Հայաստանում նոր ատոմակայան կառուցելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են ինչպես պաշտոնական, այնպես էլ մասնագիտական մակարդակներում։ Այն, որ առանց ատոմակայանի հնարավոր չի լինելու անգամ ներքին պահանջարկը բավարարել, մասնագիտական շրջանակում բոլորն են վստահ։ Այդ համոզմունքը ոլորտի ավելի քան երկու տասնյակ ներկայացուցիչներ վերահաստատել են օգոստոսի սկզբին կայացած «Նոր ատոմային բլոկը ՀՀ էներգետիկ և ազգային անվտանգության համատեքստում» քննարկման ժամանակ։
Իրավիճակ
Մեծամորի ատոմակայանին տրված լիցենզիայի գործունեության ժամկետը կավարտվի 2026 թվականին, բայց հնարավորություն կա այն երկարաձգել ևս 10 տարով՝ մինչև 2036 թվականը։ Այդ մասին ԱԺ-ում բյուջետային քննարկման ժամանակ հիշեցրել էր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Հիմնական հարցերը, որոնք դեռ քննարկման փուլում են, երկուսն են՝
- ի՞նչ հզորությամբ և
- ի՞նչ տիպի ատոմակայան է պետք կառուցել Հայաստանում։
Ընտրության մեծ հնարավորություն առանձնապես չկա․ պետք է կողմնորոշվել, թե առաջարկված երկու տարբերակներից որն է նախընտրելի Հայաստանի համար՝ ամերիկյանը, թե ռուսականը։ Ռուսական տարբերակը ենթադրում է Մեծամորի ատոմակայանի տիպի, բայց մոտ 2,5 անգամ ավելի հզոր ռեակտոր, իսկ ամերիկյանը՝ մոդուլային։
«Ամփոփ Մեդիան» նախորդ հրապարակումներից մեկում անդրադարձել է, թե ինչ է իրենից ներկայացնում փոքր ատոմային միջուկային ռեակտորներով հավաքված կայանը։
«Հայատոմ» ընկերության տնօրեն Վահրամ Պետրոսյանը, ով ևս ներկա էր այդ քննարկմանը, շեշտեց, որ ամերիկյան տարբերակը՝ այսինքն մոդուլայինը, կարող է ունենալ առավելագույնը գործող ատոմակայանի հզորության չափ հզորություն։ Մեկ մոդուլի հզորությունը 77 մգՎտ է, իսկ համակարգը բաղկացած կարող է լինել առավելագույնը 6 մոդուլից։ Ըստ նրա ունեցած տեղեկության, մոդուլայինը դեռևս որևէ երկիր ցամաքում չի փորձարկել, իսկ քանի դեռ դա չի արվել, մեկ այլ երկրում՝ այս դեպքում Հայաստանում, նման տիպի ատոմակայան կառուցվել չի կարող, քանի որ մենք փորձաշրջանի ժամանակ չունենք։
«Առաջին մոդուլային ռեակտորը ցամաքում կարող է փորձարկվել, լավագույն դեպքում, 2029-2030թթ․, իսկ մենք այդքան ժամանակ չունենք։ Նոր ատոմակայանի կառուցման որոշումը պետք է կայացվի մեկ տարվա ընթացքում։ Եթե ժամանակին ու ճիշտ որոշում չկայացվեց, կզրկվենք ատոմակայանից»,- ասում է էներգետիկայի հարցերով փորձագետ Արթուր Ավետիսյանը։
Կարևորագույն պայմանը, որ գրեթե միաձայն առաջ են քաշում մասնագետները, այն է, որ նոր ատոմակայանը հզորությամբ պետք է գերազանցի գործող՝ Մեծամորի ատոմակայանին։
Ընդգծելով ատոմակայանի միջոցով տարածաշրջանում գործոն դառնալու Հայաստանի եզակի հնարավորությունը՝ Ավետիսյանը նկատում է՝ այն մեր երկրի համար ոչ միայն էներգետիկ, այլև ազգային անվտանգության հարց է լուծում։
