Մեր մասին Էթիկա
Առողջություն Սոցիալական

Գյումրու պոլիկլինիկաների «գրոհը». ինչպես է ԱՀԱ-ն ազդել բուժանձնակազմի աշխատանքի վրա

Ընդունելություն Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի սրտաբան Սվետլանա Պողոսյանի մոտ

«Յոդը, բինտն ու ասպիրինը վերջացել ա։ Բժշկուհի ջան, քանի դեռ անվճար ա՝ գրեք, գնամ դեղատնից ստանամ»։

Առողջության համընդհանուր ապահովագրության (ԱՀԱ) մեկնարկը պոլիկլինիկաներում սկսվեց հենց այսպիսի պատկերացումներով։ Շատերի համար համակարգի ներդրումը դարձավ «ամեն ինչից» օգտվելու առիթ՝ առանց հստակ գանգատների, բայց «գլխից մինչև ոտքի մատները» հետազոտվելու պահանջով։ Հատկապես 65+ տարիքային խմբի շահառուների շրջանում առաջացած ակնկալիքները բերեցին հերթերի, գրանցումների խառնաշփոթի և բժիշկ-պացիենտ հարաբերությունների լարման։

Հին դեղատոմսեր և նոր հերթեր

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի սրտաբան Սվետլանա Պողոսյանի փոխանցմամբ՝ այցելությունների թիվը կտրուկ շատացել է, բայց ոչ միշտ հիմնավորված պատճառներով։

«Մարդիկ գալիս էին 8-9 տարվա վաղեմության դեղնած թերթիկներով, որոնց վրա հին նշանակումներ էին։ Նրանք գալիս էին պոլիկլինիկա միայն մեկ նպատակով՝ անվճար դեղ ստանալու հնարավորությունն օգտագործելու համար»,- պատմում է բժշկուհին։

Ցանկություն, թե՞ բժշկական ցուցում

Իրավիճակն ավելի է բարդացել, երբ լուրեր են տարածվել անվճար վիրահատությունների հնարավորության մասին։ Շատերը որոշել են, որ իրենց «անհապաղ վիրահատություն է անհրաժեշտ» և բժիշկներից պահանջել են ուղեգրեր՝ առանց մասնագիտական անհրաժեշտության։ Թանկարժեք հետազոտություններից ու վիրահատություններից օգտվելու այս համատարած ցանկությունը բախվել է բժշկական ցուցումների իրականությանը։

«Ինձ համար առաջնայինը ցուցումն է, ոչ թե պացիենտի ցանկությունը»,- շեշտում է սրտաբանը՝ հավելելով, որ ցուցումների և հակացուցումների տարբերությունն ընկալել չցանկացող հիվանդների հետ շփումը դարձել է ամենօրյա բախումների հիմնական պատճառը։

«Անվճար» բառի մոգական ուժը և բացահայտվող հիվանդությունները

Շիրակի մարզի բժիշկները փաստում են՝ մարդկանց համար «անվճար» բառը շատ մեծ նշանակություն ունի, բայց դա երբեմն բերում է անտրամաբանական պահանջների։

«Իրենք բժիշկ չեն, ինչ գիտեն իրենց պե՞տք է վիրահատություն, թե՞ ոչ։ Եթե կարիքը կա՝ միանգամից ուղեգրում ենք»,- ասում է սրտաբան Սվետլանա Պողոսյանը։

Սակայն այս «գրոհը» ունի նաև դրական կողմ. շատերը ֆինանսի պատճառով տարիներով չեն դիմել բժշկի, ու հիմա հետազոտությունների արդյունքում նոր, ավելի լուրջ հիվանդություններ են բացահայտվում, որոնք անհապաղ միջամտության կարիք ունեն։

Վահագն Մկրտչյան

Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահագն Մկրտչյանն ընդգծում է, որ իրենց հիմնական աշխատանքը հիմա բացատրելն է՝ այն էլ ոչ բժշկական տերմիններով։

«Այս հնարավորությունն անսահմանափակ չէ։ Պետք է բացատրենք, որ եթե բուժառուն տարվա կեսին անվճար հետազոտությունների քանակը սպառեց, Աստված չանի, որևէ ստուգում անցնելու կամ վիրահատվելու կարիք ունենա, պետք է ստիպված լինի վճարել դրանց համար»։

