Վերջերս մամուլում հրապարակվեց «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի հայտարարությունը։ Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը 2021թ․ մայիսին պետք է հանդես գա օրենսդրական փոփոխությունների փաթեթով, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ավելացված արժեքի հարկով (ԱԱՀ)։
Հեղինակները մտահոգություն են արտահայտում՝ կապված այն բանի հետ, որ օրենսդրական այդ փոփոխությունը ընդունվելու դեպքում հարկային լուրջ բեռ կդառնա մասնավոր դպրոցների համար, և շատ կրթական հաստատություններ պարզապես կփակվեն։
Մեկ հարց է, թե արդյունավետ է արդյոք այդ փոփոխությունը պետական տնտեսական քաղաքականության տեսանկյունից, մեկ այլ հարց՝ արդյոք հաշվի է առնվում Հայաստանում կրթական միջավայրի զարգացման գործում մասնավոր կրթական հաստատությունների ունեցած ներդրումը։
Առհասարակ մասնավոր դպրոցների դինամիկ ակտիվությունը, որը նկատելի է վերջին տարիներին, երկրում կրթական համակարգի կայացման անհրաժեշտ պայման է։ Որպես կանոն, մասնավոր դպրոցներն այս կամ այն ձևով առաջարկում են այլընտրանք։ Ժամանակի ընթացքում կրթական այլընտրանքային ծրագրերը հղկվում, ամրանում և ավելի մեծ տարածում են գտնում հանրության շրջանում, ինչն իր հերթին բովանդակային և մեթոդաբանական առողջ մրցակցության խթան է դառնում։ Ընդ որում կրթական այդ նոր որակի հարաբերությունը չի սահմանափակվում միայն մասնավոր դպրոցներով. աստիճանաբար այն սկսում է առնչվել նաև պետական կրթական հաստատություններին։
Այսպես, մասնավոր դպրոցների ձևավորմանն ու կայացմանը զուգահեռ փոխվում են հանրության ակնկալիքները կրթությունից։ Նոր ձևավորվող պահանջարկը նոր մարտահրավերներ է ստեղծում տարիներ շարունակ ստատիկ վիճակում գտնվող հետխորհրդային կրթահամակարգի համար, որը սկսում է արդիականացման ուղիներ փնտրել։ Այս առումով պատահական չէր նախորդ տարի առաջարկվող նոր կրթական չափորոշիչներում մասնավոր դպրոցների մեթոդաբանական և ռազմավարական փորձի ներառումը։
Նման գործընթացի ապահովման էական բաղադրիչ է ինչպես արդեն երկար ժամանակ գործող խոշոր մասնավոր դպրոցների վարկանիշի տարածումը, այնպես էլ վերջին ժամանակներում նկատելի նոր փոքր ու մասնագիտացված կրթօջախների ստեղծումը։ Կոնկրետ ուղղվածությամբ մասնագետներ պատրաստող այս հաստատությունները մեծապես նպաստում են նաև աշխատաշուկայի կայացմանը։ Սպասվող որոշումը մեծ վնաս կհասցնի հատկապես փոքր մասնավոր կրթօջախներին, քանզի իրենց ձևավորման նախնական փուլում մասնավոր դպրոցները մեծ ծախսեր են պահանջում։
Համաձայն ԿԳՄՍՆ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի (ԿՏԱԿ) կայքի տվյալների` ՀՀ-ում մասնավոր դպրոցներում սովորում է 9 700 աշակերտ։ Հատկապես վերջին տարիներին մասնավոր դպրոցներում (այդ թվում և բարձր վարձավճարով) սովորողների զգալի մասին տրամադրվում են զեղչեր։
Կարդացեք նաև․ Ամփոփ թվեր․ Աշակերտների թվի աճ մասնավոր դպրոցներում
Մի շարք դպրոցներ, իրենց սեփական միջոցներից ծախսեր հատկացնելով, ուսումնական պրոցեսում ներգրավում են երեխաների՝ սահմանամերձ գյուղերից և այլ գյուղական համայնքներից։ Հետևաբար, կարծիքը, թե ՀՀ-ում մասնավոր դպրոցներում սովորում են միայն վճարունակ ընտանիքների երեխաները, նույնպես հնացել է դպրոցների զարգացմանը և տարածմանը զուգընթաց։
Ամփոփելով` նկատելի է, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երկրի ռազմավարական ապագայի տեսլականից ելնելով, թե՛ հանրային, թե՛ իշխանական տարբեր օղակներում շատ է խոսվում կրթությանը մեծ ուշադրություն հատկացնելու, կրթությունը զարգացնելու մասին։ Մինչդեռ վերոնշյալ օրենսդրական փոփոխության հավանական ընդունումը կհանգեցնի մասնավոր դպրոցների կայացման ընթացքի խոչընդոտմանը, ինչը մեծ հարված կլինի ոչ միայն այնտեղ սովորող երեխաների, այլև առհասարակ հայկական կրթահամակարգի ապագայի համար։
Հեղինակ՝ Սիփան Հայրապետյան
Սիփանը մասնագիտությամբ՝ փիլիսոփայության տեսաբան է և աշխատում է «Արեգնազան» կրթահամալիրում։
Կարդացեք նաև
#տեսակետ
Նյութերի բովանդակության համար պատասխանատու են միմիայն հեղինակները և պարտադիր չէ, որ այն արտահայտի սույն նախաձեռնության կազմակերպիչների տեսակետները։
Փորձագետի կարծիք
Հրապարակվել է` 26/01/2021