Թվային տեխնոլոգիաների ներդնումը փոխում է մեր հասարակությունը ըստ երկրաչափական պրոգրեսիայի։ Կարճ ասած, երկրաչափական պրոգրեսիան դարձել է գծային զարգացման նոր ձև։ Մինչդեռ շատերը միայն աստիճանաբար են գիտակցում այս անցումը, խաղի մեջ է մտնում մի նոր գործոն, արհեստական բանականությունը (ԱԲ կամ Artificial Intelligence), որն իր հետևից փոփոխությունների մեկ այլ անհամեմատելի ավելի ուժեղ ալիք է բերում։ Եվ սա ֆանտաստիկայի ժանրից չէ, վերցված գիտահանրամատչելի գրականությունից կամ «Տերմինատոր» ֆիլմից, այլ հենց մեր կյանքի առանցքային բնագավառներում ԱԲ-ի նպատակային կիրառումն է։ Արդեն իսկ հիմա մեր հասարակության հիմնարար արժեքների արդիականացումն ակնհայտ անհրաժեշտություն է։ Քաղաքականությունն ու հասարակությունը պետք է գիտակցեն այս փոփոխությունները և գործածության մեջ դնեն թվային տեխնոլոգիաների միջավայրում համակեցության նոր կանոններ։ Միայն այս կերպ 21-րդ դարում կարելի է ապահովել ազատություն, արդարություն, ինչպես նաև համերաշխություն և միևնույն ժամանակ շեշտը դնել հասարակությանը ծառայելուն։
Այսօր թվայնացումը մեզ հնարավորություն է տալիս շփվել աշխարհով մեկ սփռված ընկերների հետ, դիտել ֆիլմեր, պատվիրել ավիատոմսեր կամ էլ սմարթֆոնի միջոցով կառավարել ավտոտնակիդ դարպասները։ Կան բազմաթիվ միօրինակ գործողություններ, որոնք ենթակա են ավտոմատացման։ Թեև այս ամենը որոշ մասնագիտություններ տանում է վերացման, բայց միևնույն ժամանակ այն ստեղծում է նորերը։
Ֆեյսբուքի շուրջ ծագած ներկայիս հակասությունները, և իրարանցումը կապված Cambridge Analytica ընկերության կողմից տվյալների օգտագործման հետ, վկայում են այն մասին, որ մենք կանգնած ենք գլոբալ մարտահրավերների առաջ, որոնք 5-10 տարի առաջ կարող էին կանխագուշակել միայն քչերը։ Որքանո՞վ է մեր հասարակությունը ազատ թվային միջավայրում։ Արդյո՞ք թվային աշխարհում ավելի շատ կամ քիչ արդարություն կա քան իրական աշխարհում։ Եվ առհասարակ գոյություն ունի՞ թվային սոլիդարություն որպես այդպիսին։
Հաշվի առնելով այն, որ այսուհետ համակարգերում ներդրված են լինելու ոչ միայն դասական ալգորիթմներ, վերոնշյալ հարցերը նոր թափով են բարձրաձայնվում։ Արհեստական միտքն ակնհայտորեն արագացնում է թվայնացման պրոցեսը և փոխում է թվային սարքերի աշխատելաձևը։
Արհեստական բանականությունն ամենուր է
Բոլոր խոշոր ՏՏ ընկերությունները ոչ միայն ակտիվ հետազոտություններ են անում արհեստական բանականության ոլորտում, այլ նաև օգտագործում են այն իրենց ապրանքանիշներում։ ԱԲ-ի շնորհիվ անհատական ինտելեկտուալ լեզվական օգնականներ՝ Ալեքսն (Alex) ու Սիրին (Siri), ավելի լավ են հասկանում տվյալ սարքավորման տիրոջը և ավելի լավ են սովորում հրահանգները։ Ֆեյսբուքում արհեստական բանականությունն օգտագործվում է ինքնասպանության հակում արտահայտող հաղորդագրությունները վերլուծելու համար։ Եթե հենց այդպես է, ապա էկրանին հայտնվում է հոգեբանական օգնություն ցուցաբերող հեռախոսային ծառայության ծանուցում։ Գուգլը առաջարկում է ծրագիր, առցանց խանութներին կառավարող համակարգերի ձևով, որը կարող է երաժշտություն գրել (հարցը, թե կարող ենք արդյո՞ք սա կոչել իրական ստեղծագործում, ավելի շուտ փիլիսոփայական է)։
Արհեստական բանականության օգտագործման այս և շատ այլ օրինակներ վերջին հինգ տարիների ընթացքում կայծակնային արագությամբ տարածվում են մեր կյանքի բոլոր ոլորտներում և շատ ժամանակ մեզանից անկախ, քանի որ տարբերել, արդյո՞ք այս կամ այն ծրագիրն օգտագործում է արհեստական բանականություն, թե՝ ոչ, արտաքինից գրեթե անհնար է։
