Տնտեսություն

Հողի օգտագործման մշակույթը Հայաստանում

գիտակցելով գյուղատնտեսության կարևորությունը

Photo: Photolure agency

Գյուղատնտեսությունը Հայաստանի տնտեսության կարևորագույն ճյուղերից է, որում ներգրավված է բնակչության 35%-ից ավելին: Գյուղատնտեսական ոլորտը կենսական նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար: Առաջին անհրաժեշտության գյուղատնտեսական ապրանքների գների ցանկացած էական աճ հանրային տարբեր շերտերի մոտ սոցիալական դժգոհություն է առաջացնում:

Վերջին ամիսներին մսամթերքի և միրգ-բանջարեղենի գների բարձր լինելու մասին հանրության մտահոգությունները հաճախակիացել են: Հիշյալ ապրանքների գների բարձր մակարդակի վերաբերյալ հիմնավոր փաստարկներ հնարավոր է բերել ոլորտի համապարփակ ուսումնասիրության արդյունքում, քանի որ, օրինակ, շուկայում մսամթերքի գնի վրա ազդեցություն կարող են ունենալ արտահանման ծավալները, եղանակային պայմանները, անասնակերի արտադրության ծավալները և այլն:

Հայաստանի վիճակագրական կոմիտեի (նախկին Ազգային վիճակագրական ծառայություն) հրապարակած տվյալների համաձայն՝ 2018թ-ի հունվար-օգոստոս ամիսներին տավարի միսը թանկացել է 9.6%-ով, գառան և ոչխարի միսը՝ 4.3%-ով, մինչդեռ թռչնամսի գինը նվազել է 4.5%-ով: Օգոստոս ամսին բանջարեղենը հուլիսի նկատմամբ թանկացել է 6.5%-ով, իսկ նախորդ տարվա օգոստոսի համեմատությամբ` 23%-ով: Կարևոր է արձանագրել, որ նշված ապրանքների գների հիմնական աճը 2017թ-ին գրանցվել է օգոստոս-դեկտեմբեր ժամանակահատվածում:

Թեմային առնչվող.  «Նոր թանկացումներ 2018թ. ի՞նչ, որքա՞ն և ինչո՞ւ»  

Իրավիճակ

Վերջին 10 տարիներին երկրի գյուղատնտեսական ոլորտի համախառն (մեկ տարվա ընթացքում արտադրված ապրանքների հանրագումարը) արտադրանքը ավելացել է 44.3%-ով՝ 2017թ-ին հասնելով 906 մլրդ դրամի։ ՀՆԱ-ի տեսակարար կշռում գյուղատնտեսական ոլորտի մասնաբաժինը նույն ժամանակահատվածում շուրջ 20%-ից նվազել է` 2017թ-ին կազմելով 14.9%:

Այս ցուցանիշը չի կարելի համարել հետընթաց, քանի որ արդյունաբերության և ծառայությունների ոլորտներն ավելի արագ են զարգանում, քան գյուղատնտեսությունը, հետևաբար գյուղատնտեսության տեսակարար կշիռը աստիճանաբար նվազում է ՀՆԱ-ում:  Զարգացած արևմտյան երկրներում, օրինակ՝ Ֆրանսիայում գյուղատնտեսությունն ապահովում է երկրի ՀՆԱ-ի 2%-ը, Գերմանիայում՝ 1%-ը, Հունաստանում՝ 4%-ը, Բրազիլիայում 5%-ը և այլն:

Գյուղատնտեսության ոլորտը բաժանվում է երկու խոշոր խմբերի՝ անասնաբուծություն և բուսաբուծություն։ Ընդ որում, Հայաստանում 2017թ. ցուցանիշներով` այս երկու խմբերի համախառն արտադրանքը գրեթե հավասար է։ 2017թ-ին բուսաբուծության ոլորտն ապահովել է 468 մլրդ դրամ արտադրանք, անասնաբուծությունը՝ 438 մլրդ դրամ։

Գյուղոլորտը 2017թ-ին անկում է ունեցել  3%-ով` ուղեկցվելով ցանքատարածությունների, բերքատվության, խոշոր եղջավոր կենդանիների ու ընտանի թռչունների գլխաքանակի կրճատումներով: Այս իմաստով,  տրամաբանական է, որ այս անկումը չէր կարող չհանգեցնել որոշ ապրանքատեսակների գների աճի (մսամթերք, կաթնամթերք, լոլիկ և այլն): Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը բանջարեղենի թանկացումը պայմանավորում է ցանքատարածությունների կրճատմամբ, ինչը վերջինիս պնդմամբ, ոռոգման անկատար համակարգի, ինպես նաև  արտահանման սխեմաների  բացակայության հետ է կապված:

Բուսաբուծություն

Հայաստանում արտադրվող հիմնական մշակաբույսերից են ցորենը, գարին, եգիպտացորենը, կարտոֆիլը։ Ցորենի արտադրությունը կարևորություն է ներկայացնում առաջին հերթին պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից։ Նախորդ հինգ տարիների դինամիկան ցույց է տալիս, որ 2012-2016թթ-ին ցանքատարածություններն ու ստացված ընդհանուր բերքը էականորեն աճել են, մինչդեռ 2017թ-ին այս ոլորտում գրանցվել է թե’ բերքի, թե’ ցանքատարածությունների էական անկում: Գյուղատնտեսության նախարարությունը 2017թ-ին հացահատիկի ցանքատարածություների կրճատումը պայմանավորում է հիմնականում 2016թ. աշնանը գրանցված մթերման ցածր գներով: Հանրապետության մարզերում հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունները, 2017թ. նախորդ տարվա համեմատ, կրճատվել են  42 հազար հեկտարով, իսկ համախառն բերքը` 340 հազար տոննայով:

Կարտոֆիլի արտադրությունը գյուղմթերքի այն ուղղություններից է, որտեղ պարենային անվտանգության տեսանկյունից  առկա է 100%-ից ավելի ապահովություն։

Ներմուծվող հիմնական կարտոֆիլի ծավալը սերմնացուն է։  2017թ-ին կարտոֆիլի համախառն բերքը ևս կրճատվել է 2016թ-ի համեմատությամբ, կրճատվել են նաև ցանքատարածությունները։

Հանրապետության պտղատեսակների մեծ մասի հիմնական արտադրողները տեղաբաշխված են Արարատյան դաշտում` Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ գտնվում է հանրապետության դեղձի այգիների 74 %-ը, ծիրանի` 70 %-ը, կեռասի` 62 %-ը, սալորի՝ 56 %-ը, սերկևիլի` 48 %-ը և հատապտուղների` 41 %-ը: Խնձորի արտադրությունը կենտրոնացած է Կոտայքի և Արագածոտնի, տանձինը և բալինը՝ Կոտայքի և Գեղարքունիքի,  ընկուզապտուղներինը` Կոտայքի, Վայոց Ձորի, Տավուշի և Արագածոտնի, մերձարևադարձային պտուղներինը (արքայանարինջ, թուզ, նուռ, ինչպես նաև հոն և թութ)` Տավուշի և Սյունիքի մարզերում:

Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ 2018թ-ի հունվար-հուլիս ամիսներին բուսաբուծությունն աճել է 14.2%-ով:

Անասնաբուծություն

Խոշոր եղջերավոր կենդանիների բուծման, հում կաթի և պանրի արտադրության համալիր Գնդեվազ համայնքում:

2017-18թթ-ին անասնաբուծության ոլորտը, ի տարբերություն 2012-16թթ-ի, շոշափելի անկում է գրանցել։ 2017թ-ին այն կրճատվել է 10%-ով, 2018թ-ի հունվար-հունիս ամիսներին՝  3.7%-ով։ 2012թ-ից սկսած` աճը սույն ոլորտը կարգավորող գերատեսչությունից պայմանավորում էին ներմուծված խոշոր եղջերավոր կենդանիների  ցեղատեսակների՝ տեղական պայմաններին հարմարվելու փաստով։ 2017թ-ի անկումը, որը ուղեկցվել է նաև անասնագլխաքանակի 14% նվազմամբ, մասնագետները հիմնականում պայմանավորում են արտահանման կտրուկ աճով։

2017թ-ին խոշոր եղջերավոր անասունների (կենդանի վիճակում) արտահանումը կազմել է 1 997 տոննա, իսկ արժեքը շուրջ 5 մլն դոլար։ Այս ցուցանիշը 2016թ-ի համեմատ աճել է մոտ տասն անգամ։ Մինչդեռ 2016թ-ին արտահանումը կազմել է ընդամենը 552 հազար դոլար։ Իհարկե, անասնագլխաքանակի կրճատման վրա ազդեցություն ունեցել է ինչպես կաթի մթերման գնի նվազումը, այնպես էլ անասնակերի արտադրության նվազումը (ոչ բարենպաստ եղանակային պայմանների պատճառով), սակայն որպես հիմնական գործոն հանդիսանում է արտահանման էական ավելացումը։

