Առողջություն

ՀՀ-ում մահվան ամեն 5-րդ դեպքը նորագոյացությունից է․ լուծումը վաղ հայտնաբերումն է

2002-2022 թվականների ընթացքում Հայաստանում ավելի քան 111 հազար մարդ է մահացել նորագոյացությունների՝ քաղցկեղի պատճառով։ Սա Հայաստանում մահվան դեպքերի երկրորդ ամենատարածված պատճառն է և զիջում է միայն արյան շրջանառության համակարգի հիվանդություններին։

Մրցանակակիր նյութ – Ուռուցքաբանության ազգային կենտրոնի «Քաղցկեղի վաղ ախտորոշումը փրկում է կյանքեր» խորագրով լրագրողական նյութերի մրցույթում ստացել է խրախուսական մրցանակ:

Հայաստանում միջինում օրական 14-ից 15 մարդ է մահանում նորագոյացությունների հետևանքով։

Միայն 2023 թ․ առաջին 3 ամիսներին՝ հունվարից մարտը ներառյալ, նորագոյացությունների պատճառով մահազել է 1240 մարդ։ Անդեմ վիճակագրությունից դուրս՝ նրանք բոլորը անփոխարինելի մարդիկ էին իրենց հարազատների համար։

Նրանցից մեկն էլ Արարատ Ս․-ն էր՝ 72-տարեկան տղամարդ, որ մահացավ թոքերի քաղցկեղից։ Երբ նրա մաշկի կասկածելի դեղնության պատճառով ընտանիքը առաջին անգամ դիմել էր բժշկի, մասնագետներն ասել էին, որ արդեն ուշ է․ մնացել էր 2-3 ամսվա կյանք։

Նախորդ օրը նա աշխատունակ քաղաքացի էր, հաջորդ օրը՝ անբուժելի հիվանդ։ Ենթարկվեց վիրահատությունների, տևական ժամանակ անցկացրեց հիվանդանոցներում ու ապրեց բժիշկների նախատեսածից էլ մի ամիս ավելի։ Բայց հեռացավ։

Հնարավոր է, որ խնդրի վաղ հայտնաբերման դեպքում տղամարդու կյանքը հաջողվեր փրկել։ Բայց նորագոյացությունների մեծ մասն իր մասին իմաց է տալիս այն ժամանակ, երբ հիմնականում արդեն ուշ է լինում։ Եվ հակառակը՝ որքան շուտ է հայտնաբերվում ուռուցքը, այնքան մեծ են շանսերը։

Հաղթահարողները

Սրա միջով անցած մարդիկ հակված են պատմել իրենց անցածը՝ ուրիշներին քաջալերելու հնարավորինս շուտ հետազոտվել, որ խնդիրները վաղ հայտնաբերվեն։ «Ամփոփ Մեդիայի» զրուցակիցների մի մասը, որ հաղթահարել է քաղցկեղը, նշում է, որ խնդրի մասին իմացել է, երբ շոշափելով ինչ-որ գոյացություն է զգացել մաշկի տակ։ Դրանից հետո ստուգումների է գնացել, պարզվել է՝ նորագոյացություն կա։

Նրանցից Էլեոնորա Խաչատրյանը պատմում է, որ թեև զգում էր գոյացությունները մաշկի տակ, սակայն անընդհատ հետաձգում էր ստուգումը և ի վերջո դրան գնաց, երբ արդեն սուր ցավեր եղան։ Խնդիրը ստուգումներով հաստատվեց 2020 թվականի փետրվար-մարտին, ու երիտասարդ կինը բուժման ամբողջ ընթացքում ստիպված էր հաղթահարել նաև կորոնավիրուսային սահմանափակումները, որ գործում էին Հայաստանում։

Նազելի Պարսամյանն էլ պատմում է, որ առաջին հետազոտություններն անցել է 2014-ին Մոսկվայում։ Հաստատվել է քաղցկեղ՝ 2-րդ փուլում։

«Հոգեվիճակս սարսափելի էր, քանի որ կորցրել էի նաև մայրիկիս՝ հենց կրծքի քաղցկեղից։ Ուղեղումս միայն երեխաներս էին, որ հանկարծ չթողնեմ։ Մի կողմից` ուզում էի ամեն ինչ շուտ ավարտվեր՝ մահանալ առանց տանջվելու, մյուս կողմից` մտածում էի՝ իրավունք չունեմ հանձնվելու», – նշում է Պարսամյանը։

Նա նախ ստացել է քիմիաթերապիա, հետո անցել է վիրահատություն, կրկին վերսկսել է քիմիաթերապիան, այնուհետև ճառագայթային թերապիան։

