Առողջություն

Նոր սահմանափակումներ նախարարից․ որքանո՞վ են դրանք ազդեցիկ

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նոր սահմանափակումների վերաբերյալ հրաման է ստորագրել, համաձայն որի՝ հունվարի 22-ից հանրային սննդի, հյուրանոցների, մարզային և մշակութային վայրերի այցելուները պիտի ունենան ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքով վկայական կամ պատվաստման վկայական։

Նախարարը նոր սահմանափակումների հրամանը ստորագրել է իր նախորդ հրամանի վերաբերյալ ՀՀ սահմանադրական դատարանի որոշումից երկու շաբաթ անց։ 60 էջից բաղկացած այս փաստաթղթում ՀՀ սահմանադրական դատարանը ներկայացրել է նախարար Ավանեսյանի 2021 թ․ օգոստոսի 20-ի սահմանափակումների վերաբերյալ հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցը։

Բարձրագույն դատական ատյանի որոշումը հանրության շրջանում հակասական մեկնաբանությունների առիթ էր դարձել, ինչին դեռ կանդրադառնանք այս նյութում։

Բայց նախ փորձենք հասկանալ, թե ինչ ազդեցություն ունեցավ ընդհանուր համաճարակային իրավիճակի վրա ՀՀ առողջապահության նախարարի սահմանափակումների վերաբերյալ օգոստոսյան հրամանը։ Հիշեցնենք, որ այդ հրամանով սահմանվել է, որ նախորդ տարվա հոկտեմբերի 1-ից գործատուները պետք է ունենան աշխատակիցների պարտադիր պատվաստման կամ ՊՇՌ թեստերի բացասական արդյունքով վկայականների հատուկ թղթապանակ։

Ստորև տեղադրված առաջին պատկերից ակնհայտ է դառնում, որ նախարարի որոշումից հետո թռիչքաձև աճեց կորոնավիրուսի ՊՇՌ հետազոտությունների քանակը։ Պիկում այն մոտեցավ օրական 20 հազար թեստավորման ցուցանիշին և միայն տարեվերջին կրկին սկսեց նվազել։

Պատկերից ավելի քան պարզ է, որ սկզբնական շրջանում հրամանն իր ազդեցությունն ունեցել է, մասնավորապես, այն աշխատակիցների վրա, ովքեր պատվաստվել չցանկանալով՝ պատրաստ էին երկու շաբաթը մեկ անգամ ՊՇՌ հետազոտության նոր վկայական ներկայացնել, որ կարողանային անխոչընդոտ աշխատավայր մտնել։

Առողջապահության նախարարի այդ հրամանից հետո աճեց նաև պատվաստումների թիվը։ Օգոստոսի 20-ի դրությամբ, երբ արձակվեց սույն հրամանը, Հայաստանում պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ ստացել էր ընդամենը 150 հազար մարդ։ Հոկտեմբերի սկզբին, երբ հրամանը սկսեց «աշխատել», առաջին դեղաչափ ստացել էր արդեն 350 հազար մարդ։

Ստորև ներկայացված պատկերում ցուցադրված են ամեն շաբաթ իրականացված պատվաստումները։ Այս տվյալների համաձայն՝ միայն հոկտեմբերի սկզբին կատարվել է ավելի քան 100 հազար պատվաստում, գերակշիռ մասը՝ առաջին դեղաչափով։

Իհարկե, եղել են նաև կեղծիքներ, բայց ընդհանուրի մեջ դրանց ծավալը հասկանալը Հայաստանում գործնականում անհնար է, քանի որ անհնար է գնահատել կեղծիքների քանակը։ Օրինակ, Ռուսաստանում նման գնահատում իրականացրել են՝ ուսումնասիրելով պատվաստման հավաստագիր ունեցող և վարակվելուց հետո հիվանդությունը ծանր տարած պացիենտներին։ Պարզվել է՝ վարակվածների 80%-ը կեղծ հավաստագիր է ունեցել։

Համենայնդեպս փաստ է, որ Հայաստանում ավելացավ այն մարդկանց թիվը, ովքեր որոշեցին պատվաստվել հենց հրամանից հետո։ Հավանական է նաև, որ մարդիկ կարող էին այդ որոշմանը հանգել վարակվելու դեպքում հիվանդության բարդ ընթացքից խուսափելու համար։ Բանն այն է, որ այդ աշնանը Հայաստանում թափ առավ կորոնավիրուսի հերթական՝ չորրորդ՝ ամենամահաբեր ալիքը։


Կարդացեք նաև․ Հայաստանում Քովիդի 4 ալիքները․ արդյո՞ք ամենամահաբեր ալիքն անցյալում է


Բարձրագույն դատական ատյանի՝ դեկտեմբերին կայացրած որոշման համառոտ տարբերակում ասվում էր․ ««ՊՇՌ հետազոտությունն աշխատողն իրականացնում է իր հաշվին» նախադասության «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր»։

