Կրթություն

Առողջ սնունդ՝ արդյունավետ կրթություն

Ինչպես է կազմակերպվում անվճար սնունդը դպրոցներում

Հայաստանի 974 հանրակրթական հաստատությունների տարրական դասարանների շուրջ 100 000 աշակերտ ուսումնական օրերին օգտվում է մեկանգամյա անվճար սննդից: Եթե այդ դպրոցներում գործում են նախակրթարաններ, ապա նույն սնունդը մատուցվում է նաև վերջիններիս սաներին։

Անվճար սննդի տրամադրումն իրականացվում է «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի շրջանակներում, և, վերը նշված տվյալները հաշվի առնելով, կարելի է փաստել, որ հանրապետությունում առկա 1374 պետական դպրոցների 70%-ն արդեն ընդգրկված է այս ծրագրում: Համաձայն ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ծրագիրը ընդլայնվելու և շարունակական բնույթ է կրելու, քանի որ մասնագիտական գնահատականները փաստում են, որ այն նպաստում է երեխաների կրթության արդյունավետության բարձրացմանը։

«Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի մեկնարկը տրվել է 9 տարի առաջ` ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) շրջանակներում: Մեկնարկային փուլում ծրագրում ներգրավված էին հանրապետության 147 դպրոցներ: Ներկայումս ՄԱԿ-ի ՊՀԾ-ի միջոցով ապահովվում է 5 մարզի` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Արմավիրի, Կոտայքի 490 դպրոցի շուրջ 60,000 աշակերտի անվճար սնունդը: Ծրագրի շահառու հանդիսացող 484 դպրոցների անվճար սնունդը տրամադրվում է ՀՀ կառավարության Ազգային ծրագրով։ 2019թ. պետբյուջեից այս նպատակով հատկացվել է 902 մլն դրամից ավել գումար։

Այն դպրոցները, որտեղ ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի ՊՀԾ-ի կողմից, ֆինանսավորում է Ռուսաստանի Դաշնությունը, սակայն նախատեսվում է մինչև 2023թ. ծրագրի կառավարումն աստիճանաբար փոխանցել ՀՀ կառավարությանը։

Ըստ ծրագրի պատասխանատուների՝ շահառու բոլոր դպրոցները մարզերում են, սակայն հաջորդ փուլով ծրագրի մաս կկազմեն նաև մայրաքաղաքի դպրոցները։

Սննդակարգը

Թե ինչ ճաշացուցակ կունենան աշակերտները՝ թողնված է դպրոցի տնօրինությանն ու խոհարարների հայեցողությանը, սակայն սահմանված է վերահսկողություն։ Մեկ երեխայի օրական սննդաբաժնի կալորիականությունը պետք է կազմի 650-700 կիլոկալորիա, ինչն օրական պահանջի մոտ 40%-ն է կազմում։ Մեկ աշակերտի ուսումնական օրվա սննդի արժեքը (բազային ֆինանսավորումը) հաշվարկված է 120-140 դրամ։

Դպրոցներին բաժանված բաղադրատոմսերի գրքից, որտեղ ընդգրկված է շուրջ հարյուր բաղադրատոմս, յուրաքանչյուր դպրոց իր նախընտրությամբ է սահմանում, թե որ օրն ինչ կերակրատեսակներ պետք է մատուցվեն։ Ամեն հաջորդ օրվա ճաշացանկը նախորդ օրն արդեն հաստատված է լինում տնօրենի կողմից։

Ազգային ծրագրում ներառված դպրոցներում սննդամթերքի ձեռքբերման իրավունքը ևս դպրոցի տնօրինությանն է վերապահված՝ «Գնումների մասին» օրենքին համապատասխան։ Այն դպրոցներում, որտեղ ծրագիրը ՊՀԾ-ն է իրականացնում, գնումների մի մասը ծրագրի հայաստանյան գրասենյակն է կազմակերպում, մյուս մասը՝ դպրոցները։

Այդուհանդերձ, ճաշացուցակը կազմելիս թե´ Ազգային ծրագրում, թե´ ՊՀԾ-ում ներառված դպրոցները պարտադիր պետք է հիմք ընդունեն Առողջապահության նախարարի հրամանը: Դրանով սահմանվում են աշակերտների սննդի կազմակերպմանը ներկայացվող պահանջները, ինչպես նաև դպրոցականների համար արգելված սննդամթերքների ցանկը։

Վերահսկողություն է սահմանված նաև սննդի օրաբաժնի, էներգետիկ արժեքի, ձեռքբերվող սննդամթերքի որակի նկատմամբ, որի իրականացման պատասխանատուն տվյալ հաստատության բուժաշխատողն է։

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը պատասխանատու է հետևել այս գործընթացին, որպեսզի սնունդը պատրաստվի և պահպանվի անվտանգության կանոնների պահպանմամբ։ Ահա թե ինչու ծրագրի շահառու դառնալու համար դպրոցը, նախ և առաջ, պետք է ունենա տեղում սննդի կազմակերպման համար անհրաժեշտ պայմաններ։

