Հոկտեմբերի 7-ին Երևանում Ֆրանկոֆոնիայի մշտական խորհրդի նիստի բացմամբ մեկնարկեցին ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում: Վեց օր շարունակ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակներում մայրաքաղաքում և դրանից դուրս կկազմակերպվեն տասնյակ միջոցառումներ: Դրանց մասնակցելու նպատակով այս օրերին Հայաստան կժամանեն 84 անդամ պետությունների և կազմակերպությունների պատվիրակություններ, այդ թվում՝ շուրջ 30 երկրների պատվիրակություններ՝ պետության ղեկավարների մակարդակով: Նրանց թվում են Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որոնք հավանաբար Հայաստանում կլինեն հոկտեմբերի 11-ին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի երկօրյա գագաթնաժողովի բացմանը:
Հայաստանյան գագաթնաժողովի կարգախոսն է` «Ապրել միասին»:
Օտարերկրյա պետությունների և կառավարությունների ղեկավարների այցի անվտանգությունն ու տեղաշարժը կազմակերպելու և քաղաքացիների անհարմարությունները նվազեցնելու նպատակով հոկտեմբերի 11-12-ը Կառավարության կողմից ոչ աշխատանքային են սահմանվել:
Ո՞վքեր են ֆրանկոֆոնները
Ֆրանկոֆոնները մոլորակի ֆրանսալեզու բնակիչներն են: Աշխարհում շուրջ 274 մլն մարդու համար հիմնական լեզուն ֆրանսերենն է: Ֆրանսերեն լեզուն համարվում է պաշտոնական լեզու աշխարհի 32 երկրներում: Ֆրանսախոսների թիվը վերջին տարիներին սկսել է կտրուկ աճել և, որոշ մասնագետների պնդմամբ, 2050թ-ին նրանց թիվը կեռապատկվի: Այս տենդենցը հատկապես նկատվում է աֆրիկյան երկրներում, որտեղ կրթության մատուցման լեզուն ֆրանսերենն է:
Ի՞նչ է Ֆրանկոֆոնիան
Ֆրանկոֆոնիան (ֆրանսերեն` La Francophonie) միջազգային կազմակերպություն է` հիմնադրված 1970թ., որպես ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման և տարածման հաստատություն: Ֆրանսերենով կազմակերպության ամբողջական անունն է` Organisation Internationale de la Francophonie: Նրանում ընդգրկված են 54 լիիրավ, 4 ասոցացված և 26 դիտորդի կարգավիճակ ունեցող պետություններ:
Որոշում կայացնող քաղաքական մարմինը ֆրանսախոս երկրների և կառավարության ղեկավարների համաժողովն է՝ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը:
Առաքելությունը
Բացի ֆրանսերեն լեզվի և մշակութային ու լեզվաբանական բազմազանության տարածումը խրախուսելը, կազմակերպության գլխավոր առաքելությունը խաղաղությանը, ժողովրդավարական արժեքների տարածմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթության խթանմանը, ինչպես նաև մշակույթների և քաղաքակրթությունների երկխոսության ակտիվացմանը և անդամ երկրների միջև համերաշխության տարածմանը նպաստելն է:
Ի՞նչ է նշանակում ֆրանկոֆոնիա
Ֆրանկոֆոնիա տերմինն առաջին անգամ գործածվել է 1880թ-ին՝ ֆրանսիացի աշխարհագրագետ Օնեզիմ Ղեկլուսի կողմից, ով նպատակ ուներ մատնանշել այն աշխարհագրական տարածքները, որտեղ խոսում են ֆրանսերեն լեզվով: Փոքրատառով «ֆրանկոֆոնիա» բառը մատնանշում է այն ժողովուրդներին կամ անհատներին, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ օգտագործում են ֆրանսերենը, իսկ մեծատառով գրված «Ֆրանկոֆոնիան» մատնանշում է այն կառավարություններն ու երկրները, որոնց աշխատանքային պաշտոնական լեզուն ֆրանսերենն է:
Հայաստանը և Ֆրանկոֆոնիան
Հայաստան-Ֆրանկոֆոնիա հարաբերությունները սկսվել են 2003թ-ից, երբ Ուագադուգուի (Բուրկինա Ֆասո) գագաթնաժողովում Հայաստանը ձեռք բերեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում դիտորդի կարգավիճակ: 2008թ-ին Հայաստանը դարձավ ասոցիացիայի անդամ, իսկ 2012թ-ին` լիիրավ անդամ:
2010թ. Շվեյցարիայում կայացած Ֆրանկոֆոնիայի 13-րդ գագաթնաժողովին անդամ երկրներն ու կառավարությունների ղեկավարներն առաջին անգամ իրենց դիրքորոշումն արտահայտեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Ուղիղ երեք տարի առաջ` 2015թ-ի հոկտեմբերի 10-11-ը, Հայաստանում տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարների 31-րդ համաժողովը:
Հայաստանը` հյուրընկալող երկիր
2016թ. մայիսին Հայաստանը ներկայացրել է իր թեկնածությունը՝ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովը կազմակեպելու գործում, որի արդյունքում՝ 2016թ-ի նոյեմբերի 22-25-ն Անտանանարիվոյում (Մադագասկար) կայացած գագաթնաժողովում միաձայն որոշում է ընդունվել՝ 2018թ-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովն անցկացնել Հայաստանում:
Միջոցառումները
Մշտական խորհրդի նիստի բացմանը զուգահեռ, Ֆրանկոֆանիայի սոցիալ-մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց նաև Երևանի «Ազատության» հրապարակում` Ֆրանկոֆոնիայի տաղավարների բացմամբ: Հոկտեմբերի 8-12-ը սպասվող միջոցառումներից են` «Ազատ միասին» աշխատաժողովները, «Գրականություն և հինգ մայրցամաքների մրցանակ», «Արվեստագետներ և մշակութային բազմազանություն» միջոցառումները և այլն: Մանրամասներն այստեղ:
Ֆրանկոֆոնիայի միջոցառումների կարևոր բաղադրիչներից է «Ֆրանկոֆոնիայի ավանը», որի պաշտոնական բացումը տեղի կունենա հոկտեմբերի 9-ին: Այն բաց կլինի բոլոր օրերին՝ 12:00-24:00-ը:
Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերին սպասվում են պաշտոնական հանդիպումներ և քննարկումներ: Գագաթնաժողովի օրը` հոկտեմբերի 11-ին, տեղի կունենան նաև դռնփակ նիստեր, երկկողմ հանդիպումներ: Կարևորելով տնտեսական հարթությունը՝ ՀՀ Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը նշել է, որ նախատեսվում է անցկացնել երկու նպատակ ունեցող ֆորում․
«Մի կողմից ստեղծել թվային տեխնոլոգիաների հարցերով նախարարների ցանց, մյուս կողմից` կազմակերպել տնտեսության դերակատարների միջև շփումների խթանմանը միտված թեմատիկ քննարկումներ, որոնց նպատակն է վերհանել ժամանակակից տնտեսական իրողությունների մարտահրավերների պայմաններում զարգացման հեռանկարներն ու խոչընդոտները»։
Կկայանա նաև Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը, տարբեր քննարկումներ, պաշտոնական հայտարարությունների, բանաձևերի և գագաթնաժողովի այլ կարևոր փաստաթղթերի ընդունում:
Գագաթնաժողովի օրակարգը հայերեն լեզվով՝ Francophonieerevan2018.am կայքում:
Փորձագետի կարծիք
Ամփոփեց Գայանե Մելիքյանը
Խմբագիր Սուրեն Դեհերյան
Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 07/10/2018