Իրավունք

Խոլերան ու տիֆը Ռուսական կայսրության բանտերում․ Ակնունու հոդվածաշարի հետքերով

«Տիֆն ավելի շատ դատապարտյալների է սպանել, քան թագավորության բոլոր հանրային մահապատիժները միասին վերցրած», – ասել է 18-րդ դարի անգլիացի բժիշկ, բանտային ռեֆորմատոր Ջոն Հովարդը։

Հովարդը երկար տարիներ այցելել է Անգլիայի և Եվրոպայի մի շարք բանտեր, ուսումնասիրել բանտերում առկա սանիտարահիգիենիկ պայմանները, վարակիչ հիվանդությունները։

Բանտային պայմաններն էականորեն չէին փոխվել նաև 19-րդ դարում։ Հայտնի է, որ 1800-ականներին աշխարհը ցնցած խոլերայի պանդեմիայի հինգ ալիքները ծանր են եղել հատկապես ազատազրկվածների համար։

Խոսուն փաստ է այն, որ Անգլիայի Յորքշիր կոմսության Ուեյքֆիլդ քաղաքում 1832-33-ին գրանցված խոլերայի 158 դեպքերից 78-ը գրանցվել է քաղաքի ուղղիչ տան կալանավորների մոտ։

Ոչ պակաս անմխիթար հուշեր ու վավերագրություններ են պահպանվել նաև 20-րդ դարի կալանավայրերից։

Խոլերայի տարածումը ռուսական բանտերում

Մեծ Եղեռնի զոհ դարձած քաղաքական-հասարակական գործիչ, հրապարակախոս Էդվարդ Ակնունին 1911 թվին Բոստոնում տպագրում է «Բողոքի ձայն» անգլալեզու հոդվածաշարը, որն ի թիվս այլ արժեքավոր տեղեկությունների, բազմաթիվ մանրամասներ է հաղորդում դարասկզբի Ռուսական կայսրությունում մարդու իրավունքների, առողջապահական վիճակի և մասնավորապես հայերի դրության մասին։

Բարձրաձայնելով ցարական հալածանքներին ենթարկվող հայ քաղաքական բանտարկյալների խնդիրները՝ Ակնունին պատմում է, թե ինչ իրավիճակում էին հայտնվել հայ կալանավորները 1910թ.-ին, երբ Ռուսաստանում ահագնանում էր խոլերայի 6-րդ համաճարակը։ Ըստ հրապարակախոսի՝ 6-7 հոգու համար նախատեսված խուցերում առանց մահճակալների՝ պարզապես գետնին, պառկեցնում էին 25-30 հոգու՝ բնավ չհոգալով սպիտակեղենի մաքրության կամ խցի ջերմաստիճանի մասին։ 270 հոգու համար նախատեսված հաստատությունում բանտարկյալների թիվը հասնում էր 850-ի։

«1910 Թւին Րօստօվը ամբողջ վարակւած էր խօլերայով, եւ նահանգի այս ու այն կողմերում «հպատակները» մեռնում էին ճանճերի նման։ Համաճարակի լուրը հասաւ կալանաւորներին, եւ բանտի մէջ տիրեց սեւ սոսկումն»,- գրել էր Ակնունին և ավելացրել, – «Դժւար չէ երեւակայել կացութիւնը մարդոց, որոնք իրանց զգում են համաճարակի շղթայի մէջ, առանց կարենալ օդ ունենալ, բժիշկ կանչել, եւ կամ հակավարակիչ ոեւէ միջոց ստեղծել»։

Հուսահատ բանտարկյալները բողոքում են այդ ողբերգական կացության դեմ․ «Ի՜նչ պիտի լինի, կրկնում էին ամէն կողմից, եթէ համաճարակը վարակէ եւ բանտը։ Կարեւորութիւն տւող չեղաւ»։

Խոլերային միացավ տիֆը

Ակնունին պատմում է, որ 1911-ին բանտում գլուխ բարձրացրեց տիֆը, որի մասին սակայն բժշկին արգելվեց հայտնել պատկան ատյաններին, և բանտային հաշվետվության մեջ արձանագրվեց, թե կալանավորների մոտ տենդի դեպքեր են առկա։ Այդ տարվա տիֆից կալանավորներից շուրջ 20-ը մահացան։

Այդ թվերի խոլերայի համաճարակի առթիվ ռուս գրող Վիկտոր Շկլովսկին ասել է. «Վախենում եմ, որ Պետերբուրգում բոլորը հանկարծ կմահանան»։

20-րդ դարասկզբի էպիդեմիական կատաստրոֆիկ վիճակի մասին դառը քմծիծաղով պատկերացում է տալիս Պետերբուրգսկի լիստոկ» թերթի 1909 թվի հուլիսի 6-ի համարում տպագրված այս երկտողը, որը վերնագրված էր՝ «Սովորական պատմություն».

