Իրավունք

Ընտանեկան բռնություն

Ինչ կփոխվի օրենքի ընդունմամբ

Մեջքով դեպի տեսախցիկը նստած կինը, բառերը հատ առ հատ ընտրելով, պատմում էր իր ամուսնական կյանքի պատմությունը. 2002 թվականն էր, 16 տարեկան էի, երբ ամուսնացա, ընտրյալս մեծ էր ինձանից 6 տարով:

«Փոքր հրապուրանք էր, բայց ես այն ժամանակ համոզված էի, որ դա է մեծ սերն, ու մենք ծերանալու ենք մի բարձի՝ երկար ու ձիգ երջանիկ տարիներ միասին ապրելով: Սխալվեցի… Գրեթե յուրաքանչյուր օր վեճ ենք ունեցել: Ինձ հանգստացնում էին, ասում էին` եթե ծեծում է, ապա սիրում է: Դա ո՞նց կլինի»,- պատմում է Ալինան (անունը փոխված է):

Զույգը բնակվել է Արմավիրի մարզում: Ալինայի ամուսինը մշտական աշխատանք չի ունեցել: Ապրել են վարձով: Ընտանիքը հիմնականում ապրել է ծնողների օգնությամբ, նաև Ալինան է ժամանակ առ ժամանակ տարբեր աշխատանքներ կատարել, որի դիմաց ստացել է փոքր վարձատրություն: Երեխաների լույս աշխարհ գալուց հետո ընտանիքի սոցիալական վիճակն էլ ավելի է վատացել, ավելացել են նաև վեճերը, որոնք հիմնականում ուղեկցվել են ամուսնու կողմից բռնություններով:

«7 տարի առաջ, երբ մի աղջիկս դեռ 4, մյուսն էլ 6 տարեկան էր, ամուսինս որոշեց մեկնել արտագնա աշխատանքի: Մտածեցի, որ գումար կուղարկի, կսկսենք մարդավարի ապրել: Գնաց ու ձայն չկար, ոչ մի կոպեկ չէր ուղարկում: Ես զանգում էի, խնդրում, որ օգնի, իսկ ինքը փող ուղարկելու փոխարեն որոշեց չթաքցնել փաստը, որ այնտեղ այլ ընտանիք ունի ու մեզ օգնելու միտք չունի: Չէի ուզում աղջիկներս անհայր մեծանան, խնդրեցի, որ իր հարազատները խոսեն հետը, օգնեն մեզ»,- ասում է Ալինան:

Լուսանկարը` Արմինե Ավետիսյանի

Հարազատների միջամտությունից հետո ամուսինը վերադարձել է Հայաստան, սակայն կարճ ժամանակով: Ալինան ասում է, որ Հայաստանում գտնվելու ընթացքում նա հասցրել է իրեն ու երեխաներին մի քանի անգամ ծեծի ենթարկել այն պատրվակով, որ խաղացել են իր հեղինակության հետ` դիմելով այլոց օգնությանը, ու ընտանիքին տեղափոխել է իր ծնողների տուն:

«Բայց խնդիրն այն էր, որ ի սկզբանե ծնողների հետ կոնֆլիկտ ենք ունեցել: Ինքը գլուխն առավ, փախավ այդ կռիվներից, իր կյանքը դասավորեց ուրիշ կնոջ հետ, իսկ ինձ ուղարկում էր ստրկության: Դա այլ կերպ բնութագրել հնարավոր չէ»,- ասում է Ալինան:

Կրկին արտագնա մեկնելուց առաջ ամուսինը Ալինային զգուշացրել է, որ անգամ մտքի ծայրով չանցկացնի ամուսնալուծության մասին՝ հակառակ դեպքում կսպանի նրան:

«Սկեսրայրիս հետ նույն հարկի տակ ապրելը դժոխքի պես մի բան էր: Մեզ արգելված էր ջեռուցիչ միացնել անգամ ամենացուրտ եղանակին: Ասում էր` ադեալով փաթաթվեք, գնացեք սենյակ ու ձեր շնչով տաքացեք: Եթե երեխաներս հաց ուտելուց հանկարծ մի աղմուկ հանեին, եթե հանկարծ բերանի ճպճպոց լսվեր, ծեծն անպակաս էր: Ու ես եթե հանկարծ ուզեի տանից ոտքս հանել, մեկ էլ sms էր գալիս ամուսնուցս, որ տեղդ նստի, թե չէ կգամ կսպանեմ: Ու գալիս էր: Էլ մուրճով է ծեծել, էլ կացինով է հարձակվել վրաս…»,- պատմում է Ալինան:

