Վերջին 5 տարիներին Հայաստանում հայտնաբերված ՄԻԱՎ վարակ ունեցող մարդկանց թիվը տատանվում է տարեկան միջինը 400-ի սահմանում։
ՄԻԱՎ-ի տարածվածության տեսանկյունից՝ այս ցուցանիշով Հայաստանը բարվոք վիճակում է՝ շնորհիվ 2015 թ.-ից տարվող հանրային իրազեկման լայնածավալ աշխատանքների։ Սակայն պայմանավորված այն հանգամանքով, որ վարակվածը երկար տարիներ կարող է հիվանդության որևէ ախտանշան չունենալ, տարեկան վարակվածության ցուցանիշները իրական ցուցիչ չեն հանդիսանում։
Այդուհանդերձ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավար Հերմինե Հովակիմյանը նշում է, որ տարեցտարի Հայաստանում վարակման դեպքերի հայտնաբերման մակարդակը բարելավվում է։
Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը (նախկինում՝ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ) Հայաստանի Հանրապետությունում գործող միակ բուժհաստատությունն է, որը դեղորայքային սպասարկում է իրականացնում ՄԻԱՎ վարակ ունեցողների համար։ Կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավարն «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում կարևորել է այն հանգամանքը, որ ՄԻԱՎ վարակ ունեցողի հանդեպ խտրական վերաբերմունք չպետք է լինի․
«ՄԻԱՎ վարակով պացիենտները հակառետրովիրուսային դեղեր շարունակում են ստանալ միայն մեր կենտրոնից։ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միանալուց հետո զբաղվում ենք նաև Հեպատիտ B, C ունեցող պացիենտների ամբուլատոր սպասարկմամբ, բայց դա չի նշանակում, որ այլ բուժհաստատությունների ծառայություններից նշված պացիենտները չեն կարող օգտվել»։
Այս տրամաբանությամբ՝ ՄԻԱՎ վարակ ունեցողները պատվաստվել են այնտեղ, որտեղ կամեցել են։ Թե նշված խմբի մարդկանց քանի տոկոսն է պատվաստված, հայտնի չէ․ հաշվառում չի արվել։
Կենտրոնի ամբուլատոր բաժնի ղեկավար Հերմինե Հովակիմյանը, ով մասնագիտությամբ բժիշկ-ինֆեկցիոնիստ է, ասում է՝ ՄԻԱՎ վարակով մարդիկ COVID-19-ի ախտանշանների ու կանխարգելման ուղիների մասին պատշաճ տեղեկացվել են համավարակի բռնկման սկզբից։
«Հայաստանում պատվաստումային գործընթացի մեկնարկից մոտ մեկ ամիս անց՝ 2021թ․ մայիսից, երբ ԱՀԿ-ն հայտարարեց, որ ՄԻԱՎ վարակ ունեցողներին նույնպես ցուցված է պատվաստումը, ամեն այցի ժամանակ նրանց բացատրում էինք պատվաստման կարևորությունն ու հորդորում պատվաստվել»,- ասում է բժիշկ-ինֆեկցիոնիստը։
«Ճիշտն ասած, համավարակն ի սկզբանե շատ էր անհանգստացնում ՄԻԱՎ վարակ ունեցողներին։ Բայց պատվաստվելու միակ հակացուցումը՝ այն էլ ժամանակավոր, սահմանվել էր նրանց համար, ով նոր էր սկսել հակառետրովիրուսային բուժումը»։
COVID-19-ը թեկուզ մի քանի անգամ առողջապահական համակարգը գերծանրաբեռնվածության վիճակի է հասցրել, այնուամենայնիվ, Հովակիմյանը վստահեցնում է՝ Հայաստանում ՄԻԱՎ վարակ ունեցողների դեղորայքային ապահովումը գրեթե չի տուժել։
Իմունային անբավարարությունը՝ «պարարտ հող» կորոնավիրուսի ծանր ընթացքի համար
ՄԻԱՎ վարակ ունեցողների մոտ, ըստ Հովակիմյանի, ՔՈՎԻԴ-19-ով վարակվածությունն ընթանում է այնպես, ինչպես մյուսների մոտ․ նրանք նույնպես կարող են ունենալ թոքաբորբ, այլ բարդություններ կամ թեթև տանել հիվանդությունը։
ՔՈՎԻԴ-19-ով պայմանավորված մահերի վիճակագրությունը ցույց է տալիս, որ հիվանդության ծանր ընթացքից ապահովագրված չէ անգամ լիարժեք առողջ մարդը։ Ուղղակի հոսպիտալացման հավանականությունն ավելի է մեծանում խոցելի առողջական խնդիրներ ունեցողների պարագայում։
