Առողջություն Տնտեսություն

Հայաստանյան դեղ ներմուծողներն ու արտադրող-արտահանողները 1000 խոշոր հարկատուների շարքում

Լուսանկարի աղբյուր՝ Liqvor.com

2022թ. հունվար-սեպտեմբեր ամիսներին 1000 խոշոր հարկ վճարողների ցանկում ընդգրկված դեղ ներմուծողների ու արտադրողների կողմից վճարված գումարները կազմել են ընդհանուր վճարած հարկերի 1,1%-ը կամ

Դեղագործության մեջ ներգրավված 17 խոշոր հարկատուների կողմից 2022-ին վճարված հարկերը 5,4%-ով կամ ավելի քան 623 մլն դրամով գերազանցել են նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ոլորտի խոշոր հարկատուների վճարած հարկերի հանրագումարը, թեև 2022-ին նրանց կազմը հիմնականում պահպանվել է այնպես, ինչպես 2021-ին էր (տե՛ս ստորև բերված գրաֆիկում)։

Հանրապետության, հատկապես մայրաքաղաքի ամենաբանուկ և առևտրի տեսանկյունից նպաստավոր վայրերում են գտնվում 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված կազմակերպությունների կողմից շահագործվող դեղատնային ցանցերը։ Սակայն, ըստ բաց աղբյուրներում առկա տվյալների, դրանց մասնաճյուղերից հնարավոր չէ գտնել մարզային մի շարք քաղաքներում, առավելևս գյուղական համայնքներում։

Հանրապետությունում գործող շուրջ 170 անուն դեղատներից ու դեղատնային ցանցերից (ընդհանուր 712 դեղատուն) 1000 խոշոր հարկատուների ցանկում ընդգրկված են հանրապետության խոշոր դեղ ներմուծող ընկերությունների կողմից շահագործվող հետևյալ 7 ցանցերը՝ «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-ը, «ԱԼՖԱ ՖԱՐՄ»-ը, «ԱՌԳՈ-ՖԱՐՄ»-ին պատկանող 36,6 դեղատների ցանցը, «ԹԵՈՖԱՐՄԱ»-ն, «ՎԱԳԱ-ՖԱՐՄ»-ը, «ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ-ին պատկանող «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ»-ը և ԴԵՄԻ ՖԱՐՄ-ին պատկանող «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ»-ը իրենց ավելի քան 470 մասնաճյուղերով, որոնց 66%-ը գտնվում է մայրաքաղաքում, իսկ 34%-ը՝ մարզային քաղաքներում ու ավաններում։ Ընդ որում մարզային բաշխվածությունը հիմնականում ապահովում են «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ»-ի, «ԱԼՖԱ ՖԱՐՄ»-ի, մասամբ նաև՝ «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ»-ի և «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ»-ի դեղատները։

Մնացած՝ խոշորների շարքում չընդգրկված կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները, այս ոլորտում իրենց գործունեությունն իրականացնում են հիմնականում մանրածախ առևտրի կանոններով՝ չունենալով ցանցային լայն հնարավորություններ, բացի մի քանիսից։ Դրանց ճնշող մեծամասնությունը՝ 92,5%-ը, կրկին կենտրոնացած է մայրաքաղաքում։ Իսկ մարզերին այս խմբի դեղատներից բաժին է հասնում ընդամենը 7,5%-ը։


Այսպիսով, հանրապետությունում գործող ընդհանուր 712 դեղատներից մարզային բնակչությանը հասանելի է 25%-ը։

Ինչ վերաբերում է հայաստանյան դեղարտադրության ծավալներին, ապա  10 տարվա կտրվածքով դրանք աճել են շուրջ 3 անգամ՝ 26.7  մլրդ դրամից հասնելով 76.1 մլրդ-ի։

Ովքեր են ոլորտի իրական շահառուները

Կազմակերպության իրական շահառուն այն անհատն է, ում սեփականության իրավունքով պատկանում են ընկերության բաժնետոմսերը (բաժնեմասը) կամ այն անհատը, ով այլ միջոցներով վերահսկում է կազմակերպությունը և դրանից շահույթ ստանում։

Այլ ընկերությունները կարող են լինել ընկերության անմիջական, իրավական սեփականատեր, բայց միայն մարդիկ կարող են լինել իրական շահառու։

Ուստի, դեղորայքի ներկրման և արտադրության մեջ վերոնշյալ խոշոր հարկատու կազմակերպությունների իրական շահառուները ևս մարդիկ են։

Օրինակ, նշված ոլորտում ամենախոշոր հարկատու՝ դեղորայքի առաջատար ներկրողներից «ՎԱԳԱ ՖԱՐՄ»-ի իրական շահառուներն ընկերության հիմնադիրներ Վահե Վարսանյանն ու Արտաշես Գրիգորյանն են՝ յուրաքանչյուրը 50-ական տոկոս մասնաբաժնով։ Ընկերությունը գրանցվել է 2000 թ․-ին և ունի ավելի քան 60 դեղատուն՝ հիմնականում Երևանում։

