Ampop.am տվյալների լրատվության կայքը հաղթող ճանաչվեց Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (ՄՆԿ) ամենամյա «Թվապատում» լրագրողական մրցույթի «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում» անվանակարգում: Ampop.am կայքի անձնակազմը պարգեւատրվեց մրցույթը խորհրդանշող արձանիկով եւ դրամական մրցանակով՝ Երեւանի ավագանու ընտրություններին ընդառաջ մայրաքաղաքի համայնքային խնդիրներին լրագրողական ուսումնասիրությունների շարքով անդրադառնալու համար:
Մրցանակները հանդիսավոր ձեւով շնորհվեցին սեպտեմբերի 29-ին Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում։ «Թվապատում 2017. պատմություններ փոփոխությունների մասին» լրագրողական մրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել էին 36 լրատվամիջոցների շուրջ 136 աշխատանքներ։
Մեդիա մենեջեր Մանանա Ասլամազյանը Ampop.am կայքի հիմնադիր-խմբագիր Սուրեն Դեհերյանին մրցանակը հանձնելիս նշեց, որ սա միակ անվանակարգն է, որի շնորհման շուրջ ժյուրիի անդամներն ի սկզբանե ունեցել են միանման կարծիք. «կա մեկ հաղթող, քանի որ նրա աշխատանքը մի գլուխ բարձր է, քան մնացած թեկնածուներինը»:
Մանանա Ասլամազյան, Ռուսաստանի հեռուստաակադեմիայի անդամ, Ռուսաստանում «Ինտերնյուսի» նախկին տնօրեն
Սա նոր մեդիա է` Մեդիա 3.0: Սա երիտասարդ թիմ է, որը ստեղծվել է ընդամենը մեկ տարի առաջ, որն իր գործունեությունը ծավալում է առցանց միջավայրում, եւ վերջապես սա այն է, ինչն այսօր զարգանում է ողջ աշխարհում: Սա, այսպես կոչված, բացատրական լրագրություն է, որտեղ կան բազմաթիվ մեծ տվյալներ, որոնք հիանալի ձեւով վիզուալիզացված են, ինչը թույլ է տալիս տեսնել պատկերն ամբողջությամբ եւ կատարել եզրակացություններ: Սա համարձակ լրագրություն է, այդ պատճառով այս անվանակարգում Ampop.am-ը բացարձակ առաջնորդ է եւ հաղթող:
Ampop.am կայքի մասին ամփոփ
Ampop.am կայքի անձնակազմի համար «Թվապատում» լրագրողական մրցույթում տարած հաղթանակն առաջինն է: Սա շատ ոգեւորիչ է, քանի որ նախագիծն ընդամենը 11 ամսական է եւ արդեն արժանանում է իր ընտրած ոլորտում բացարձակ առաջնորդը լինելու պատվին:
Սուրեն Դեհերյան, լուսանկարը` Գագիկ Աղբալյանի
Կայքի մեկնարկը տրվել է 2016թ. հոկտեմբերի 20-ին` «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ փորձագետների կողմից Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ համագործակցությամբ: Այս 11 ամիսների ընթացքում նախագծի գործընկերներից են եղել նաեւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակը: Գրեթե մեկ տարվա ընթացքում «Ամփոփ Մեդիա» նախագծի շրջանակում կազմակերպվել է առնվազն 4 մասնագիտական դասընթաց տվյալների վիզուալիզացիայի եւ բացատրական լրագրության թեմայով, որոնց մասնակցել են շուրջ 60 լրագրողներ, դիզայներներ եւ տարբեր ոլորտների մասնագետներ: Նրանց մի մասը մինչ այսօր էլ հաջողությամբ համագործակցում է Ampop.am-ի խմբագրության հետ:
Նշված ժամանակահատվածում Ampop.am կայքը հրապարակել է 60 լրագրողական ուսումնասիրություն սոցիալ-տնտեսական, ընտրական, քաղաքական, ֆինանսական, կրթական, իրավական, միջազգային եւ այլ թեմաներով, որոնք պարունակում են 100-ից ավելի ինֆոգրաֆիկաներ, ինտերակտիվ քարտեզներ եւ այլ մուլտիմեդիա նյութեր, ինչպես նաեւ շուրջ 1000 ակտիվ հղումներ դեպի հավելյալ աղբյուրներ: Իսկ այս տարվա ապրիլից նկարահանվում է «Ամփոփում» հաղորդաշարը, որտեղ մասնագետների հետ քննարկվում են երկրի առջեւ ծառացած առավել ակտուալ խնդիրներն ու առկա վիճակագրությունները:
Ampop.am-ի նյութերը
հիմք են հանդիսանում տեղական լրատվամիջոցներում ակտուալ թեմաների լուսաբանումն առավել հիմնավոր մատուցելու,
թարգմանվում եւ վերահրապարակվում են մի շարք տարածաշրջանային լրատվական կայքերում,
աղբյուր են հանդիսանում քաղհասարակության շրջանում սեփական գործողությունների ռազմավարությունը մշակելու համար:
Ի՞նչ է «Թվապատում» լրագրողական մրցույթը
Լուսանկարը` ՄՆԿ
«Թվապատումը» 2015թ-ից ի վեր կազմակերպվող ամենամյա մրցույթ է: Երրորդ տարին անընդմեջ անցկացվող մրցույթի առանցքային թեմաներն են` սոցիալական, հաշվետու եւ թափանցիկ կառավարման ոլորտները, համայնքների խոշորացումը, մարդու իրավունքները: Ըստ մրցանակաբաշխության կազմակերպիչների, մրցույթին ներկայացված լրագրողական պատմություններն ուսումնասիրելիս` ժյուրին կարեւորում է հատկապես աշխատանքի որակը, մրցույթի թեմաներին համապատասխանությունը, ստեղծագործական եւ նորարարական մոտեցումները:
Մրցույթի հիմնական անվանակարգերն են` «Մեդիա 3.0. տեխնոլոգիաների լավագույն կիրառում», «Դիտակ. հետաքննական լրագրություն», «Ռեինֆորմացիա. բարեփոխումների լավագույն լուսաբանում», «Գործող անձ» եւ «Ես քվեարկում եմ» անվանակարգերը: Մրցանակաբաշխության հաղթողներն արժանանում են խորհրդանիշ-պարգևների եւ դրամական մրցանակների` 100 000 – 300 000 դրամի չափով: Շնորհվում են նաեւ հատուկ եւ խրախուսական մրցանակներ: «Թվապատում» մրցույթի ժյուրիի կազմը բաղկացած է 5 հոգուց, որոնցից 4-ը մեդիադաշտի հայտնի եւ փորձառու մասնագետներ են, իսկ մեկը նախորդ մրցույթի «Գործող անձ» անվանակարգում հաղթող ճանաչված պատմության հերոսը:
Փորձագետի կարծիք
«Թվապատում 2017» մրցույթին Ampop.am-ի ներկայացրած նյութերի շարքը
Երեւանի ավագանու ընտրություններ. ի՞նչ, ինչո՞ւ եւ ինչպե՞ս