Հայաստանում արևային կայանների արտադրած էլեկտրաէներգիայի ծավալները վերջին 5 տարում աճել են 596 անգամ, այո, գրեթե 600 անգամ։
Արտադրված էլեկտրաէներգիան 2017 թվականի 0,4 մլն կիլովատտ-ժամից 2022 թվականին հասել է 238,4 մլն կիլովատտ-ժամի։ Նկատենք, որ տարբերությունը՝ 238 միլիոն է։ Դա նշանակում է, որ նույնքանով նվազել է այլ աղբյուրներից էլեկտրաէներգիայի ստացման անհրաժեշտությունը։
Իսկ որքան աճում է արևային էլեկտրաէներգիայի ստացման ծավալը, այնքան նվազում է ավանդական, աղտոտող ռեսուրսներից (օրինակ՝ գազից) ստացվող էլեկտրաէներգիայի կշիռը, հետևաբար՝ նվազում է մթնոլորտի աղտոտման ծավալը։
Այդ դեպքում՝ Հայաստանում էլեկտրաէներգիայի քանի՞ տոկոսն է արտադրվում վերականգնվող ռեսուրսների օգնությամբ։ Ավելի կոնկրետ՝ Հայաստանում հոսանքի որքա՞ն մասն է «կանաչ», այսինքն բնությանը չվնասող կամ հարաբերականորեն քիչ վնասող։
Հիմնարար հարցեր են, թե որ էլեկտրակայաններն են համարվում «կանաչ», և որոնք են, որ ամենաքիչն են վնասում բնությանը։ Միշտ չէ, որ առաջին հայացքից անվնաս թվացող կայանները լիարժեք անվտանգ են։ ԱՄՆ շրջակա միջավայրի պաշտպանության գործակալությունը էլեկտրակայանները դասակարգում է ըստ դրանց «վառելիքի» վերականգնելիության և վնասակարության։ Եվ ստացվում է, որ ռեսուրսների վերականգնելիությունը դեռ չի նշանակում, որ կայանն անվնաս՝ «կանաչ» է։
Էներգետիկայի և անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը նշում է, սակայն, որ վերականգնվող ձևերից արևային ու հողմային կայանները ծախսատար են, դրանց արտադրած էլեկտրաէներգիան ավելի թանկ է։ Նրա խոսքով՝ դա է պատճառը, որ էկոլոգիական մղումներով՝ «կանաչ» էներգետիկայի անցնելու հնարավորություն ունենում են հարուստ երկրները։ Եվ եթե Հայաստանը գնա այդ ուղով, պետք է մարդիկ պատրաստ լինեն ավելի թանկ վճարել հոսանքի համար։
«Այդ կայանները նաև կայուն չեն։ Եթե նույնիսկ դիտարկենք Եվրամիության քամու կամ արևային էներգետիկան, կտեսնենք, որ մեկ ամսում դրանց կշիռը մի շաբաթ կարող է 36% լինել, մյուս շաբաթ՝ 12%․ այդպիսի մեծ տատանումներ է տալիս», – բացատրում է փորձագետը։
Ըստ Մանվելյանի՝ այդ երկրները նման տատանումները կարող են կոմպենսացնել բարձր գնի հաշվին։
Գլոբալ տաքացման պայմաններում աշխարհում, հատկապես Արևմուտքում, աստիճանաբար տարածում է գտնում այն մոտեցումը, որ էլեկտրաէներգիայի մեծ սպառում ունեցող, հայտնի ընկերություններն իրենց համար սահմանում են արժեքներ, որոնց համաձայն՝ իրենք պետք է անցնեն վերականգնվող ու հատկապես «կանաչ» ռեսուրսներից ստացվող էլեկտրականության սպառման։ Այդպիսի ընկերություններից են Microsoft, Apple, Alphabet (Google), Meta (Facebook) ընկերությունները և բազմաթիվ ուրիշներ։
Հայաստանում այդ մոտեցումը դեռ տարածում չունի, քանի որ դեռևս ամբողջապես կայացած չէ էլեկտրաէներգիայի ազատ շուկան, որի միջոցով հնարավոր կլիներ հենց «կանաչ» էլեկտրակայանների հետ պայմանավորվել ու հենց նրանցից գնել էլեկտրաէներգիան։ Ավելին, հայկական էներգետիկ շուկայում ամենաէժան էլեկտրաէներգիա առաջարկողը շարունակում է մնալ Մեծամորի ատոմակայանը։
2022 թվականին Հայաստանում վերականգնվող ռեսուրսների միջոցով արտադրված էլեկտրաէներգիայի կշիռը 32-33% էր («կանաչ»՝ 16,5%): Մնացածն արտադրվել է ատոմակայանում և ջերմային էլեկտրակայաններում։ Նախորդ տարիներին վերականգնվող բաղադրիչի կշիռն էլ ավելի փոքր է եղել։