Այս որոշման սահմանադրականությունը վիճարկելու համար ՍԴ դիմել էր ԱԺ «Հայաստան» խմբակցությունը։ Խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը դրական նոտաներով ներկայացրեց որոշումը և գրեց․ «ՊՇՌ հետազոտումների ծախսը մեր հայրենակիցների վրա թողնելը հակասահմանադրական Է: Բարձր դատարանի որոշում»:

Առողջապահության նախարարությունն էլ շտապեց պարզաբանել, որ հակասահմանադրական է ճանաչվել միայն «իր հաշվին» բառակապակցությունը, հետևաբար․

«ՀՀ առողջապահության նախարարի հրամանը ճանաչվեց սահմանադրական, և բոլոր պահանջները մնում են ուժի մեջ», – նշվում էր նախարարության հաղորդագրության մեջ։

Դատարանի ավելի ծավալուն հրապարակումը, սակայն, բազմաթիվ շերտեր է բացում այս իրավակարգավորման վերաբերյալ։ Նախ ՍԴ-ն իրոք համարում է, որ «իր հաշվին» բառակապակցությունը տեղին չէ։ Այսինքն, չնայած նրան, որ մարդիկ, ըստ էության, հենց իրենց հաշվին են կատարելու այդ թեստավորումը, բայց առողջապահության նախարարը իրավունք չունի նման կատեգորիկ ձևակերպում անել հրամանում։

Բուն կարգավորումը դատարանը Սահմանադրությանը հակասող չի ճանաչում

«Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը հիշեցնում է, որ «պատվաստում կամ թեստավորում» տիպի որոշումներ ընդունվել են նաև այլ, մասնավորապես՝ արևմտյան երկրներում։ Բայց այնտեղ, ըստ մասնագետի, այլ վիճակ է եղել․ մարդկանց զգալի մասը պատվաստված է եղել, և այդ որոշումն ուղղակի խրախուսել է, որ մյուսներն էլ պատվաստվեն։

«ԱՄՆ-ում ու Եվրոպայում ռիսկի խմբերը՝ տարեց ու քրոնիկական հիվանդություններ ունեցող մարդիկ, խելոք, առանց պարտադրանքի, գիտակցաբար գնում, պատվաստվում էին։ Բայց առաջացավ մի վիճակ, որ ավելի երիտասարդները չէին պատվաստվում։ Այնտեղ ներդրեցին այդ մոտեցումը, որ խթանեն, որ այդ խումբն էլ գնա, պատվաստվի։ Բայց մեզ մոտ այն տարեցները ոնց չէին պատվաստվում, այդպես էլ շարունակում են անբավարար տեմպով պատվաստվել», – բացատրում է Մելիք-Նուբարյանը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում այդ սխեմայի ներդրումն իրոք որոշակիորեն դրական ազդեցություն ունեցավ, պատվաստումների թիվն աճեց, բայց ռիսկերի խմբերը չեն պատվաստվում։ Հետևաբար, ըստ նրա, Հայաստանի և Արևմուտքի նույն կարգավորումները համեմատելի չեն։

Սահմանադրական դատարանն իր ծավալուն որոշման մեջ նաև հաշվարկ է անում․ ՊՇՌ հետազոտությունը Հայաստանում արժե 5-40 հազար դրամ, իսկ նվազագույն աշխատավարձը՝ 68 հազար դրամ է։ Այս գումարից նվազ եկամուտ ունեցող մարդիկ կարող են խնդիրներ ունենալ այդ թեստավորումներն անելու համար վճարելիս։

ՍԴ-ն նաև նշում է, որ պետությունը կարո՛ղ է իր վրա վերցնել նվազագույն աշխատավարձ ստացողների ՊՇՌ թեստերի ծախսերը, բայց պարտավոր չէ։ Ընդ որում՝ որոշման մեջ նաև հիշատակվում է, որ պատվաստման համար պետությունն արդեն իսկ իր վրա է վերցրել ծախսերը։

Այս թնջուկի մասով Դավիթ Մելիք-Նուբարյանը բացատրում է, որ ՍԴ որոշումից հետո որոշակի անորոշություն կա, և կարիք կա հստակեցնել՝ ով պետք է վճարի թեստավորումների համար։

«Դա կարևոր է, որովհետև չպետք է թողնել, որպեսզի աշխատակից-գործատու հարաբերությունների մեջ լարվածություն առաջանա», – նշում է մասնագետը։

Այն, որ պետությունն իր վրա չի վերցնի ՊՇՌ թեստավորումների ծախսերը, պարզ է քանի որ այս կարգավորումը, ըստ էության, մտցվել է, որ մարդիկ ստիպված գնան պատվաստվելու։ Հիշեցնենք նաև, որ քննարկվում է չպատվաստվածների բուժումը վճարովի դարձնելու հարցը։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գծապատկերները՝ հեղինակի

#COVID19

Կարդացեք նաև

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 08/01/2022