«Ամփոփ մեդիան» ներկայացնում է դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող 11 ուժերից 6-ի առաջարկներն ու ծրագրային դրույթները։ Մյուս հինգ քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերի հիմնադրույթներին ծանոթացեք այստեղ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, որը հանդես է եկել բավականին ընդգրկուն նախընտրական ծրագրով, առաջին բանը, որ խոստանում է, հարկային բեռի, ակցիզային հարկի թեթևացումն է լինելու: Այս մասին ծրագրի հիմնական դրույթները ներկայացնելիս հայտարարել է կուսակցության ցուցակը գլխավորող Էդմոն Մարուքյանն ու վստահեցրել՝ ԱԺ մտնելուց անմիջապես հետո սեղանին են դնելու Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագիծը։
Ծրագրի առանցքային կետերն են՝ տնտեսությունը, տարածքային համաչափ զարգացումը, անվտանգությունն ու պաշտպանությունը, կրթությունը, Արցախի հիմնահարցը, արտաքին քաղաքականությունը և այլն։ ԼՀԿ-ի ոլորտային առաջարկներն ուղեկցվում են դրանց իրագործումը նախանշող ուղիներով։ ԼՀԿ նախընտրական ծրագրում ներկայացված են նաև խորհրդարանական արտահերթ ընտրություններին կուսակցության մասնակցոթյանւ դրդապատճառները։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝
- հետամուտ լինելով արժանապատիվ, ազգային ինքնության արժեհամակարգի պահպանմամբ Հայաստանում եվրոպական չափանիշների, ժողովրդավարական, անվտանգ, օրենքի գերակայության, սոցիալական արդարության, բարեկեցիկ և հզոր պետության կառուցման նպատակին,
- գիտակցելով Հայաստանի առջև ծառացած խնդիրների հրատապ լուծման հրամայականը,
- գործելով բացառապես Հայաստանի ազգային շահերով և ազգային արժանապատվությամբ,
որոշում է կայացրել մասնակցել 2018 թվականի դեկտեմբերի 9-ին անցկացվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին»,- ասված է ծրագրում։ ԼՀԿ ծրագրին մանրամասն ծանոթացեք այստեղ։
Հոգևոր մայրաքաղաքից քարոզարշավը մեկնարկած «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության (ՀՔԺԿ) կարևորագույն խնդիրն ազգային պահպանողական և քրիստոնեական արժեհամակարգի վերածնունդն է լինելու։ «Մենք հեղափոխությունից հետո նախաձեռնեցինք քրիստոնեական վերականգնումի շարժում՝ հիմնված մեր եկեղեցու դավանանքի փիլիսոփայության վրա։ Մենք կպահպանենք այն ամենն, ինչ հարիր է հայ ժողովրդի ավանդական կերպարին»,- Էջմիածնի Սբ. Հռիփսիմե եկեղեցու բակում խորհրդանշական արարողությունից հետո աղավնիներ բաց թողնելով` հայտարարեց կուսակցության ցուցակը գլխավորող, քաղաքագետ Լևոն Շիրինյանը։
ՀՔԺԿ-ն խորհրդարանում հայտնվելու դեպքում առաջ է քաշելու տնտեսական համակարգի զարգացմանը սոցիալական-շուկայական ուղղվածություն տալու գաղափարը, որի կենտրոնում կլինի մարդը։ Արտաքին քաղաքականության հարցում այս ուժի դիրքորոշումը միանշանակ է՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է լինի հայաստանակենտրոն։ Նախընտրական ծրագրերում ոչ այդքան տեղ գրաված բնապահպանական խնդիրը ևս ՀՔԺԿ-ի ուշադրությունից դուրս չի մնացել։ «Առողջ բնական միջավայրի, բնության պահպանությունը, մարդու եւ բնության ներդաշնակ կյանքի, մի խոսքով՝ էկոհամակարգի ապահովումը ստանում է կենսական նշանակություն, և անհրաժեշտ է, որ այն գտնվի պետության բարձր հոգածության ու պաշտպանության կենտրոնում»,- ասված է ծրագրում։