Դեղորայքի ներկրման շուկայի հիմնական դերակատարներից երկրորդ և երրորդ խոշոր հարկատուները «ԱԼՖԱ ՖԱՐՄ ԻՄՊՈՐՏ» ՍՊԸ-ն և «ԱԼՖԱ ՖԱՐՄ» դեղատնային ցանցն է՝ շուրջ 150 դեղատներով Երևանում և մարզերում։ Իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի համաձայն՝ երկու ընկերությունների բաժնետերերն էլ Հայաստանի քաղաքացի Ռազմիկ Հովհաննիսյանն ու Բուլղարիայի քաղաքացի Տոդոր Դոտչևն են, համապատասխանաբար 35,5% և 28,9% մասնաբաժիններով։ Մնացած 35,6%-ի  բաժնետերերը հայտնի չեն։

«ԱՌԳՈ ՖԱՐՄ» դեղորայք ներկրող ընկերությունը, որը վճարված հարկերի ծավալով չորրորդն է, 50-ական տոկոս մասնաբաժիններով պատկանում է Արմեն Տիգրանյանին և Գուրգեն Ասրիյանին։ Այս ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է շուրջ 139.5 մլն դրամ։ Վերջիններս 33-ական տոկոս բաժնեմասերով հանդիսանում են նաև «Ռիթմ ֆարմ» ընկերության բաժնետերեր, մնացած 34%-ը պատկանում է Եսթեր Ասրիյանին, ով հավանաբար փոխկապակցված անձ է Գուրգեն Ասրիյանի հետ։

«Նատալի գրուպ»-ի մաս կազմող դեղորայքի խոշոր ներկրողներից «ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ ԴԵՂԱՏՈՒՆ» ՍՊԸ-ն, որը Հայաստանի խոշորագույն դեղատնային ցանցերից մեկն է՝ իր 99 դեղատներով Երևանում և մարզերում, ոլորտի հարկատուների ցանկում յոթերորդն է։ «Նատալի ֆարմ» դեղատների ցանցը գործում է շուրջ 20 տարի։ Ցանցի տնօրենը Արման Ասատրյանն է, իսկ իրական շահառուն՝ 100% մասնաբաժնով, գործարար Սամվել Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

«ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» Հ/Ձ, «ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» և «ԴԵՄԻ ՖԱՐՄ» ՍՊ ընկերությունները նույնպես, լինելով դեղորայք ներկրողներ, հանդիսանում են նաև դեղատների ցանցերի սեփականատերեր։

«ՌԻԽՏԵՐ-ԼԱՄԲՐՈՆ» համատեղ ձեռնարկությունը, հիմնադրված 1994 թ.-ին, Հայաստանի դեղագործական շուկայում ամենահին մատակարարներից է:  Ստեղծվել է հայաստանյան «Լամբրոն-Ֆարմիմպէքս» ՍՊԸ մասնավոր ընկերության և հունգարական «Գեդեոն Ռիխտեր» դեղագործական ընկերության կողմից: Ընկերության խոշոր բաժնետերը՝ 51% մասնաբաժնով, Հունգարիայում գրանցված «ԳԵՆԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» ԲԲԸ-ն է, մնացած 49%-ը՝ 9,8-ական տոկոս բաժնեմասերով, պատկանում է Հայաստանի քաղաքացիություն ունեցող 5 տարբեր անձանց: Ընկերության կանոնադրական կապիտալը 51 մլն դրամ է։ Ընկերությանն է պատկանում նաև 50-ից ավելի մասնաճյուղերով «ԳԵԴԵՈՆ ՌԻԽՏԵՐ» դեղատների ցանցը։

«ԹԵՈՖԱՐՄԱ ԻՄՊՈՐՏ» -ի 100% բաժնետեր է համարվում Վահրամ Մակինյանը։ Նրա վերահսկողության ներքո է գտնվում նաև «ԹԵՈՖԱՐՄԱ» դեղատների ցանցը 60 դեղատներով։

«ԴԵՄԻ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն, ըստ պետռեգիստրի տվյալների, 100% մասնաբաժնով պատկանում է Լևոն Մխիթարյանին։ Ընկերությանն է պատկանում նաև «ԷՄԻԼԻ ՖԱՐՄ» դեղատների ցանցը։

Նշված ընկերությունների շարքում «ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ-ն և «ԳԻԳԱ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն բացի ՀՀ-ում դեղորայքի մեծածախ իրացում իրականացնելուց, զբաղվում են նաև դրանց արտադրությամբ և արտահանմամբ։

«ՖԱՐՄԱՏԵՔ» ՓԲԸ-ն ՀՀ-ում հիմնադրված արտերկրյա դեղարտադրող ընկերություն է և մասնագիտացված է հիմնականում 64 տեսակի ներերակային լուծույթների և 5 տեսակի  աչքի կաթիլների  արտադրության մեջ, որոնց արտադրությունը սկսվել է 2005 թ. մարտին: Ընկերության կողմից ներկայացված ապրանքատեսակը տարածում ունի Ռուսաստանում, Վրաստանում և Թուրքմենստանում: Ընկերության բաժնետեր է Վաչե Մանուկյանը, ում մասնաբաժինը նշված չէ, թեև ըստ տարբեր աղբյուրների նա ընկերության 100%  բաժնետեր է  հանդիսանում։

