Խմբագրի կողմից․ Երևանի գրեթե բոլոր համայնքներում ընթացող ակտիվ բնակարանաշինությունը բազմաթիվ անհարմարություններ է պատճառում քաղաքի բնակիչներին։ Շինարարական փոշին երևանցիների առօրյայի անբաժանելի մասն է դարձել` անցնելով թույլատրելի սահմանները։ Շինարարությանը զուգահեռ՝ մայթերով և փողոցներով անց են կացվում հավելյալ ենթակառուցվածքներ՝ գազի, ջրի, կոյուղու խողովակներ, հոսանքի մալուխներ, իսկ ավարտից հետո բավարար որակով չեն վերականգնվում։ Սրա պատճառով քաղաքի բազմաթիվ փողոցներում ավելանում են կարկատանները, որոնք կարճ ժամանակ անց վերածվում են փոսերի՝ վթարային իրավիճակներ ստեղծելով վարորդների համար։
Սակայն սրանք ամենափոքր և, գուցե, ժամանակավոր խնդիրներն են, որ առաջացնում է Երևանի լայնամասշտաբ բնակարաշինությունը։ Շատ ավելի մտահոգիչ են երևանակենտրոն շինարարության անվտանգային հետևանքները հանրապետության համար։
«Ամփոփ Մեդիան» հրապարակում է Կարինե Դարբինյանի երեք մասից բաղկացած «Երկրակեր երկնաքեր Երևան» լրագրողական նախագիծը Երևանի բնակարանաշինության և դրա հետևանքով հասունացող ու մարդու անվտանգությանը սպառնացող վտանգների մասին՝ ժողովրդագրական, սեյսմիկ, պարենային, բնապահպանական և այլն։ Առաջին մասը նվիրվում է վերջին տարիներին բնակելի անշարժ գույքի շուկայում տեղ գտած փոփոխություններին և դրանց ազդեցությանը ժողովրդագրական ցուցանիշների վրա։
Իրավիճակ
2015թ-ից գործող «Եկամտահարկի հետվերադարձի օրենքը» կարճ ժամանակում իր ազդեցությունն ունեցավ Երևանում բնակարանաշինության ակտիվացման վրա։ Ըստ այս օրենքի՝ նորակառույց շենքում հենց կառուցապատողից բնակարան գնելու դեպքում հնարավոր է հիփոթեքի տոկոսները վճարել աշխատավարձից պահվող եկամտահարկի հաշվին։
Օրենսդրական այս նախաձեռնության մեկնարկը տրվել է դեռևս 2010թ-ի կեսերին՝ տնտեսությունը շինարարության միջոցով աշխուժացնելու նպատակով։ Թեև օրենքը գործում էր հանրապետության ողջ տարածքում, գործնականում այն մեծ կիրառում գտավ հիմնականում Երևանում, քանի որ բնակելի շենքերի կառուցապատումը կենտրոնացել էր հենց մայրաքաղաքում։
Առաջարկը կար, մայրաքաղաքում եկամտահարկի հաշվին տուն ունենալու պահանջարկն էլ շատ արագ ձևավորվեց, իսկ բնակարանների գները կայուն աճում էին՝ մինչև 2020թ-ի երկու ճգնաժամերը։ COVID-19-ի և Արցախյան 2-րդ պատերազմի հետևանքով անշարժ գույքի շուկայում սկսեց գների նվազում նկատվել, ինչը սակայն երկար չտևեց։
Արցախյան 2-րդ պատերազմի, այնուհետև 2021 և 2022 թթ․-ի տարբեր ժամանակահատվածներում Հայաստանի սահմանին Ադրբեջանի կողմից տեղի ունեցած ռազմական ներխուժումների հետևանքով Արցախից, Սյունիքից, Գեղարքունիքից և Վայոց Ձորից զգալի միգրացիոն հոսքեր սկսեցին դեպի Երևան և հարակից մարզեր։ Ներքին հոսքերին ավելացավ նաև ՌԴ քաղաքացիների հոսքը՝ 2022թ-ի փետրվարին Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման, իսկ սեպտեմբերին՝ մասնակի մոբիլիզացիայի հետևանքով։
Հազարավոր ՌԴ քաղաքացիներ, դեմ լինելով Կրեմլի գործողություններին և չցանկանալով մաս կազմել երկրում հայտարարված մոբիլիզացիային, արագ որոշման արդյունքում անորոշ ժամանակով հայտնվեցին Հայաստանում։ Արդյունքում, ՀՀ սահմանը հատած ՌԴ քաղաքացիների թիվը մինչքովիդային 2019-ի համեմատ աճեց 32%-ով, իսկ դրական սալդոն՝ ավելի քան 5 անգամ։
