Տնտեսություն

Վարկեր և միանվագ գումարներ․ Հակաճգնաժամային միջոցառումներ բիզնես ոլորտին

Արտակարգ դրության ընթացքում տնտեսական գործունեության սահմանափակումների հետևանքով տուժեցին տնտեսության որոշ ուղղություններ, ինչպես նաև ներկրումն ու արտահանումը, տուրիզմը, սպասարկումը, թեթև արդյունաբերությունը, մանրամեծածախ առևտրի որոշ ճյուղեր։

Այս ոլորտի աշխատակիցներից միայն մի մասի աշխատանքն էր հնարավոր կազմակերպել տանից՝ առցանց ռեժիմով, մյուսները սահմանափակ տեղաշարժման պայմաններում զրկվեցին աշխատելու հնարավորությունից։

Սոցիալական խնդիրները մեղմացնելու, աշխատանքն ու եկամուտը ապահովելու ուղղությամբ պետությունը ձեռնարկեց մի շարք սոցիալական ու տնտեսական ծրագրեր՝ բաշխելով դրանք թվով 16 հակաճգնաժամային միջոցառումների միջև։

Աշխատողների աշխատավարձերին ուղղված տնտեսական միջոցառումները երկուսն են` 1-ին և 5-րդ միջոցառումները: Երկուսն էլ ընդունվել են մարտի 31-ին։

Առաջին միջոցառումը նախատեսում է անտոկոս, կամ նվազեցված տոկոսադրույքով վարկեր բիզնեսների համար։

Այս միջոցառման շրջանակներում տնտեսվարողները կարող են օգտվել միայն հետևյալ վարկի տեսակներից՝ աշխատավարձի, հարկերի, հումքի, սարքավորումների, կոմունալ, սննդի և դեղերի։

Այս միջոցառումից օգտվելու համար բիզնեսը պետք է ունենա հարկային և վարկային լավ պատմություն։ Սա նշանակում է, որ տնտեսվարողը պետք է ժամանակին վճարած լինի վարկային պարտավորությունները, վերջին 12 ամսում չունենա ուշացումներ, որոնք անցել են գումարային 30 օրը։ Նա նաև պետք է վճարած լինի բոլոր հարկային և այլ պարտադիր վճարները և չունենա 50 հազար դրամը գերազանցող պարտք պետությանը։

Նման տնտեսվարողը կարող է դիմել իր բանկին (այն բանկը, որի միջոցով իրականցնում է ընկերության ֆինանսական գործողությունները) կամ վարկային կազմակերպության և նրանից վարկ ստանա։

Առաջարկվող վարկատեսակներն ու օգտվելու եղանակները

Տնտեսվարողը կարող է ընտրել իրեն ցանկալի վարկի տեսակը կամ տեսակները, և այն աջակցության ձևը, որն ուզում է ստանալ պետությունից՝ վարկի տոկոսադրույքի մարում, վարկի համար գրավի տրամադրում, արտարժույթով վարկի դեպքում՝ արտարժույթի ռիսկի չեզոքացում։
Աշխատակիցների վարկով տնտեսվարողը կարող է վճարել միայն այն աշխատակիցներին, ովքեր գրանցված են եղել մինչ փետրվարի 29-ը։ Այս ձևով տրվող աշխատավարձը չի կարող գերազանցել 500 հազար դրամը, միաժամանակ չի կարող գերազանցել փետրվարին աշխատողի ստացած աշխատավարձի չափը։

Այսինքն՝ եթե աշխատողը փետրվարին ստացել է 250 հազար դրամ աշխատավարձ, այդ աշխատավարձի չափին համապատասխան գործատուն կատարել է հարկային այլ վճարումներ, ուրեմն նա կարող է նույնքան ստանալ երեք ամիս շարունակ։

Մյուս ուղղությունը հարկային պարտավորությունների կատարման համար վարկն է՝ կրկին 3 ամսվա համար։ Մյուսը՝ հումքի վարկերն են։ Տնտեսվարողը այդ վարկը կարող է ստանալ և օգտագործել, եթե ուզում է հումք գնել ներքին շուկայից կամ ներմուծել, բայց պետք է անպայման այդ հումքն օգտագործի միայն Հայաստանում։