Վաչե Մանուկյանը 29,7% մասնաբաժին ունի նաև դեղորայք ներկրող «ԱՐՖԱՐՄԱՑԻԱ» ՓԲԸ-ում, որի մեկ այլ բաժնետեր է նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի մայրը՝ Մարգուշ Վարդանյանը՝ 31% մասնաբաժնով։

«ԳԻԳԱ ՖԱՐՄ» ՍՊԸ-ն հանդիսանում է դեղամիջոցների, սննդային հավելումների և բժշկական պարագաների արտադրող, արտահանող և ներմուծող: Նրա կանոնադրական կապիտալը 100 մլն դրամ է, բաժնետերերն են՝ Արմեն Մանուկյանը և Գրիգոր Աբրահամյանը, համապատասխանաբար 80% և 20% մասնաբաժիններով։


Կարդացեք նաև․ Դեղ ներկրելու ճանապարհները փակ են օրենսդրությամբ


Ինչ վերաբերում է դեղարտադրող/արտահանողներին, ապա այստեղ առաջատարներից են «ԼԻԿՎՈՐ» ՓԲԸ-ն,  «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ն և «ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» ԲԲԸ-ն։

«ԼԻԿՎՈՐ» ընկերության արտահանման գործունեությունը սկսվել է 1999 թ․-ից։ Հայաստանից արտահանվող դեղերի ծավալով «ԼԻԿՎՈՐ»-ն առաջատարն է՝ 40% -ից ավելի մասնաբաժնով:

Ընկերությունում արտադրվում է 60 անուն դեղորայք՝ հիմնականում ներերակային, ներմկանային, ներարկման և ակնաբուժական հեղուկ ստերիլ դեղամիջոցներ: Այն իր արտադրանքի 70%-ից ավելին արտահանում է Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի և Մերձավոր Արևելքի երկրներ:

Ըստ ԻՇ վերաբերյալ հայտարարագրի՝ «ԼԻԿՎՈՐ» ընկերության 100% բաժնետեր է Սարգիս Մաթևոսյանը, մինչդեռ ըստ ՀՀ Ֆինանսների նախարարության  գնումների համակարգում տեղ գտած իրական սեփականատերերի մասին հայտարարության՝ որպես նույն ընկերության բաժնետերեր ներկայացվել են նաև Հովհաննես Ղազարյանն ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը։

Արտադրող-արտահանողների եռյակի երկրորդ հորիզոնականում 2004թ․ հիմնադրված «ԱՐՓԻՄԵԴ» ՍՊԸ-ն է, որի արտադրանքը ներառում է ավելի քան 150 տեսակ արտադրանք, որոնք կիրառվում են բժշկության տարբեր ոլորտներում, և դրանց 65%-ն ընդգրկված են ՀՀ հիմնական դեղերի ցանկում։ Ընկերության արտադրանքն արտահանվում է Բելառուս, Վրաստան, ՈՒկրաինա, ՈՒզբեկստան, Ղրղզստան, Ղազախստան, Եմեն:

«ԱՐՓԻՄԵԴ»-ի կանոնադրական կապիտալը կազմում է  1 մլրդ դրամ։ Մինչև 2022թ․ կեսերը ընկերության 100% բաժնետեր է եղել Վաչագան Ջանիբեկի Ղազարյանը։ Հունիսի 20-ից սկսած՝ ընկերությունում ավելացել է 3% մասնաբաժնով նոր բաժնետեր՝ Արտակ Գագիկի Հարությունյանը (ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի որդին)։

«ԵՐԵՎԱՆԻ ՔԻՄԻԱ ԴԵՂԱԳՈՐԾԱԿԱՆ ՖԻՐՄԱ» ԲԲԸ-ն, նախկին «Երևանի քիմիա-դեղագործական գործարանը», հիմնադրվել է 1967թ.-ին:

1995թ. ապրիլի 23-ին ՀՀ կառավարության որոշմամբ գործարանը վերակազմավորվել է Բաց Բաժնետիրական Ընկերության և մտել «ՄՈՒԼՏԻ ԳՐՈՒՊ» կոնցեռնի կազմի մեջ, որի իրական սեփականատերերն են Գագիկ Ծառուկյանը և Նվեր Ծառուկյանը, 65,8% և 34,2% մասնաբաժիններով։

Ֆիրմայի կողմից արտադրված ինյեկցիոն պրեպարատների 70%-ն իրացվում է ՌԴ-ում և Ուզբեկստանում, իսկ գալենային արտադրության պրեպարատները 100%-ով իրացվում են Հայաստանի Հանրապետությունում և Արցախում:

Ըստ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրերի ուսումնասիրության, 2022թ․-ի դեկտեմբեր ամսվա դրությամբ, դեղորայքի ներկրման և արտադրության/արտահանման ոլորտի 16 խոշոր հարկատուներից 8-ը հայտարարագիր չեն ներկայացրել։

Հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Գրաֆիկները՝ հեղինակի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 14/12/2022