի ատոմակայանի աշխատանքը ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը երկարացնելու գործընթացը։ Եվ դա այսօր էլ հիմնավորվում է էներգետիկ անկախության պահանջով։ Դրա համար առաջիկա երեք տարում կրկին պետք է իրականացվեն կայանի հուսալիությանն ու անվտանգությանը նպաստող միջոցառումներ։
ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրի (մինչև 2040 թվականը) ժամանակացույցում նշվում է, որ այդ նպատակով այս անգամ կհատկացվի «150 մլն դոլար՝ օրենքով չարգելված միջոցներ»։
Նախորդ արդիականացման ծախսերը, սակայն, կրկնակի գերազանցում են նշված թիվը, ինչը տարակուսանքի տեղիք է տալիս։ Ապրիլին կառավարության ընդունած որոշման մեջ այդ թիվն արդեն բացակայում է։ Նշված է, որ պետք է մշակվի արդիականացման ծրագիր, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները․
- կայանի N 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման համար անհրաժեշտ աշխատանքների և ֆինանսական միջոցների ծավալը,
- ֆինանսավորման աղբյուրների և մեխանիզմների վերաբերյալ տեղեկատվությունը,
- նախատեսվող ներդրումների ազդեցության գնահատականը ատոմակայանի և վերջնական սպառողների սակագների վրա։
Ցանկացած դեպքում, այս կայանը նախատեսված է փակել 2036 թվականին, և Հայաստանն արդեն ունի նաև փաստաթղթավորված պարտավորություններ սրա վերաբերյալ։
«․․․ Համագործակցությունը, ի թիվս այլոց, ներառում է նաև ․․․ Մեծամորի ատոմակայանի փակումը և շահագործումից անվտանգ դուրսբերումը և այդ նպատակով ճանապարհային քարտեզի կամ գործողությունների ծրագրի վաղաժամ ընդունումը՝ հաշվի առնելով փակվող ատոմակայանը նոր հզորությամբ փոխարինելու անհրաժեշտությունը՝ ՀՀ էներգետիկ անվտանգությունը և կայուն զարգացման պայմաններն ապահովելու համար», – նշվում է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրում (CEPA):
էներգետիկայի հարցերով փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ այս ձևակերպումը կարող է տարբեր մեկնաբանությունների առիթ տալ, և այնտեղ պետք է նշվեր, որ ատոմակայանը կարող է փոխարինվել համարժեք հզորությամբ։
«Այստեղ պետք է հասկանալ, որ ատոմակայանը հենց այնպես հզորություն չէ։ Ատոմակայանը երաշխավորված հզորություն է։ Եթե շահագործումից հանում եք երաշխավորված հզորություն, ապա տեղը պետք է դնեք երաշխավորված հզորություն։ Ցավոք սրտի, ո՛չ հողմակայանները, ո՛չ արևային կայանները, ո՛չ փոքր ՀԷԿ-երը երաշխավորված հզորութուն չեն։ Քանի արև կա կամ, ձյունը հալեց, ջուր կա՝ կաշխատենք, մնացած դեպքերում երաշխիք չկա», – տարբերությունը բացատրում է Մարջանյանը։
Համեստ կամ համարձակ
Հիմա օրակարգային հարց է նորի կառուցումը, քանի որ դա տևելու է տարիներ։ Եթե գործող կայանի փակումից առաջ նորը չկառուցվի, Հայաստանի էներգետիկ հզորությունները մի կերպ են դիմանալու հիմնասյուներից մեկի բացակայությանը, ինչպես դա լինում է, երբ կայանը կանգնում է նորոգման։ Ավելին, դրա կանգառի ժամանակ էլեկտրաէներգիայի միջին գինը Հայաստանում զգալի բարձրանում է, քանի որ ատոմակայանն ունի երկու կարևոր առավելություն՝ կայունություն և արտադրված էլեկտրաէներգիայի էժան ինքնարժեք։
Առանցքային հարցը, սակայն, նոր ատոմակայանի հզորությունն է։ Մի կողմից՝ ինչքան հզոր, այնքան լավ։ Մյուս կողմից՝ ինչքան հզոր, այնքան կառուցումը թանկ։ Իսկ մինչ այս առկա հրապարակումները խոսում են այն մասին, որ կառավարության ներսում սրա վերաբերյալ միասնական մոտեցում դեռ չկա։