Պարադիգմայի փոփոխություն
«Արհեստական բանականություն» ընդհանուր հասկացության ներքո ենթադրվում է մտավոր աշխատանք, որը նախկինում կարող էին կատարել միայն մարդիկ (կամ կենդանիները), իսկ հիմա նաև մեքենաներն են ի զորու։ Գիտաֆանտաստիկ ֆիլմերում խոսքը հիմնականում գնում է այսպես կոչված հզոր արհեստական բանականության մասին, որը գործում է որպես մարդ և գրեթե չի տարբերվում նրանից։ Սակայն մոտալուտ ապագայում ավելի իրական է թույլ արհեստական բանականությունը, որի օգնությամբ մեքենայացված սարքերին տրվում են մարդու ունակություններից որևէ մեկը։ Օրինակ` սարքը կարող է նկարներում շներին կատուներից տարբերակել, ճանաչել և մեկնաբանել մարդկային լեզուն։ Եթե համակարգը սովորում է որևէ նոր բան, ապա կարող ենք խոսել մեքենայական ուսուցման մասին (Machine Learning):
Հիմա այլևս հնարավոր չէ միայն ալգորիթմով որոշել, թե ինչ կունենա համակարգը թողարկման պահին։
Մեքենայական ուսուցման մասնավոր ոլորտը, որն այս պահին ավելի մեծ հետաքրքրություն է առաջացնում տեխնիկական տեսանկյունից, այսպես կոչված խորացված ուսուցումն է։ Այս պարագայում, համակարգն ինքնուրույն է սովորում համապատասխան կառուցվածքները և իր ունակությունները կարող է ինքնուրույն բարելավել։ Հետևաբար, արհեստական բանականությամբ համակարգը սկզբում, հիմնականում, անօգուտ է։ Բայց, եթե նրանց բազմաթիվ տվյալների օգնությամբ ինչպես հարկն է «վարժեցնել», ապա ժամանակի ընթացքում, շատ մեծ հավանականություն կա, որ նրանք կարող են հաջողությամբ կատարել կոնկրետ աշխատանք և անընդհատ բարելավել իրենց ունակությունները։ Սրանով է պայմանավորված նրանց սկզբունքային տարբերությունը դասական ծրագրային ապահովումից․ այն ժամանակ ալգորիթմները որպես այդպիսին կայուն/որոշիչ էին, մինչդեռ արհեստական բանականությամբ համակարգերը այլևս այդպիսին չեն։ Հիմա արդեն միայն ալգորիթմով հնարավոր չէ որոշել, թե ինչ կունենա համակարգը թողարկման պահին։ Որոշիչ դեր են կատարում այն տվյալները, որոնց օգնությամբ մինչ այսօր կատարվում էր համակարգերի վարժեցումը։ Պարադիգմայի նման փոփոխությունը փոխում է ոչ միայն թվայնացման հետևանքների նկատմամբ վերաբերմունքը, այլ դեռ ավելի է կարևորում ընդհանուր և փոխկապակցված անձնական տվյալների հավաքագրման նշանակությունը։
Դժվարահասը հասկանալով
Այսպիսով, տվյալների արդիականությունը մեծանում է, և հենց նրանք են որոշում ԱԲ համակարգի աշխատանքի արդյունքները։ Այդ իսկ պատճառով ծրագրային ապահովման սկզբնական կոդի հասանելիությունը ապագայում քիչ բան կտա։ Ի վերջո նույնիսկ ծրագրային ապահովման սկզբնական կոդի լիովին հասանելի լինելու դեպքում, խորը ուսուցմամբ սարքերը որոշիչ կհամարեն այն տվյալները, որոնց օգնությամբ և իրականացվել է իրենց ուսուցումը։ Եվ քանի որ տեխնիկական համակարգերը դառնում են ավելի բարդ հասկանալու համար, կպահանջվեն նոր գործիքներ և նոր կանոններ, որպեսզի կարողանանք պահպանել մեր հիմնարար արժեքները ԱԲ համակարգերով աշխարհում։
Կարեւոր որոշումներ կայացնելիս վերջին խոսքը պետք է թողնել մարդկանց։
