Դըրբըզեք

Փախուստ հանուն փրկության․ Արցախի բնակչության տարհանումը մեկ ընտանիքի օրինակով

Երևանում վարձակալած անմխիթար մի տանն է ապրում Արցախից բռնի տեղահանված տիկին Զամիրան՝ ամուսնու, կրտսեր որդու ու մոր հետ։ Սեպտեմբերի 19-ից մինչև 28-ն ապրածի մասին մեկը մյուսին լրացնելով են պատմում։ Տիկին Զամիրայի ձայնից ու հայացքից հնարավոր է մոտավոր պատկերացում կազմել այդ օրերին նրանց զգացածի ու ապրածի մասին։

44-օրյա պատերազմում նա ավագ որդուն է կորցրել՝ Թաթուլին։ Մոտ մեկ տարի փնտրելուց հետո է գտել մարմինն ու հողին հանձնել։ Այս՝ սեպտեմբերի 19-ի պատերազմում գլխներով անցածի մասին պատմելու ընթացքում անընդհատ կրկնում էր․ «ասել եմ մենակ թե էս մեկիս՝ փոքրիս, փրկեմ, կարողանամ ողջ-առողջ հանել։ Աչքիս ոչ մի այլ բան չի երևում, հիմա էլ փառք եմ տալիս Տիրոջը, որ փրկվել է»։

Զամիրան որդու՝ Ֆելիքսի հետ

Ձեռքի փոքրիկ պայուսակի մեջ բռնի տեղահանված կինն ընդամենը փաստաթղթերն է վերցրել, էն էլ՝ ոչ բոլոր։ Կիչանի Նոր Կիլիկիա թաղամասի ողջ բնակչությունը՝ շուրջ 30 ընտանիք, սեպտեմբերի 19-ի կեսօրին՝ ադրբեջանական հարձակումից րոպեներ անց տարհանվել են։ Թաղամասն ադրբեջանական ստորաբաժանումների թիրախում էր։ Նրանց դուրս գալուց անմիջապես հետո թշնամին ռմբակոծել է գյուղը։

«Եթե շատ արագ դուրս չգայինք տներից, կկոտորվեինք։ Հարևանիս ու մեր տան մեջտեղում է ընկել արկը։ Հենց սկսեցին ռմբակոծել, ռմբակոծելը որն է՝ կարկուտ էին թափում, բոլորս դեպի գյուղի ներքևում գտնվող կամուրջը գնացինք՝ մտածելով, որ համեմատաբար ապահով տեղն այդտեղ է։ Ահավոր ցեխաջուր էր հոսում կամրջի տակով։ Էդ ցեխաջրի մեջ ավելի քան 4 ժամ մնացել ենք։ Հետո գյուղապետը եկել է, թե՝ ձեզ «Կամազ»-ով ուզում ենք տեղափոխել Առաջաձոր։ Շատերս հրաժարվեցինք մեքենա նստել, քանի որ վախենում էինք, որ հիմա էլ դրա վրա են կրակ բացելու։ Մեր գյուղի համարյա ամբողջ բնակչությունը դեպի Առաջաձոր շարժվեց ոտքով։ Մի ամբողջ օր անտառներով, սարերով, քոլերով քայլեցինք։ Մեզ հետ էլ հղի կին կար, երկու ամսական նորածին․․․»,- պատմում է տիկին Զամիրան։

Կողքից որդին՝ 15-ամյա Ֆելիքսը, լրացնում է․

Երեք անգամ շփոթվել ենք, ժայռերը մագլցելով բարձրացել ենք, նորից իջել՝ մինչև հասել ենք Առաջաձորի գլուխը։

Սեպտեմբերի 19-ի գիշերը Նոր Կիլիկիայի ավելի քան 100 բնակիչ՝ այդ թվում Տաթևը, որ հղի էր և հարևանի հարսը՝ նորածնի հետ, անցկացրել են անտառում։ Խոսում էին շշուկով, վախենում անգամ կրակայրիչ վառել։ Մտավախությունը, որ անօդաչու թռչող սարքի թիրախում կհայտնվեն, թույլ չէր տալիս, որ ճանապարհը լուսավորելու համար գոնե մի փոքր լապտեր վառեն։ Ամսի 20-ի առավոտյան թաղամասի բնակիչները հասնում են Առաջաձոր։ Այստեղ հասցնում են կանգ առնել ու մի փոքր շունչ քաշել ընդամենը 1-2 ժամ։

«Եկան, թե Առաջաձորն էլ է տարհանվում, այդտեղ էլ է արդեն վտանգավոր։ Մի մասն «Ուրալ»-ով, մյուսը՝ մեր հարևանի «Սպրինտեր»-ով, դուրս եկանք։ Որ հասանք Ստեփանակերտ, տարան ինչ-որ դպրոց։ Էդտեղ էլ մինչև օրվա վերջ մնացինք՝ առանց ջրի, հացի․․․ Լրիվ դատարկ, գրեթե բոբիկ էինք դուրս եկել գյուղից, ու այդքան ժամանակ սոված ու ծարավ ճամփեքին ենք եղել։ Խումբ-խումբ գնացինք բարեկամի, ծանոթի տներ, մինչև կհասկանայիք, թե ինչ ենք անում»։

Երկու օր անց Ստեփանակերտը ևս տարհանելու մասին լուրն, ուղղակի, շանթահարեց ժողովրդին։ Ստեփանակերտի անկումը նշանակում էր Արցախի անկում։ Գտնվելով հոգեպես կոտրված, ֆիզիկապես՝ հյուծված վիճակում, մարդիկ չգիտեին՝ ինչ անել։

