Ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում կարող են խիստ «անմեղ» թվալ, եթե դրանց նայենք համեմատության մեջ այնպիսի երկրների հետ, որոնք ունեն խոշոր արդյունաբերություն՝ օրինակ՝ մեքենաշինություն, մետալուրգիա կամ քիմիական արտադրություն։
Խոշոր արտադրական գործընթացներում գտնվող պետությունների «խիղճը» Երկիր մոլորակի նկատմամբ, բնականաբար, պակաս մաքուր է։ Բայց սա չի նշանակում, թե ջերմամեկուսացման և, առհասարակ, էներգետիկ արտանետումների նվազեցմանը միտված միջոցառումների կարիք Հայաստանում չկա, քանի որ այստեղ ևս ցուցանիշների աճը մտահոգիչ է։
Հայաստանում արտանետված ջերմոցային գազերի 66%-ը ածխաթթու գազ է (CO2), որն արտանետվում է էներգետիկայի ոլորտի գործունեությունից՝ էներգիայի արտադրությունից և բնակելի ու հասարակական շենքերում դրանց սպառումից, ինչպես նաև տրանսպորտից։
Կարդացեք նաև․ Ջերմոցային գազերի մտահոգիչ աճ Էլեկտրաէներգիայի օգտագործման հետևանքով
Ըստ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ նախագահ Ինգա Զարաֆյանի, համայնքներում մարդիկ ամբողջությամբ անտեսում են էներգետիկ ոլորտի արտանետումների նվազեցմանը միտված միջոցառումները։
«Գուցե հասկանում են, որ վերականգնվող էներգետիկան, էներգախնայողությունն անհրաժեշտ է, բայց այս գաղափարներն իրենց կյանքում չկան։ Տեսնում ենք՝ ինչպես է օգտագործվում փայտանյութը, այրվում է անտառը, մենք մեր հիմնական պաշարը ոչնչացնում, պարզապես այրում ենք վառարանում։ Մինչդեռ մեր տների ջերամեկուսացումը բավարար չէ, որ այդ ջերմությունը երկար պահպանվի»,- ասում է բնապահպանը։
Իսկ ինչու՞ պահպանել այն․ բոլորը գիտեն՝ սա գլոբալ խնդիր է։ Բայց նույնիսկ առավել նեղ պրիզմայով նայելու դեպքում Զարաֆյանն ահազանգում է՝ էներգիայի վատնումը ուղիղ հարված է մեր ջրային ռեսուրսներին, դրանց վտանգումը՝ անշեղ հարված պարենային անվտանգությանը։
Սևանա լիճը, օրինակ, որը Հայաստանում էկոհամակարգը բալանսավորող ֆունկցիա ունի, վտանգվում է ջերմոցային գազերի պատճառով ուժգնացող գլոբալ տաքացումից։
Հենց այս մտահոգությունն էլ հիմք դարձավ 2017թ․-ից Հայաստանում իրականացնելու «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը՝ Կլիմայի կանաչ հիմնադրամի ֆինանսավորմամբ և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։
Ծրագրի շրջանակներում 2018-2022թթ․-ին ջերմաարդիականացման համաֆինանսավորում է տրամադրվել Հայաստանի տարբեր համայնքներում գտնվող 140 շենքերի համար, որոնցից 98-ը բազմաբնակարան, 42-ը հասարակական շենքեր։
Ծրագրի ղեկավար Վահրամ Ջալալյանը «Ամփոփ Մեդիային» ներկայացնում է մեխանիզմը․ շենքերը ջերմամեկուսացվում են, ջերմությունը բնակարաններում ավելի երկար է պահպանվում, հետևաբար ավելի քիչ վառելիք օգտագործելու կարիք է լինում։ Արդյունքում շենքից ավելի քիչ ջերմոցային գազ, քաղաքացու գրպանից՝ ավելի քիչ գումար է դուրս գալիս։
Էներգաարդյունավետ կամ ջերմամեկուսացված շենքերը Հայաստանում առայժմ շատ չեն։ Սակայն եղածներն անհնար է չնկատել, քանի որ տարբերվում են արտաքին տեսքի փոփոխությամբ։ Այդ շենքերը, ըստ էներգետիկ աուդիտի փորձագետ Արթուր Ծուղունյանի, ունեն նաև էներգետիկ անձնագիր, ինչն իր մեջ ամփոփում է տվյալ շենքի ջերմատեխնիկական, երկրաչափական և էներգետիկ ցուցանիշները։
«Շենքի անձնագրում ներառված են շենքի չափերը, ջեռուցվող մակերեսը, ջեռուցվող ծավալը, պատերի ջերմատեխնիկական և էներգետիկ ցուցանիշները։ Տվյալներն ամփոփված են 9 բաժնից բաղկացած աղյուսակում, որը կազմելու համար բարդ հաշվարկներ են արվում»,- ասում է Ծուղունյանը։
Ըստ մասնագետի, այդպիսի շենքերի արդյունավետությունը որոշվում է Էներգաարդյունավետության բարձրացման միջոցառումների իրականացումից առաջ և հետո շենքի միավոր մակերեսին բերված էներգակիրների պահանջարկի տարբերությամբ։
Սպիտակ քաղաքի շենքերից մեկի արտաքին տեսքը արդիականացումից առաջ և հետո