Իսկ ՄԻԱՎ վարակ ունեցող մարդիկ համարվում են խոցելի, քանի որ նրանց իմունային համակարգը ախտահարված է։ Այսինքն՝ ցանկացած վիրուսի, բակտերիայի, սնկի հանդեպ նրանք դառնում են խոցելի։
ՄԻԱՎ վարակը հնարավոր է՝ երկար տարիներ ոչ մի ախտանշանով չարտահայտվի, ունենա լատենտ ընթացք, բայց վարակով ապրող մարդը հանդիսանա հիվանդության փոխանցող։
«Եթե արդեն իսկ առաջանում են ախտանշաններ, նշանակում է՝ զարգանում է իմունային անբավարարություն։ Կան իրավիճակներ ու հիվանդություններ, որոնք զարգանում են իմունային անբավարարության ֆոնի վրա, հետևաբար նման դեպքերում պարտադիր է, որ պացիենտը հետազոտվի»,- ասում է բժիշկ-ինֆեկցիոնիստ Հերմինե Հովակիմյանը։
Երկարատև լուծը, ձգձգվող ջերմությունը, անհասկանալի սնկային վարակները, կրկնվող թոքաբորբերը և այլն, կարող են հուշել վարակի առկայության մասին։ Վարակը, սակայն, ախտորոշվում է բացառապես լաբորատոր հետազոտությամբ։
«Եղել են դեպքեր, երբ մարդու մոտ ՄԻԱՎ ախտորոշվել է COVID-19-ով հոսպիտալացված լինելու ժամանակ։ Բժիշկն ունեցել է կասկածներ, հետազոտել է ու պարզվել է, որ պացիենտն ունի ՄԻԱՎ վարակ։ Բայց դա COVID-19-ով հոսպիտալացվածների համար պարտադիր հետազոտություններից չէ։ Բժիշկը, պացիենտի վիճակից կախված, որոշում է՝ կարիք կա՞ ՄԻԱՎ ստուգելու, թե՞ ոչ»,- ասում է տիկին Հովակիմյանը։
Կլինիկական իրավիճակները, որոնց դեպքում մարդու մոտ անհրաժեշտ է ստուգել ՄԻԱՎ-ի առկայությունը, հստակ սահմանված են․ դրանցից են սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, հեպատիտ Բ-ն, հեպատիտ Ց-ն, տուբերկուլյոզը և այլն։ Հետազոտությունը պարտադիր է նաև բոլոր հղիների դեպքում։
Հովակիմյանն ասում է՝ եթե ՄԻԱՎ ունեցող մայրը բոլոր կանխարգելիչ քայլերն անցնում է, երեխան էլ ժամանակին ստանում է հակավիրուսային օշարակները, ապա վարակի փոխանցման հավականությունն ընդամենը 1% է կազմում։
Եթե մայրը ՄԻԱՎ ունի, պարտադիր չէ, որ երեխան նույնպես ունենա։ Բոլոր միջոցառումներն ուղղված են նրան, որ հիվանդ մայրերից ծնվեն առողջ երեխաներ։
Երեխայի մոտ վարակը հնարավորինս շուտ ախտորոշելու համար, բժիշկ-ինֆեկցիոնիստի վստահեցմամբ, Հայաստանում արվում է հնարավոր ամեն ինչ։
«ՄԻԱՎ վարակով մայրերից ծնված բոլոր երեխաների մոտ մինչև 18 ամսականը ՄԻԱՎ-ի նկատմամբ հակամարմինները դրական են լինում, քանի որ մորից է այդ հակամարմինները ստանում։ Դա չի նշանակում, թե երեխան վարակվել է։ Երեխայի ծնվելուց հետո սահմանված ժամկետներում տարբեր հետազոտություններ են արվում, ու որքան վաղ է հայտնաբերվում վարակը, այնքան ավելի հեշտ է լինում ախտահարումից պաշտպանել երեխայի իմուն համակարգը»,- ասում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի ամբուլատոր կլինիկայի ղեկավարը։
Հայաստանն այն երկրներից է, որտեղ գրեթե վերացել է մորից երեխային ՄԻԱՎ վարակի փոխանցումը։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Գրաֆիկները՝ Կարինե Դարբինյանի
#COVID19
Կարդացեք նաև
- Օմիկրոնի տարածումը հանգեցնում է Դելտայի նվազման․ ՀՀ-ում արդեն 9 դեպք
- COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդյունավետությունը ու տարբերությունները
- Կորոնավիրուսի կապը նյարդային ու հոգեկան հիվանդությունների հետ
- 3-րդ դեղաչափ կամ բուսթեր․ Ինչու է հարկավոր խթանիչ պատվաստումը
- Հայաստանում Քովիդի 4 ալիքները․ արդյո՞ք ամենամահաբեր ալիքն անցյալում է
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 30/01/2022