Կարդացեք նաև․ Արևային կայանների գործարկման օգուտներն ու ռիսկերը էլեկտրաէներգիայի ազատ շուկայում
Ընդ որում՝ «կանաչ» / վերականգնվող բաղադրիչը խիստ սեզոնային է։ Տարվա երկրորդ կիսամյակին, երբ ձևավորվում են հալոցքային ջրերը, ինչպես նաև Սևանից ջուր է բաց թողնվում ջրառի համար, մեծ ու փոքր հիդրոէլեկտրակայաններն աշխատում են ավելի մեծ հզորությամբ։ Արդյունքում այդ ամիսներին վերականգնվող բաղադրիչն ավելի շատ էլեկտրաէներգիա է արտադրում, քան գազով աշխատող կայաններն ու ատոմակայանը։
Սակայն կառավարության կողմից 2021-ին ընդունված «ՀՀ էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրում» հիշատակվում է նաև «մաքուր և էներգախնայող՝ կայուն զարգացող» էներգետիկայի տեսլականը, իսկ վերականգնվող էներգետիկան նշվում է որպես առաջնահերթություններից մեկը։ Արևային էներգետիկան էլ սահմանվում է որպես գերակա ճյուղ։
«ՀՀ կառավարությունը նպատակ ունի մինչև 2030 թվականը արևային էներգիայի արտադրության մասնաբաժինն ընդհանուրի մեջ հասցնել առնվազն 15%-ի կամ 1.8 մլրդ կՎտժ-ի։ Այդ նպատակով կկառուցվեն շուրջ 1000 ՄՎտ հզորությամբ արևային կայաններ, ներառյալ ինքնավարները», – նշվում է ռազմավարության մեջ։
Ավելին, ներկայացված են նաև ժամկետներ, թե երբ և որքան հզորություններ է ավելացնելու վերականգնվող էներգետիկան, մասնավորապես՝ արևայինը։ Դրանց մեծ մասի համար կառավարությունը կանխատեսել է ներգրավել մասնավոր ներդրումներ։ Ընդ որում՝ որպես ակնկալվող անմիջական արդյունք հիշատակվում է էներգետիկ անկախության մակարդակի բարձրացումը։
Էներգետիկայի և անվտանգության փորձագետ Արմեն Մանվելյանը «Ամփոփ Մեդիայի» հետ զրույցում նշում է, որ ինչքան էլ արևային ու այլ վերականգնվող էներգետիկան նախընտրելի լինի, այն չի կարող փոխարինել կայուն աղբյուրներից ստացվող էլեկտրականությանը։
«Արևային էներգիան, իհարկե, վատ բան չէ, բայց եթե ուզում եք երկրում արդյունաբերություն զարգացնել, պետք է կայուն էներգիա։ Արևային ու քամու էներգիան ընդհանրապես կայուն էներգիա չի կարող ապահովել, որովհետև խորքային կախվածության մեջ ես հայտնվում այնպիսի ռեսուրսներից, որոնք մշտական չեն, կայուն չեն․ արևը գիշերը չկա, քամին էլ երբեմն է լինում», – բացատրում է փորձագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանի պայմաններում հողմային էներգետիկան ընդհանուր առմամբ հեռանկար չունի։ Թերևս նաև դա է պատճառը, որ կառավարության մշակած ռազմավարության մեջ արևային էներգետիկայի հետ կապված ծրագրերն ավելի շատ են և ավելի կոնկրետ, իսկ հողմային կայանների վերաբերյալ հարցը թողնված է ներդրողներին․ կլինե՞ն՝ լավ, չե՞ն լինի՝ փույթ չէ։
Փորձագետի խոսքով՝ եթե Հայաստանը հենվի հենց արևային կամ հողմային էներգետիկայի վրա, ստիպված է լինելու երբեմն էլեկտրաէներգիա ներկրել Իրանից ու Վրաստանից։ Այդպիսի կայանները, ըստ Մանվելյանի, դրական ազդեցություն կարող են ունենալ կենցաղային մակարդակում, երբ մարդիկ իրենց տանիքներին արևային պանելներ են դնում և որոշակիորեն նվազեցնում են իրենց հոսանքի ծախսերը։
Հեղինակ՝ Գարիկ Հարությունյան
Գրաֆիկները՝ հեղինակի
Այս նյութը պատրաստվել է «Էլեկտրաէներգիայի հասանելիություն» նախագիծի շրջանակում Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 28/04/2023