Միջազգային

Անին Նորվեգիայից․ Վերահսկողությունը շուտ սկսվել է և շուտ էլ ավարտվել

«Ամփոփ Մեդիա»-ի «Հայացք ներսից» շարքի հաջորդ պատմությունը Նորվեգիայի մասին է, որը ներկայացնում ենք Անի Նազարյանի օգնությամբ։

30-ամյա Անին Վրաստանի Հանրային կապերի ինստիտուտի ուսանող է։ Նա այն 4 ուսանողներից մեկն էր, որին հնարավորություն էր տրվել փոխանակման ծրագրով մեկնել Նորվեգիա՝ գլոբալ լրագրություն սովորելու։ Հունվարի 2-ից Անին գտնվում էր Քրիստիանսում` Նորվեգիայի հարավային, իր մեծությամբ երկրորդ քաղաքում։

Կորոնավիրուսը Նորվեգիայի սահմանը հատել է փետրվարի վերջին։ Առաջին դեպքերը գրանցվել էին մայրաքաղաք Օսլոյում։

Իրավիճակը՝ Նորվեգիայում

Մոտ 5,5 մլն բնակչություն ունեցող Նորվեգիայում հուլիսի 18-ի  դրությամբ հաստատվել է վարակի 9028 դեպք, որից 255-ը՝ մահվան ելքով։ Ներկայումս կա 635 փաստացի բուժվող։ Պիկային շրջան համարվել է մարտ ամիսը՝ օրական մոտ 400 դեպքով։ Իսկ վերջին օրերին դեպքերը 3-15-ի միջև են տատանվում։ Նորվեգիան կորոնավիրուսը հաղթահարող երկրների շարքում լավագույն օրինակներից է համարվում։

Loading...

Loading…

Վերջին դասը, հիշում է Անին, համալսարանում մարտի 13-ին էր։ Մարտի սկզբին, նախազգուշական միջոցառումների և իրազեկման աշխատանքներին զուգահեռ, ուսանողներին արդեն տեղեկացրել էին, որ ուսուցումը շուտով կլինի հեռավար։

Մարտի 14-ին, սակայն, Անին և կուրսեցիները նամակ են ստանում հորդորով՝ վերադառնալ հայրենի երկրներ, քանի դեռ սահմանները չեն փակվել և կան թռիչքներ։

«Մեր կուրսը, որտեղ կային ուսանողներ Եթովպիայից, Գանայից, Հյուգանդայից, Իրանից, Բանգլադեշից, Հարավային Կորեայից, Վրաստանից, որոշում կայացրեց՝ մնալ և նամակով տեղեկացրինք ղեկավարությանը։ Անձամբ ինձ հայաստանյան նորությունները վախ էին առաջացնում։ Ես Էջմիածնից եմ և այդ ժամանակ դեպքերի կիզակետում հենց իմ քաղաքն էր։ Բացի այդ, ես չգիտեի, թե ինչպես պետք է ճամփորդեմ, որ չվարակվեմ և ինքս վարակի աղբյուր չդառնամ»,- նշում է ուսանողուհին։

Անին բնակվում էր հանրակացարանում, որտեղ խոհանոցն ընդհանուր էր, սակայն ուսանողները պահպանում էին բոլոր կանոնները՝ մնալով առանձին սենյակներում՝ շփումը հասցնելով նվազագույնի։

Հեռավար ուսուցման որակից Անին գոհ է, գործել է հստակ գրաֆիկ, ուսանողներն ապահովված են եղել անհրաժեշտ գրականությամբ և նյութերով։ Միակ բացասականը՝ մարդկային շփման բացակայությունն է եղել․ «Անգամ այդ պայմաններում համակարգողը մշտապես կապի մեջ էր ուսանողների հետ և պարբերաբար տեղեկատվություն էր մատուցում նաև երկրում տիրող իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև հորդորում էր՝ շարունակել հետևել կանոններին»։

Նորվեգիայում արտակարգ դրությունը հայտարարվեց մարտից 16-ին և տևել է մոտ 1 ամիս։ Այդ ընթացքում փակ են եղել ուսումնական հաստատությունները, սրճարանները, ռեստորանները, գործել են միայն խանութները։ Տրանսպորտն աշխատել է, բայց հաճախ եղել է դատարկ, քանի որ քչերն էին այդ օրերին տանից դուրս գալիս։ Չնայած տանից դուրս գալու արգելք չի եղել, ձևաթուղթ լրացնելու կարիք՝ ևս։

Դիմակ դնելու պարտադիր պահանջ Նորվեգիայում նույնպես չի եղել․ «Ես որևէ մեկին դրսում դիմակով չեմ տեսել: Բայց աշխարհի ու մասնավորապես հայաստանյան իրադարձությունների ազդեցությամբ մշտապես շարֆով էի շրջում, ձեռնոց դնում։ Իրականում ես զգուշավոր եմ և հատուկ դիմակ գնելու համար 2 անգամ դեղատուն եմ գնացել, սակայն դիմակ չի եղել»։

Ինչպես Անին է նշում` այն ժամանակ, երբ Հայաստանում նոր սահմանափակումներ էին մտցվում, Նորվեգիան արդեն հաղթահարում էր դժվար օրերը, նույնիսկ, չի վախենում ասել, անցնում բնականոն կյանքին։