Նույնը վերաբերում է նաև սարքավորումների վարկերին։ Սննդի և դեղերի վարկերի դեպքում ևս ներմուծված ապրանքը պետք է իրացվի միայն Հայաստանում։

Մյուս վարկի տեսակը կոմունալ վճարների վարկերն են, որոնք չեն կարող գերազանցել ամսական 5 մլն դրամը և պետք է հաշվարկված լինեն առավելագույնը 3 ամսվա համար։

Այս տեսակի վարկերը հնարավոր է վերցնել մինչև 24 ամիս, այսինքն՝ 2 տարի մարման ժամկետով։ Իհարկե մեկ տնտեսվարողը կարող է վերը նշվածներից մի քանի տեսակի վարկ վերցնել, սակայն այս միջոցառման շրջանակներում վարկի չափը սահմանափակ է՝ 500 մլն դրամ։ Գրավի և արտարժույթի ռիսկի չեզոքացման դեպքերում պետությունը նախատեսում է ներդնել առավելագույնը 250 մլն դրամ։

Վերցված վարկը հնարավոր չի լինի կանխիկացնել։ Այն հնարավոր կլինի օգտագործել միայն անկանխիկ։ Վարկերը համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում հաստատվում են 3 աշխատանքային օրվա ընթացքում, ըստ գումարի չափի՝ փոքրից մեծ։
Վարկի տարեկան տոկոսադրույքը տնտեսվարողի համար կկազմի 0-6%։ Տոկոսադրույքի չափը կախված է նրանից, թե տնտեսվարողը որ տեսակի վարկից է օգտվում։

Միանվագ գումարի տրամադրում․ 5-րդ միջոցառում

Աշխատատեղերի պահպանման մյուս ծրագիրը՝ թվով 5-րդը, նախատեսում է միանվագ գումար տրամադրել ամեն 5-րդ աշխատողի աշխատավարձի չափով։ Տնտեսվարողը հետագայում պարտավորություն չունի մարել այս գումարը, այն վարկ չէ, ի տարբերություն նախորդ միջոցառման, այլ դրամաշնորհ է։

Տնտեսվարողը հետագայում պարտավորություն չունի մարել այս գումարը, այն վարկ չէ, ի տարբերություն նախորդ միջոցառման, այլ դրամաշնորհ է։

Տնտեսվարողը կարող է օգտվել այս ծրագրից, եթե այս տարվա հունվար-մարտ ամիսներին ունեցել է 2-50 աշխատող, միաժամանակ մարտ ամսին աշխատանքից չի ազատել իր աշխատողներին, այսինքն ունեցել է նույնքան աշխատող և վճարել է նույնքան աշխատավարձ։

Ըստ պաշտոնական տվյալների, այս միջոցառումը տարածվում է մոտ 12 հազար տնտեսվարողի վրա։ Այն տնտեսվարողները, ովքեր բավարարում են այս պահանջներին և ուզում են օգտվել այս միջոցառումից, պետք է սպասեն ՊԵԿ-ի ծանուցմանը, քանի որ ՊԵԿ-ը իր տվյալների հիման վրա, առանձնացնում է նման տնտեսվարողներին ու տեղեկացնում, որ նրանք ծրագրի շահառու են։ Դրանից հետո միայն տնտեսվարողը կարող է դիմում ներկայացնել ՊԵԿ և ստանալ իրեն հասանելիք դրամաշնորհը 5 աշխատանքային օրվա ընթացքում, եթե իհարկե համապատասխանում է նշված պայմաններին։

Արդյունավետությունը

Չնայած կառավարության առաջարկած տնտեսական միջոցառումներին, գործարարները չեն շտապում օգտվել դրանցից կամ էլ բավարար չեն համարում դրանք տնտեսության վերականգնման համար։ «Մանթաշով» գործարարների միության նախագահ, գործարար Վահրամ Միրաքյանը Կառավարության միջոցառումներում երկու կարևոր խնդիր է տեսնում։

