Մարդու կենսագործունեության և զարգացման համար անհրաժեշտ է էներգիա՝ էլեկտրական, ջերմային, տրանսպորտային։ Իսկ տեխնոլոգիական զարգացումը բերում է էներգիայի սպառման ավելի մեծ ծավալների։ Այս պահանջարկը բավարարելու համար երկրի ընդերքից արդյունահանվող ռեսուրսները՝ հանածո վառելիքը կամ էներգակիրները, սպառվում են ավելի մեծ արագությամբ, քան դրանք ստեղծվում են բնության կողմից։
Էներգիայի բնական աղբյուրներն ընդունված է բաժանել երկու խոշոր խմբի՝ չվերականգնվող և վերականգնվող: Էներգիայի չվերականգնվող աղբյուրները բնության մեջ կազմավորվում կամ վերականգնվում են շատ ավելի դանդաղ, քան ծախսվում են: Դրանք ածխաջրածնային հանածո վառելիքներն են՝ ածուխը, նավթը, բնական գազը, տորֆը:
Վերականգնվող աղբյուրներից էներգիա ստանում են բնության մեջ անընդհատ տեղի ունեցող գործընթացներից: Արևի լույսը, քամին, հոսող ջուրը, անձրևը, մակընթացությունն ու տեղատվությունը, Երկրի ընդերքի ջերմությունն ի զորու են տալու էներգիայի մեծ քանակություն, ընդ որում՝ այդ պաշարները գործնականում անսպառ են: Վերականգնվող աղբյուրներից է նաև կենսազանգվածը, օրինակ, բուսական հումքը կամ կենդանիների կենսագործունեության արգասիքները՝ գոմաղբը:
Հանածո վառելիքից էներգիայի ստացումը ջերմոցային գազերի արտանետման հիմնական աղբյուրներից մեկն է և, հետևաբար, ազդում է կլիմայի փոփոխության վրա: Բացի այդ, հանածո վառելիքի պաշարները բավականին արագ սպառվում են։ Համաձայն հաշվարկների՝ հանածո վառելիքի ներկայումս սպառվող ծավալի պահպանման պարագայում այդ պաշարները կսպառվեն մոտակա 50-100 տարվա ընթացքում։ Այդ իսկ պատճառով տարբեր երկրներում արդեն սկսել են անցում կատարել վերականգնվող էներգիայի կամ, ինչպես ասում են, կանաչ էներգիայի։
Հայաստանը չունի հանածո վառելիքի (ածխի, նավթի կամ բնական գազի) հաստատված պաշարներ։ Հայաստանում օգտագործվող գազը և նավթամթերքներն ամբողջովին ներկրվում են։ Գազը կազմում է առաջնային էներգակիրների 63%-ը, որի մեծ մասը՝ 80%-ը, ներկրվում է Ռուսաստանից, իսկ մնացածը՝ Իրանից։
Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրական հզորությունների մոտ 50%-ն ունի 40 տարվա հնություն. դրանք կարճաժամկետ և միջնաժամկետ հեռանկարում ենթակա են փակման։ Մեծամորի ատոմակայանի գործարկումը երկարաձգվել է մինչև 2026թ․։ Փոքր ՀԷԿ-երն արտադրում են ընդհանուր էլեկտրաէներգիայի ընդամենը 13%-ը (7,3 մլն կվտժ): 2017թ. հունվարի դրությամբ էլեկտրաէներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ:
Հաշվի առնելով այս ամենը՝ շատ կարևոր է առավել մեծ ուշադրություն դարձնել Հայաստանում արևային կայանների և հողմակայանների զարգացման հնարավորություններին: Ինչպես երևում է պատկերից, Հայաստանում դրանց միջոցով արտադրված էներգիայի մասնաբաժինը շատ չնչին է` 0.04%:
Վերականգնվող էներգիա նշանակում է էներգիա՝ ստացված վերականգնվող ոչ-հանածո աղբյուրներից, մասնավորապես՝ արևի լույսից, ջրային հոսանքներից, քամուց, մակընթացություններից, հիդրոթերմալ էներգիայից և այլն։
