Քաղաքական

#ԱԺ2018 դրամահավաք. Նախընտրական մուտքերն ու ելքերը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր 11 քաղաքական ուժերը մինչև նախընտրական մրցապայքարի մեջ մտնելը ստեղծել են հատուկ հիմնադրամներ դրամահավաք կազմակերպելու նպատակով, ինչը սահմանված է օրենսդրությամբ (ԸՕ, հոդված 26): Ըստ էության, հենց այս հիմնադրամների հաշիվներին գոյացած ֆինանսական միջոցներով էլ կատարվում են նախընտրական քարոզչության համար անհրաժեշտ ծախսերը՝ գովազդային պաստառների, վճարովի եթերաժամանակի, բուկլետների և այլ տիպի գովազդային նյութերի տպագրության համար։

Կուսակցության/կուսակցությունների դաշինքի հիմնադրամներին նվիրատվություն կարող են անել տվյալ քաղաքական ուժերի ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուները, ՀՀ տարածքում ընտրության իրավունք ունեցող ֆիզիկական անձիք: Քարոզարշավին ծառայեցվող ֆինանսական միջոցների թափանցիկությունն ապահովելու և մրցակցային հավասար պայմաններ ստեղծելու նպատակով որոշակի պարբերականությամբ հիմնադրամների մուտքերի ու ելքերի մասին հաշվետվություն է ներկայացվում Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ)։

ԿԸՀ-ն արդեն երկու նման հաշվետվություն է հրապարակել, որտեղ արտացոլվում է  նոյեմբերի 30-ի և դեկտեմբեր 5-ի դրությամբ բոլոր 11 ուժերի նախընտրական հիմնադրամների մուտքերն ու ելքերը։ Հրապարակվել է նաև նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում քաղաքական ուժերի նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց վերաբերյալ առաջին հայտարարագրերի ստուգման տեղեկանքը։

Բոլոր 11 քաղաքական ուժերի հիմնադրամներում մուտքերի ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 445 մլն դրամ, ինչը համարժեք է 919 հազար ԱՄՆ դոլարի:

«Ամփոփ մեդիան» ուսումնասիրելով այդ փաստաթղթերը` արձանագրում է, որ թե նոյեմբերի 30-ի, թե դեկտեմբերի 5-ի տվյալներով` դրամական միջոցների մուտքերով ու ելքերով առաջին եռյակում են՝ համապատասխանաբար «Իմ քայլը» դաշինքը, ՀՀԿ-ն և ԲՀԿ-ն, թեև հրապարակված առաջին` նոյեմբերի 30-ի հաշվետվության համաձայն, ՀՀԿ-ի մուտքերն ու ելքերը  զգալիորեն գերազանցել են մյուս 10 ուժերի մուտքերն ու ելքերը:

Երկրորդ հաշվետվության համաձայն` մուտքերի ծավալով առանձնանում է «Իմ քայլը» դաշինքի հիմնադրամը. մասնավորապես, դեկտեմբերի 5-ի դրությամբ դաշինքի մուտքերը կազմել են ավելի քան 136 մլն դրամ, որից ելք էր արվել ավելի քան 94 մլն դրամ։

Ի տարբերություն  «Իմ քայլը» դաշինքի, դեկտեմբերի 5-ի տվյալների համաձայն, ՀՀԿ նախընտրական հիմնադրամ կատարված մուտքերի ընդհանուր գումարը կազմել է 124 մլն դրամ, որից դուրս է գրվել 114 մլն-ը` գերազանցելով «Իմ քայլը» դաշինքի ելքերը 20 միլիոնով։

Ամենափոքր մուտքերով առանձնանում է Ազգային առաջընթաց կուսակցությունը (ԱԱԿ), որի հաշվին նոյեմբերի 30-ի դրությամբ եղել է ընդամենը 490 հազար դրամ, որը չի ավելացել դեկտեմբերի 5-ի տվյալների համաձայն: Սա 280 անգամ փոքր գումար է, քան «Իմ քայլը» դաշինքի և 250 անգամ փոքր, քան ՀՀԿ հիմնադրամներին փոխանցված գումարներն են:

ԱԱԿ-ն իր հաշվին փոխանցված գումարը գրեթե ամբողջությամբ դուրս է գրել մինչև դեկտեմբերի 5-ը, որի արդյունքում հաշվեհամարի մնացորդը կազմել է 600 դրամ:

Մինչև 11 մլն դրամական մուտքերով առանձնանում են ընտրություններին մասնակցող 4 քաղաքական ուժեր` Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցությունը (2,6 մլն դրամ), Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (5 մլն դրամ), Օրինաց երկիր կուսակցությունը (7,2 մլն դրամով) և Սասնա ծռեր համահայկական կուսակցությունը (10,8 մլն դրամ):

Բացի «Իմ քայլը» դաշինքից, ՀՀԿ-ից և ԲՀԿ-ից 20 մլն դրամից ավել գումար հավաքագրած քաղաքական ուժերի շարքում են  նաև «Մենք» դաշինքը (20,3 մլն դրամ), «Լուսավոր Հայաստանը» (24,7 մլն դրամ) և ՀՅԴ-ն (33 մլն դրամ):