2022թ․-ին Հայաստան ժամանած 1 մլն 130 հազար ՌԴ քաղաքացիներից ավելի քան 65 հազարը մնացին Հայաստանում։ Համեմատության համար նշենք, որ Սյունիքի մարզի Կապան և Գորիս քաղաքները միասին 61 հազար բնակիչ ունեն։
Այս ֆոնին բնակարանների վարձավճարներն ու գները բազմապատկվեցին՝ մասնավորապես Երևանում։ Եթե 2019-2021 թթ-ին դրանք աճում կամ նվազում էին համաչափ, ապա 2022-ի մարտ ամսից վարձով բնակարանների պահանջարկն այնքան մեծացավ, որ պահանջարկի և առաջարկի միջև խզում առաջացավ, և յուրաքանչյուր ամիս վարձերը սկսեցին աճել թռիչքաձև։
Սակայն ընթացիկ տարվա փետրվարից արդեն՝ դրանք նվազում են։ Այս տարվա մայիսի ցուցանիշը, օրինակ, ավելի ցածր է քան 2022-ի հունիսինը (տե՛ս ստորև՝ գծապատկերը)։ Նվազման պատճառը հավանաբար ՌԴ քաղաքացիների ներհոսքի նվազումն է։
Ինչ վերաբերում է բնակարանների վաճառքին, ապա ՌԴ քաղաքացիների հոսքերը նաև խթան հանդիսացան, որ անշարժ գույքի շուկայում կրկին ակտիվանան բնակարանների առքուվաճառքի գործարքները։ Այս ակտիվացումը նոր թափ հաղորդեց բնակարանաշինությանը Երևանում։ Եվ եթե վարձավճարները նվազել են, ապա վաճառքի գները, հակառակը, 2021-ի հունվարի համեմատ ընթացիկ տարվա նույն ամսվա դրությամբ միջինում աճել են ավելի քան 20%-ով։
Երևանակենտրոն բնակարանաշինությունը փորձելով տեղափոխել մարզեր՝ 2021թ-ի նոյեմբերին Ազգային ժողովը փոփոխություն կատարեց նշված օրենքում՝ համաձայն որի մինչև 2025թ․ հունվարի 1-ը եկամտահարկի հետվերադարձի համակարգը պետք է աստիճանաբար դուրս բերվի Երևանից, որից հետո այն այլևս չի գործի մայրաքաղաքի ոչ մի տարածքում։
Այսպիսի որոշման արտացոլանքն ակնհայտ է վերջին հինգ տարիներին Երևանում և մարզերում գործարկված նորակառույց բնակելի շենքերի ընդհանուր մակերեսը պատկերող գրաֆիկներում։ Եթե 2018թ-ին երկրում իրականացվող ընդհանուր բնակարանաշինության 77%-ն էր կենտրոնացած Երևանում, ապա օրենքի փոփոխությունից հետո դրա մի զգալի հատված տեղափոխվեց Երևանի հարևան մարզեր՝ Արարատ և հատկապես Կոտայք։
Այլ կերպ ասած՝ անշարժ գույքի շուկան այստեղ ևս լուծում գտավ՝ Երևանից դուրս, բայց Երևանի մուտքին։
Հաշվի առնելով Երևանի համար եկամտահարկի հետվերադարձի օրենքի վերջնաժամկետները՝ կառուցապատողները, ի թիվս մի շարք չափորոշիչների՝ շենքերի սեյսմակայունություն, ջերմամեկուսիչ համակարգեր և այլն, շտապում են գնորդներին հրապուրել նաև եկամտահարկի հետվերադարձի հնարավորությամբ (կառուցապատողների հայտարարությունները՝ պատկերներում)։
Ժողովրդագրության խախտված համակարգը
Հայաստանում տարաբնակեցման համակարգը լրջորեն խախտված է։ Մայրաքաղաք Երևանն ու հարակից բնակավայրերը բավականին խիտ են բնակեցված, իսկ գյուղական բնակավայրերը դատարկվում են։
Ժողովրդագիր Արտակ Մարկոսյանն այն համոզմունքին է, որ մարդկանց իրենց բնակավայրերում՝ մասնավորապես սահմանամերձ գյուղերում պահելու համար պետությունը, նախ և առաջ, ահռելի աշխատանք պետք է անի անվտանգային միջավայրը բարելավելու համար։ Դրանից հետո արդեն անհրաժեշտ կլինի սոցիալական լուրջ երաշխիքների ստեղծմամբ զբաղվել։