Ըստ գործող կարգի՝ նոր հայտնաբերված հիվանդության դեպքում բուժառուն կարող է տեղամասային բժշկից ուղեգիր ստանալու համար գալ մինչև 4 անգամ, իսկ քրոնիկ հիվանդների համար, ովքեր դիսպանսեր հսկողության տակ են, սահմանափակումներ չկան։

«Բժշկից վերածվել ենք ռեգիստրացիայի աշխատակցի»

Շիրակի մարզի պոլիկլինիկաներում ու ամբուլատորիաներում տարվա առաջին 3 ամսում արդեն 110,416 ապահովագրական դեպք է գրանցվել։

Տարեսկզբին թոշակառուներին պարտադրում էին գրանցվել «Արմեդ» (ArMed) համակարգում, սակայն հիմա այդ պահանջը մեղմվել է, քանի որ համակարգը տեխնիկապես դեռ «կաղում է»։ Սմարթֆոնի բացակայությունը արդեն խոչընդոտ չէ, նույնականացումն արվում է անձնագրով։

Սակայն խնդիրն այլ տեղ է։ Բժիշկների ուշադրությունն այսօր ավելի շատ ուղղված է համակարգչին, քան հիվանդին։ 15 րոպեանոց ընդունելության ժամանակ բժիշկը պետք է թե՛ թղթային անկետան լրացնի, թե՛ տվյալներն անցկացնի «Արմեդ» համակարգ։ Շատերը դժգոհում են՝ «բժշկից վերածվել ենք ռեգիստրացիայի աշխատակցի»։

Բժշկի «արտաժամյա» աշխատանքն ու ընտրության ազատությունը

Ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանը օրական 30-ից ավելի այցելու է սպասարկում։ «Արմեդի» խափանումների պատճառով նա ստիպված է տվյալների մուտքագրումը շարունակել տանը՝ աշխատանքից հետո։

«Ծրագիրը լավ մշակված չէ, օրական նոր բաժիններ են ավելանում։ Անընդհատ փոփոխվում է ու ազդում մեր աշխատանքի վրա։ Ուղեգիրն էլ պետք է ճիշտ «կախես» օնլայն, որ նեղ մասնագետն էլ կարողանա աշխատել ու վճարվել»,- ասում է նա։

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի ընտանեկան բժիշկ Գոհար Սահակյանը

Դրական փոփոխությունն այն է, որ ուղեգրերը տրվում են «բաց», այսինքն ոչ միայն տվյալ համայնքի շրջանակում։ Ապահովագրված անձը կարող է Գյումրիից հասնել Երևան կամ ընտրել հանրապետության 466 բուժհաստատություններից ցանկացածը։

Ապահովագրված անձը կարող է ընտրել հանրապետության 466 բուժհաստատություններից ցանկացածը։

Լեյլի Ասլանյան

Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանի կարծիքով՝ սա մրցակցություն կստեղծի. «Որքան շատ այցելու ունենա նեղ մասնագետը, այնքան շատ կվճարվի։ Սա որակ կապահովի առաջիկայում»։

Աշխատավարձերի հաշվարկման նոր կարգը և բժիշկների դժգոհությունները

Համակարգի ներդրման առաջին ամիսներին բժիշկների աշխատավարձերի հաշվարկը հանգեցրել է որոշակի թյուրըմբռնումների։ Պատճառը ֆինանսավորման սկզբունքի հիմնարար փոփոխությունն է։

Ինչպե՞ս էր գործում նախկին համակարգը. ընտանեկան բժիշկներն ու նեղ մասնագետները վարձատրվում էին ըստ պոլիկլինիկայում գրանցված բնակչության թվի։ Եթե բժիշկն ուներ, օրինակ, 5,000 շահառու, ֆինանսավորումը հաշվարկվում էր այդ թվի բազմապատկումով։ Այդ գումարի շուրջ 50%-ը ուղղվում էր բուժհաստատության վարչական ու կոմունալ ծախսերին, իսկ մյուս մասից ձևավորվում էր բժշկի աշխատավարձը (միջինը 130,000-250,000 դրամ)՝ գումարած հավելավճարներն ու բոնուսները։

Ինչպե՞ս է փոխվել հաշվարկը. Այժմ ապահովագրություն ունեցող քաղաքացիները դուրս են գալիս բազային ֆիքսված ֆինանսավորման ցանկից։ Որպեսզի բժիշկը նրանց սպասարկման համար վարձատրվի, շահառուն պետք է փաստացի այցելի պոլիկլինիկա։

