Ամփոփ մեդիան ուսումնասիրել և ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնում է 2006-2016թթ. ընթացքում մինչև 5 տարեկան մանկամահացության և բնածին արատների դինամիկան, որտեղ ակնհայտ երևում է, որ Հայաստանում 10 տարվա ընթացքում բնածին արատներով ծնված երեխաների թիվն աճել է 30%-ով: Եթե 2006թ-ին յուրաքանչյուր 71-րդ երեխան էր ծնվում բնածին արատով, ապա 2016թ-ին` յուրաքանչյուր 54-րդը:
Իսկ բնածին արատների պատճառով գրանցված մինչև 1 տարեկան մանկամահացությունը կազմել է 25%, թեպետ նույն վիճակագրության համաձայն` մինչև 5 տարեկան երեխաների շրջանում մանկամահացության ցուցանիշները 2006թ-ի համեմատությամբ նվազել են:
Մանկամահացության ցուցանիշների նվազում և զուգահեռ բնածին արատների աճ է նկատվում սկսած 2011թ-ից: Մինչդեռ այս վիճակագրությունը ձևավորվում է ի հաշիվ մայրաքաղաքի, որտեղ բնածին արատները շուրջ 3,5 անգամ գերազանցում են մինչև 5 տարեկան մանկական մահերը: Իսկ մարզերում մանկամահացության ցուցանիշները շարունակում են բարձր մնալ բնածին արատների ցուցանիշներից` բացառությամբ Լոռու մարզի, որտեղ բնածին արատները 22%-ով են գերազանցում մանկական մահերը:
Ինֆոգրաֆիկայի միջանկյալ հատվածում ներկայացված է յուրաքանչյուր մարզում մանկամահացության և բնածին արատների համեմատականը բացարձակ թվերով: Պատկերի վերջին հատվածն անդրադառնում է բնածին արատների առաջացման պատճառներին ու ռիսկի գործոններին և այն միջոցներին, որոնցով կարելի հնարավորինս կանխարգելել արատների առաջացումը:
Ամփոփեց Կարինե Դարբինյանը
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 15/05/2018