«1200 մեգավատտանոց բլոկը Հայաստանի այս իրավիճակում, այս տնտեսության պայմաններում շատ է։ Բայց ես հույս ունեմ, որ առաջիկայում մեր տնտեսությունն առաջընթաց կապրի։ Ինչո՞ւ ենք 5 կամ 10 տարով մտածում», – «Ամփոփ Մեդիային» ասել է Հայկական Ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) տնօրեն Մովսես Վարդանյանը:
Այս համատեքստում պետք է հաշվի առնել, որ 2016 թվականին Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Իրանի միջև հենց Երևանում ստորագրվել է էներգետիկ փոխհոսքերի ծավալը մեծացնելու հուշագիր։ Եթե այն իրագործվեր, հնարավոր կլիներ Հայաստանից էլեկտրաէներգիան հասցնել ավելի մեծ շուկաներ, ինչպես օրինակ՝ Վրաստանի տարածքով Ռուսաստան։
Հուշագրով նախատեսվում էր այդ ամենը նախապատրաստել մինչև 2018 թվականը և կապվում էր նաև Հայաստան-Իրան և Հայաստան-Վրաստան էլեկտրահաղորդման բարձրավոլտ գծերի կառուցման հետ։ Երկու գծերի շինարարությունն էլ, սակայն, մինչև օրս ավարտված չէ։ Իսկ տեխնիկական խնդիրներին հիմա ավելացել են նաև այլ խնդիրներ և՛ Վրաստան-Ռուսաստան քաղաքական հարաբերությունների համատեքստում, և՛ այն համատեքստում, որ Ադրբեջանը հիմա կարող է թիրախավորել (և արդեն մեկ անգամ թիրախավորել է) Հայաստան-Իրան հաղորդման եղած գիծը։
Չնայած դրան՝ Հայաստանի իշխանությունները վստահեցնում են, որ էլեկտրաէներգիայի տարածաշրջանային առևտուրը հնարավոր է։
«Նոր ատոմակայանի կառուցման համար մի քանի միլիարդ դոլար կպահանջվի։ Սակայն այս թվից պետք չէ շատ վախենալ` պետք է հաշվի առնել, որ 10 տարում է այն կառուցվելու», – կրկնում էր Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Իսկ Փաշինյանի պնդումները միանշանակ չեն։ Ասում է՝ դեռ քննարկելու հարցեր կան, քանի որ պետք է հասկանալ՝ որ հզորությունն է ավելի շահավետ Հայաստանի տնտեսության համար։
Այս համատեքստում փորձագետ Արա Մարջանյանը նշում է, որ թե՛ ռուսական, թե՛ ամերիկյան տարբերակն ընտրելու հարցում քաղաքականացման միտում կա, ինչը շատ վատ է, քանի որ հարցը պետք է դուրս չգար ինժեներական հարթությունից։
«Հարցը ինժեներական է և շատ պարզ․ այսօրվա դրությամբ մոդուլային ոչ մի ռեակտոր չի գտնվում արդյունաբերական շահագործման մեջ։ Կան պիլոտային նախագծեր։ Շատ հետաքրքիր նախագծեր կան Ռուսաստանում, Չինաստանում։ Եվ միայն այդքանը։ Չեմ կարծում, որ Հայաստանն իր ատոմային էներգետիկ բլոկը պետք է կառուցի պիլոտային կամ նախագծային հիմքի վրա», – նշում է նա։
Փորձագետը բացատրում է, որ ինժեներական տեսանկյունից շատ ավելի ճիշտ է օգտվել հուսալի տեխնոլոգիաներից և մտածել ապագա տնտեսական զարգացման մասին։ Թեև նշում է, որ մոդուլայիններն իրոք հետաքրքիր մշակումներ են, բայց նախընտրում է, որ Հայաստանն օգտվի հենց փորձված տարբերակներից։
«Եվ կարծում եմ՝ 1000-1200 մեգավատտանոց նոր ատոմային բլոկը Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է», – նշում է նա։
Մարջանյանը նաև պատասխանում է ընդդիմախոսներին, որոնք պնդում են, որ մեծ հզորություն ունեցող ռեակտորը թանկ է և ծածկելու է Հայաստանի գրեթե ողջ սպառումը՝ վնասելով շուկայում առկա մյուս էլեկտրաէներգիա արտադրողներին։ Ըստ փորձագետի, նոր ատոմակայանի կառուցումը կարող է 10 տարի տևել, որի ընթացքում պետք է խթանել տնտեսության զարգացմանը և հոսանքի սպառման պահանջարկի աճին։
«Ինչ վերաբերում է թանկությանը կամ էժանությանը, ապա ներողություն, դա էկվիլիբրիստիկա է, հայերեն կամ թուրքերեն ասած՝ քյանդրբազություն։ Ինչպես կուզենաս, այնպես էլ արժեքը կգնահատես», – եզրափակում է մասնագետը։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ հեղինակի
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 22/06/2023