Իրեն ազգային հենքի վրա ստեղծված սոցիալական ուղղվածության բարեփոխիչ քաղաքական ուժ համարող Ազգային առաջընթաց կուսակցության (ԱԱԿ) գործունեության հիմնական նպատակն էլ բարենպաստ իրավաքաղաքական միջավայրի ձևավորումն է, որի պայմաններում սոցիալապես ապահովված ու բազմակողմանիորեն տեղեկացված քաղաքացին ի վիճակի կլինի լիարժեք իրացնել իր քաղաքացիական ու քաղաքական իրավունքներն ու ազատությունները։
Չնայած թե´ կարճաժամկետ, թե´ երկարաժամկետ ծրագրերի առկայությանը, կուսակցությունն իր նախընտրական ծրագրում միայն կարճաժամկետներն է ներկայացրել: Դրանք հիմնված են հետևյալ չորս սկզբունքների վրա`
ա) սոցիալական վիճակի կտրուկ բարելավում,
բ) կրթության և տեղեկատվության մատչելիության ապահովում,
գ) հասարակության ապակուսակցականացում այն հաշվով, որ պետական կառավարումն ու տեղական ինքնակառավարումը առավելագույնս զերծ մնան կուսակցական շահերի բախումներից,
դ) քաղաքացիներին ուղիղ ժողովրդավարության լծակների ընձեռում այն հաշվով, որ քաղաքացիներն ունենան իրական և գործուն լծակներ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման համակարգերից դուրս ուղղակիորեն իրենց իշխանությունն իրականացնելու համար։
20 կետից բաղկացած կարճաժակետ ծրագրում, որով պետք է կյանքի կոչվեն այս դրույթները, ամփոփված են տնտեսության, կոռուպցիայի դեմ պայքարի, արտաքին քաղաքականության, Արցախի մասին քաղաքական ուժի պատկերացումները։ Կուսակցության ծրագրին ծանոթացեք այստեղ՝ ԱԱԿ ծրագիր։
«Մենք» կուսակցությունների դաշինքի նախընտրական ծրագիրը բավականին ծավալուն է. նպատակը՝ արևմտյան մոդելի ժողովրդավարական, իրավական, անվտանգ, ինքնավստահ, ապագային պատրաստ, բարեկեցիկ ու երջանիկ պետության կայացումը:
Ծրագրի հիմնական դրույթներն ամփոփված են հետևյալ հինգ կետերում՝
1) ներքին և արտաքին քաղաքականություն,
2) մրցունակ, համընդգրկուն և արդյունավետ տնտեսություն,
3) կյանքի որակ և առողջապահություն, ապահովվածություն,
4) իրավունքի գերակայության հաստատում, կոռուպցիայի դեմ պայքար,
5) կրթությունը պետք է ապահովի արժանապատիվ աշխատանք, արժանապատիվ աշխատանքը պետք է երաշխավորի բարեկեցիկ ներկա և անհոգ ծերություն։
Առաջին կետի մեխը պաշտպանության և բանակի արդիականացումն է։ Արտաքին անվտանգության հարցում «Մենք» դաշինքը կողմ է թե´ հարևան երկրների, թե´ աշխարհաքաղաքական կենտրոնների հետ ՀՀ հարաբերությունների համաչափ զարգացմանը։ Տնտեսության զարգացման ճանապարհին այս ուժը կարևորում է աջակցությունը ՓՄՁ-ներին, ներդրումների խթանումը, թափոնների վերամշակումը, ՏՏ զարգացումն ու նրա մուտքը գյուղատնտեսություն։
Կյանքի որակի բարելավման ուղղությամբ առաջին քայլը, ծրագրի համաձայն, աղքատության կրճատումը պետք է լինի, հաջորդիվ՝ աշխատատեղերի ստեղծումը, կենսաթոշակի և նվազագույն աշխատավարձի, ինչպես նաև երեխաների ծննդի միանվագ նպաստի բարձրացումը և այլն, որոնք կարող են ձևավորել ապահով քաղաքացի և ընտանիք, ստեղծագործ երիտասարդություն և սոցիալապես համերաշխ Հայաստան։ Օրենքի գերակայություն հաստատելու և կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար մղելու ճանապարհը քաղաքական ուժը պատկերացնում է օրենսդրական բարեփոխումների, ինստիտուտակենտրոն արդարադատությունից քաղաքացիակենտրոն արդարադատության մոդելին անցնելու, ստվերի ու մենաշխորհների վերացման ճանապարհով։ Ծրագրի մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ։