Վիրահատությունից 3 ամիս անց տեղափոխվել է Գերմանիա՝ շարունակելու մնացած բուժումները, որտեղ էլ 2019 թ․-ին հիվանդությունը կրկնվել է՝ ավելի ագրեսիվ։ Վիրահատությունն անհնար է եղել, և փորձարարական քիմիաթերապիա է անցել։

«Հետևանքները սարսափելի էին․ պոկվել էին բոլոր եղունգներս, մազերս, լեզուս սևացել էր։ Բայց օգնեց․ ընդունման օրվանից 9 օր հետո հիվանդությունը նահանջեց 70 տոկոսով։ Արդեն 3 տարի է` շարունակում եմ բուժումներս: Ամեն ինչ ստաբիլ է, բժիշկները գոհ են արդյունքներից»։

Նազելիի համար հետազոտությունները, նախնական քիմիաթերապիաները և վիրահատությունը կազմել են շուրջ 5-6 հազար դոլար։ Էլեոնորան էլ պատմում է, որ հետազոտության առաջին օրից մինչև վերջ բուժումը կազմել է 3 մլն․-ի չափ:

«Որովհետև բացի քիմիայի դեղերից կային նաև այլ դեղեր, որ մենք էինք գնում, որովհետև շատ ծանր էի տանում քիմիան, իսկ այդ դեղերը շտապ անհրաժեշտ էին լինում, թեկուզ մեծ գումարներով գնում էինք», – նշում է քաղցկեղը հաղթահարած կինը։

Երկու նախորդ պատմություններից Արփինե Մ․-ի պատմությունը տարբերվում է նրանով, որ վերջինս ստուգումների գնացել է մինչև ինչ-որ բան զգալը։

«Ամեն ինչ սկսվեց նրանից, որ մորս մոտ հայտնաբերվեց արդեն ուշացած փուլում գտնվող քաղցկեղ։ Շատ սթրեսային էր, ու արդեն իմ ամեն մի գանգատը վերագրում էի նրան, որ իմ մոտ էլ կա քաղցկեղ։ Այդպես մի օր որոշեցի՝ հետազոտվեմ, որ բացառվի, հանգիստ լինեմ։ Սոնոգրաֆիայի միջոցով երևաց կասկածելի հանգույց, նշանակվեց պունկցիա։ Պատասխանը եկավ՝ չարորակ», – պատմում է Արփինեն։

Նա անցել է ճառագայթային բուժում, բայց դա հեշտ կողմն է եղել։ Դժվարը եղել է հոգեբանականը:

«Երևի հոգեբանորեն էր դժվար ընդունելը, որ այդ ամեն ինչը իմ հետ է կատարվում, որ հնարավոր է չհասցնեմ բալիկիս մեծացնել, դպրոց տանել։ Ամեն օրվա կարևորությունը զգացի։ Ամենադժվարը դա էր։ Հիմա արդեն մի քանի ամիսը մեկ անցնում եմ անալիզներ, սոնոգրաֆիա, ռադիոյոդով դիագնոստիկա։ Հիմա համարվում եմ առողջ»։

Աշխարհի փորձը

Հենց վաղ հայտնաբերմանը նպաստելու համար հոկտեմբերին աշխարհում անցկացվել են իրազեկման ամիսներ՝ արշավներ, որոնք պետք է տեղեկացնեն մարդկանց քաղցկեղի վաղ հայտնաբերման նշանակության մասին։ Առհասարակ քաղցկեղների 100-ից ավելի տեսակներ կան (ցանկն այստեղ

Հայաստանում արշավի շեշտը դրվել է կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղի վերաբերյալ իրազեկման վրա։ Սա քաղցկեցի ամենամահաբեր տեսակներից մեկն է, և ամենաշատ հայտնաբերվածը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2020 թվականին աշխարհում գրանցվել է քաղցկեղից մահվան 10 մլն դեպք։ Դրանցից կեսը բաժին է ընկել քաղցկեղի 5 տեսակներին, որոնց թվում է նաև հենց կրծքագեղձի քաղցկեղը։


Նույն տարվա ընթացքում աշխարհում նորագոյացությունների նոր հայտնաբերված դեպքերի ամենամեծ բաժինը կազմել են հետևյալ տեսակները․


Միաժամանակ, ԱՀԿ-ն պարզաբանում է, որ տարբեր երկրներում գերակշռում են տարբեր տեսակի նորագոյացությունները։ Նորագոյացությունների տեսակների տարածվածությունը կախված է նաև սեռերից, և ֆիզիոլոգիական տարբերությունների պատճառով՝ երկու սեռերի մոտ կան նաև նորագոյացությունների յուրահատուկ տեսակներ։