Բազմաբնակարան շենքի ջերմամեկուսացման առաջին փորձարկումն արվել էր շուրջ 10 տարի առաջ Երևանի Ավան համայնքի շենքերից մեկում։ Մեկ մուտք, 9 հարկ և 36 բնակարան ունեցող շենքը ծրագրի իրականացումից առաջ և հետո 3 տարի մշտադիտարկվել է։ Եզրակացությունը եղել է այն, որ շենքի ջերմամեկուսացումից հետո բնակիչը կարող է 58%-ով քիչ վառելիք ծախսել։ Սա հաշվարկային խնայողությունն է։
«Բնակիչներին տրվում է միջոցներ խնայելու գործիքը։ Կօգտագործի՞ այն, թե ոչ՝ կախված է իր վարքագծից։ Եթե բնակիչը վաղը մտածի՝ վայ, ինչ լավ է, տունը ջերմամեկուսացված է, փող «հետ գցեցի», կարող եմ խնայողության հաշվին տան ջերմաստիճանը 20-ի փոխարեն 25 հասցնել, կոնֆորտը կբարձրացնի՝ կրկին սպառելով իր խնայողությունը։ Եվ չի բացառվում, որ ավելի շատ սպառի, քան ջերմամեկուսացումից առաջ էր։ Բայց մենք ապահովում ենք նրա 100%-ոց հարմարավետությունը [ջերմություն+խնայողություն], ինչը համարվում է 20 աստիճանը»,- ասում է Ջալալյանը։
Սակայն, ըստ նրա, քանի որ մարդը հիմնականում տրվում է հարմարավետությանը, ջերմամեկուսացման դեպքում իրական խնայողությունը կազմում է 40-45%։
Ո՞ւմ հաշվին են ջերմամեկուսացվում շենքերը
ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության բանակցությունների արդյունքում շենքերը ջերմամեկուսացվում են մեծ մասամբ սուբվենցիոն ծրագրերի միջոցով։
«Սովորաբար սուբվենցիոն ծրագրերը պետական բալանսի վրա գտնվող շենքերին, օբյեկտներին և ենթակառուցվածքներին են վերաբերվում, օրինակ՝ մանկապարտեզի, դպրոցի վերանորոգում, ասֆալտապատում, ջրագծի անցկացում/նորոգում և այլն։ Բնակելի շենքը այնտեղ տեղ չունի։ Բայց քանի որ ջերմամեկուսացնելուց համայնքի տեսքն է բարելավվում, շենքի շահագործման ժամկետն է երկարում, համաձայնության եկանք», – ասում է Ջալալյանը։
Այսպիսով, ենթադրենք՝ սուբվենցիոն ծրագրերն իրականացնելու համար համայնքն ու պետությունը տրամադրում են գումարի 50-ական տոկոսը (մի շարք հանգամանքներով պայմանավորված՝ տոկոսային հարաբերակցությունը փոփոխվում է)։ Շենքերի ջերմամեկուսացման ծրագրերի դեպքում պետության մասնաբաժինը ավելանում է 5%-ով։ Ամբողջական ջերմամեկուսացում անելու դեպքում՝ ևս 5%-ով։ Ստացվում է 40%-ը՝ համայնքը, 60%-ը՝ պետությունը։
Համայնքը կարող է ներգրավել 3-րդ համաֆինանսավորող կողմի։ Օրինակ՝ համոզել որևէ անձի կամ կազմակերպության ներդրում ունենալ այս ծրագրում։ Եթե այդ ներդրումը 20%-ից ավելի է, ապա պետությունը վճարում է ծրագրի արժեքի 65%-ը, 3-րդ կողմը՝ 20%-ը, իսկ համայնքային բյուջեից այս ծրագրին ուղղվում է գումարի միայն 15%-ը։
Հայաստանի ջերմաարդիականացված շենքերի քարտեզը
Քարտեզի ինտերակտիվ տարբերակն այստեղ
«Այս տարի սուբվենցիոն կարգի փոփոխությունով բնակիչների վրա դրվեց ֆինանսական մասնակցության պարտավորություն։ Եթե արվում է շենքի ամբողջական ջերմամեկուսացում, բնակիչները պարտավորվում են հավաքել այդ գումարի 5%-ը, մասնակիի դեպքում՝ 10%-ը», – ասում է ծրագրի ղեկավարը։
Մասնակիի դեպքում միայն տանիքն է ջերմամեկուսացվում, թարմացվում են աստիճանավանդակները, դռներն ու լուսամուտները, բայց շինության պատերը չեն վերանորոգվում, թեպետ ծրագրի ղեկավարը կարևորում է ամբողջական մեկուսացումը՝ ասելով, որ գուցե դա թանկ, բայց կարևոր միջոցառում է, – «Խրախուսում ենք, որ արվի»։
140 շենքերի ջերմաարդիականացման արժեքը կազմել է 22․2 մլրդ ՀՀ դրամ, որից Ծրագրի կողմից համաֆինանսավորումը կազմել է 1․6 մլրդ ՀՀ դրամ կամ 7%։
Այս պահին ծրագիրը 36 ամսով երկարաձգման գործընթացում է։
Հեղինակներ՝ Արուսյակ Կապուկչյան, Սուրեն Դեհերյան
Ինֆոգրաֆիկները՝ Անուշ Բաղդասարյանի
Լուսանկարները՝ Mershenq.am կայքից
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագծի շրջանակներում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 08/06/2023