Էկոլոգիա

Հանքից հանք Հայաստան. Հանքարդյունաբերողները պատասխանատու են իրենց հասցրած վնասի համար

Մոտավոր հաշվարկներով՝ Հայաստանում կա 170 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ 613 հանքավայր, որտեղից կարելի է արդյունահանել 60 տեսակի օգտակար հանածո: Հայաստանում է աշխարհում մոլիբդենի ընդհանուր պաշարների 5.1%-ը,թեև արդյունահանվող հիմնական մետաղները պղինձն ու ոսկին են: Իսկ մոլիբդենը արդյունահանման ընդհանուր ծավալում կազմում է 1%-ից էլ քիչ:

Չնայած հանքարդյունաբերությունը ՀՀ տնտեսության կարևոր ճյուղերից է, սակայն այն զարգանում է առանց պաշարների կայուն օգտագործման երկարաժամկետ ծրագրի, հարկման, շրջակա միջավայրի պահպանության պատշաճ օրենսդրության և բնապահպանական ու սոցիալական հետևանքների գնահատման:

Հանրապետության տարածքի հազարավոր հեկտարներ ծածկված են բաց հանքերով և թափոնների պոչամբարներով: Արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը վերջին տաս տարիներին ավելացել են շուրջ տասը հազար հեկտարով կամ 30%-ով՝ 2009թ.-ի 29360 հա-ից 2018 թ.-ին դառնալով 38400 հա:

Հանքավայրերը հիմնականում կենտրոնացած են Լոռու մարզում՝ Ալավերդու և Թեղուտի, Սյունիքի մարզում՝ Կապան-Քաջարանի շրջաններում: Իսկ գործող հանքավայրեր կան գրեթե բոլոր մարզերում:

Չնայած տնտեսական օգուտներին՝ հանքարդյունաբերությունը կարող է հանգեցնել նաև երկարաժամկետ անբարենպաստ հետևանքների:

Բաց եղանակով հանքերի շահագործումը խիստ բացասաբար է ազդում ոչ միայն կենսաբազմազանության, այլև բնակչության բարեկեցության և առողջության վրա: Բաց հանքերի շահագործումն աղտոտում է հողը, ջուրը, օդը, հանգեցնում բույսերի ու կենդանիների վերացմանը տվյալ տարածքում: Իսկ բնակչության մոտ առաջացնում է հիվանդությունների սրացում, հողատարածքների մակերեսի փոքրացում, գյուղական արտադրանքի չափերի նվազում, եկամուտների անկում:

Առավել մտահոգիչ է բաց եղանակով հանքերի շահագործումն անտառային տարածքներում, որի վառ օրինակը Թեղուտում պղնձամոլիբդենային հանքի բացումն էր: Մինչ հանքի շահագործումը Թեղուտի մերձակա անտառը Հայաստանում ամենալավ պահպանվածն էր` հարուստ կենսաբազմազանությամբ:

2018թ. հունվարի դրությամբ, Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման մեկնարկից սկսած, հատվել է շուրջ 223.2 հա, տնկվել` 562 հա անտառ, որից 31 հա-ը՝ այգի: Տնկված անտառի միջին կպչողականությունը 2017թ. կազմել է 61%:

Հանքարդյունաբերական և լեռնահարստացման գործարանների մյուս տագնապալից խնդիրը պոչամբարներն են: Հանրապետության շատ շրջաններում պոչամբարների արտահոսքերից հողի և ջրի աղտոտվածությունը զգալիորեն գերազանցում է թույլատրելի չափերը:

Հայաստանում պոչամբարների շահագործման և նախագծման հետ կապված մի շարք խնդիրներ կան:

Հիմնականն այն է, որ պոչամբարները կառուցված են վերընթաց բարձրացման նախագծով, այն էլ այնպիսի սեյսմավտանգ երկրում, ինչպիսին Հայաստանն է: Իսկ միջազգային փորձն անընդունելի է համարում սեյսմավտանգ անկայուն տարածքում նման ձևով պոչամբարների կառուցումը, քանի որ փլուզման վտանգը շատ մեծ է: Վառ օրինակ է կրկին Թեղուտի հանքի պոչամբարը: Այն կառուցված է 8 բալանոց սեյսմիկ գոտում՝ վերընթաց բարձրացման նախագծով: Չնայած հատակում երեսպատված է, սակայն աղտոտող ջրերը կարող են արտահոսել վերին՝ չերեսպատված մասից և խառնվել ստորերկրյա ջրերին:

Ըստ հաշվարկների՝ 1 լիտր աղտոտված ջրի հոսքը կանգնեցնելու համար անհրաժեշտ է շուրջ 30 000-80 000 ԱՄՆ դոլար, իսկ 1 հեկտար հողը ներթափանցող ջրերից մաքրելու համար՝ 50 000-200 000 ԱՄՆ դոլար:

Մյուս կարևոր խնդիրն այն է, որ հանքարդյունահանումից հետո ապահովվի պոչամբարների փակումը: Իսկ անցյալից մնացած պոչամբարների դեպքում անհրաժեշտ է գնահատել ռիսկը և վերամշակել կուտակումները: Այս մոտեցումներից ոչ մեկն այսօր Հայաստանում չի գերակայում: Ավելին, հանքավայրի փակման և վերամշակման աշխատանքների համար 2019թ. առաջին կեսի դրությամբ շրջակա միջավայրի պահպանության դրամագլուխը կազմել է 1.7 մլրդ դրամ, որը բավարար չէ այժմ գործող առավել խոշոր պոչամբարների վերականգնման համար:

Մինչդեռ պատասխանատու հանքարդյունաբերության առաջին խնդիրը հենց թափոնների կառավարումն է: Հանքարդյունաբերության ոլորտն աշխարհում թափոնների ամենամեծ արտադրողն է՝ տարեկան 70 մլրդ տոննա։ Միաժամանակ թափոնների կառավարումը, այսինքն՝ հանքի վերականգնման աշխատանքները շատ թանկ են: Հանքարդյունաբերողներն ամեն կերպ փորձում են շրջանցել այս ոլորտում առկա պետական կարգավորումները գումար խնայելու նպատակով: Հայաստանում այս տեսանկյունից օրենսդրական դաշտը շատ ընդհանրական նորմեր է սահմանում:

Հանքարդյունաբերական թափոնների կառավարումը նաև համաշխարհային խնդիր է։

Միջազգային փորձը հիմնականում օգտագործում է «աղտոտողը վճարում է» սկզբունքը, որի համաձայն՝ աղտոտվածություն և թափոններ առաջացնողը պետք է կրի դրանց զսպման, դրանցից խուսափելու կամ նվազեցման ծախսերը։

Այս ոլորտում Հայաստանն առաջընթաց է գրանցել նրանով, որ մինչ 2016թ. ՀՀ ընդերքի մասին օրենքով, հանքարդյունաբերական թափոնների պոչամբարները կոչվում էին «տեխնածին հանքավայրեր»: Դրանք արտադրական լցակույտերի հետ միասին համարվում էին ՀՀ սեփականությունը, քանի որ այնտեղ իբր դեռևս կային օգտակար հանածոներ, որոնք պետությունը կարող էր կրկին տրամադրել շահագործման:

Մինչդեռ սա արդարացված պրակտիկա չէր այնքանով, որ ընկերությունները խուսափում էին բնապահպանական վճարներից, իսկ նրանց թողած թափոնների վերացումը կամ նույնիսկ օգտագործումը մնում էր պետության ուսերին: Այժմ Հայաստանում առկա է «աղտոտողը վճարում է» սկզբունքը, ինչը նշանակում է, որ հանքարդյունաբերողները պատասխանատու են իրենց գործողությունների արդյունքում հասցված վնասի համար։

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/09/2019