Սոցիալական

Գյուղաբնակ ծնողներին խնամքի նպաստ տրամադրելու կարգը

Կոտայքի մարզի Նուռնուս գյուղի բնակչուհի Անուշ Հարությունյանը հուլիսի վերջին երկրորդ անգամ կմայրանա։ Արդեն մեկ ամիս է` հղիության հիմքով ժամանակավոր անաշխատունակ է, ինչի արդյունքում ընտանեկան ընդհանուր բյուջեն նվազել է։

Բայց դա նրան չի մտահոգում, քանի որ ապրելով գյուղում՝ Անուշը կդառնա այն առաջին ծնողներից մեկը, ով պետությունից կստանա մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստ։ Նա ասում է՝ առաջին երեխայի համար ամենամսյա խնամքի նպաստ չեն ստացել։

Արդեն 2020թ․-ի հուլիսի 1-ից բոլոր նորածինների ծնողները, որոնք գրանցված են գյուղական բնակավայրերում, մինչև երեխայի երկու տարին լրանալը կստանան 26 500 դրամ խնամքի նպաստ։ Իսկ գյուղաբնակ այն ծնողները, ովքեր դեկրետում են, կստանան 53 000 դրամ՝ խնամքի նպաստ + ժամանակավոր անաշխատունակության նպաստ (26 500 դրամ)։

Օրենսդրական այսպիսի լրացումների վերաբերյալ քննարկումներն սկսվել էին 2019թ․-ից։ Իսկ այս տարի արդեն դրանք ընդունվեցին թե՛ գործադիրի և թե՛ օրենսդիրի կողմից, քանի որ նպատակ կա «նախկինում արձանագրված ժողովրդագրական իրավիճակի զարգացման բացասական միտումները մեղմել»։

Loading...

Loading…

2019 թ․-ին ամսական միջին հաշվով երեխայի խնամքի նպաստ է ստացել ավելի քիչ ծնող, քան նախատեսված էր պետբյուջեով։

«Նպաստի միջոցով փորձում ենք հավելյալ սոցիալական երաշխիքներ տալ գյուղաբնակներին, քանի որ 90-ականների ցուցանիշների համեմատ՝ հատկապես գյուղերում շեշտակի նվազել են ծնունդները»,- «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում ասում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Սոնա Մարտիրոսյանը։

Նա ընդգծում է, որ սա ժողովրդագրական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերից մեկն է միայն։ Բացի այդ, հուլիսի 1-ից բարձրացվել են նաև առաջին և երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստները՝ յուրաքանչյուրը դառնալով 300 հազար դրամ (մինչ այդ 1-ին երեխայի ծնվելու միանվագ նպաստը 50 000 դրամ էր, իսկ 2-րդ երեխայինը՝ 150 հազար դրամ)։

Հիմք ընդունելով նախորդ տարիների ծնելիության ցուցանիշները՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը (ԱՍՀՆ) կանխատեսում է, որ 2020թ. հուլիսի 1-ից մինչև տարվա վերջ կծնվի ծրագրի շահառու հանդիսացող շուրջ 7000 երեխա։ Այս հաշվարկի հիման վրա էլ ծրագրի այս տարվա երկրորդ կիսամյակի համար բյուջեով նախատեսվել է 1 մլրդ 450 մլն դրամ, հաջորդ՝ 2021թ. համար՝ շուրջ 4 մլրդ դրամ (այս հաշվարկները կատարվել են մինչև նոր կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը)։

Նպաստների տրամադրման մանրամասները

Խնամքի նպաստի տրամադրումը նախատեսվում է երեխայի 70 օրականը լրանալուն հաջորդող ամսից՝ դիմում ներկայացնելուց հետո:

Բայց կա ևս մեկ կարևոր հանգամանք. խնամքի նպաստը տրամադրվում է այն ծնողներին, որոնք գյուղում հաշվառվել և ապրում են առնվազն 12 ամիս։ Այսինքն՝ նպաստի դիմումը ներկայացնելիս պետք է հաշվի առնել նաև այդ հանգամանքը։

Նույն եղանակով նպաստի իրավունքից կօգտվի նաև հայկական գյուղում ապրող օտարերկրացի ծնողը։