Ծնողական ժողովներից մեկի ժամանակ իրավապաշտպան կազմակերպության  բուկլետ են բաժանել ներկաներին: Ալինան ասում է, որ բուկլետում նկարագրված էր ճիշտ իր վիճակում ապրող կնոջ մի պատմություն և ասվում էր, որ բռնության ենթարկվելու դեպքում կարելի է դիմել տվյալ կազմակերպության օգնությանը: 2017թ. հունվարին, երբ ամուսնու հայրը հերթական վեճից հետո հարսին և թոռներին տնից դուրս է արել, Ալինան գնացել է իր ծնողների տուն, ապա դիմել տվյալ իրավապաշտպան կազմակերպությանը:

Ի՞նչ աջակցություն են ցուցաբերում իրավապաշտպան կազմակերպությունները բռնության ենթարկվածին

Հայաստանում այսօր գործում են մոտ մեկ տասնյակ իրավապաշտպան կազմակերպություններ, որոնք հոգեբանական, իրավաբանական  աջակցություն են ցույց տալիս բռնության ենթարկված կնոջը: Այդ կազմակերպություններից միայն երկուսն ունեն ապաստարան, ուր տուժածը կարող է ժամանակավոր ապաստան գտնել: Դրանք են` «Կանանց աջակցման կենտրոնն» ու «Կանանց իրավունքների կենտրոնը»:

«Մեզ մոտ աշխատանքն սկսվում է թեժ գծին զանգ ստանալուց հետո», – ասում է «Կանանց իրավուքների կենտրոնի» հոգեբան Մարինա Եղիազարյանը և ավելացնում, – «Զանգերին պատասխանում է հոգեբանը, նա գնահատում է իրավիճակը, խորհրդատվություն է մատուցում, ապա կինը հրավիրվում է մեր կենտրոն»:

Ալինան ևս դիմել էր «Կանանց իրավուքների կենտրոն»: Կենտրոնի աշխատակիցներն ասում են, որ նա հուզական անկայուն վիճակում էր, գտնվում էր բարձր տագնապայնության մեջ և կար ընդհանուր լարվածություն:

«Մենք նրան հրավիրեցինք կենտրոն: Բռնության հետքերն ակնհայտ էին: Նրան տրամադրվեց ամբողջական աջակցություն, օգնել ենք հոգեբանորեն, իրավաբանական հարցերով, ապաստանով, որի տեղը պահվել է գաղտնի, որովհետև այս դեպքում կար կյանքին սպառնացող վտանգ»,- ասում է Եղիազարյանը:

Ալինան կենտրոնում մնացել է մոտ երեք ամիս, մինչև իրավիճակի հանդարտեցումը, որից հետո կենտրոնի աշխատակիցների աջակցությամբ գտել է աշխատանք, այնուհետև տեղափոխվել վարձով բնակարան: «Այսինքն, երբ կար երաշխիք, որ նա կարող է միայնակ ապրել, նոր գնաց կենտրոնից»,- ասում է կենտրոնի հոգեբանը:

«Կանանց իրավուքների կենտրոնի» թեժ գիծը տարվա ընթացքում հազարից ավել զանգ է ընդունում: Այդ զանգերից մի քանի հարյուրը առաջնային զանգեր են այն կանանցից, որոնք առաջին անգամ են դիմում կենտրոնի օգնությանը: Զանգող կանանց կեսը հիմնականում տեղեկացնում են, որ ենթարկել են հոգեբանական բռնության, մյուս կեսը` ֆիզիկական:

Ընտանեկան բռնությունը իբրև քրեական գործ

Վերջին տարիներին Հայաստանում ավելանում են ընտանեկան բռնության դեպքերը: Պաշտոնական վիճակագրության համաձայն` միայն 2016թ. գրանցվել է կանանց դեմ ընտանեկան բռնության 756 դեպք, իսկ 2012-2015թթ.` տարեկան 575-784 դեպք:

ՀՀ քննչական կոմիտեի (ՔԿ) վարույթում 2017թ. առաջին կիսամյակի ընթացքում քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 215 քրեական գործ, որոնցից մեկը՝ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում:

Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից  կիրառված բռնությանը՝ ծեծին: Բացի այդ՝ գրանցվել են երեխաների նկատմամբ սեռական  ոտնձգության,  ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր և հանցավոր այլ դրսևորումներ։ Համաձայն ՔԿ-ի տվյալների՝ 2015թ. ընտանեկան բռնության համատեքստում սպանությունները կազմում են Հայաստանում գրանցված սպանությունների 17%-ը:

Օրենքն ու ընտանեկան բռնության կանխարգելումը

Դեկտեմբերի 13-ին ԱԺ-ում ընդունվեց «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքը: Սակայն սա  իրավապաշտպան կազմակերպությունների կողմից դրական արձագանք ստացած օրենքը չէ:

Նախագծի առաջին քննարկման ընթացքում ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտարարել էր.