– Քույրս վարակվեց տիֆով, բայց հիվանդանոց ընկնելուն պես խոլերա տարավ։
– Իսկ իմ քույրը հիվանդացավ խոլերայով, սակայն նա էլ հիվանդանոցում տիֆ ընկավ։

Ըստ վկայությունների՝ թե՛ կալանավորները և թե՛ նրանց ընտանիքի անդամները հակված էին մտածել, որ Նովոչերկասկի բանտի իշխանությունները միտումնավոր էին աչք փակում ազատազրկվածների առողջական վիճակի վրա՝ հույս ունենալով անուղղակիորեն ազատվել քաղբանտարկյալներից։

Այնուամենայնիվ, բանտարկվածների հարազատները 1911-ի մարտի 24-ին դատական մինիստրին խնդրագիր հեռագրեցին, որում գրված էր.

«Նօվօչէրկասկի բանտի մէջ այս պահուս տիֆի սոսկալի համաճարակ է տիրում. հարիւրից աւելի կալանաւորներ հիւանդ են, ինչպէս նաեւ բանտի կառավարիչի երեք օգնականները, 6 գրագիր, 10 վերակացու, բանտի բժիշկը եւ իր երկու օգնականները։ Մահացութիւնը մեծ համեմատութեան է հասել։ Վերակացուներից երկուքը արդէն մեռել են։

Առողջապահական պայմանները բանտի մէջ անտանելի են։ Բանտը շինւած է 250 մարդու համար, մինչդեռ այս պահուս այնտեղ 800-ից աւելի կալանաւորներ կան։ Բանտային շէնքը գտնւում է քաղաքի ամենացած տեղը, ուր անպակաս է տենդը։ Խուցերի յատակները ասֆալթից են շինւած։

«Դաշնակցութեան Գործով» ամբաստանւող հայերը երրորդ եւ չորրորդ տարին է որ բանտն են գտնւում։ Բոլորին առողջութիւնն էլ խիստ խախտւած է։ Շատերը ծանր հիւանդ են – թոքախտով, ոսկրացաւով, նէօրասթէնիով, աչքացաւով։ Մի քանի հոգի լուսնոտ են գարձել։ Երկու հոգի էլ խլացել բանտի մէջ։ Այժմ էլ բոլորը ենթակայ են տիֆի վտանգին, եւ հասկանալի է որ՝ երկար բանտարկութիւնից քայքայւած՝ չպիտի կարողանան դիմանալ այդ սարսափելի հիւանդութեանը։

Այս բոլորը նկատի ունենալով խնդրում ենք ձերդ Գերազանցութիւնից՝ ազատ արձակել բանտարկեալները կամ փոքրիկ գրաւականներով եւ կամ երաշխաւորութեամբ, որովհետեւ իրանց ընտանիքները նիւթապէս քայքայւած լինելով, հնարաւորութիւն չունեն մեծ գումարներ տալու։ «Դաշնակցութեան Գործի» նախնական քննութիւնը արդէն աւարտած է։ Բանտարկեալների ընտանիքները գրեթէ խելակորոյս են դարձել այն սոսկալի վտանգի հանդէպ՝ որին ենթակայ են իրանց մերձաւորները»:

Հեռագիրը մնաց անպատասխան։

Նովոչերկասկի բանտը

Համաճարակը մերօրյա քրեակատարողական հիմնարկներում

Բանտերը, ինչպես բոլոր տեսակի փակ հաստատություններն առհասարակ, վարակիչ հիվանդությունների տարածման բարձր ռիսկայնություն ունեն։ Պատճառը միայն փակ և խիտ բնակեցված տարածքը չէ։

Կենցաղային վատ և դժվարին պայմանները ևս օրգանիզմի դիմադրողականության անկման  և հիվանդությունների հանդեպ նախատրամադրվածության հիմք են հանդիսանում։

Մեր օրերում քրեակատարողական հիմնարկներն էպիդեմիական բռնկումների տեսակետից խոցելի են, քանի որ դրանցից մի մասի ոչ բավարար շենքային պայմանները սանիտարահիգիենիկ խնդիրների պատճառ են հանդիսանում։ Այս մասին մանրամասն ներկայացված է քրեակատարողական համակարգի հիվանդանոցային ծառայությունների արդիականացման արդյունավետ մոդելների առաջարկման նպատակով 2018թ.-ին Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից  իրականացված գնահատողական առաքելության զեկույցում։

Իբրև օրինակ՝ կարելի է նշել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ-ի շենքը, որը 1828 թ․-ի կառույց է և չի համապատասխանում ժամանակակից չափանիշներին։ Հիվանդանոցում բացակայում են վերակեդանացման բաժանմունքների համար անհրաժեշտ նվազագույն պայմանները և սարքավորումները։

Անցնող երկու ամիսների ընթացքում Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ը հաստատվել է ընդհանուր 12 աշխատակցի մոտ։ Դատապարտյալների կամ ազատազրկված անձանց մոտ կորոնավիրուսի հաստատված դեպքեր չեն գրանցվել։

Հեղինակ՝ Գոհար Աքելյան

Հավելյալ աղբյուրներ

#COVID19 #ArmGov #anticrisis #actions #pandemic

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 12/06/2020