Մի դպրոցի օրինակով

Ծրագրում ընդգրկված Գյումրու թիվ 7 դպրոցում խոհանոցային պայմաններն ու տեխնիկական հագեցվածությունը բավարարում են դպրոցի 1-4-րդ դասարանների՝ 587 աշակերտների ու նախակրթարանի՝ 74 սաների տաք սննդի ապահովման համար։

«Երեխաների ճնշող մեծամասնությունը հաճույքով է ուտում և դա բնական է, քանի որ բարձր կալորիականությամբ սնունդ է տրվում»,-«Ամփոփ մեդիայի» հետ զրույցում ասում է Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրեն Գագիկ Կարապետյանը:

Կարապետյանը նշում է նաև, որ բացի սոցիալական խնդիր լուծելուց, այս ծրագիրը հստակ ժամի սնվելու մշակույթ է ձևավորում։

Որպեսզի և´ դասապրոցեսը չխախտվի, և´ ծրագրի շահառու բոլոր երեխաները հասցնեն օգտվել դպրոցում տրվող սննդից, Գյումրու թիվ 7 դպրոցում առաջնորդվում են նախապես կազմված գրաֆիկով։

Ի դեպ, 2018թ. հոկտեմբերից Շիրակի մարզի բոլոր 147 դպրոցներում «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի կառավարումն անցել է ՀՀ կառավարությանը։ Դրանց ճնշող մասը՝ 133 դպրոցներ, ունեն վերանորոգված խոհանոց և ապահովված են անհրաժեշտ տեխնիկայով՝ սառնարան, գազօջախ և այլն։

Դպրոցական սննդի ծրագիրը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու նպատակով ստեղծվել է նաև «Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամը, որը 2017 թվականից վերապատրաստում է ծրագրում ընդգրկված դպրոցների տնօրեններին ու խոհարարներին։ Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Տավուշի,  Շիրակի և Արագածոտնի շուրջ 500 դպրոցների 1011 տնօրեն ու խոհարար արդեն իսկ վերապատրաստվել է։

«Կայուն դպրոցական սնունդ» հիմնադրամի տնօրեն Բագրատ Եսայանը տնօրենների վերապատրաստումը ևս կարևորում է, քանի որ պետբյուջեից տրամադրվող գումարների արդյունավետ բաշխումն ու ծախսումը նրանցից է կախված։

«Վերապատրաստումների ընթացքում տնօրեններն իրազեկվում են, թե ինչպես պետք է կազմակերպվի գնումների գործընթացը, ապահովվի սննդի անվտանգությունը»,-ասում է Բագրատ Եսայանը։

Ծրագրի շրջանակում աշակերտներին տաք սննդով ապահովելը հիմնադրամի տնօրենը համարում է իրենց հիմնական նպատակներից մեկը։ Ազգային ծրագրում ընդգրկված 484 դպրոցներից տաք սնունդ տրվում է առայժմ 370-ում։ «Փորձելու ենք հնարավորինս շուտ տաք սննդով ապահովելու համար պայմաններ ստեղծել մյուս 114 դպրոցներում ևս, քանի որ դրա արդյունավետությունն ավելի բարձր է»,- ասում է Եսայանը։

Ծրագրի հաջողված լինելը կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը կասկածի տակ չի դնում. «Շատ լավ ծրագիր է ու կարևոր Հայաստանի համար, քանի որ այլ ճաշարաններում տրվող սնունդը ոչ միայն որակապես վատն է, այլև՝ շատերի համար անհասանելի։ Իսկ ահա «Կայուն դպրոցական սնունդը» հնարավորություն է տալիս ստանալ և´ առողջ, և´ անվճար սնունդ», – ասում է նա։

Դրական կողմերի հետ մեկտեղ՝ փորձագետը նաև ծրագրի թերացումներն է մատնանշում. «Կան դպրոցներ, որոնց ճաշարանները փոքր են, աշակերտները՝ շատ, ու հարց է առաջանում, թե 5-10 րոպեանոց դասամիջոցում ինչպես պետք է հասցնեն բավարարել բոլորին։ Դեպքեր գիտեմ, որ ստիպված դա անում են դասի հաշվին»։

Խաչատրյանը կարծում է, որ ծրագիրը լիարժեք կաշխատի, եթե լինի կես ժամանոց մեկ դասամիջոց ուսումնական օրվա ընթացքում: «Բայց դա էլ այլ խնդիրներ առաջ կբերի, օրինակ՝ ձմռանը կավելանա ջեռուցման ծախսը», – ասում է նա։

Ծրագիրն ավելի արդյունավետ կդառնա ճաշարանի աշխատողների նորմալ վարձատրության դեպքում։ Սերոբ Խաչատրյանը համոզված է՝ բավարար չափով վարձատրվելու դեպքում խոհարարն ավելի համով կպատրաստի։

Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը

Ինֆոգրաֆիկները՝ Գայանե Մելիքյանի

Պատասխանատու խմբագիր՝ Սուրեն Դեհերյան

Լուսանկարները տրամադրել է Գյումրու թիվ 7 դպրոցի տնօրինությունը

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի եւ վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ին: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած եւ տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 04/05/2019