Ինչից է առաջանում քաղցկեղ

Ըստ էության՝ նորագոյացությունները կարող են առաջանալ մարդու մարմնի ցանկացած մասում, և դա պայմանավորված է հենց նորագոյացությունների բնույթից․ դրանք առաջանում են բջիջների անկանոն, անհնազանդ աճի պատճառով։

Նորմալ պայմաններում բջիջները ապրում, կիսվելով բազմանում և մահանում են՝ ենթարկվելով նյարդային համակարգի ազդակներին։ Երբեմն այդ բջիջները գենի մուտացիաների պատճառով սկսում են չենթարկվել, բազմանում են անկանոն, չեն մահանում, իրենց շուրջ ստեղծում են իրենցից սերող և նյարդային համակարգին նույնպես չենթարկվող բջիջների «համայնք», որն էլ դառնում է նորագոյացություն։

Ավելին, այդ բջիջները կարող են պոկվել իրենց հյուսվածքից ու տեղափոխվել օրգանիզմի այլ հատված, այնտեղ շարունակել անկանոն բազմացումը։ Սրան անվանում են մետաստազ։

Բջիջների մուտացիաների համար էլ պատճառ են լինում

  • բջիջների բազմացման խախտումները,
  • ժառանգական խնդիրները,
  • արտաքին գործոնները։

Ամենամեծ ազդեցություն ունենում են երրորդ խմբի գործոնները, որոնց թվում են նաև ծխախոտը, ալկոհոլը, ճարպակալումը, միջավայրի աղտոտվածությունը, ճառագայթումը (մինչև իսկ արևի ուլտրամանուշագայույն ճառագայթները), որոշ նյութեր, որոշ դեպքերում՝ վիրուսային հիվանդություններ և այլն։

Կան գնահատականներ, թե նորագոյացությունների որքան դեպքերի պատճառ է դառնում այս կամ այն գործոնը, սակայն այդ գնահատականները տարբեր են։ Դրանք բոլորը առաջին հորիզոնականներում են դիտարկում ծխախոտ օգտագործելը, ճարպակալումը և միջավայրի աղտոտվածությունը։

Կարևոր է ընկալել, որ այս ամենից հրաժարվելը չի երաշխավորում քաղցկեղից զերծ լինելը, սակայն էականորեն նվազեցնում է նորագոյացությունների առաջացման ռիսկը՝ հավանականությունը։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նշում է, որ քաղցկեղի դեպքերի 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե մարդիկ խուսափեն ռիսկի գործոններից և հետևեն կանխարգելման փաստահեն մեթոդներին։

ԵՊԲՀ հանրային առողջության և առողջապահության ամբիոնի ավագ դասախոս Դավիթ Մելիք-Նուբարյանը այդպիսի փաստահեն մեթոդներից նշում է մի քանիսը, որոնք կանխարգելում են կոնկրետ տեսակի քաղցկեղների առաջացումը:

«Մի շարք քաղցկեղներ կարելի է արդյունավետ կանխարգելել, որ դրանք չզարգանան, մասնավորապես դրանցից մեկը արգանդի պարանոցի քաղցկեղն է, որի համար աշխարհում, զարգացած երկրներում շատ ընդունված են պատվաստումները մարդու պապիլոմա վիրուսի դեմ։ Հենց այդ մարդու պապիլոմա վիրուսն էլ հանդիսանում է արգանքի պարանոցի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառը։ Այսինքն վիրուսով մարդը չի հիվանդանում, ու դրանով իսկ կանխարգելվում է»։

Պայքար քաղցկեղի դեմ

Մելիք-Նուբարյանը նշում է, որ կան երկրներ, որոնք իրենց առաջ խնդիր են դրել հասնել նրան, որ առաջիկա տարիներին ի սպառ վերացնեն արգանդի պարանոցի քաղցկեղի դեպքերը։ Իսկ Հայաստանում, ըստ մասնագետի, ամեն տարի 200 նման դեպք է հայտնաբերվում։

Որպես կանխարգելման մեկ այլ տարբերակ Մելիք-Նուբարյանը նշում է կոլոռեկտալ քաղցկեղ առաջացնող պոլիպների վաղ հայտնաբերումը սկրինինգի միջոցով։

Հայաստանում հիմա գործում են սկրինինգային փորձնական ծրագրեր, որոնցով հատկապես ռիսկի խմբերում գտնվող անձանց շրջանում համատարած կամավոր ստուգումներ են իրականացվում՝ քաղցկեղի վաղ հայտնաբերման համար։ Սա թույլ է տալիս քաղցկեղը հայտնաբերել շատ վաղ փուլերում, ինչը առանց դրա հնարավոր չէ։ Սա օգնում է ոչ միայն մահվան դեպքերը նվազեցնելու, այլև ավելի թեթև բուժում կազմակերպելու տեսանկյունից։

Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Ավետիսյանը նշում է, որ քաղցկեցի դեմ պայքարի՝ այսօր հայտնի ամենաարդյունավետ միջոցը հենց վաղ հայտնաբերումն է։ Ըստ Ավետիսյանի՝ հետազոտությունները և սարքավորումներն էլ իրենց դերն ունեն, բայց գերխնդիրն այն է, որ ավելի շատ մարդիկ դիմեն վաղ հայտնաբերման համար։

«Վաղ փուլում հայտնաբերված ուռուցքը ոչ միայն ապրելիության առումով նշանակություն ունի, այլ նաև բուժման ընթացքի։ Բուժումը հաճախ ավելի մեղմ է լինում, հաճախ պատահում է, որ պացիենտը այդ դեպքում քիմիաթերապիայի կարիք էլ չունենա, այսինքն լրացուցիչ, ավելի ագրեսիվ բուժման կարիք չունենա», – նշում է Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ սկրինինգային ծրագրերով անցկացված ստուգումների արդյունքում քաղցկեղի կասկածի առաջացման դեպքում ուռուցքաբանական կենտրոնը պացիենտներին առաջարկում է հետագա անվճար ստուգումներ, և քաղցկեղի հաստատման դեպքում դրա բուժում։ Ըստ Ավետիսյանի, սակայն, մարդիկ դժվարությամբ են գալիս հետազոտությունների։

«Մենք հաճախ շփվում ենք, փորձում ենք պարզել պատճառը։ Մարդկանց ճնշող մեծամասնությունը նույն պատասխանն է տալիս․ «բա որ ինչ որ բան գտնե՞ն»։ Վախենում են, որ ինչ-որ բան կհայտնաբերվի։ Ես հակադարձում եմ․ «բա որ խնդիր լինի, ու չիմանա՞ք դրա մասին»։ Դա ավելի վտանգավոր է․ չէ՞ որ ինֆորմացիան բուժվելու հնարավորություն է տալիս», – բացատրում է մասնագետը։

Առողջապահության կազմակերպիչ Դավիթ Մելիք-Նուբարյանն էլ մի քանի պատճառ է նշում, թե ինչու մարդիկ չեն դիմում կանխարգելման, վաղ հայտնաբերման համար․

  • Գարդասիլ պատվաստանյութի օրինակը․ էմոցիոնալ, կեղծ դաշտում հայտարարություններ և կոչեր արվեցին, ինչը ազդեց ցածր գիտելիք ունեցողների վրա՝ արմատավորելով հակապատվաստումային տրամադրություն,
  • Պետական ոչ ինտենսիվ քաղաքականությունը․ իրազեկման բավարար աշխատանքներ չեն տարվում, որ մարդիկ հասկանան քաղցկեղի վաղ հայտնաբերման կարևորությունն ու դիմեն ստուգումների համար,
  • Ֆինանսական գործոնը․ քաղցկեղը անվճար է բուժվում, բայց անվճար չի բուժվում նախաքաղցկեղային վիճակը (օրինակ պոլիպը, որից կարող է քաղցկեղ զարգանալ)։

Մելիք-Նուբարյանը բացատրում է. «Այս երեք գործոնների համադրությունը բերում է այն վիճակին, որ Հայաստանում քաղցկեղների կեսից ավելին (դա շատ վատ ցուցանիշ է) հայտնաբերվում է երրորդ ու չորրորդ փուլերում, երբ բանը բանից անցած է լինում»։

Հայկական մամուլում մինչև հիմա էլ հանդիպում են կեղծ և վտանգավոր հրապարակումներ, թե իբր քաղցկեղը կարելի է բուժել թեյով, մեզով ու այլ բաներով։ Մելիք-Նուբարյանը նշում է, որ սա կապված է կրթական ցածր մակարդակի հետ, ընդ որում՝ հանդիպում է ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում։

«Դրա դեմ կարելի է պայքարել՝ մարդկանց առողջության մասին գիտելիքներ տալով՝ սկսած մանկապարտեզից։ Որովհետև արգելքները և այլն այնքան էլ լավ չեն աշխատելու։ Պիտի շատ ճիշտ ինֆորմացիա տաս, որ մարդիկ կարիք չունենան այլ ինֆորմացիա փնտրելու», – նշում է Մելիք-Նուբարյանը։

Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան 
Ինֆոգրաֆիկները՝ հեղինակի

Այլ հոդվածներ այս շարքից՝ #AccesstoHealthCare

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 28/04/2023