«Ամեն ինչի հանդեպ վերահսկողությունը սկսվել է շուտ և շուտ էլ ավարտվել է, անգամ տուգանքների անհրաժեշտություն չի եղել»,- ընդգծում է նա։

Իր տպավորությամբ մարդիկ առանձնապես վախեցած չէին, խուճապ չկար, բայց զգուշավոր էին, պահպանում էին սոցիալական հեռավորությունն ու հիգիենայի կանոնները։ Կարգապահ և օրինապաշտ վարքագծից զատ Անին մեկ գործոն էլ է առանձնացնում, որն օգնեց Նորվեգիային COVID19-ի դեմ պայքարում՝ չկար սոցիալական անապահովության խնդիր։

«Ովքեր հարկադիր պարապուրդի էին մատնվել, չէին աշխատում, պետությունից օգնություն էին ստանում, որը նրանց ապահովում էր այնքանով, որ նորմալ ապրեին։ Բացի այդ, ստանում էին սահմանված աշխատավարձի 60%-ը»,-ասում է նա։

Անին իր համակուրսեցիների հետ

Եթե չլիներ COVID-19 համաճարակը, ապա հունիսի 15-ին Անին արդեն պետք է վերադառնար Հայաստան։ Նորվեգիայում ժամանակավոր բնակվել կարող է մինչև սեպտեմբեր, սակայն հունիսի 15-ից ստիպված է ինքնուրույն հոգալ կեցության ծախսերը։ Իսկ Հայաստան վերադառնալը, սահմանափակ թռիչքների պարագայում, եթե ոչ անհնար, գոնե բարդ և թանկ է։

«Իսպանիան հայտարարել էր, որ հուլիսի 1-ից սահմանները բաց են զբոսաշրջիկների առաջ։ Քանի որ Իսպանիայում հարազատներ ունեի, որոշեցի ժամանակավորապես տեղափոխվել նրանց մոտ»,-պատմում է Անին։

Սակայն պարզվեց դա այնքան էլ հեշտ չէ։ Անին սկսեց հետաքրքրվել դեսպանատներից, ԱԳՆ-ներից, թե արդյոք կարող է ՀՀ քաղաքացի լինելով, սակայն Նորվեգիայի կացության թղթով Իսպանիա մեկնել։

«Սկզբում ասացին՝ այո, սակայն խանգարեց ԵՄ-ի սահմանած ցուցակը, որի համաձայն՝ ՀՀ քաղաքացիները չեն կարող Եվրամիության տարածք մուտք գործել։ Բայց, ի վերջո, դժվարություններ հաղթահարելով, հատուկ ձևաթուղթ լրացնելով կարողացա գալ Իսպանիա»,- պատմում է Անին։

Քանի որ մեկ ամիս առաջ «Ամփոփ Մեդիան» անդրադարձել էր նաև Իսպանիային, Անիից ճշտեցինք ներկայիս իրավիճակը։ Անին նշեց, որ Իսպանիայում հաստատությունները և մարդիկ փորձում են վերադառնալ բնականոն կյանքին՝ պահպանելով բոլոր կանոնները։ Իսպանիայում շրջում են դիմակներով, դնում ձեռնոցներ։

Հայացք դեպի Հայաստան

«Երբ տեսնում եմ, որ մարդիկ չեն հավատում, ժխտում են իրականությունը, չեն ենթարկվում կանոններին, շատ մեծ ցավ եմ ապրում։ Ժխտելով մարդը սկսում է արդարացնել դիմակ չդնելն ու կանոններին չհետևելը։ Անգամ, եթե չենք հավատում, պետք է հետևենք օրենքին, որը սահմանվել է» ,-ասում է Անին։

Նա հիշեցնում է, որ իրականությունը սթափ չգնահատելու և կանոններին չհետևելու արդյունքում Հայաստանի սահմանները մնում են փակ, ու նույնիսկ եթե բաց լինեին՝ բազմաթիվ երկրներն փակել են իրենց դռները ՀՀ քաղաքացիների առաջ՝ կորոնավիրուսային ներկայիս ցուցանիշների պատճառով։

Իսկ արդյունքում՝ արտասահմանյան բուհեր դժվարությամբ ընդունված ՀՀ քաղաքացիները զրկվել են կրթության իրավունքից, ճամփորդել հնարավոր չէ, և ամենակարևորը՝ բազմաթիվ մարդիկ ամիսներով չեն կարողանում վերադառնալ տուն, ինչպես ինքը՝ Անին։

Զրուցեց Գայանե Մելիքյանը

Լուսանկարները՝ Անի Նազարյանի անձնական արխիվից

Այս թեմայով այլ նյութեր

  • Քրիստինեն՝ Ֆրանսիայից․ սահմանվել էր կարգ, որին հետևել են բոլորը
  • Լենան՝ Իսպանիայից․ Մադրիդն ու Բարսելոնան քաղաք-ուրվականների էին վերածվել
  • Պորտուգալիայում մեկոսացած․«Ծնողներս անհանգստանում են, բայց նաև գիտակցում են, որ բժիշկ եմ»
  • Հայ ուսանողուհին՝ Շվեյցարիայից․ Կառավարության հորդորից հետո այլևս մարդ չկար փողոցներում
  • Տաթևը՝ Գերմանիայից․ Լավ է մեկ ամիս տանը մնալ, քան՝ վարակի աղբյուր դառնալ

#COVID19 #հայացքներսից 

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 18/07/2020