Ըստ նրա պետության ներդրած գումարը քիչ է, իսկ միջոցառումները ոչ հստակ․ «Եթե նայենք միջազգային փորձը, կտեսնենք, որ այս երկրները ՀՆԱ-ի 10-20%-ի չափով են գումար լցնում տնտեսություն, որպեսզի տնտեսությունը չպայթի։ Մեզ մոտ այս ցուցանիշը ընդամենը 3% է։ Հետևաբար այդ աջակցությունը անհամեմատ ավելի փոքր է, քան իրականում պետք է լինի։ Բացի այդ այն միանշանակ չէ իր արդյունավետությամբ»։

Վահրամ Միրաքյանը վստահեցնում է, որ այսօր Հայաստանում, բիզնեսների միջին եկամտաբերությունը տարեկան 15% է, ինչը կազմում է տարվա 2-3 ամսվա գումարը։

«Այս տարվա մեջ երկու-երեք ամիս բիզնեսները չեն աշխատել և եկամուտ չեն ունեցել, ավելին՝ վնասով են աշխատել, ծախսեր են արել՝ աշխատավարձ և հարկեր են վճարել։ Սա նշանակում է, որ եթե նույնիսկ ռեստորանները հենց վաղվանից սկսեն նորմալ աշխատել, այս տարին նրանք փակելու են վնասով, քանի որ երկու ամիս արդեն կորցրել են», – ասում է Միրաքյանը։

Ըստ նրա, ներկայիս իրավիճակը դեռ երկար է տևելու, հետևաբար, դրա հետևանքները ևս երկար են տևելու։ Ուստի, ոչ մի խելամիտ բիզնես երկու տարի մարման ժամկետով վարկ չի վերցնի, քանի որ դա պարտք է, որը մարելու համար պետք է եկամուտ ունենալ, մինչդեռ երկար ժամանակ վնասով է աշխատելու։

Մյուս խնդիրը միջոցառումների ոչ հստակությունն է։ Ըստ գործարարի, բանկերը զգուշավոր են վարկեր տրամադրելու հարցում, քանի որ հստակ չէ, թե պետությունն ինչպես է մարելու տոկոսները․

«Այն բիզնեսը, որը վարկունակ է, կարող է օգտվել այդ անտոկոս վարկերից, իսկ այն բիզնեսը, որի գործերը ավելի են վատացել արտակարգ դրության պայմաններում, վարկունակությունը ցածր է, վիճակն ավելի ծանր է, նա չի ստանում անտոկոս վարկ, ու այդ գումարը չի հասնում բիզնեսին», – ասում է Միրաքյանը։

Վահրամ Միրաքյանը կարծում է, որ այս պահի դրությամբ քիչ, թե շատ լավ ծրագիրը, լայն սպառման ոլորտի ընկերություններին տրվող աշխատավարձային դրամաշնորհներն են։ Դրանք ներկայացված է են 8-րդ միջոցառմամբ։ Այն սոցիալական միջոցառումների շարքին է դասվում, քանի որ օգնությունը տրվում է ամիջապես աշխատողին, այլ ոչ թե տնտեսվորողին։

Ըստ այս միջոցառման, արտակարգ դրությունից առավել տուժած ոլորտների աշխատողները, կստանան միանվագ աշխատավարձ՝ 68 հազարից մինչև 136 հազար դրամի չափով։ Միանվագ գումար կստանան նաև անհատ ձեռներեցները։ Նրանք կստանանա 2019թ․ 4-րդ եռամսյակի իրենց իրացման շրջանառության 10 տոկոսի չափով գումար, որը չի գերազանցում 136 հազար դրամը։ Պայմանը մեկն է․ նրանք պետք է վարձու աշխատող կամ ԱՁ եղած լինեն մարտի 13-30-ի ընթացքում։

Հեղինակ՝ Աստղիկ Գևորգյան 

Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Հավելյալ աղբյուրներ

  • Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման մանրամասներն ԱՅՍՏԵՂ
  • Թարմացվող գրաֆիկներ․ Covid-19-ի հաստատված դեպքերը ՀՀ-ում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

#COVID19 #ArmGov #anticrisis #actions

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 06/05/2020