Գյուղական տան մի լուսանկարից սկսված պատմությունը ոչ միայն ընկերացրեց Լիլիային, Մարիամին, Անդրանիկին, Մայիսին ու Ստելլային, այլև շաղկապեց Գեղարքունիքը, Լոռին, Շիրակն ու Ջավախքը բիզնես նախագծի շուրջ։
Գյուղական համայնքների հանդեպ մարդկանց հետաքրքրությունը շարժելու նպատակով հինգ պատանիներ՝ Հայաստանի տարբեր գյուղերից, ստեղծեցին «Լիներ հեռու մի անկյուն» առցանց նախագիծը։
Սակայն կարճ ժամանակ անց համահիմնադիրները հասկացան՝ գյուղական կոլորիտը ներկայացնող լուսանկարները կարող են խթանել նաև ներքին զբոսաշրջությունը։ Այդպես «Լիներ հեռու մի անկյուն»-ը վերաճեց բիզնես նախագծի։
«Երբ էջը բացեցինք, սկսեցին մեզ գրել Հայաստանի տարբեր բնակավայրերից ու տարբեր երկրներից։ Մարդիկ ցանկանում էին այդ տներում հանգստանալ, ֆիլմ նկարահանել, որոշ դեպքերում՝ նաև գնել»,-ասում է Վահան գյուղից 19-ամյա Լիլիա Ապրեսյանը, ով նախագծի համահիմնադիրն է։
Հենց այս նամակների հոսքն էլ հուշեց նախագծի հիմնադիրներին սկսել համագործակցել հյուրատների հետ։ Լիլիան պատմում է, որ հետաքրքրվողներին առաջարկում էին գյուղական տներ՝ ըստ ներկայացրած պահանջների։
Ներկայումս նախագծի հիմնադիրները համագործակցում են ՀՀ տարբեր մարզերում ու Արցախում գտնվող շուրջ 100 հյուրատան հետ։
Լիլիան ասում է, որ այս ամենն ունի իր նախապատմությունը՝ իրեն ու գործընկերներին համախմբողը ՄԵՄ-ն էր, նույն ինքը՝ «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալական նախաձեռնությունը։
Հայ պատանիներին կամրջող ՄԵՄ-ը
Լիլիան ՄԵՄ-ի մասին իմացել է 2020թ․ գարնան սկզբին, երբ աշխարհի բազմաթիվ երկրներ «լոքդաուն»-ի հասցրած Քովիդը մտավ նաև Հայաստան։ Համավարակով պայմանավորված՝ փոխվել էր ՄԵՄ-ի առօրյան․ արշավային ու ճամբարային հանդիպումների փոխարեն՝ ՀՀ տարբեր մարզերի, Արցախի ու Ջավախքի դպրոցականներն առցանց ռեժիմով էին շփվում։
«Երբ ՄԵՄ-ին միանալու հայտը ներկայացրեցի, անձնական աճի թեմայով վեբինարներ էին անցկացնում ցանցում։ Ես էլ մասնակցեցի. մոտ մեկ ամիս անց ծնվեց «Լիներ հեռու մի անկյուն» գաղափարը»,- հիշում է Լիլիան։
Ասում է՝ ՄԵՄ-ից շատ բան է ստացել, բայց երկու բան, որոնք հիմնովին փոխել են կյանքի մասին պատկերացումները, ամենակարևորներն են՝ սեփական ուժերի հանդեպ վստահությունն ու միշտ լուծումներ գտնելու ձգտումը․
«Վաղուց էի ուզում գյուղում ինչ-որ դրական փոփոխություն անել, բայց վախենում էի, որ չի ստացվի։ ՄԵՄ-ն առաջին հերթին դա է փոխել․ ինչ-որ բան չանելու համար պատճառներ փնտրելու փոխարեն սկսեցի հնարավորություններ ստեղծել, լուծումներ գտնել»։
Առաջինը «Սարեր շարժող» նախաձեռնությունն էր։ Լիլիայի ու նրա ընկերների ոգևորությանը համագյուղացիները սկզբում, մեղմ ասած, թերահավատորեն էին վերաբերում, բայց երբ Վահան գյուղի՝ աղբավայրի վերածված հատվածը մաքրվեց ու դարձավ 200 տնկիներից բաղկացած պուրակ, «Սարեր շարժող»-ին միացան տասնյակ համագյուղացիներ։
ՄԵՄ-ի երեխաների ոգևորությունը վարակիչ էր ոչ միայն սահմանապահ Վահանում։ Հյուսելով Շիրակից մինչև Սյունիք, Լոռիից մինչև Արցախ ձգվող ամուր մի ցանց՝ «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն 2 տարում միավորել է նախաձեռնող, ստեղծարար ու գաղափարակից շուրջ 700 երեխաների։
