Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտել է դեկտեմբերի 9-ին ԱԺ արտահերթ ընտրություններին դիտորդական առաքելություն նախատեսող կազմակերպությունների հայտերի ընդունումը: Նոյեմբերի 30-ի դրությամբ հավատարմագրված տեղական ու միջազգային դիտորդների թվի մասին ԿԸՀ կայքի համաձայն գրանցվել են տեղական 22 կազմակերպություններ՝ 17 813 դիտորդով: ԱԺ արտահերթ ընտրությունները լուսաբանելու նպատակով ԿԸՀ-ում հավատարմագրվե է 70 տեղական լրատվամիջոց` 1132 ներկայացուցիչներով:
ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ևս կներկայանա մեծ կազմով. բացի հիմնական կազմից (13 անդամ), կլինեն մոտ երկու տասնյակ երկարաժամկետ և քվեարկության օրվա գործընթացները դիտարկող երկու հարյուրից ավելի կարճաժամկետ դիտորդներ, որոնց ավելի ուշ կմիանան ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի դիտորդները: Այս մասին նոյեմբերի 12-ին ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ հանդիպմանն ասել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար դեսպան Ուրշուլա Գաչեկը։
Սա Հայաստանի ընտրական գործընթացներում նախադեպը չունեցող դիտորդական մասնակցություն է, եթե հաշվի առնենք, որ հանրապետության ողջ տարածքում առկա է 2010 ընտրատեղամաս:
Աննախադեպ է լինելու նաև այն, որ դիտորդների արձանագրումներին ընթացք է տրվելու օրենքի ուժով: Խոսքը ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ և Քրեական օրենսգրքերում սեպտեմբերին կատարված փոփոխությունների մասին է, որոնց շնորհիվ այս ընտրություններում, ի տարբերություն նախորդ իշխանությունների օրոք կայացած ընտրությունների, թույլ տրված խախտումների համար սահմանվել են պատիժներ: Մասնավորապես, քրեականացվել է կաշառք տալն ու ստանալը, ինչպես նաև վարչական տույժ է սահմանվել ընտրատեղամասում ապօրինի գտնվելու կամ պարբերաբար ելումուտ անելու համար:
«Անկախ դիտորդ» նախաձեռնության շրջանակներում դիտորդական առաքելություն իրականացնող Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը կարևորում է այս փոփոխությունները: Ըստ նրա՝ սա ենթադրում է, որ խախտումների վերաբերյալ առանձին ահազանգերի հիման վրա իրավապահ մարմիններն օրենքի ուժով կարող են իրականացնել օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու խախտումներ կատարողներին:
«Նախորդ ընտրություններին մենք` որպես դիտորդական կազմակերպություն, ըստ էության, շատ քիչ գործընկերներ կամ դաշնակիցներ ունեինք: Նրանցից էին լրագրողները, փոքրաթիվ ռեսուրսներ ունեցող ընդդիմադիր կուսակցությունները, որոնք շահագրգռված էին ընտրական խախումները կանխելու գործում: Ներկայումս ունենք ևս մեկ գործընկեր՝ իրավապահ մարմինները՝ հանձին ՀՀ ոստիկանության, որը նախորդ ընտրությունների ժամանակ ընդհանրապես անհաղորդ էր բոլորի ահազանգերին և անգործության էր մատնված», – ասում է Սաքունցը:
Ըստ նրա՝ Երևանի ավագանու և վերջին ՏԻՄ ընտրություններում արդեն նկատվեց, որ ոստիկանությունը հանդես է գալիս ընտրական խախտումները բացահայտողի և կանխարգելողի դերում:
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի՝ ԱԺ ընտրությունների դիտորդությունը մեկնարկել է նոյեմբերի 5-ից: Կենտրոնի 36 դիտորդները ժամանակ առ ժամանակ հանրությանը կիրազեկեն իրենց իրականացրած դիտարկումների մասին:
ԹԻՀԿ-ի ընտրական ծրագրերի համակարգող Ալեքսեյ Պետրոսյանը վստահեցնում է, որ ցանկացած վարչական ռեսուրսի չարաշահման, կաշառքի կամ բարեգործության դեպք իրենց դիտորդների կողմից կարձանագրվի և հայց կներկայացվի համապատասխան մարմին:
