Տնտեսություն

Գյուղատնտեսական ռիսկեր

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Հայաստանի բոլոր մարզերը գտնվում են բնական աղետների միջին կամ բարձր ռիսկային գոտում: Լեռնային երկիր լինելով` Հայաստանn ունի երաշտների և ջրային ռեսուրսների անհամաչափ բաշխվածություն: Ենթարկվելով էրոզիայի և տարերային աղետների՝ երկիրն առավել զգայուն է կլիմայական անբարենպաստ փոփոխությունների նկատմամբ` խոցելի դարձնելով գյուղական բնակչության ապրուստի միջոցները: Իսկ գյուղատնտեսության ոլորտը Հայաստանի համար չափազանց կարևոր նշանակություն ունի: Այն ապահովում է գյուղական վայրերում ապրուստի միջոցների, պարենային ապահովության, գյուղերի զարգացման և արտահանման զգալի մասը:

Իրավիճակ

Հայաստանի տարածքի 69%-ը կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը: Գյուղացիական տնտեսություններում զբաղված է ավելի քան 500 հազար մարդ կամ տնտեսապես ակտիվ բնակչության մոտ 44%-ը: Համաձայն Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) տվյալների՝ հանրապետության տարածքի 12%-ը ենթակա է ցրտահարությունների, 15%-ը՝ երաշտի, 17%-ը՝ կարկտահարման: Կան մարզեր, որոնց տարածքները խոցելի են բնակլիմայական վտանգավոր մի քանի տիպի երևույթների նկատմամբ

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) ուղեցույցի համաձայն՝ Հայաստանին բնորոշ և առավել հաճախակի կրկնվող տարերային երևույթներից մեկը երաշտն է, որը չոր կլիմայի հետևանք է: Հայաստանի տարածքում ուժեղ երաշտներ դիտվում են Արարատյան հարթավայրում: Այն զգալի է նաև Վայոց ձորի և Սյունիքի մարզերի որոշ շրջաններում: Երաշտի հետևանքով բերքի որակն ընկնում է, ավելանում են բույսերի հիվանդությունները, ներմուծվող սննդամթերքի ծավալները, սննդամթերքի արժեքը: Սրա հետևանքով նվազում են գյուղատնտեսության մեջ ներգրավված անձանց եկամուտները՝ միևնույն ժամանակ ազդելով ընդհանուր տնտեսական աճի տեմպերի վրա:

Հայաստանի բոլոր մարզերը խոցելի են նաև ցրտահարությունների առջև: Դրանք հաճախ դիտվում են հանրապետության հովտային գոտիներում՝ Արարատյան հարթավայրում և դրա նախալեռներում, Տավուշում և Սյունիքի հովիտներում: Ամենախոցելին Արարատյան հարթավայրն է, որտեղ ցրտահարության հավանականությունը 45-50% է:

Հայաստանը նաև համարվում է աշխարհի կարկտավտանգ տարածքներից մեկը: Կարկուտը մեծ վնաս է հասցնում հատկապես գյուղատնտեսությանը: Հայաստանում կարկտահարության հետևանքով տարեկան ոչնչանում է բուսաբուծական արտադրանքի մոտ 4-5%-ը:

03-Ampop-01

Աղբյուրը` Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն

Գյուղատնտեսության նախարարությունը վերջին հինգ տարիներին հանրապետությունում երաշտի պատճառած վնասների վերաբերյալ տեղեկատվություն չի տնօրինում:

Լուծումներ

Զարգացած գյուղատնտեսություն ունեցող երկրներում գործում են գյուղատնտեսության պարտադիր ապահովագրման կայացած համակարգեր: «Գյուղատնտեսության ապահովագրության արտասահմանյան փորձի հիմնական առանձնահատկությունները» ուսումնասիրության համաձայն` Գերմանիան, որտեղ գյուղատնտեսական արտադրողների մոտ 80%-ը կամավոր ապահովագրված է կարկուտի հավանական վնասի դեպքերից, բերքի կորստի դեպքում պետական աջակցություն չի տրամադրում ֆերմերներին: Բելգիայում 1976 թ.-ից գործող հատուկ հիմնադրամը փոխհատուցում է բնական աղետների հետևանքով պատճառված վնասները: Հունաստանում գյուղատնտեսության ապահովագրությունը առավելապես պետական է: Պետությունն իր կազմակերպության միջոցով հավաքում է ապահովագրական վճարները, կարգավորում ծրագրի գործողությունը և երաշխավորում վնասների հատուցումը:

Գյուղատնտեսության ապահովագրության պիլոտային ծրագրի ներդրման մասին Հայաստանում խոսվում է 2013 թ.-ից: 2014 թ. նոյեմբերին Հայաստանի կենտրոնական բանկի փոխնախագահ Ներսես Երիցյանը հայտարարեց, որ Հայաստանում գյուղատնտեսական ռիսկերի պարտադիր ապահովագրության ներդրումն առայժմ տնտեսապես հիմնավորված չէ: «Հայաստանի վիճակագրությունը ցույց է տալիս, որ գյուղացիները գործնականում վճարելու են նույնքան, որքան և ստանում են որպես փոխհատուցում, ինչը ռացիոնալ չէ ծախսերի կառավարման տեսանկյունից։ Առավել ևս, կամավոր այդ մեխանիզմը չի գործի, քանի որ մինչև մենատնտեսները կոնկրետ ռիսկեր չունենան, չեն մտածի ապահովագրության համակարգին մասնակցելու մասին»,– ասել էր նա։ Սակայն արդեն այսօր քննարկվում է պիլոտային ծրագրի մեկնարկի ժամանակացույցը:

03-Ampop-02

Աղբյուրը` Հայաստանի գյուղատնտեսության նախարարություն

Փաստարկ

Համաձայն գյուղատնտեսության նախարարի տեղակալ Արմեն Հարությունյանի` KfW գերմանական վերականգնման վարկերի բանկը կատարել է ապահովագրական համակարգի ներդրման առանձնահատկությունների ուսումնասիրություն և գնահատում: Քննարկվում է նաև մասնավոր կառույցի ստեղծում, որը միջնորդի դեր ստանձնելով՝ կիրականացնի խիստ մասնագիտական գործունեություն՝ ունենալով կոլեկտորի գործառույթ: Ըստ Հարությունյանի՝ այս կառույցը, որը սկզբնական շրջանում կարող է համալրված լինել օտարերկրյա փորձագետներով, կկատարի համապատասխան ուսումնասիրություն, տվյալների հավաքում, հաշվարկում և կտրամադրի ապահովագրական կազմակերպությանը, որն էլ հենց այդ հաշվարկների հիման վրա կկատարի փոխհատուցումը:

«Գյուղատնտեսական ապահովագրությունը տարբերվում է մյուս ապահովագրություններից, քանի որ նրա վնասը ավելի մեծ չափերի է հասնում: Եթե ԱՊՊԱ-ի դեպքում վթար է տեղի ունենում, և ապահովագրական կազմակերպությունների մասնագետները տեղում գնահատում են վնասի չափը, ապա բնական աղետների դեպքում, հատկապես երբ մի քանի համայնքում է տեղի ունենում կարկտահարություն, հաշվարկելը բավականին բարդ աշխատանք է»,- նշել  է Հարությունյանը:

Ապահովագրական համակարգի ներդրումից զատ, կառավարությունը մտադիր է նպաստել բնական աղետների դեմ ֆիզիկական պաշտպանության միջոցներից օգտվելու ակտիվացմանը: Ըստ Հարությունյանի` մի քանի միջազգային կազմակերպությունների հետ պիլոտային ծրագրեր իրականացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել: Խոսքը կարկտապաշտպան ցանցերի տեղադրման, տաք օդ սփռող մեքենաների ներդրման, կաթիլային ոռոգման միջոցներից օգտվելու խրախուսման մեխանիզմների մասին է:

Փորձագետի կարծիք


Հաշվի առնելով Հայաստանում տնտեսական քաղաքականության բացակայությունը՝ գյուղատնտեսության ապահովագրության հեռանկարն այս պահին բավական մշուշոտ է: Կան երկրներ, որտեղ գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության այլ ճանապարհներ են գործում: Խոսքը վարկերի ապահովագրության մասին է: Հայաստանում հիմնական խնդիրը միշտ կապված է լինում հենց վարկերի վճարման հետ: Վարկերի ապահովագրությունը էապես կնպաստի ոլորտի խնդիրների լուծմանը, ինչը հնարավորություն կտա նաև բանկերին՝ ավելի ցածր տոկոսադրույքով վարկեր տալ: Իսկ բերքի մթերման պարտավորության համակարգի հստակ ներդրումը հնարավորություն կտա լուծել մթերման հիմնական խնդիը:

Մեսրոպ Առաքելյան

տնտեսագետ


 Հղումների պահոց

  • Կլիմայի փոփոխության հետևանքով խոցելիության գնահատում, 2014
  • Գյուղատնտեսության զարգացման ոլորտների գնահատում, 2012
  • Գյուղատնտեսությանը վնաս պատճառող բնական և մարդածին աղետների ռիսկերի ուղեցույց

 Ամփոփեց Գագիկ Աղբալյանը

Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան

© Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 11/10/2016