Նպաստ նշանակելու համար վերացվել է նաև միաժամանակ երկու ծնողների՝ ՀՀ-ում գտնվելու պահանջը: Այսինքն՝ ծնողներից մեկի երկրից բացակայելու դեպքում նպաստ ստանալու իրավունքը կամ նպաստի վճարումը չի դադարեցվի։

Ինչպես նշվեց Անուշի օրինակով, գյուղաբնակ աշխատող (հեղ․ օրինական գրանցված աշխատող) ծնողները երեխայի ծնունդից հետո կստանան 53 000 դրամ․ խնամքի 26 500 դրամին կավելանա նաև նույնքան գումար՝ 26 500 դրամ, ժամանակավոր անաշխատունակության համար։

Փոփոխություն կատարվել է նաև աշխատող մայրերին (անկախ բնակության վայրից) հասանելիք ժամանակավոր անաշխատունակության նպաստների չափաբաժնում։ Նախկին 18 000 դրամի փոխարեն նրանք ևս մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար կստանան 26 500 դրամ։

Ում չի տրամադրվում խնամքի նպաստ

Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ Միրա Անտոնյանն այն կարծիքին է, որ նպաստներն օգնում են միայն գոյատևել։ Ըստ նրա՝ նպաստ պետք է սահմանվեր ոչ միայն գյուղերի, այլև գյուղաքաղաքների բնակիչների համար։

Ըստ փոփոխությունների՝ երեխայի խնամքի նպաստ կստանան այն բնակավայրերի բնակիչները, որոնք գյուղ են համարվում «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքով։

Ըստ այդմ՝ նպաստ չի ստանա Քաջարանի կամ Մարալիկի բնակիչը, բայց կստանա Երևանին կպած Զովունի կամ Գետափ գյուղերում հաշվառված քաղաքացին։

Խնամքի նպաստ չի տրամադրվի նաև քաղաքային բնակավայրերի չաշխատող ծնողներին։

Այնուամենայնիվ, դրամական աջակցությունից բացի, Միրա Անտոնյանը կարևորում է «պատրոնաժ» ծառայությունը։

«Վաղուց ժամանակն է, որ մենք անցնենք, այսպես կոչված, գումար+ծառայություն մոդելին։ Եթե ընտանիքը չունի ծախսերի առաջնահերթությունը սահմանելու հմտություն, չի կարողանում արդյունավետ կազմակերպել գնումները, ուրեմն նրանց այդ հարցում պետք է օգնեն ընտանեկան խորհրդատուները»,- ասում է Միրա Անտոնյանը։

Թե ինչպես ու ինչի համար ծախսել երեխայի խնամքի համար տրվող նպաստը, յուրաքանչյուր ընտանիք ինքն է որոշում։ Ըստ տիկին Անտոնյանի՝ նորմալ է, եթե նպաստը կենսական կարիքների համար է ծախսվում։ Բայց և չկան երաշխիքներ, որ չեն լինի ընտանիքներ, որտեղ այդ գումարը, օրինակ՝ ծխախոտ կամ ոգելից խմիչք ձեռք բերելու համար չի ծախսվի։

Ըստ նրա՝ պետությունը միշտ փնտրում է գործիքներ, բայց երբեք 100%-ով չի կարող վերահսկել։

Նպաստների տրամադրման դադարեցումն իրականացվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով։

Որպեսզի երեխայի խնամքի նպաստը հասնի ճիշտ հասցեատիրոջը, ԱՍՀՆ-ը վերահսկման որոշակի մեխանիզմներ է մշակել։ Տարածքային մարմինների սոցիալական աշխատողները շահառուներին ուշադրության կենտրոնում պետք է պահեն։ Փոքր համայնքներում, ինչպես նախարարի քարտուղար Սոնա Մարտիրոսյանն է ասում, վերահսկելը շատ հեշտ կլինի։

Ծնողի աշխատելու պարագայում նույնպես խնդիր չի լինի. աշխատավայրի ու բնակության վայրի հասցեն կօգնի։

Հեղինակ՝ Լիլիթ Պողոսյան

Ինֆոգրաֆիկները՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Կարինե Ասատրյան

Հավելյալ աղբյուրներ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 05/07/2020