Եթե ԱԲ համակարգերը ստանան մուտք կյանքի բոլոր բնագավառներ, ինչպե՞ս հնարավոր կլինի յուրաքանչյուրիս ազատությունն ապահովել։ Թափանցիկության ու պիտակավորման հետ կապված պարտավորություններ են անհրաժեշտ․ պետք է լինի ալգորիթմների հետ կապված որոշումների կիրառման ժամանակի և տեղի, ինչպես նաև կիրառվող տվյալների տեսակների հստակեցում։ Որպես օրինակ կարող ենք վերցնել բժշկության ոլորտը․ եթե ապագայում ախտորոշման ժամանակ բուժման տեսակի ընտրությունը կատարելու է համակարգիչը, ապա հիվանդները գոնե պետք է տեղեկացված լինեն դրա մասին։ Բացի այդ, հարկ է մտածել վերահսկման հնարավոր ապահովման անհրաժեշտության մասին, ինչպես նաև այն մասին, որ ծայրահեղ նշանակության որոշումներ կայացնելիս, ԱԲ համակարգերի որոշումները հարցականի տակ դրվեն, և հենց մարդիկ կայացնեն վերջնական որոշում։
Հավասար իրավունքներ արհեստական բանականության ոլորտում
ԱԲ համակարգերի ճիշտ կամ սխալ աշխատանքը մեծ մասամբ կախված է նրանց ուսուցման ժամանակ կիրառվող տվյալներից։ Եթե դեմքի ճանաչման ծրագիրը ուսուցանվի միայն սպիտակամորթ մարդկանց նկարներով, ապա սևամորթ մարդկանց դեմքի ճանաչման ժամանակ կառաջանան խնդիրներ։ Այսպիսով, իսկապես կա հավանականություն ստեղծելու ինքնատիպ ռասիստական արհեստական բանականությամբ համակարգ։ Մյուս կողմից, նույն ծրագրային ապահովումը, որի ուսուցման համար օգտագործվում են այլ, ավելի ծանրակշիռ տվյալներ, կարող է լրիվ այլ որոշումներ կայացնել։ Դրա համար անհրաժեշտ է հսկել նմանատիպ համակարգերի ուսուցման ժամանակ կիրառվող տվյալները, որոնք առավելագույնս կբացառեն խտրականությունը։ Սովորեցնող բլոկերի ստուգման ու փաստաթղթավորման նմանատիպ հնարավորությունը պետք է պարտադիր պայման լինի պետական համակարգերի դեպքում։ Փոքրամասնությունների խտրականությունն այստեղ անընդունելի է։ Այդ իսկ պատճառով քաղաքական գործիչները պարտավոր են ստեղծել օրենսդրական նախադրյալներ մասնավոր համակարգերն օգտագործելու համար, որպեսզի ապագայում երաշխավորեն հավասարության սկզբունքի հետևումը։
Քաղաքական գործիչները պարտավոր են ստեղծել օրենսդրական նախադրյալներ մասնավոր համակարգերն օգտագործելու համար, որպեսզի ապագայում երաշխավորեն հավասարության սկզբունքի հետևումը
Թվայնացման, մասնավորապես, արհեստական բանականությամբ համակարգերի ստեղծման արդյունքում հասարակության հիմնարար արժեքները հայտվել են նոր մարտահրավերների առջև։ Ես վստահ եմ, որ թվայնացման առավելություններն ակնհայտ գերազանցում են նրա թերությունները և խելամիտ հայեցակարգերի ու դրական մոտեցումների միջոցով ապագայում կարելի է երաշխավորել այնպիսի հիմնարար արժեքներ, ինչպիսիք են ազատությունը, արդարությունը և համերաշխությունը` միևնույն ժամանակ բարելավելով համընդհանուր բարեկեցությունը։ Եվ ամեն դեպքում, հասարակությունն և քաղաքականությունը ստիպված կլինեն ավելի արագ և ակտիվ կերպով զբաղվել ապագայում առաջացող տեխնիկական հարցերով։
Հեղինակ` Հեննինգ Թիլման (Henning Tillmann), Բեռլին
Հենինգ Թիլմանը ծրագրային ապահովման մասնագետ է և մեդիադիզայներ։ Հանդիսանում է գերմանական հետազոտական D64-Թվային զարգացման կենտրոնի ղեկավար անդամ, ինչպես նաև Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական կուսակցության (SPD) հովանու ներքո լրատվական և ցանցային քաղաքականության հանձնաժողովի խորհրդի անդամ։
Նյութի բնօրինակը հրապարկվել է Միջազգային քաղաքականություն և հանրություն եռալեզու պարբերականում:
Թարգմանությունը` Մերի Գևորգյանի և Անի Գանջալյանի
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/02/2019