Ստեփանակերտի անկումը նշանակում էր Արցախի անկում․․․

«Ոչ վառելիք կար, ոչ գիտեինք՝ ուր գնալ։ Միայն ուզում էինք երեխեքին փրկել։ Բոլորիս ուզածը դա էր։ Խնամուս ծանոթներից մեկն «ՈւԱԶ» ուներ, ասաց՝ եթե կուզեք, կարող եք մեզ հետ դուրս գալ, բայց դե բաց մեքենա է։ Քանի որ այլ տարբերակ չկար, նստեցինք էդ մեքենան։ Երկու օր ճանապարհ ենք եկել։ Մի ամբողջ գիշեր անձրևի տակ էինք, մինչև ոսկորները թրջվել էինք, հետն էլ՝ առանց հացի, առանց ջրի․․․Աղջիկս էլ էր մեզ հետ՝ երկու փոքր երեխայի հետ։ Ամուսինս ճարահատյալ դուրս եկավ մեքենայից, գնաց մեկից հաց խնդրեց, բերեց տվեց երեխեքին»։

Մի ամբողջ գիշեր անձրևի տակ էինք, մինչև ոսկորները թրջվել էինք, հետն էլ՝ առանց հացի, առանց ջրի․․․

Այդ օրերին անցած դժոխային ճանապարհը ծանր հետևանքներ է ունեցել տիկին Զամիրայի առողջության վրա։ 2020թ․-ից հետո ունեցած ապրումներն ու կրած զրկանքները շատ էին խեղճացրել նրան, հիմա էլ այս պատերազմն ու հայրենազրկումն է գումարվել։ Ասում է՝ տունս մինչև հիմքն է քանդվել, ոտքի կանգնել ոչ մի կերպ չի ստացվում։

Որդու՝ Թաթուլ Այվազյանի մարմինը գտնելու համար մեկ տարի անդադար փնտրել է հնարավոր բոլոր վայրերում։ Միայն չորս անգամ ԴՆԹ է հանձնել․ համընկումներ են եղել այլ մասունքների հետ․ միայն ամուսնու ԴՆԹ-ի արդյուքները պարզելուց հետո են նույնականացրել իրենց որդուն։ 2021թ․ սեպտեմբերի 4-ին ինքը՝ մայրն է ճանաչում Թաթուլին․ գրեթե անճանաչելի էր, եղունգներից է ճանաչում․․․

Թաթուլը Թալիշի դիրքերում էր, երբ 2020թ․ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով հարձակում սկսեց։ Թաթուլին վերջին անգամ տիկին Զամիրան սեպտեմբերի 25-ին էր տեսել։ Հետո, երբ պատերազմը երկարում էր, որդուց օրեր շարունակ էլ լուր չի լինում, խնդրում է, որ ամուսինը, ով արդեն թոշակառու սպա էր, գտնել ու փրկել որդուն՝ մսաղաց դարձած առաջնագծից, իսկ նա կտրականապես հրաժարվում է՝ ասելով․ «Ոչ խիղճս, ոչ էլ սպայի աստիճանս թույլ չի տա ինձ երբևէ որդուս իջեցնել դիրքերից․ ինքը ոչ ոքից առավել չէ․․․»։

Այդպես էլ Թաթուլից որևէ լուր չունենալով, միայն մեկ տարի անց ԴՆԹ-ով է հաջողվում նույնականացնել ու հողին հանձնել մասունքները։ 44-օրյայում նահատակված Թաթուլը հանգչում է Եռաբլուրում, իսկ տիկին Զամիրայի եղբայրը՝ Մասիսը, ով նույնպես զոհվել է 44-օրյայում՝ Մատաղիսում, Կիչանի գերեզմանատանն է հուղարկավորված։ Նրա մայրը՝ տիկին Վալյան, հեկեկալով շշնջում է․ «Տղայիս շիրիմին այցելել է՛լ չեմ կարողանում․ նկարը տանում, դնում եմ թոռանս քարի մոտ՝ Եռաբլուրում ու երկուսի համար լացում»։

Վալյան

Մասիսը 39 տարեկան էր, որ նահատակվեց, Թաթուլը՝ 19․․․ Արցախը, հայրենի տունը կորցնելուց հետո մնացած միակ հարազատ անկյունը տիկին Զամիրայենց համար այս երկու նահատակների անկյունն է՝ օտար ու սառը պատերի ներքո հավաքված։

Արցախի սրբազան հողի համար հարազատներ կորցրած այս ընտանիքը հիմա մի այնպիսի անմխիթար տանն է ապրում, որտեղ անգամ ջուր չկա։ Ճաշ եփելու, աման լվանալու, լվացք անելու համար տիկին Զամիրան դիմացի ցայտաղբյուրից է ջուր բերում։ Դռնից ներս մտնելով՝ հոգնատանջ հայացքն ամեն անգամ որդու ու եղբոր նկարներին է հառում, լացում, ապրածը վերապրում, արցունքերը սրբում ու շարունակում պայքարել՝ արդեն հանուն Ֆելիքսի։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարները՝ Էլեն Միքայելյանի 

Այս նյութը պատրաստվել է Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտած մտքերի համար պատասխանատվությունը կրում են հեղինակները։ Արտահայտած կարծիքները կարող են չհամընկնել Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի կարծիքի հետ։

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/11/2023