Սոցիալական

Դեմոգրաֆիական խնդիրները ՀՀ մարզերում. 2019թ. 1-ին կիսամյակ

Սույն հոդվածը «Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի մաս է կազմում: «Ամփոփ Մեդիան» ուսումնասիրել է 2019թ. 1-ին կիսամյակի սոցիալ-տնտեսական ցուցանիշները, համեմատել նախորդ տարվա 1-ին կիսամյակի տվյալների հետ: Հաշվի առնելով տվյալների առատությունը՝ յուրաքանչյուր մարզին վերաբերող ցուցանիշների համար պատրաստել ենք առանձին ինֆոգրաֆիկա, իսկ վերլուծական մասը՝ մասնատել սոցիալ-տնտեսական ոլորտային 5 ուղղությունների:

Հոդվածաշարի մատուցման նորամուծությունն այն է, որ ընթերցողին հնարավորություն է տրվում կողք կողքի տեղադրել երկու հարևան մարզերի ինֆոգրաֆիկաները և ինքնուրույն համեմատել թե՛ յուրաքանչյուր մարզի, թե՛ երկու տարբեր մարզերի ցուցանիշները։

Ժողովրդագրական ցուցանիշներին անդրադառնալիս, ցավոք, պետք է նշել , որ Հայաստանի բնակչության նվազումը կանգ չի առնում: 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ ՀՀ բնակչությունը նվազել է 8 200 բնակչով կամ 0.3%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բնակչությունը նվազել էր 10 100 բնակչով: Հայաստանի բոլոր մարզերում բնակչության թվի նվազում է նկատվում, մինչդեռ մայրաքաղաք Երևանում բնակչությունը աճել է 0.3%-ով: Սա հուշում է այն մասին, որ բնակչության ներքին տեղաշարժը դեպի մայրաքաղաք շարունակվում է: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ Երևանում է բնակվում հանրապետության բնակչության ավելի քան մեկ երրորդը, մինչդեռ Հայաստանի 10 մարզերում բնակվում է բնակչության 63.5%-ը կամ 1.8 մլն մարդ:

Երևանից հետո ամենաշատ բնակիչ ունեցող մարզը Արմավիրն է՝ շուրջ 264 հազար մարդ, սակայն այստեղ էլ այս տարվա նշված ժամանակահատվածում գրանցվել է 700 բնակչի նվազում: Այնուամենայնիվ, 2019թ. հուլիսի 1-ի դրությամբ 2018թ-ի հուլիսի 1-ի համեմատ ամենաշատը նվազել է Արագածոտնի և Վայոց ձորի բնակչությունը` 1.4%-ով: Առաջինի դեպքում մարզից հեռացել է 700 բնակիչ, իսկ երկրորդից՝ 1400 բնակիչ: Ընդ որում՝ Արագածոտնի մարզում ավելի շատ նվազել է քաղաքային բնակչությունը, քան գյուղականը:

Արագածոտնի և Վայոց ձորի մարզերը դեմոգրաֆիական առումով առանձնանում են նաև նրանով, որ տղամարդկանց թիվը մոտ 3 անգամ շատ է նվազել, քան կանանց թիվը [տե՛ս տվյալ մարզերին վերաբերող ինֆոգրաֆիկաները]: Չի բացառվում, որ սա ուղղակիորեն կապված է այս մարզերից առավել հաճախ արտագնա աշխատանքի մեկնման հետ:

Տղամարդականց թվի նվազում նկատվում է բոլոր մարզերում:

Ծնելիության ցուցանիշները ևս ոգևորիչ չեն: Հանրապետությունում առաջին կիսամյակում ծնվել է 16 111 երեխա, որից 8 450-ը՝ տղա: Ծնելիությունը ընդհանուր առմամբ նվազել է 0.5%-ով: Ծնելիության ամենամեծ նվազումը գրանցվել է Սյունիքի մարզում` 9%: Սա այն մարզն է, որտեղ ամենաբարձր միջին աշխատավարձն է գրանցվել` 245 հազար դրամ: Հաջորդիվ գալիս է Շիրակի մարզը` 6.4% նվազում, ուր միջին աշխատավարձի ամենացածր շեմն է գրանցվել (տես Գործազրկությունն ու աշխատավարձը ՀՀ մարզերում):

Ծնելիության ցուցանիշների ամենամեծ աճը գրանցվել է Արմավիրում (1400 ծնունդ) և Արագածոտնում (668 ծնունդ)` համապատասխանաբար 7.6%-ով և 7%-ով:

Ստորև ներկայացված վիզուալ պատկերների միջոցով հնարավոր է համեմատել 10 մարզերի սոցիալ-տնտեսական ցուցանիշները:

https://readymag.com/1497134

«Տնտեսությունը և հասարակությունը ՀՀ մարզերում» խորագրով հոդվածաշարի ոլորտային մյուս ուղղություններին ծանոթացեք այստեղ`

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 19/08/2019