Խորհրդարանական ընտրություններում խախտումների քանակական ու որակական բնութագրերը Պետրոսյանը դժվարանում է կանխատեսել, սակայն հույս է հայտնում, որ անփոփոխ մնացած Ընտրական օրենսգիրքը (ԸՕ) և ԿԸՀ-ի անփոփոխ կազմն ընտրություններին խոչընդոտող հանգամանք չեն լինի:
«Հանձնաժողովի նույն կազմն ու անփոփոխ ԸՕ-ը Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ևս եղել են, բայց եթե համեմատական անցկացնենք նախորդ տարիների ընտրությունների հետ, ապա տարբերությունը բավականին մեծ է։ Այս ընտրություններում խախտումները դրվագային էին, համակարգված բնույթ չէին կրում, ինչպես, օրինակ, 2017թ. խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր»,- ասում է Պետրոսյանը։
Ընտրությունների օրը` դեկտեմբերի 9-ին, ԹԻՀԿ-ի շուրջ 700 դիտորդ դիտարկում կանցկացնի ՀՀ շուրջ 300 ընտրատեղամասերում:
Նույն օրը «Անկախ դիտորդ» նախաձեռնությունը ընտրատեղամասերում կունենա շուրջ 760 դիտորդ:
«Անկախ դիտորդ» նախաձեռնության մեկ այլ անդամ` «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ևս զերծ է մնում ընտրությունների հնարավոր ընթացքը կանխատեսելուց: Բայց նա վստահ է, որ խորհրդարանական ընտրություններում չեն լինի նախորդ տարիների ընտրությունների ընթացքում տեղի ունեցած խախտումները:
«Չենք կարող չարձանագրել, որ պետական համակարգը (ներառյալ իրավապահները), սեպտեմբերին կայացած ավագանու ընտրություններում գործեց այնպես, ինչպես պետք է գործեր»,- ասում է Իոաննիսյանը։
Այդուհանդերձ, նա չի շտապում սպասվելիք խորհրդարանական ընտրությունների համար հիմք ընդունել Երևանի ավագանու ընտրությունները` նախ և առաջ այն պատճառով, որ դրանք ծավալով տարբեր են՝ թե´ ընդգրկվածությամբ, թե´ բովանդակային առումով։
«Հոկտեմբերին Հրազդանում տեղի ունեցած ընտրությունները մտահոգություն են ստեղծում, որ համապետական ընտրություններին ոստիկանությունը կարող է չգործել այնպես, ինչպես պետք է գործի։ Ես Հրազդանում տեսել եմ ոստիկանների ոչ օրինական պահվածք. կային բաներ, որ չպիտի անեին, բայց անում էին և հակառակը։ Դա պայմանավորված էր Սասուն Միքայելյանի անձով։ Եթե նման նախադեպերը կրկնվեն, ապա համայնքներում մտահոգիչ պատկեր կունենանք»,- նշում է Իոաննիսյանը:
Իոաննիսյանի համոզմամբ՝ ԱԺ արտահերթ ընտրությունները, որքան քաղաքական պայքարի մթնոլորտում անցնեն, այնքան խախտումները քիչ կլինեն, բայց ռեյտինգային ընտրակարգը դրա հավանականությունը նվազեցնում է։
Իոաննիսյանը վստահ է՝ 2017թ. և դրանից առաջ տեղի ունեցած ընտրություններում որոշիչ դեր խաղացած ընտրակաշառքն այլևս լուրջ մարտահրավեր չի լինի։ «Պետք է ընդունենք, որ իրավապահներն ընտրակաշառքի դեմ պայքարելու փորձ չունեն, բայց երևի եթե ընտրակաշառք բաժանողն ու վերցնողն իմանան, որ իրենց կբանտարկեն կաշառք վերցնելու և տալու համար՝ դժվար թե այդ քայլին գնան»,- ասում է Իոաննիսյանը։
Փորձագետի կարծիք
Ամփոփեց Լիլիթ Պողոսյանը
Ինֆոգրաֆիկաները` Գայանե Մելիքյանի
Պատասխանատու խմբագիր` Սուրեն Դեհերյան
Հղումների պահոց
- Փաստարկում. «Իմ քայլը» դաշինքը կեղծ լուրերի թիրախում
- #ԱԺ2018 դրամահավաք. Նախընտրական մուտքերն ու ելքերը՝ դեկտեմբերի 5-ի դրությամբ
- #ԱԺ2018 նախընտրական ծրագրեր. Մաս 1 և Մաս 2
- #ԱԺ2018. Կանանց ներգրավվածությունը խորհրդարանական ընտրություններին
- #ԱԺ2018. Քաղաքական ուժերի առաջին տասը թեկնածուները
- #ԱԺ2018. Թեկնածուների միջին տարիք, ինքնաբացարկներ, ազգային փոքրամասնություններ և կանայք
- #ԱԺ2018. Միջազգային և տեղական դիտորդական առաքելությունների գնահատականը
- #ԱԺ2018. Յոթերորդ գումարման ԱԺ-ում` 132 մանդատ
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:
Հրապարակվել է` 25/11/2018