«Ներկա դրությամբ առնվազն երկու մեծ էներգանախագիծ կա, որոնց Հայաստանը միացած է դե յուրե․ մեկը Հյուսիս-հարավ էներգետիկ միջանցքն է, մյուսը Global Gateway ծրագրի մաս կազմող` Սև ծովի հատակով էլեկտրական մալուխի անցկացման ծրագիրը: Եթե տարածաշրջանում մեր ունեցած դիրքը, էներգետիկ բալանսը կարողանանք օգտագործել, ապա կարևոր դեր կկատարենք Հնդկաստան, ՌԴ, Եվրոպա էներգետիկ ծրագրի մեջ»,- համոզմունք է հայտնում փորձագետը։
Հյուսիս-Հարավ էլեկտրաէներգետիկ միջանցքի ձևավորման վերաբերյալ միջպետական պայմանագիր Իրանը, Ռուսաստանն ու Հայաստանը կնքել էին դեռևս 2016 թվականին։ Միջանցքի ձևավորման ճանապարհային քարտեզը հաստատվել է Երևանում։ Համաձայն փաստաթղթի՝ Հայաստանի, Ռուսաստանի, Վրաստանի ու Իրանի էլեկտրահաղորդման գծերը պետք է սինխրոնիզացվեն։
Global Gateway-ն էլ գործարկվել է 2021թ․ դեկտեմբերին Եվրոպական հանձնաժողովի կողմից՝ որպես թվային տեխնոլոգիաների, էներգետիկայի և տրանսպորտի ոլորտում միջազգային կապերի հաստատման ռազմավարություն։ Ծրագրի ներդրումային արժեքը 2021-2027թթ․ ընթացքում նախատեսվում է հասցնել մինչև 300 մլրդ եվրոյի։
Էներգետիկ դիվանագիտությունը՝ նաև քաղաքական խաղաթուղթ
Տնտեսականից զատ, էներգետիկ այս նախագծերը նաև քաղաքական լուրջ բաղադրիչ են պարունակում։ Ավետիսյանը նկատում է՝ Թուրքիան ու Ադրբեջանն ամեն ինչ անում են, որ Հայաստանը դուրս մնա վերոնշյալ խոշոր ծրագրերից։ Նաև այդ հանգամանքն է, որ ստիպում է ճիշտ հաշվարկել հնարավոր ռիսկերն ու կայուն հզորությունը չփոխարինել անկայունով։
«Հիմա բոլորը գնում են դեպի կայուն հզորություններ։ Եթե ուզում ենք ճեղքել տնտեսական շրջափակումը և գնալ ինովացիոն զարգացման ճանապարհով և միայն ինքնաբավության խնդիրը չլուծենք, մեզ հզորություններ են պետք, իսկ եթե ուզում ենք նորից վերադառնալ ցուրտ ու մութ տարիներին, ուրեմն եղած հզորության չափով ԱԷԿ-ն էլ է բավարար»,- նկատում է փորձագետը։
Մյուս կարևոր հանգամանքը, որն իր հերթին լուրջ խթան կարող է հանդիսանալ առհասարակ ատոմակայանների գործունեության հարցում, 2022թ․ փետրվարի 9-ին Եվրահանձնաժողովի կողմից ընդունված «Կանաչ տնտեսության կառուցման ծրագիրն» է, որում արձանագրվել է, որ ատոմային էներգետիկան չի հակադրվում ծրագրին։
Այդ հանգամանքը, ըստ փորձագետի, պետք է դրվի մեր էներգետիկ դիվանագիտության առանցքում։
Նոր՝ ավելի հզոր ատոմակայան ունենալու՝ քննարկմանը ներկա մասնագետների հնչեցրած հիմնավորումների հետ էներգետիկ փորձագետ Էդվարդ Արզումանյանն այնքան էլ համաձայն չէ։
Ըստ նրա՝ նախ՝ նոր ատոմակայան կառուցելու հարցում պետք չի շտապել, և երկրորդ՝ 1000-1200 ՄՎտ-ը մեր երկրի համար և՛ շատ մեծ հզորություն է, և՛ վտանգավոր։
«2021թ․ նոյեմբերին Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն նոր լիցենզիա է տվել ԱԷԿ-ին, որը կգործի մինչև 2031 թվականը՝ այն պայմանով, որ 2026-ին ստուգվի ռեակտորի կորպուսի վիճակը, այսինքն՝ վերջինիս անվտանգությունը։ Եթե ամեն ինչ նորմալ լինի, իսկ ես համոզված եմ, որ խնդիր չի լինելու, մինչև 2031 թվականն աշխատելու է ԱԷԿ-ը։ Դրանից հետո նորից կստուգվի անվտանգության աստիճանը ու նոր լիցենզիա կտրվի՝ մինչև 2041թ․։»,- ասում է Արզումանյանը։
