Առողջություն Տնտեսություն

Եկավ նաև Pfizer-ը․ որքան գումար է ծախսել Հայաստանը պատվաստանյութերի վրա

Հայաստան է մատակարարվել Pfizer պատվաստանյութի առաջին խմբաքանակը (100,620 դեղաչափ), որի մուտքը Հայաստան սպասվում էր դեռ նախորդ տարվա սեպտեմբերից։

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստանյութն առայժմ բաշխվում է, ինչից հետո հասանելի կլինի պոլիկլինիկաներում և պատվաստման շարժական կետերում։

Pfizer պատվաստանյութը Հայաստան է բերվել նախարարության և արտադրողի միջև կնքված պայմանագրով, ենթադրաբար՝ շուկայական գներով։ Սա կարևոր է, քանի որ մինչ այս Հայաստանի ներկրած «արևմտյան» պատվաստանյութերը ձեռք են բերվել նվիրատվությունների կամ այլ արտոնյալ ռեժիմներով (օրինակ, Covax նախաձեռնության միջոցով)։

Առհասարակ աշխարհում պատվաստանյութերի միասնական գներ չկան։ Մեկ կոնկրետ պատվաստանյութ այս կամ այն երկրին, այս կամ այն ժամանակաշրջանում կարող է վաճառվել տարբեր գներով։ Միջինացված արդյունքներով՝ համարվում է, որ ավելի թանկ են հենց Pfizer և Moderna պատվաստանյութերը։

Մինչև հիմա Հայաստան ներկրվել է 6-7 տեսակի պատվաստանյութ, այդ թվում՝ նշված երկուսը։ Գրաֆիկում ներկայացված են բոլոր տեսակի պատվաստանյութերի՝ Հայաստան մատակարարումները։ Ի դեպ, նույնիսկ նույն պատվաստանյութի տարբեր մատակարարումներ իրականացվել են տարբեր գներով։ Գրաֆիկում որքան մեծ է շրջանակը, այնքան թանկ է եղել մատակարարումը մեկ դեղաչափի հաշվարկով։

Pfizer պատվաստանյութի ներկրումը չհաշված՝ մինչև հիմա պատվաստանյութերի գնման համար Հայաստանը ծախսել է ավելի քան 5 մլրդ 936 միլիոն դրամ, Հայաստան տեղափոխման համար՝ ևս 238 մլն դրամ։

Եղել են դեպքեր, երբ պատվաստանյութերի ձեռքբերման ժամանակ Հայաստանը վճարել է և՛ պատվաստանյութի գինը, և՛ մատակարարման ծախսը։ Որոշ դեպքերում տրանպորտային ծախսեր չեն եղել, երբեմն էլ առհասարակ ծախս չի արվել Հայաստանի կողմից։

Այն դեպքերում, երբ Հայաստանը վճարել է, ամենաէժանը եղել են չինական Sinopharm պատվաստանյութերը, որոնք գնալով ավելի են էժանացել։ Դրանով էլ, ենթադրաբար, պայմանավորված է այն, որ Հայաստանը ամենաշատը հենց այս պատվաստանյութն է գնել։ Մյուսները ստացել է բարեգործությամբ՝ Covax նախաձեռնության միջոցով և այլն։

Pfizer-ի ժամանումը ներառյալ՝ Հայաստան ներկրվել է 3,243,379 դեղաչափ պատվաստանյութ։ Դրանցից 1,200,000-ը բաժին է ընկնում հենց Sinopharm պատվաստանյութին։

Հայտնի է, որ այս պատվաստանյութերի մի մասով պատվաստվել են օտարերկրացիները, հատկապես հայտնի է իրանցիների դեպքը, որոնք հերթ էին կանգնում Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, իրենց բաժին անվճար պատվաստումը ստանալու համար։

Թե քանի օտարերկրացի է Հայաստանում պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնի չէ։ Սակայն խոսուն են ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացրած տվյալները Իրանից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների մասին։ Եթե 2020 թ․ նրանց թիվը եղել է շուրջ 18 հազար, ապա 2021 թ․ այդ թիվն անցել է 90 հազարը։

Մեկ տարվա ընթացքում Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թվում իրանցիների կշիռը կրկնապատվել է։ Նրանց զգալի մասը, ակնհայտ է, Հայաստան են եկել պատվաստվելու։

Ինչ վերաբերում է առհասարակ հայաստանցիների պատվաստումներին՝ դրանց տեմպը նվազել է։ Մինչ այս պատվաստումների համար սահմանափակող-պարտադրող միջոցներ են եղել․

  • հոկտեմբերին «կամ պատվաստում, կամ վճարովի թեստավորում» արշավը, որի ժամանակ պահանջվում էր առնվազն 1 դեղաչափ, այլապես պետք էր 2 շաբաթը մեկ վճարովի թեստ հանձնել,
  • հունվարին «ժամանցի վայրերը՝ միայն QR-կոդով» արշավը, որի ժամանակ ժամանցի և մշակույթի վայրեր մուտքը թույլատրվեց առնվազն 2 դեղաչափ ունենալու դեպքում։

Գրաֆիկը ցույց է տալիս, որ այդ արշավների ժամանակ կտրուկ ավելացել են առաջին ու նաև երկրորդ դեղաչափով պատվաստվողները։

Մինչ այդ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տվյալները ցույց են տալիս, որ կորոնավիրուսի վարակման 5-րդ ալիքը նահանջում է, իսկ մահացության ցուցանիշը դեռ նոր է երևում՝ հապաղումով։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի 

#COVID19  

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 16/02/2022