Ընդհանուր արտահանման մեջ գյուղատնտեսական ծագում ունեցող արտադրատեսակների տեսակարար կշիռը 2017 թ. կազմել է 28.8 %: Նույն տարում արտահանվել են ավելի քան 644 մլն ԱՄՆ դոլարի գյուղատնտեսական ծագման արտադրատեսակներ, որը գերազանցում է նախորդ տարվա ցուցանիշը 23.4 %-ով: 2017 թ. հանրապետությունից արտահանվել է 93 հազար տոննա բանջարեղեն, միրգ և կարտոֆիլ, այդ թվում` 57 հազար տոննա պտուղ, որից՝ 25 հազար տոննա ծիրան, բալ, կեռաս, դեղձ, նեկտարին, սալոր, 4.4 հազար տոննա խնձոր, տանձ, սերկևիլ և 15 հազար  տոննա խաղող, 32 հազար  տոննա բանջարեղեն և 4 հազար  տոննա կարտոֆիլ:

Ագրարային քաղաքականություն

Ոլորտին հատկացվող միջոցները 2018թ-ի բյուջեով նախատեսված է 19.7 մլրդ դրամ՝  2017 թ. պետական բյուջեով հաստատված 14,3 մլրդ դրամի դիմաց (2016թ-ին՝ 13.4 մլրդ դրամ)։ 2017թ-ի վերջին մեկնարկել էր «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» պետական օժանդակության ծրագիրը, ինչը  այս ոլորտում նորույթ կարելի է համարել` հաշվի առնելով գյուղատնտեսությամբ զբաղվողների համար տրամադրվող վարկերի ցածր տոկոսադրույքները։

Ծրագրի  հիմնական նպատակն է գյուղոլորտում տնտեսական գործունեություն իրականացնող սուբյեկտներին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման միջոցով նպաստել տնտեսվարողների կարողությունների ընդլայնմանը,  արդիական տեխնոլոգիաների ներդրմանը, գյուղատնտեսության արդյունավետության բարձրացմանը: Տոկոսադրույքների  չափը սահմանվում է 3-5%, ինչը անհամեմատելի է նախորդ տարիների տոկոսադրույքների հետ։ Նախորդ տարիներին ևս իրականացվում էր վարկերի սուբսիդավորում, սակայն նման մասշտաբային բնույթ չէր կրում, իսկ տոկոսադրույքները սկսվում էին 8%-ից։ Պետք է արձանագրել, որ գյուղոլորտում ներգրավված տնտեսվարողների հիմնական մտահոգությունները նախկինում եղել են հենց բարձր տոկոսներով վարկերը։

Հայաստանի նոր կառավարության ծրագրում գյուղատնտեսության զարգացումն ամրագրվել է որպես տնտեսության համար երկրորդ (բարձր տեխնոլոգիաների զարգացումից հետո) առաջնահերթ ուղղությունը։ Ծրագրով նախատեսվում է ուշադրությունը  կենտրոնացնել անմշակ հողերի մշակման, կաթիլային, հակակարկտային համակարգերի ընդլայնման վրա։

Որքանով հնարավոր կլինի կյանքի կոչել կառավարության կողմից առաջնահերթություն սահմանված գյուղատնտեսության ոլորտի զարգացումը, հնարավոր է գնահատել որոշ ժամանակ անց. նախևառաջ այն պատճառով, որ այս ոլորտում բյուջեի հատկացումները սահմանվել են նախորդ տարեվերջին ընդունված բյուջեի նախագծով, իսկ գործող կառավարությունն այս ոլորտին ավելի առարկայական անդրադառնալու հնարավորություն կունենա գալիք տարի։ Նշենք, որ կառավարությունն արդեն հաստատել է 2019թ-ի բյուջեի նախագիծը և ուղարկել խորհրդարան։

Փորձագետի կարծիք



Հղումների պահոց

Ամփոփեց Հակոբ Սաֆարյանը

Ինֆոգրաֆիկաները` Գայանե Մելիքյանի, Աստղիկ Գևորգյանի

Խմբագիր` Սուրեն Դեհերյան

Ուշադրություն © Ampop.am կայքի նյութերի և վիզուալ պատկերների հեղինակային իրավունքը պատկանում է «Լրագրողներ հանուն ապագայի» ՀԿ-ը: Արգելվում է օգտագործել Ամփոփի նյութերն ու վիզուալ պատկերները առանց պատշաճ հղման: Առցանց այլ հարթակներում Ամփոփի պատրաստած և տարբերանշանը կրող վիզուալ պատկերները հնարավոր է վերբեռնել միայն ԼՀԱ-ի հետ համապատասխան համաձայնության դեպքում:


Հրապարակվել է` 01/10/2018