Վստահությունը, որ 2031թ․ ռեակտորի վիճակը լինելու է բավարար՝ ԱԷԿ-ի գործունեությունը շարունակելու համար, փորձագետն ունի ՌԴ-ում գործող համանման էներգաբլոկների օրինակով։ Արզումանյանի համոզմամբ՝ 2031 թվականին, կախված ՀՀ բնակչության սպառման ծավալներից, էներգիայի արտահանման հնարավորություններից, ինչպես նաև արևային կայանների աճի ծավալներից՝ կհասկացվի, թե ինչ հզորությամբ ԱԷԿ է պետք կառուցել։
«Մինչև 2031 թվականը հինգ արևային կայան է նախատեսվում կառուցել՝ յուրաքանչյուրը 200 ՄՎտ հզորությամբ։ Այսինքն գումարային եթե վերցնենք, ապա գործող ԱԷԿ-ի հզորության կրկնակի չափն է կազմում։ Այդ կայանները 20-30 տարի կաշխատեն։ Ըստ այդմ՝ 2031-ին կարելի է մտածել նոր ատոմակայանի մասին՝ հաշվի առնելով սպառման ծավալները»,- ասում է փորձագետը։
Նոր ատոմակայանի կառուցումը, ըստ մասնագետների հաշվարկների, կտևի 8-10 տարի։
Արևային կայաններին կից էլեկտրաէներգիայի կուտակիչների տեղադրումն Արզումանյանն անհրաժեշտություն է համարում, քանի որ, ինչպես հայտնի է, 24-ժամյա ռեժիմով այդ կայանները չեն կարող էլեկտրաէներգիա արտադրել։
Արևային կայաններն ԱԷԿ-ի հետ նույն հարթության վրա դնելու մոտեցումն Ավետիսյանը չի ընդունում և իր այդ տեսակետը հիմնավորում է նրանով, որ արևայիններն էլեկտրաէներգիայի անկայուն ու ոչ միշտ կանխատեսելի աղբյուր են, մինչդեռ ամբողջ աշխարհը գնում է կանխատեսելի, կայուն հզորություններ ունենալու ճանապարհով։
Տեխնիկական գիտությունների դոցենտ Արամ Գևորգյանը, չհակառակվելով հնչեցված հիմնական՝ նոր, ավելի հզոր ատոմակայան ունենալու մտքին, կարևորում է պոտենցիալ արտաքին շահառուների հետ հիմիկվանից պայմանագրեր կնքելը։ Դա, նրա համոզմամբ, և՛ կհստակեցնի, թե ինչ հզորությամբ ատոմակայան է մեզ պետք լինելու, և՛ կերաշխավորի, որ արտադրվելիք էներգիան սպառվելու է և խնդիր չենք ունենալու։
Բացի փաստաթղթային բացերից, անելիքներ կան նաև ենթակառուցվածքների հետ կապված։ Այդ առումով՝ առաջնահերթություն է Իրան-Հայաստան էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցումը, որն անընդհատ ձգձգվում է, ինչպես նաև դեպի Վրաստան էլեկտրահաղորդման նոր գիծ պետք է կառուցվի։
Հայաստան-Իրան 400 կՎտ լարմամբ 3-րդ էլեկտրագծի շինարարությունը մեկնարկել է տարիներ առաջ։ Այն նախատեսվում էր ավարտին հասցնել 2020 թվականին, բայց պարբերաբար ձգձգվում էր․ վերջին տվյալներով՝ գծի կառուցումն ավարտին կհասնի 2025 թվականին։
Քանի որ դեպի Վրաստան 220 կՎ լարմամբ էլեկտրագիծը բավարար չէ տարծաշրջանային նախագծին մասնակցելու համար, նույն հզորությամբ մեկ գիծ էլ նախատեսվում է կառուցել այդ ուղղությամբ։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Գծապատկերները՝ Անուշ Բաղդասարյանի
Տվյալների մշակումը՝ Կարինե Դարբինյանի
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 11/08/2023