ՄԵՄ-ը անդամներ ունի ՀՀ բոլոր մարզերում, Արցախում, Ջավախքում․ վերջերս ցանցին սկսել են միանալ նաև Սփյուռքի հայկական օջախներից։
Ծրագրի համահիմնադիրների՝ Մայիս Մարգարյանի, Քրիստինե Ասատրյանի, Արման Յարալյանի և մյուսների ցանկությունն ի սկզբանե մարզերի զարգացումն էր՝ այնտեղ առկա մարդկային պոտենցիալի ներգրավմամբ։
«․․․ ու տրամաբանական է, որ ՄԵՄ-ի անդամներին միավորում են սեփական համայնքի ու երկրի հանդեպ պատասխանատվության զգացումը, ազգային արժեհամակարգը, սեփական ուժերի հանդեպ հավատը…»,- ասում է ՄԵՄ-ի համահիմնադիր Ստելլա Ավետիքյանը։
Պետականամետ մտածողությունն ու գործունեությունը՝ պարտադիր պայման
Նպատակը, որն իր առջև դրել է ՄԵՄ-ը, հայրենամետ գաղափարախոսությամբ, պատասխանատու ու գիտակից քաղաքացիներ պատրաստելն է։ Որ հաջողությունը երաշխավորված է, երբ կա հավաքական մտածողություն ու թիմային աշխատանք, երեխաները սեփական փորձով են համոզվել։
«Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում նրանցից յուրաքանչյուրը վերահաստատում է՝ չկա անլուծելի խնդիր, երբ կա կամք ու միասնականություն։
ՄԵՄ-ի անդամներից յուրաքնաչյուրն իր համայնքում մեծ ու փոքր գաղափարների շուրջ փորձում է մարդկանց համախմբել։ Շիրակի մարզի Գուսանագյուղ համայնքում այդպես խաղահրապարակ են կառուցել, սմարթ գրադարան ստեղծել, հիմա էլ թափոններից նմուշներ են ուզում ստանալ, որ թանգարան բացեն։
17-ամյա Հնազանդը թվարկված բոլոր նախաձեռնություններում համահեղինակ է։
«Մեր գյուղացիները սկզբում զարմանում էին՝ տեսնելով ոգևորությունս։ Ասում էին՝ ինչպե՞ս ստացվեց, որ այս կամ այն հարցը լուծվեց, ես էլ պատասխանում էի՝ կա մի մեծ ցանց, որտեղ բոլորը միմյանց օգնում են»,- ասում է Հնազանդը։
Սյունիքի մարզի Սվարանց գյուղում էլ բնակիչներին համախմբելու գործը ստանձնել ու հաջողել է Հովսեփը։ Համագյուղացիների վստահությունն ու համակրանքը շահած պատանին ժամանակին, իր բազմաթիվ հասակակիցների պես, հեռախոսային խաղերով էր տարված։
«Նախքան ՄԵՄ-ին միանալը, հեռախոսս սխալ էի օգտագործում՝ ամբողջ օրը խաղում էի։ ՄԵՄ-ին միանալուց հետո խաղերից լրիվ հրաժարվեցի, սկսեցի օգտագործել այն բոլոր գործիքները, որոնք օգնում են զարգանալ, սովորել։ ՄԵՄ-ում կամավորություն էի անում, հեռախոսի հնարավորությունները չէին բավարարում արդեն ու ակտիվությանս համար խրախուսվեցի համակարգչով»,- ոգևորությունը չի թաքցնում Հովսեփը։
Թաքցնելու պատճառ էլ չկա՝ առավելևս, որ նրանով վարակել է նաև սվարանցի մեծահասակներին։ 80 բնակիչ ունեցող այս փոքրիկ գյուղում համայնքային խնդիրներն արդեն անհամեմատ արագ են լուծվում․ գյուղացիներով հավաքվում, քննարկում ու լուծման տարբերակը ներկայացնում են համայնքապետին։
Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան
Լուսանկարները՝ «Մարզերի երեխաները մարզերում» ՀԿ արխիվից
Կարդացեք նաև
- Գեղասահքը Հայաստանում․ որո՞նք են սպորտաձևի զարգացման հիմնական խնդիրները
- Թումոն բոլոր պատանիների համար․ կրթական ցանցը` երկրով մեկ
- Երևանի մնջախաղի թատրոնը չի սահմանափակվում ունեցած ձեռքբերումներով
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 13/01/2022