Հետաքրքիր է նաև ԲՀԿ հիմնադրամ մուտքերը: Համաձայն առաջին և երկրորդ հաշվետվությունների, ԲՀԿ հիմնադրամ կատարված մուտքերը մինչև նոյեմբերի 30-ը կազմել են շուրջ 40 մլն դրամ, ինչը կրկնապատկվել է դեկտեմբերի 5-ի դրությամբ:

Թեպետ նախընտրական հիմնադրամների հաշիվների հետ կատարվող բոլոր գործառնությունները քվեարկության օրվանից դադարեցվում են, սակայն կուսակցությունների դիմումների հիման վրա ԿԸՀ-ն թույլ է տալիս մինչև քվեարկության օրը կատարված գործարքների համար հիմնադրամից վճարումներ կատարել նաև քվեարկության օրվանից հետո։

Հիմնադրամներից հանված գումարները ծախսվում են ԸՕ-ի 27-րդ հոդվածի առաջին մասում նկարագրված ապրանքների և ծառայությունների ձեռքբերման համար, որոնց սահմանված առավելագույն չափը չպետք է գերազանցի 500 մլն դրամը։

Անանուն ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից նախընտրական հիմնադրամների հաշվին փոխանցված գումարները, ինչպես նաև նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների` ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված առավելագույն չափը գերազանցող գումարները փոխանցվում են պետական բյուջե:

Խնդրահարույց կողմեր

Չնայած հայտարարագրերի հրապարակմանն ու քարոզարշավի թափանցիկության ապահովմանն ուղղված ջանքերին, քարոզչության ֆինանսական կողմը հայաստանյան ընտրություններում շարունակում է մնալ ամենախնդրահարույցը։ Քաղաքական վերլուծաբան, ԱԺ նախկին պատգամավոր Ստյոպա Սաֆարյանը կարծում է, որ հիմնադրամներ մտնող և այնտեղից դուրս եկող գումարների մասին հրապարակային փաստաթղթերը չեն արտացոլում քարոզարշավի ընթացքում կատարվող ամբողջ ծախսը։

Նախորդ քարոզարշավներին իրենց շքեղությամբ չզիջող այս նախընտրական պայքարի ընթացքում արվող անուղղակի ծախսերը ևս (ճանապարհածախս, ուտելիք և այլն), Ստյոպա Սաֆարյանի համոզմամբ, չեն ներառվում ոչ հայտարագրերում, ոչ էլ` հիմնադրամներում։

Այս հանգամանքը թույլ չի տալիս վստահորեն պնդել, որ ընտրապայքարը անցնում է հավասար պայմաններում։

«Օրենքն էլ չի պահանջում, որ այդ, այսպես կոչված, անուղղակի ծախսերը, ներառվեն հաշվետվություններում։ Թվում է, թե դրանք շոշափելի ծախսեր չեն, բայց եթե մասշտաբային նայենք, ապա թիվ են կազմում և ազդում ընտրությունների արդյունքների վրա»,- ասում է Սաֆարյանը։

Թեև նախկինի պես, հիմա էլ բոլոր մուտքերն ու ելքերը չեն երևում, բայց քաղաքական վերլուծաբանը վստահ է՝ նոր իշխանությունները կեղծելու անհրաժեշտություն չունեն, ավելին՝ ունեն քաղաքական կամք՝ բացառելու նախկինում հսկայական ծավալների հասնող ընտրակաշառքը։

Նույնը պնդել, սակայն, բարեգործության առումով, Սաֆարյանը չի փորձում. հետևաբար, ընտրապայքարի հավասար պայմաններ ապահովելու գործում վերլուծաբանը խիստ կարևորում է պետական վերահսկողությունը։ Որպեսզի ստվերում որևէ ծախս չմնա, Սաֆարյանը կարծում է, որ ԿԸՀ ընտրատարածքային հանձնաժողովները պետք է դառնան ակտիվ վերահսկող մարմիններ, ինչը, սակայն, ԿԸՀ ներկա կազմի ու գործող ԸՕ-ի դեպքում հնարավոր չէ։

Սաֆարյանը պնդում է, որ ԸՕ բարեփոխումների իրականցումն անհրաժեշտ է, նախ և առաջ, պետության վերահսկողական մեխանիզմի ուժեղացման, ինչպես նաև ընտրապայքարում մասնակցային ու մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով։

Բուկլետների, գովազդային պաստառների քանակի, դրանց փակցման վայրերի նկատմամբ առանց այն էլ դժվար իրականացվող վերահսկողությունն ավելի է բարդանում գործող ռեյտինգային ընտրակարգի պատճառով։

«Այնքան անվերահսկելի է այդ ամենը։ Ես այս անգամ էլ տեսա, որ որոշ թեկնածուների, այդ թվում և «Իմ քայլից», պաստառները փակցված էին չթույլատրված վայրերում»,- ասում է նա։

Այդուհանդերձ, ըստ Սաֆարյանի, նախորդ իշխանությունների օրոք կատարված խախտումների ծավալներն ու լրջությունն անհամեմատելի են ներկա խախտումների հետ: Դրանցից հիմնականը, ըստ Սաֆարյանի, հսկայական գումարներ կազմած, բայց երբևէ որևէ տեղ չարտացոլված ընտրակաշառքն է։

Փորձագետի կարծիք



Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

Հղումների պահոց

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 08/12/2018