2022-ի տվյալներով՝ Հայաստանի Հանրապետությունում բնակչության մեկ երրորդից ավելին՝ շուրջ 37%-ը, գրանցված է մայրաքաղաքում։ Նախորդ տասը տարիների ընթացքում Երևանի բնակչության թիվը ավելացել է 3%-ով կամ շուրջ 32000 բնակչով։ Զուգահեռաբար բոլոր մարզերում անխտիր՝ բնակչության թիվը կրճատվել է, միջինում՝ 5%-ով։ Ամենաշատ նվազումը գրանցվել է Լոռու, Վայոց Ձորի և Շիրակի մարզերում։
«Արտագաղթը նոր երևույթ չէ․ այն սկսվել է 1970-ականներից և առ այսօր շարունակվում է։ Ուղղակի, եթե նախկինում հիմնական պատճառը սոցիալ-տնտեսականն էր, հիմա անվտանգայինն էլ է ավելացել։ Մարդկանց ներկա դրությամբ ամենաշատն անվտանգային միջավայրի վատթարացումն է անհանգստացնում»,- նկատում է ժողովրդագիրը։
2021թ․ իրականացված հետազոտությունը փաստում է, որ 2020թ․ պատերազմից հետո Սյունիքում և Տավուշում բնակիչներին անհանգստացնող հիմնական խնդիրը խաթարված անվտանգային միջավայրն է։ Դա ուղղակիորեն առաջացրել է նաև սոցիալական լուրջ խնդիրներ։
Նվազում է մարզերի ոչ միայն գյուղական, այլ նաև քաղաքային բնակավայրերի բնակչության թիվը։ Այս մասին էլ վկայում են ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի տվյալները։ Տեսանելի բացառություն է միայն Աբովյան քաղաքը, որի բնակչությունն աճել է։ Կան նաև փոքր քաղաքներ, որոնց բնակչությունը համարյա չի փոխվել։
Միայն մայրաքաղաքում բնակարանաշինության կենտրոնացումը խորացնում է երկրի մյուս բնակավայրերի համեմատ արդեն իսկ առկա անհամաչափ զարգացումը։
Սրա պատճառով մարզերը, հատկապես Ադրբեջանին սահմանակից, կարող են աստիճանաբար դատարկվել, մինչդեռ մայրաքաղաքը կդառնա ավելի անհարմար և խիտ բնակեցված՝ հանգեցնելով երկրի համար մարդու անվտանգությանը սպառնացող լրջագույն խնդիրների՝ սեյսմիկ անվտանգությունից մինչև տնտեսական, բնապահպանական, ժողովրդագրական և սահմանային։
«Ագրեսիվ ձևով բարձրահարկ շենքերը մխրճվում են միմյանց մեջ՝ քաոսային իրավիճակ ստեղծելով, ու պատկան մարմինները չեն կարողանում վերահսկել պրոցեսը։ Շինարարությունը շոգեքարշի նման է՝ բյուջեն լցնում է փողով, այդ իսկ պատճառով սկզբունքայնությունն ու կամքը տեղի են տալիս փողի գայթակղությանը», – ասում է ճարտարապետ Ալբերտ Զուրաբյանը, «Զաարտ» ճարտարապետական արվեստանոցի հիմնադիրը։
Շարունակությունը հետևյալ հղումներով
- Մաս 2-րդ․ Խախտումն իշխանությունից է սկսվում
- Մաս 3-րդ․ Նորակառույցների սեյսմիկ և էկոլոգիական վտանգները
Նախագծի և նյութի հեղինակ՝ Կարինե Դարբինյան
Ստեղծագործական թիմի անդամներ՝
Դիզայնը՝ Անուշ Բաղդասարյանի
Տվյալների մշակումն ու գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի և Գարիկ Հարությունյանի
Հարցազրուցները Լիլիթ Պողոսյանի
Սույն հոդվածը պատրաստվել է «Երևանում բնակարանաշինության կապը ուկրաինական և արցախյան պատերազմների հետևանքով առաջացած միգրացիոն հոսքերի հետ» ծրագրի շրջանակներում, որին աջակցում է Forset Data Communication Fellowship ծրագիրը։
This story has been created as part of the project titled “The Link Between Housing Construction in Yerevan and Forced Migration Caused by the NK and Ukrainian Wars” which is supported by the ForSet Data Communication Fellowship Program.
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 24/06/2023