«Այժմ ֆիքսված աշխատավարձ չկա, ինչից էլ դժգոհում են բժիշկները։ Նախկինում կարող էին ստանալ աշխատավարձը՝ անկախ կատարված աշխատանքի ծավալից, իսկ հիմա պետք է ընդունեն հիվանդներին ու լինեն մրցակցային»,- պարզաբանում է Շիրակի մարզպետարանի առողջապահության վարչության պետ Լեյլի Ասլանյանը։

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի օրինակը

Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայում գրանցված 24,000 բնակչից 18,000-ն արդեն առողջության ապահովագրության շահառու են։ Սա նշանակում է, որ այդքան անձանց համար նախկինում ստացվող բազային ֆիքսված գումարը դուրս է եկել բժիշկների հաշվարկից։ Այժմ վարձատրության չափը կախված է նրանից, թե ապահովագրված անձը կդիմի՞ բժշկին, թե՞ ոչ։

Թեև մեկ բնակչին սպասարկելու գումարը փոքր-ինչ բարձրացել է (միջինը 210 դրամ, իսկ 0-1 տարեկանների համար՝ մինչև 359 դրամ), սակայն վարձատրությունը դարձել է փոփոխական։ Ընդ որում, ապահովագրված անձանց սպասարկումն ավելի բարձր է գնահատվում, քան չապահովագրվածներինը։

Խորհրդատվությունների սակագները և համավճարի կիրառումը

Մեկ այլ խնդրահարույց հարց է խորհրդատվությունների արժեքը։ Պետությունը սահմանել է միջինացված սակագին մեկ խորհրդատվության համար։ Սա դժգոհությունների տեղիք է տվել հատկապես Երևանում, որտեղ մասնագետների խորհրդատվության արժեքը 25,000-30,000 դրամ է։

Խնդիրը լուծելու համար նախարարությունը թույլատրել է բուժհաստատություններին կիրառել համավճար։

Տվյալների մուտքագրումը որպես վարձատրության նախապայման

Աշխատավարձի հաշվարկման վերաբերյալ Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրենը պարզաբանում է, որ համակարգի ներդրման առաջին երկու ամիսներին ի հայտ եկած խնդիրները կրել են տեխնիկական բնույթ, ինչը հանգեցրել է վերահաշվարկների անհրաժեշտության։

«Մարտ ամսվա աշխատավարձերից բուժաշխատողներն արդեն զգացել են ավելացումները։ Մասնավորապես, 12% հավելավճար է տրամադրվել բժիշկներին, իսկ կրտսեր բուժանձնակազմի և վարչական աշխատողների համար աշխատավարձերի բարձրացում է սպասվում»,- նշում է Մկրտչյանը։

Ըստ տնօրինության՝ իրականացվող վերահաշվարկները փաստում են, որ մեծ թվով բուժառուների սպասարկման արդյունքում պոլիկլինիկաներին տրամադրվող միջոցներն ավելանալու են։ Դա հնարավորություն կտա ոչ միայն բարձրացնել եկամուտները, այլև մարել կուտակված պարտքերն ու արդիականացնել կաբինետների սարքավորումները։

Սննդի բյուջեն՝ անձեռնմխելի. դեղորայքն այլևս չի կրճատում օրվա հացի գումարը

74-ամյա Թամարա Մկրտչյանը (նկարում) պարբերաբար այցելում է պոլիկլինիկա. սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նախորդ ամիս բժշկի նշանակած դեղերը դեղատնից ստացել է անվճար։

«Շատ լավ բարեփոխում էր։ Մի քանի ամիս առաջ ֆինանսական վիճակներս թույլ չէր տալիս բոլոր դեղերը գնել։ Ես ու ամուսինս սրտի ու ճնշման խնդիրներ ունենք, ամիսը 20,000 դրամից ավելի պետք է տայինք։ Թոշակը չէր հերիքում. ստիպված էինք լինում սննդի վրա խնայել, որ կարողանանք դեղերը գնել։ Հիմա այդ հոգսը չկա. սննդի համար նախատեսված գումարն այլևս դեղին չենք տալիս, ինչի համար շատ շնորհակալ ենք»,- պատմում է նա։