«Օրինաց երկիր» կուսակցության Հայաստանը փոխելու ճանապարհային քարտեզն էլ 50 քայլ է ենթադրում։ Ծրագրում առաջնահերթություններն առանձնացված չեն: Բոլոր 50 կետերն էլ կուսակցության ներկայացուցիչները համարում են առաջնահերթ։ Այդուհանդերձ, եթե փորձենք ընդհանրացնել նախընտրական ծրագրի հիմնադրություներն ՝ ըստ ոլորտների, գրեթե ոչինչ դուրս չի մնում ՕԵԿ-ի ուշադրությունից։ Քաղաքական ուժը բավականին առատաձեռն է «թվային» խոստումների հարցում. առաջարկվում է յուրաքանչյուր ամուսնացող զույգին պետական բյուջեից միանվագ տրամադրել 500.000 դրամի չափով աջակցություն, բարձրացնել ավելի քան 200.000 հաշմանդամների թոշակներն ու ինդեքսավորել, ամեն տարի բարձրացնել նվազագույն աշխատավարձը՝ առաջիկա տարիների ընթացքում հասցնելով 100.000 դրամի և այլն։ ՕԵԿ-ի առաջարկները տարածվում են առողջապահական ապահովագրությունից մինչև գազի, էլեկտրաէնեգիայի և ջրի սակագների իջեցում, տուրիզմի զարգացումից մինչև արտաքին քաղաքականություն, բայց դրանց իրագործման միջոցներն ու ուղիները ծրագրում նախանշված չեն։ Կուսակցության ծրագիրը տեղադրված է այստեղ:
«Սասնա Ծռեր» կուսակցության նախընտրական ծրագիրը որոշակիորեն տարբերվում է մյուս ուժերի ծրագրերից։ Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցող այս ուժը մշակել ու ներկայացրել է անցումային ծրագիր, քանի որ համոզված է՝ 7-րդ գումարման ԱԺ-ն կգործի մոտ երկու տարի և կլինի անցումային խորհրդարան։
Ծրագրի հիմնադրույթներն են՝ իրավունք և արդարություն, պետական կառավարում և կադրային քաղաքականություն, սոցիալ-տնտեսական զարգացում, ռեսուրսային ապահովում, ենթակառուցվածքային և տարածքային զարգացում, հարկային քաղաքականություն, անվտանգություն և պաշտպանություն, Արցախի միացում, արտաքին հարաբերություններ, Հայրենիք-Սփյուռք։ Ծրագրային դրույթներից յուրաքանչյուրի ներքո մանրամասն ներկայացված են կոնկրետ առաջարկներ, բայց դարձյալ բացակայում են դրանք իրագործելու հստակ ուղիները։ Ծրագիրն ամբողջությամբ՝ այստեղ։
Փորձագետի կարծիք
Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Հղումների պահոց
- Փաստարկում. «Իմ քայլը» դաշինքը կեղծ լուրերի թիրախում
- #ԱԺ2018 Ընտրության օրը` լայնամասշտաբ դիտորդական առաքելություն
- #ԱԺ2018 դրամահավաք. Նախընտրական մուտքերն ու ելքերը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
- #ԱԺ2018 նախընտրական ծրագրեր. Մաս 1 և Մաս 2
- #ԱԺ2018. Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին
- #ԱԺ2018. Քաղաքական ուժերի առաջին տասը թեկնածուները
- #ԱԺ2018. Թեկնածուների միջին տարիք, ինքնաբացարկներ, ազգային փոքրամասնություններ և կանայք
- #ԱԺ2018. Միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գնահատականը
- #ԱԺ2018. Յոթերորդ գումարման ԱԺ-ում` 132 մանդատ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 06/12/2018