Վերականգնվող էներգետիկան հնարավորություն է տալիս ունենալ էներգետիկ անկախություն և անվտանգություն, որն էլ իր հերթին նպաստում է տնտեսության կայուն զարգացմանն ու երկրի ազգային անվտանգության ապահովմանը։ Այս առումով, Հայաստանի համար անգնահատելի է վերականգնվող էներգիայի զարգացումը՝ նկատի ունենալով հանածո էներգառեսուրսների բացակայությունը, վերականգնվող էներգիայի առատ պաշարները Հայաստանի ողջ տարածքում և հողմային ու արևային կայանների միջոցով էներգիա ստանալու արդեն հաջողված փորձը։ Բացի դա, վերականգնվող էներգետիկայի արտադրությունն ունի նաև բնապահպանական և սոցիալական օգուտներ, ինչպիսիք են կլիմայի փոփոխության մեղմումը և չվերականգնվող էներգառեսուրսների օգտագործման կրճատումը:
Հողմային կայաններ
Էներգետիկայի այս ուղղությունը կարող է հեռանկարային լինել Զոդի լեռնանցքի, Բազումի լեռների՝ Քարախաչի և Պուշկինի լեռնանցքների, Ջաջուռի լեռնանցքի, Գեղամա լեռների շրջանի, Սևանի լեռնանցքի, Ապարանի շրջանի, Սիսիանի և Գորիսի միջև գտնվող բարձունքային գոտու և Մեղրիի շրջանի տարածքներում:
Հայաստանում 1-ին արդյունաբերական հողմակայանը կառուցվել է 2006թ-ին։ «Լոռի-1» ՀողմԷԿ-ում գործում են 4 հողմատուրբիններ` յուրաքանչյուրը 660 կՎտ հզորությամբ։ Համաձայն ԱՄՆ-ի Էներգետիկայի նախարարության ուսումնասիրության արդյունքների՝ Հայաստանում տեսականորեն հողմային կայանների կարողությունը կարող է կազմել մինչև 5,000 ՄՎտ: Էներգետիկայի այս ճյուղի զարգացման հիմնական խոչընդոտը կայանների կառուցման մեծ ծախսատարությունն է։
Արևային կայաններ
Հայաստանում արևային կայանների միջոցով արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը փոքր մասնաբաժին է կազմում ընդհանուր արտադրության մեջ` 0.008%, չնայած Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ ներուժ (տես պատկերը):
Առկա օրենսդրական կարգավորումներն ու այս ուղղությամբ ստեղծվող ներդրումային առավել բարենպաստ միջավայրը խոստանում են ոլորտի զարգացման դրական տեղաշարժեր։
Արևային կայանների կառուցման պատմության մեջ աննախադեպ է Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքում 50 ՄՎտ հզորությամբ արևային կայանի կառուցման ծրագիրը, որը Հայաստանի արևային էներգետիկայի զարգացման առաջին փորձը կլինի։ Կայանի հզորությունը թույլ կտա արտադրել տարեկան 120-150 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա։
Սույն նյութը ստեղծվել է ՄԱԶԾ-ԳԷՀ «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության և իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակներում։ Նյութերի բովանդակությունը կամ նրանցում արտահայտված տեսակետները պատկանում են հեղինակին և պարտադիր չէ, որ արտահայտեն ՄԱԶԾ-ի կամ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի տեսակետները:
This content has been created in the scope of UNDP-GEF “Generate global environmental benefits through environmental education and raising awareness of stakeholders” Project. The views and opinions expressed in this stories are those of the authors and do not necessarily reflect the official policy or position of UNDP or GEF.
Այլ հոդվածներ այս շարքից՝ #EnergySecurity
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 20/07/2019