«Ավանդական ընտանիքը հասկացվում է այն, ինչ ՀՀ Սահմանադրության մեջ է ամրագրած՝ տղամարդու և կնոջ միությունը և ոչ թե մյուս ավանդական արժեքների ու հարակից բաղկացուցիչների ընկալում…: Օրենքը կկարգավորի, եթե պետության աջակցությունը մարդը զգում է, ոչ թե մեկը գալու է, մտնի ընտանիք, քանի դեռ ընտանիքը չի հայցել աջակցություն»:

Մինչ ԱԺ-ում օրենքի ընդունումը, այն անցել է երկարատև ու բուռն հանրային քննարկումների փուլերով և բովանդակային փոփոխություններով:

Պատմական ակնարկ

Օրենքի նախագիծը քննարկման էր դրվել 2017թ. սեպտեմբերի 20-ից «Ընտանեկան բռնության կանխարգելման և ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» անվանումով: Այս նախագծի փաթեթի ընդունմամբ ապահովվելու էին ընտանեկան բռնության կանխարգելման իրավական հիմքերը, ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանությունն ու անվտանգությունը, արդարադատության մատչելիությունը, քանի որ մինչ այս գործող օրենսդրությամբ այս ամենը չէր կարգավորվում: Իսկ մի շարք դեպքերում, օրենքում առկա բացերի պատճառով հնարավոր չէր լինում ապահովել ընտանեկան բռնության իրական սպառնալիքի ներքո գտնվող անձանց անվտանգությունն ու պաշտպանությունը:

Օրենքի նախնական տարբերակի կողմնակիցները պնդում են, որ այս նախագիծը բավարար մեխանիզմներ կտա ընտանեկան բռնության ենթարկված անձի և բռնություն կատարած անձի հետ բավարար աշխատանք տանելու համար: Ըստ իրավապաշտպանների, օրենքի ընդունումը կարող է նպաստել ընտանեկան բռնությունների դեպքերի և դաժան միջադեպերի նվազմանը: Մինչդեռ նախագծի ընդդիմադիրները պնդում են, որ սա Եվրամիության կողմից Հայաստանին պարտադրված օրենսդրական նախագիծ է, որը «միտված է ընտանիքներ քայքայելուն և ծնողներից երեխաներին խլելուն»: Օրենքի վերաբերյալ միասնական կարծիք չկար նաև Ազգային ժողովում. տարակարծություններ կային նաև իշխանական կուսակցության անդամների շրջանում:

Թեժ քննարկումներից հետո` նոյեմբերի 16-ին, կառավարության քննարկմանը ներկայացվեց օրենքի նախագծի փոփոխված տարբերակը, որը կրում էր արդեն  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» անվանումը:

Այն իրավապաշտպանները, ովքեր մինչ այդ կողմ էին օրենքի նախագծին, փոփոխված տարբերակին դեմ արտահայտվեցին՝ պնդելով, որ փոխվել է օրենքի փիլիսոփայությունը: Ըստ նրանց, օրենքի նպատակը պետք է լիներ ընտանեկան բռնության պատճառով տուժած անձին օգնություն ցուցաբերելը, ինչը փոխված տարբերակում բացակայում է: Օրենքի նախկին պաշտպաններն իրենց դժգոհությունն արտահայտեցին նաև բողոքի ակցիայի միջոցով:

Ի հավելումն

Հայաստանում ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրենսդրական նախագծեր նախկինում ևս մշակվել են: 2007թ. նախագիծը մշակվել է հասարակական կազմակերպությունների, միջազգային և տեղական փորձագետների կողմից: Սակայն այն այդպես էլ գործադիր և օրենսդիր մարմինների կողմից չի ընդունվել:

2016թ.  Արդարադատության նախարարությունը  ստանձնեց օրենքի մշակումը և նոյեմբերի սկզբին օրենսդրական փաթեթը դրվեց շրջանառության մեջ, սակայն ընդամենը  մեկ օր մնաց նախարարության կայքում, ապա արագ հեռացվեց:

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Արմինե Ավետիսյանը

Ինֆոգրաֆիկան` Աստղիկ Գևորգյանի

Պատասխանատու խմբագիր Սուրեն Դեհերյան

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 12/12/2017