Թամարա տատիկի նման հազարավոր քաղաքացիներ արդեն զգացել են բեռի թեթևացումը։

Ազդող նյութը՝ նույնը, անվանումները՝ տարբեր

Հանրապետության 1200-ից ավելի դեղատներ արդեն ներառված են ապահովագրության համակարգում, սակայն այստեղ կան նրբություններ, որոնք հաճախ շփոթություն են առաջացնում։

Բժիշկները դեղը նշանակում են ըստ ազդող նյութի, ոչ թե առևտրային անվանման։

«Նույն դեղանյութի գերմանական, հայկական ու հնդկական տարբերակները տարբեր անուններ ունեն։ Դեղատանը մարդուն ասում են՝ կա 4 տեսակ, որից 3-ն անվճար է, իսկ մյուսի համար պետք է հավելավճար տալ, ասենք՝ 400 դրամ։ Հիվանդի նախընտրությունն է՝ որն ընտրել»,- պարզաբանում է Վահագն Մկրտչյանը։

Դեղատների պաշարների սպառումն ու «սև շուկայի» ակտիվացումը

Չնայած համակարգին միացած դեղատների մեծ թվին, գործընթացի սկզբնական փուլում ի հայտ եկավ պահուստների անհամապատասխանության խնդիրը։ Դեղատնային ցանցերը չունեին թանկարժեք դեղերի անհրաժեշտ քանակը, քանի որ նախկինում դրանց իրացումը ցածր էր, և մեծ պաշարներ պահելը տնտեսապես ռիսկային էր համարվում։

Խնդիրը միայն թանկարժեք դեղերով չսահմանափակվեց. օրինակ՝ Գյումրիի դեղատներում երբեմն դժվար էր գտնել նույնիսկ վիտամին D, քանի որ կտրուկ աճած պահանջարկը գերազանցել էր դեղատների կանխատեսած պաշարները։

Առավել մտահոգիչ է դեղերի «սև շուկայի» ակտիվացումը։ Գյումրիի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը բարձրաձայնում է մի արատավոր երևույթի մասին.

«Տեսնում ենք՝ Ֆեյսբուքով հայտարարություն են տալիս ու անվճար ստացած դեղը վաճառում։ Լավ էլի՛, ժողովուրդ ջան, այդ դեղը նախ ձեր բուժման համար է, պետք չէ խնայել առողջության հաշվին։ Իսկ եթե ձեզ պետք չէ, մտածեք, որ դրա իրական կարիքն ունեցողը չի կարողանում գտնել այդ դեղը»։

Խնդիրն ավելի է բարդանում նրանով, որ «Արմեդ» համակարգը ցույց չի տալիս դեղերի կոնկրետ մնացորդը դեղատներում։ Այն միայն նշում է դեղատնային ցանցը, սակայն թե տվյալ պահին որ մասնաճյուղում ինչ կա՝ անհասանելի է թե՛ բժշկին, թե՛ պացիենտին։

Չնայած պոլիկլինիկաների հերթերին, «Արմեդի» տեխնիկական խափանումներին ու դեղատների անպատրաստվածությանը, ապահովագրական համակարգի մեկնարկը Շիրակի մարզում բացահայտեց ամենակարևորը՝ տարիներով կուտակված պահանջարկն ու բուժվելու իրական հնարավորությունը։

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան
Լուսանկարները՝ հեղինակի
Տվյալների մշակումը՝ Կարինե Դարբինյան
Ձևավորումը՝ Վան Սիմոնի

Նյութը պատրաստվել է «Ամփոփ Մեդիա»-ի կողմից Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի (ՖԷՀ) հետ համագործակցությամբ։ Սույն հրապարակման մեջ արտահայտված մտքերի համար պատասխանատվությունը կրում է հեղինակը։  

Այս նյութեր այս շարքից՝ Հավասարություն և թափանցիկություն առողջապահության համակարգում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ © Ampop.am կայքի նյութերն ու «Ամփոփ Մեդիա» տարբերանշանը կրող վիզուալ պատկերներն այլ աուդիովիզուալ հարթակներում հրապարակել հնարավոր է միմիայն «Ամփոփ Մեդիայի» և/կամ ԼՀԱ-ի ղեկավարության հետ համապատասխան համաձայնության դեպքում:

Փորձագետի կարծիք




Հրապարակվել է` 01/05/2026